ԱԺ-ում աշխատանքային հանդիպում է տեղի ունենում ԱԳ նախարար Արա Այվազյանի մասնակցությամբ․ հանդիպումը իրականացվում է փակ, հանդիպմանը չեն ներկայացել ԼՀԿ և ԲՀԿ ներկայացուցիչները: Բացման խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությանը և նշեց, որ հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է զինծառայող:
«Խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների վերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ:
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ուժի կիրառման հետևանք է, դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ»,-հայտարարեց նա: Նախարարը նշեց, որ Հայաստան շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դիրքերից, պատրաստ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը իրականացնել Մինսկի խմբի համանախագահությամբ` հիմնված հիմնարար սկզբունքների վրա: