«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Կա՞ արդյոք Արծվաշենը վերադարձնելու հնարավորություն

Կա՞ արդյոք Արծվաշենը վերադարձնելու հնարավորություն
07.08.2023 | 10:01

2 օր անց լրանալու է Արծվաշենի անկման 31-րդ տարին:

Ինչու՞ կորցրեցինք Արծվաշենը և կա՞ արդյոք այն վերադարձնելու հնարավորություն:

Տեր-Պետրոսյան Լևոնն ասում է, որ փոխանակել է (՞) Արծվաշենը:

Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժն Արծվաշենի վերաբերյալ ոչինչ չեն ասել, տպավորություն ստեղծելով, որ ՀՀ-ն այդպիսի տարածք չի էլ ունեցել:

Փաշինյան Նիկոլն արծվաշենցիներին «չուզող, չուզող հարևաններ» անվանեց:

Սա նշանակում է, որ 31 տարի շարունակ ցանկացած նախորդ իշխանություն որպես ժառանգություն հաջորդին է փոխանցել Արծվաշենի հանդեպ բացասական վերաբերմունքը:

Իսկ ի՞նչ հանցանք են գործել արծվաշենցիները: Դավաճա՞ն են, մարդասպա՞ն են, ահաբեկի՞չ են: Արծվաշենցիների միակ հանցանքն այն է, որ նրանք դժբախտություն են ունեցել ծնվել և ապրել մի պետությունում, որը փաստացի հրաժարվել է իր միջազգայնորեն ճանաչված տարածքից:

1992 թ. արծվաշենցիների բախտը չբերեց: Նրանց տեղում կարող էին հայտնվել սյունեցիները, տավուշցիները, լոռեցիները կամ երևանցիները, քանզի, եթե պետության ղեկավարն անպատիժ հայտարարում է պետական տարածքի փոխանակման վերաբերյալ, ապա ի՞նչ տարբերություն, թե հատկապես որ տարածքի մասին է խոսքը: Կարող էր, չէ՞, Նոյեմբերյանը փոխանակել: Կամ՝ եթե պետության ղեկավարն իր քաղաքացիներին «չուզող, չուզող հարևաններ» է անվանում, ապա ի՞նչ տարբերություն, թե ու՛մ են ուղղված այդ բառերը՝ երևանցու՞ն, թե՞ կապանցուն: Կարծում եմ՝ տարբերություն չկա և, ըստ այդմ, փոխանակելով Արծվաշենը, Տեր-Պետրոսյան Լևոնը Վանաձորն է փոխանակել, 20 տարի շարունակ անտեսելով Արծվաշենը, Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը ողջ Հայաստանն էին անտեսում, իսկ Փաշինյան Նիկոլի համար մենք բոլորս ենք «չուզող, չուզող հարևաններ»:

Եվ, երբ գյումրեցին, գավառցին և երևանցին հասկանան, որ Գյումրիի, Գավառի և Երևանի միջև տարբերություն չկա, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, որ մենք չենք փոխանակվում, չենք անտեսվում, մեր երկրում «չուզող, չուզող հարևաններ» չենք, որ Գորիսը և Բագրատաշենը մեր տան մի մասն են, ապա Արծվաշենը կվերադարձնենք:

Ե՞րբ դա կլինի:

Չգիտեմ:

Եթե այսօրվանից երեխաների դաստիարակությամբ զբաղվենք, ապա մի քանի սերունդ հետո կհաջողենք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ