Արցախի խնդրի լուծման ռացիոնալ ուղիների բացակայության պատճառով հասարակությունը մատնվել է քաոսի։ Մարդիկ անզորությունից արդեն ամենաանհավանական առաջարկներ են անում։
Իշխանություն-ընդդիմությունների քաղաքական միտքը կարողանում է գեներացնել միայն իռացիոնալ-ծայրահեղական մոտեցումներ, որոնք, բնականաբար, մերժելի են հանրության մեծամասնության կողմից։
1. Ոչինչ չանել և փորձել գեներացնել միջազգային հանրության խղճահարությունը։ Սրանք նաև, դողացող նապաստակի նման վախենալով թշնամուց, փաստացի պատերազմ են քաշում մեզ վրա։
2. Հարձակվել և ուժով բացել Բերձորի միջանցքը։ Ոմանց նույնիսկ թվում է թե իրենք պատերազմ են հայտարարելու միայն Ադրբեջանի Լաչինի շրջանին, այլ ոչ թե ամբողջ Ադրբեջանին։
3. Դիմել ՄԱԿ-ին՝ խաղաղապահներ մտցնելու խնդրանքով։ Սա ընդհանրապես էկզոտիկ առաջարկ է։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ առանց կողմերի համաձայնության խաղաղապահներ չեն տեղակայվում։ Եթե նույնիսկ մտցնեն էլ, ապա նախադեպային տրամաբանությունը ցույց է տալիս, որ իրադրության վրա սա ոչ մի կերպ չի ազդելու։
Կա 4-րդ ճանապարհը՝ Ռազմավարական Զսպման քաղաքականությունը։ Սա նախատեսում է ռազմական և դիվանագիտական ներդաշնակված քայլերի իրականացում, որի արդյունքում հակամարտությունը պահվում է կառավարելի տիրույթում՝ թույլ չտալով վերաճել մեծ պատերզմի, իսկ թշնամու հետ հարաբերությունները վերածվում են կոշտ, բայց արժանապատիվ բանակցությունների։
Ռազմավարական Զսպման դիվանագիտական բաղադրիչի առաջին քայլով պետք է վերջ դնել Գավառական Շուստրիությանը և անցում կատարել Ապացուցողական Դիվանագիտությանը։
Իսկ ռազմական բաղադրիչը նախատեսում է 2 հիմնական գործողությունների իրականացում։
1. Երկրի միլիտարիզացիայի մակարդակի բարձրացում։
2. Կենաց-մահու կռիվ մղելու դեմոնստրացիա։ Թշնամուն պետք է ուղղվեն հստակ ազդակներ, որ նրա կողմից պատերազմ սկսելու դեպքում մեր կողմից այն լինելու է Հայրենական։
Պատերազմից խուսափում են դրան պատրաստվելով, ոչ թե դրանից վախենալով։
Վահրամ Մարտիրոսյան