Պետականաշինության հիմնական դրույթներից մեկը կայանում է նրանում, որ պետության կողմից հետապնդվող որևէ գլոբալ նպատակ միայն այն ժամանակ կարող է համարվել իսկական նպատակ, եթե այն հասկանալի է հասարակությանը և արտացոլում է նրա շահերը։
Նման պնդումը ենթադրում է, որ խոսքը հասուն և ադեկվատ հասարակության մասին է, իսկ, այ, տհաս հասարակության դեպքում այս հարցի վիճակը լրիվ այլ կարող է լինել։
Այսինքն, կառավարությունը կարող է հետապնդել մի նպատակ, որը պետության շահերից չի բխում, իսկ տհաս հասարակությունը կարող է նույնիսկ ողջունել այդ ամենը։
Մյուս դեպքում պետությունը կարող է հետապնդել առաջադիմական նպատակ, իսկ տհաս հասարակությունը, առանց հասկանալու, կարող է դեմ լինել դրան։
Ընդհանուր առմամբ, հասարակությունը, այսինքն էլիտան ու ժողովուրդը միասին, այն ժամանակ կարող է համարվել հասուն, երբ կարողանում է հիմնականում ադեկվատորեն հասկանալ ու գնահատել իր շահն ու կորուստը և ունենալ դրանց նկատմամբ դարձյալ ադեկվատ վերաբերմունք։
Իր կործանումը ծափահարող կամ իր պարտությունը հաղթանակ համարող հասարակությունը ադեկվատ համարվել չի կարող։
Ընդհանրապես, եթե հասարակությունն ունի իր գերագույն շահերի և ամենակարևոր ռիսկերի ու պոտենցիալ կորուստների հստակ ցուցակը, գիտակցված հասարակության ադեկվատ էլիտայի կողմից, ապա նման հասարակությունը կարող է համարվել հասուն։
Իսկ խորապես տհաս հասարակությունից, որն իր մասին ունի լրիվ հակառակ կարծիքը, ամեն ինչ կարելի է սպասել։
Պավել Բարսեղյան