«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Արդյո՞ք մենք ի վիճակի ենք գնալու նոր արկածախնդրությունների

Արդյո՞ք մենք ի վիճակի ենք գնալու նոր արկածախնդրությունների
05.09.2023 | 07:57

Որքան էլ մեր հասարակության որոշ շերտերի համար երազային հնչի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հեռանկարը, պետք է հիասթափեցնել նրանց, որովհետև առնվազն առաջիկա 10 տարիների ընթացքում հնարավոր չէ դա, եթե չասեմ, որ անհնարինի շարքից է։

Արևմուտքը, Հայաստանին հրավիրելով ՆԱՏՕ, ապահովում է երաշխավորված ռեգիոնալ հակամարտություն, միաժամանակ չի կարող երաշխավորել այն առավելագույն ժամկետը և պայմանները, որոնց դեպքում Հայաստանը կկարողանա անդամակցել։

Բանն այն է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը պահանջում է բոլոր անդամների կողմից համաձայնություն, ինչը Թուրքիայի հետ նոր նախապայմանների քաղաքականության սկիզբ է լինելու. սկանդինավյան երկրների օրինակը աչքներիս առաջ է։ Թուրքիան կհամաձայնի բացառապես մեկ դեպքում` Արցախը առանց նախապայմանների Ադրբեջանի կազմում ճանաչելու, միջանցք տրամադրելու, տարածաշրջանային կոմունիկացիաները իր ուզած ձևով գծելու և գործարկելու, Ադրբեջանի կողմից բարձրացված «արժանապատիվ վերադարձ» ծրագիրը իրականացնելու ` այսինքն, նրանց Հայաստանում բնակության և այլ պայմաններ ստեղծելու դիմաց. այս ցանկը կարելի է շարունակել։ Նպատակը ոչ կենսունակ Հայաստան թողնելն է։

Իհարկե, սա այն դեպքում, եթե Հայաստանը կարողանա հաղթահարել Ռուսաստանի խոչընդոտը, որը, առանց չափազանց ծանր գին` այդ թվում մարդկային կյանքեր և տարածքներ, վճարելու ևս անհնար է։

Հաջորդը Իրանի Իսլամական Հանրապետության խոչընդոտն է, մի բան, որը Հայաստանին պարզապես երաշխավորված թյուրքականացում է երաշխավորելու։ Որովհետև իրանական խոչընդոտը տարածաշրջանում ստիպելու է ՆԱՏՕ-ի անդամներին Հայաստանի երաշխավոր նշանակել Թուրքիային, որպես տարածաշրջանի որոշիչ ուժ։ Դե, թուրքական երաշխավորությունը գիտակից մարդիկ, հավանաբար, պատկերացնում են, թե ինչպիսի գին է արժենալու, իսկ օտար քարոզիչները անպայման դա կշրջանցեն։

Ժողովրդին խաբելու և սեփական ճաշակը կամ քարոզչական աշխատանքը կատարելու փոխարեն լավ կլինի բացատրել, թե ինչը՝ ինչ ու ինչքան է արժենալու, և արդյո՞ք պետականության, անվտանգային միջավայրի և ներհասարակական հարաբերությունների ճգնաժամային պայմաններում մենք ի վիճակի ենք գնալու նոր արկածախնդրությունների։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1703

Մեկնաբանություններ