Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս՝ հաշվի առնելով այդ ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստեր՝ ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Մինչ այժմ մշակութային և կրոնական ժառանգության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախ և առաջ ՅՈւՆԵՍԿՈ-ին մուտք գործել տարածաշրջան։ Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չի կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության, կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար»,- ասաց նա։