Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հայ ժողովուրդը, խոշոր հաշվով, պետականազուրկ է

Հայ ժողովուրդը, խոշոր հաշվով, պետականազուրկ է
25.10.2023 | 12:54

Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները «ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացող գործընթացները»:

Այսինքն՝ այս պետությունները (ներառյալ կապիտուլացված նիկոլական ՀՀ-ն) գնահատում են Հայոց ցեղասպանության հերթական ակտը՝ Արցախի լիակատար հայաթափումը, որպես «տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ընթացիկ գործընթաց»։

Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների շարունակվող բռնազավթման մասին։

Ոչ մի խոսք հայրենազուրկ ու տնազուրկ դարձած արցախցիների մասին։

Ոչ մի խոսք Բաքվում պահվող տասնյակ հայ գերիների մասին։

Ոչ մի խոսք Արցախում մնացած հայկական մշակութային ժառանգության ամենօրյա ոչնչացման մասին։

Ոչ մի խոսք Բաքվից և Անկարայից Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին մշտապես հնչող սպառնալից պաշտոնական հայտարարությունների ու հաճախակի զորավարժությունների մասին։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ «3+3» (ճիշտը՝ «3+2») տարածաշրջանային հարթակի մասին։ Այդ հարթակը միշտ էլ նմանատիպ հակահայկական «գոհարներ» է արտադրելու, որովհետև նրա կազմում ընդգրկված 5 պետություններից 2-ը հայասպան Թուրքիան և Ադրբեջանն են, երրորդը՝ նրանց իրադրային դաշնակից Ռուսաստանը, չորրորդը՝ գոնե արտաքնապես չեզոքության ձգտող Իրանը։ Հայաստանն այդտեղ միայնակ է, անդաշնակից և իրականում ձայնազուրկ։

Պետք է օրինակ վերցնել Վրաստանից և խուսափել այդ հարթակում որևէ մասնակցությունից։ Բայց, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը որբ է և անտեր, ունի դրածո ապազգային կառավարություն, իսկ հայ ժողովուրդը, խոշոր հաշվով, պետականազուրկ է։

Հայաստանի Հանրապետության կառուցումն ու իրական անկախության ձեռքբերումը դեռևս առջևում են, եթե, իհարկե, մեր մեջ դեռ ուժ գտնենք և առաջ անցնենք հայերի արագ բնաջնջումը ծրագրող թշնամիներից։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ