Մեկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ թուլացավ շուրջ 65 դրամով, այսինքն՝ 16 տոկոսի չափով։ Եվ սա դեռ վերջը չէ։ Օրվա ընթացքում ամեն ինչ այնպես է փոխվում, որ դժվար է ասել, թե օրվա վերջում կամ վաղն ի՞նչ պատկեր կունենանք։
Դրամի անկումն ունի հոգեբանաքաղաքական, տնտեսական պատճառներ։
1. Հոգեբանաքաղաքական
Արցախի հանձնումից հետո մարդկանց մոտ անկումային, դեպրեսիվ տրամադրություններ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛»-ն դրսևորվում է իր ամբողջ վտանգավորությամբ և արյունոտ տեսքով։ Կասկածի տակ է հայտնվել պետության հեռանկարը։
Արցախից բռնի տեղահանված հայերից շատերը չեն համաձայնում բնակվել Սյունիքում կամ մի շարք սահմանամերձ շրջաններում, քանզի մտավախություն ունեն, որ Փաշինյանը դրանք ևս հանձնելու է և չեն ուզում ևս մեկ անգամ վերմակ-դոշակով փախչել։
Սյունիքը, Հայաստանի այլ տարածքներն ու, ի վերջո, պետությունը կորցնելու վախը մարդկանց մոտ գերիշխող է դարձել։ ՀՀ-ի գոյության և ապագայի նկատմամբ ունեցած անվստահությունը տարածվում է հայկական դրամի նկատմամբ, ինչն էլ բերում է դրա արժեզրկման։
Ներկա վիճակը մարդկանց մոտ իռացիոնալ ու բացասական սպասումներ է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է խուճապի։ Դրամի անկումը առավելապես այդ խուճապի հետևանք է։
Հայաստանի ապագայի մասով ծանր սպասումներ են առաջանում նաև հայ-ռուսական հարաբերությունների թշնամացման պատճառով։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները՝ պատերազմ հայտարարելով անձամբ Վլադիմիր Պուտինին։ Սա էլ է խորացնում խուճապային տրամադրությունը, քանզի նույնիսկ երդվյալ հակառուսներն են հասկանում, որ Մոսկվան այս ամենն անպատասխան չի թողնելու, ինչից շտապելու են օգտվել փաշինյանական իշխանության հովանավորներ Թուրքիան, Ադրբեջանը, մյուսները։
Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև տնտեսության ոլորտում, ինչը ևս ազդելու է դրամի նկատմամբ վստահության վրա։
Ներքին անկայունությունը նույնպես դրամի օգտին չէ։ Փաշինյանը ցնցումների է տանում Հայաստանը։ Այդ պայմաններում դրամը, բնականաբար, պետք է անցնի ազատ անկման ռեժիմի։
2. Տնտեսական
Արցախի անկումը ոչ միայն արժեհամակարգային, անվտանգային, քաղաքական լրջագույն հարված էր մեր պետականությանը, այլ նաև սոսկալի տնտեսական հարված։ Այդ հարվածի մասշտաբներն այնքան մեծ են փոքրիկ Հայաստանի համար, որ դեռ տաք ենք ու չենք զգում (մի պահ զուտ մակերեսային հաշվարկ արեք, թե ինչ տնտեսական ակտիվներ հայտնվեցին թշնամիների ձեռքում, և ամեն ինչ պարզ կդառնա)։ Սա չէր կարող չհարվածել ազգային դրամին։
Սրան գումարած՝ հսկայական դրամական միջոցներ են հայտնվել բռնագաղթած արցախցիներին օգնելու համար, ինչը մեծացրել է դրամական զանգվածը շուկայում։ Դա ինֆլյացիայի պատճառ է դարձել։
Հաջորդը․ տարադրամի նկատմամբ պահանջարկը, այսինքն, դրամից ազատվելու ցանկությունը մեծացել է ռելոկանտների մոտ, որոնք լքում են Հայաստանը՝ բնակարանների վարձավճարների ու կյանքի թանկացման պատճառով։
Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը լրացուցիչ պատճառ է դարձել դրամի անկման համար, ինչն էլ իր հերթին բերել է սպեկուլյացիոն գործարքների ակտիվացմանը։
Կան նաև բազմաթիվ այլ միկրո պատճառներ, որոնք հանգեցրեցին դրամի թուլացմանը, բայց դրանց այս պահին իմաստ չունի անդրադառնալ։
Եվ այսպես, փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել, ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու։
Անդրանիկ Թևանյան