«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի պետքարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի պետքարտուղարին
28.01.2021 | 21:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լե Մուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի և պետքարտուղարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետը նշել է. «Մեր հանդիպումը տեղի է ունենում ի շարունակություն նախագահ Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության և արտահայտում է Ֆրանսիայի և Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները: Մեր երկրների միջև գոյություն ունի և ավանդաբար գոյություն է ունեցել բարձր մակարդակի և ջերմ երկխոսություն, և ես ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել պատերազմի առաջին իսկ օրից նախագահ Մակրոնի, ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի անձնական ներգրավվածության համար: Իհարկե, մենք շատ ծանր պատերազմի միջով ենք անցել, շատ ծանր ապրումներ ունենք այդ ամենի կապակցությամբ, մեծ թվով զոհեր ենք ունեցել, և շատ բարդ իրադրություն է գոյացել: Եվ այս այցը շատ կարևոր է առկա մարտահրավերներին դիմակայելու և նաև ստեղծված հնարավորություններն օգտագործելու առումով: Մեր քննարկումները և օրակարգը նաև տնտեսական, մարդասիրական ասպեկտներ ունեն, և խնդրում եմ իմ երախտագիտությունը փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին՝ մեր խոսակցության և պայմանավորվածությունների այսպիսի արագ արձագանքի համար»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Ժան-Բատիստ Լե Մուանը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ Ֆրանսիայի գանձապետարանից, Զարգացման ֆրանսիական գործակալությունից, և այցը շարունակությունն է ՀՀ վարչապետի՝ Ֆրանսիայի նախագահի հետ ունեցած համաձայնության և քննարկումների:


«Մեր նախագահի համար շատ կարևոր էր կարողանալ հնարավորինս արագ արձագանքել ձեր կարիքներից յուրաքանչյուրին: Դեկտեմբերին խոսքը հրատապության մասին էր, և դրանով էր պայմանավորված բարեգործական օժանդակություն տրամադրող մի քանի ինքնաթիռների ժամանումը Հայաստան, որոնք մի քանի տոննա բեռ փոխադրեցին շնորհիվ տարբեր բարեգործական ասոցիացիաների և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների միացյալ ջանքերի, ինչը ևս մեկ անգամ վկայում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության մասին: Հրատապությունից հետո այժմ, ինչպես Դուք նշեցիք, կարևորվում են նաև տնտեսական ծրագրերը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, և այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մի շաբաթ ի վեր ինտենսիվ հանդիպումներ են ունենում ճյուղային գերատեսչություններում»:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով: Անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական գործընկերության օրակարգին: Կողմերը հեռանկարային են համարել տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, թվային նորարարությունների, հանրային հատվածի թվայնացման ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման ուղղությամբ փոխգործակցությունը: Վարչապետն առաջարկել է դիտարկել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև գործընկերության զարգացման հնարավորությունը, ինչի հետ ֆրանսիական կողմը համակարծիք է եղել:


Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև կրթական համագործակցության ընդլայնման մասին, որի հաջող օրինակներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունը: Ժան-Բատիստ Լե Մուանը նշել է, որ ֆրանսիական կողմը՝ ի դեմս նախագահ Մակրոնի, ևս կարևորում է բարձրագույն կրթության ոլորտում փոխգործակցությունը և հետաքրքրական է համարում այս ուղղությամբ աշխատանքի շարունակումը: Մտքեր են փոխանակվել ակադեմիական ավանի հեռանկարների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ:

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ