(սկիզբը՝ այստեղ)
Ինչպես արդեն նշել ենք նախորդիվ, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող, հայերիս ու մեր երկրի թիվ 1 ներքին թշնամի Նիկոլ հայադավն ուզում է հրաժարվել 2020թ. նոյեմբերի 9- ի եռակողմ հայտարարության 9- րդ կետով ստանձնած պարտավորության մի մասից: Ինչո՞ւ…
Հիշեցնենք. հայտարարության 9- րդ կետի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները» (ընդգծումը՝ մերը):
Ինչպես «Ռոսիյսկայա գազետա»- ին 2022թ. սեպտեմբերի վերջին տված հարցազրույցում պարզաբանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, վերը նշված ճանապարհին Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը սահմանային և անձնագրային հսկողություն իրականացումն է, սահմանային և անձնագրային հսկողության այնպիսի միջոցառումների իրականացումը, ինչպիսիք, ասենք, իրականացվում են Իրանից Հայաստան մուտք գործելիս։
Կրկնում ենք՝ Մեղրիում, Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ- սահմանային կետում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը տարիներ շարունակ նույն սահմանային և անձնագրային հսկողությունն է իրականացնում, ինչը Հայաստանի և Իրանի իշխանությունների կողմից երբևէ չի համարվել Հայաստանի ինքնիշխանության խախտում:
Բայց, ահա, Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ- սահմանային կետում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության կողմից տարիներ շարունակ և այժմ էլ նույն սահմանային և անձնագրային հսկողությունն իրականացնելու հանգամանքի մատնանշմամբ ՌԴ փոխվարչապետի վերոնշյալ պատճառաբանությունը կամ հիմնավորումն ասպարեզից հեռացնելու նպատակով, Նիկոլ հայադավը Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում 2024թ. հոկտեմբերի 8- ին կայացած հանդիպման ժամանակ հասել է ՌԴ նախագահի հետ այն պայմանավորվածությանը, որ 2025թ. հունվարի 1- ից Հայաստանի և Իրանի միջև պետական սահմանի հսկիչ- սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից: Կոպիտ ասած՝ հասել է ռուսական սահմանապահներին այնտեղից մոտ 3 ամսից վռնդելուն:
Կրկնում ենք՝ սա այն նպատակով, որպեսզի հիշյալ հսկիչ- սահմանային կետում ռուսական սահմանապահների կողմից տարիներ շարունակ ու ներկայումս սահմանային և անձնագրային հսկողություն իրականացնելու փաստը 2025թ. հունվարի 1- ից այլևս հնարավոր չլինի որպես օրինակ բերել Ադրբեջան- Նախիջևան ճանապարհին տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինների կողմից իրականացնելու համար:
Ընդգծենք, որ Պուտինը Նիկոլի վերոնշյալ պահանջը չէր կարող չկատարել, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և իր ոհմակի կողմից ՌԴ նախագահի մերժումը շատ արագ կմեկնաբանվեր, կհայտարարվեր իբրև Հայաստանի ինքնիշխանության խախտում:
Նիկոլ հայադավը ցանկանում է հրաժարվել ստանձնած պարտավորության մի մասի կատարումից
Եթե Նիկոլ հայադավը հրաժարվեր հայտարարության 9- րդ կետով ստանձնված պարտավորության առաջին մասի կատարումից, ըստ որի, «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով», ապա դա ոչ միայն հասկանալի, այլև ողջունելի կլիներ, քանի որ Ադրբեջանն ավելի վաղ չի կատարել նույն հայտարարության 1- ին, 6- րդ և 8- րդ կետերով իր ստանձնած պարտավորությունները, ինչը ծայրահեղ բացասական հետևանքներ է ունեցել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի համար:
Ավելին. Հայաստանի համապատասխան պաշտոնյաների կողմից, վերոնշյալը զանց առնելով, հայտարարության 9- րդ կետի կատարումն այժմ մի քանի նկատառումներով կլինի պետական դավաճանության հերթական դրսևորում, օրինակ, մեր արտաքին թշնամիներին հնարավորություն կտա էլ ավելի և, Հայաստանի համեմատ, անհամաչափ կերպով հզորանալու, մեր անվտանգությունը կդնի ավելի մեծ սպառնալիքի տակ, քան այսօր է, և թերևս ամենակարևորը՝ մեզ կզրկի Արցախի և Հայաստանի հետ կապված արդարացի պահանջներ ներկայացնելու, ավելի ճիշտ, Ադրբեջանին դրանց կատարումը հարկադրելու հնարավորությունից:
Բայց, ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ հայադավը կողմ է հիշյալ ճանապարհի բացմանը, Հայաստանի կողմից տվյալ ճանապարհով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապահովմանը, սակայն դեմ է նշված ճանապարհին սահմանային և անձնագրային հսկողությունը Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմիններին հանձնելուն, որոնց ցանկանում է փոխարինել արտերկրյա (կասկածից դուրս է, որ արևմտյան կամ Արևմուտքի լակեյ որևէ պետության ) պահնորդական ինչ- որ կազմակերպությամբ… Թե ինչո՞ւ, հասկանալի է դառնում «Detq Analytics»- ին պահեստազորի գնդապետ, քաղաքական վերլուծաբան և ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի տված ուշագրավ պարզաբանումներից :
Պահեստազորի գնդապետի պարզաբանումները
Նահապետյանի հավաստմամբ, Նիկոլը քարոզչական մանիպուլյատիվ հնարքների վարպետն է, բայց գիտելիք չունեցողների համար, նրանց, ովքեր չեն կարող գնահատել և համեմատել: Օրինակ, ըստ փորձագետի, եթե մարդը չգիտի, որ վերահսկողությունը և դիտարկումը (մոնիտորինգը) տարբեր գործառույթներ են, կարող է հավատալ, թե դրանք նույն բանն են, և որևէ խնդիր չկա, երբ Նիկոլն Ազգային ժողովում ասում է, թե նոյեմբերի 9- ի փաստաթղի 9- րդ կետում գրված վերահսկողությունը մոնիտորինգ է, ու քանի որ միջազգային շատ կառույցներ Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացնում են մոնիտորինգ, ապա մենք միջազգային կառույցներին կտանք այդ 9- րդ կետով մոնիտորինգի իրավունք (Հայաստանի տարածքով Ադրբեջանն ու Նախիջևանը միմյանց կապող ճանապարհին):
«Հասկանալի է, չէ՞, որ կեղծիք է, հասկանալի է, չէ՞, որ Փաշինյանը չի կարող չտարանջատել և չզանազանել վերահսկողությունը, որը մի գործառույթ է, մոնիտորինգից»,- ասաց Նահապետյանը:
Ըստ փորձագետի, Նիկոլը հիմա քողածածկույթ է անում մի շատ պարզ բանի համար. նոյեմբերի 9- ի փաստաթղթով ինքը վերահսկողությունը մտադիր է տալ ՆԱՏՕ- ի անդամ երկրի (օրինակ, Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում հայտարարել է, թե միջազգային պահնորդական կառույցի կտանք): Ասենք, իբր պահնորդական ծառայություն, այնպիսի մի կառույց կարող են ստեղծել, ինչպես այստեղ, այսպես կոչված, Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունն է, որին օրենսդրորեն լիակատար դիվանագիտական անձեռնմխելիություն են տվել, և որում նույնիսկ Կանադայի ներկայացուցիչները կան, թեև Կանադան ԵՄ անդամ չէ (առաքելության բոլոր անդամները ՆԱՏՕ- ի անդամ պետությունների ներկայացուցիչներ են…):
Նահապետյանը հարցնում է՝ Արարատ Միրզոյանը կարո՞ղ է որևէ միջազգային պահնորդական կազմակերպության անվանում ասել, և հավելում՝ կեղծում է.
«Ցանկացած իրավաբանական անձ,- շարունակեց քաղաքական վերլուծաբանը,- գրանցված է ինչ- որ մի երկրում, այսինքն՝ ինքը պատասխանատու է և գործառույթ է իրականացնում այդ երկրի իրավունքի ներքո… «Միջազգային պահնորդական կազմակերպություն» հասկացություն չկա, թող ասեն պահնորդական կառույցի անունը, մենք կասենք, որ երկիրն է, որտեղ է գրանցված և որ երկրի հատուկ ծառայությունների և ուժային կառույցի ներքո է: Այդ ամբողջ քողածածկույթի բուն նպատակն է, որ վերահսկողությունն ուղղակիորեն տրվի ՆԱՏՕ- ի անդամ երկրի:
Ինչո՞ւ… Որովհետև խնդիր կա այս տարածքում դուրս դնել ռուսական և իրանական ազդեցությունները, ռուսականը՝ զինական առումով, և կտրել Իրանը Ռուսաստանից Հայաստանով: Դուք պատկերացրեք, եթե վերահսկողությունն ամբողջովին դրվում է ՆԱՏՕ- ի վրա»:
Իսկ ՆԱՏՕ- ն կամ ՆԱՏՕ- ի անդամ երկրի կառույցն ի՞նչ խնդիր ունի Հայաստանով Ադրբեջանը և Նախիջևանը միմյանց կապող ճանապարհին վերահսկողություն ունենալու, ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի այս ցանկությունը…
«Որ Սիրիայից, Իրաքից, Լիբիայից, Թուրքիայից և Թուրքիայով զենք, զինամթերք, տասնյակ և հարյուր հազարավոր ահաբեկիչներ պետք է տեղափոխվեն Ռուսաստանի սահման,- ասաց Նահապետյանը:- Հասնում են Թուրքիա, Թուրքիայից պետք է տեղափոխվեն Ադրբեջան: Ինչպե՞ս… Նախիջևանով, իսկ Թուրքիան Նախիջևանի հետ սահման ունի, Նախիջևանով, Հայաստանով՝ Ադրբեջան»:
Մինչդեռ, պահեստազորի գնդապետի հավաստմամբ, եթե Հայաստանում նշված ճանապարհին տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը ռուսական կողմինը լինի, վերջինս, բնականաբար, շատ արագ կբացահայտի, որ այդ տրանսպորտային միջոցներով, որոնց հայկական կողմը բաց է թողել առանց մաքսային ստուգման, կամ աչք է փակել, տեղափոխվում են զենք- զինամթերք, հազարավոր մարդիկ, և դա թույլ չի տա: Դրա համար ռուսական կողմին պետք է դուրս դնել: Երբ այդ ամենը տեղափոխվի Ադրբեջան, Ադրբեջանից Կասպից ծովով կտեղափոխվի միջինասիական հանրապետություններ, այդ թվում նաև՝ Ղազախստան: Իսկ ինչո՞ւ Ղազախստան…
«Որովհետև Ղազախստանը Ռուսաստանի համար այսօր հանդիսանում է աքիլեսյան գարշապար, ինքն այնտեղից է ամենախոցելին, որովհետև երկիր մոլորակի վրա երկու պետությունների միջև ամենաերկար անպաշտպան սահմանն է՝ 7600 կիլոմետր,- բացատրեց պահեստազորի գնդապետը:- Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այդ մարդուժին ու տեխնիկային էլ գումարվեն նաև Աֆղանստանից ու Պակիստանից իրենց հավատակից արմատական ահաբեկիչները, ապա ինչ հոսք կլինի և Ռուսաստանի որ ուղղությամբ կարող են հարված հասցնել: Ահավասիկ՝ Ռուսաստանի համար միակ տեղը, որտեղ այս պահին կարող է խոչընդոտել դրան, Հայաստանն է, որպեսզի այստեղ վերահսկողություն սահմանի, իրեն այլ բան պետք չէ: Իսկ Արևմուտքին պետք է, որ այդ վերահսկողությունը չլինի, չլինելու համար ճանապարհին պետք է իրենք լինեն, ոչ թե Ռուսաստանը»:
Նահապետյանի հավաստմամբ, հիշյալ վերահսկողության առնչությամբ եթերով Նիկոլի, արտգործնախարարի և Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցնող անձանց կողմից ավելի քան մեկ ամիս ողջ բառախաղի բուն նպատակն Արևմուտքի վերը նշված պահանջի կատարումն է:
Հայաստանում Արևմուտքի հինգերորդ շարասյան տարածած կեղծիքը
Նույն Արևմուտքի գործակալները, Հայաստանում նրա 5- րդ շարասյուն հանդիսացողները՝ սորոսական, ՔՊ- ական շրջանակներից, տևական ժամանակ տարածում են այն հրեշավոր կեղծիքը և մեր հասարակությանը հնարավորինս մոլորեցնում, թե Ռուսաստանը Թուրքիայի հետ ինչ- որ պայմանավորվածություններ ու շահեր ունենալով, ուզում է հասնել նրա և Ադրբեջանի համար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, և այդ նպատակով նույնիսկ ճնշում գործադրում Հայաստանի իշխանությունների վրա, և քանի որ վերոնշյալ տեղեկությունը զրպարտչական է, ծայրահեղ լկտի հերյուրանք, որևէ կերպ չեն փաստարկում այն:
Անդրադառնալով «միջանցք» կոչվածին, «Լույս» տեղեկատվական- վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում «ԵՐԿՈՒ ՏՐԻՎԻԱԼ ՀԱՐՑ» վերտառության ներքո գրել է .
«2020 թվականի նոյեմբերի 9- ին Նիկոլը վախվորած, խմած նստած էր բունկերում և կստորագրեր այն, ինչ իրեն դեմ կտային։
Եթե Հայաստանի տարածքով միջանցք տալը դա ռուս- թուրքական պայմանավորվածություններ են, ինչի մասին որ ակտիվ շրջանառվում է Հայաստանում, ապա այդ դեպքում ինչո՞ւ նոյեմբերի 10- ի հայտարարության մեջ նույն Ռուսաստանն ու Ադրբեջանը չներառեցին Լաչինի միջանցքի օրինակով Հայաստանի տարածքով միջանցք տալու կետը։ Չէ՞ որ Նիկոլը կստորագրեր այն ամենը, ինչ իրեն դեմ կտային։ Շատ տրիվիալ հարց եմ տալիս։ Դե պատասխանեք։
Եթե Հայաստանի տարածքով միջանցք տալը դա ռուս-թուրքական պայմանավորվածություններ են, իսկ Արևմուտքը դրան դեմ է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միայն ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն է պաշտոնապես երկու անգամ հայտարարել, որ ոչ մի արտատարածքային միջանցքի հարց չկա։
Ինչու՞ Օվերչուկի մակարդակի Արևմուտքի որևէ պաշտոնյա նման հայտարարություն մինչև հիմա չի արել»։
Իրոք, տեղին հարցադրում է, դե պատասխանեք…
Ահա սա է ամբողջ ճշմարտությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ադրբեջանի, Բաքվի հանցակից Նիկոլ հայադավի և էլի ոմանց նկրտումների վերաբերյալ:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ