Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է, որ նախնական հետաքննություն է սկսել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ՝ «Ռեսո-Գարանտիա» ռուսաստանյան ապահովագրական ընկերության հետ 3 միլիոն եվրոյի պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։
2020-ի սկզբներին Սարկոզին 500 000 եվրո է ստացել մեկ տարի առաջ կնքված պայմանագրի շրջանակներում՝ ընդհանուր 3 միլիոն եվրո գումար՝ խորհրդատվական ծառայությունների դիմաց։ «Ռեսո-Գարանտիա» ընկերության համասեփականատերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները հաստատել են, որ Սարկոզիին վարձել են որպես «հատուկ խորհրդական»։ «Ֆրանսիայի իրավապահները մտադիր են պարզել՝ նախկին նախագահը գործել է բացառապես որպես խորհրդական, ինչը միանգամայն օրինական է, թե մասնակցել է պոտենցիալ հանցավոր լոբբիստական գործունեության՝ ռուսաստանցի օլիգարխների անունից», - գրում է Mediapart-ը: