Բաքուն Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գտնվող մշակութային ժառանգության պահպանության հարցում պատրաստ է համագործակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ ցուցաբերված հարգանքի պարագայում։ Մի քանի շաբաթ տևած լռությունից հետո ադրբեջանական իշխանությունները արձագանքեցին ՄԱԿ-ի կազմում գործող կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական առաքելություն ուղարկելու առաջարկին։ «Ադրբեջանը պատրաստ է առաքելության մանրամասների վերաբեյալ ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ կառուցողական երկխոսություն ծավալել՝ երկխոսություն, որ հիմնված կլինի Ադրբեջանի ինքիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների հարգման սկզբունքի վրա», - նշված էԱԳՆ հայտարարության մեջ։ Բաքուն արձագանքեց UNESCO-ի Գլխավոր քարտուղարի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտոնեի՝ 2 օր առաջ հրապարակած հայտարարությանը, որով ՄԱԿ-ի պաշտոնյան ադրբեջանական իշխանություններին մեղադրում էր հարցը արհեսականորեն ձգձգելու մեջ։
«Մենք մի քանի անգամ դիմել ենք Ադրբեջանի իշխանություններին, սակայն ապարդյուն։ Ամեն մի անցնող շաբաթ ավելի է դժվարացնում մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, նաև եղանակային պայմանների պատճառով, չէ որ առաջիկա շաբաթներին դրանք գնալով վատթարանալու են, - գտնում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը: - Հնարավորությունների այն պատուհանը, որ բացվել է կրակի դադարեցման շնորհիվ, չպետք է փակվի։ Մշակութային ժառանգության պահպանությունը հարատև խաղաղության հաստատման պայմաններից մեկն է, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կերպով կպատասխանի մեր առաջարկին, որպեսզի վերջին շաբաթների կառուցողական բանակցությունները վերածվեն գործուն քայլերի»:
Բաքվի պատասխանից դժվար է ենթադրել, որ մոտ ապագայում ՄԱԿ-ի փորձագետներին հնարավորություն կտրվի մտնել հակամարտության գոտի։ Ադրբեջանի ԱԳՆ առաքելության մեկնարկին խոչընդոտող պատճառների մի ողջ ցանկ է ներկայացրել՝ վատ եղանակից ու բարդ տեղանքից մինչև Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում ականների առատությունը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ «չքաղաքականացնել մշակութային ժառանգության պաշտպանության թեման, առաքելությունն իրականացնել ինքնուրույնաբար և անկողմնակալ»։
Դեկտեմբերի 10-11-ն էլ Հաագայում կայացել էր Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի նիստը, որի մասնակիցներն էին առաջ քաշել Լեռնային Ղարաբաղ հատուկ փորձագիտական առաքելություն ուղարկելու գաղափարը։