«Հանդիսատեսն իրավունք ունի դիտելու պատշաճ որակի ներկայացումներ»
17.03.2020 | 01:11
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար մեր հանրապետությունում առժամանակ փակ են ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ և գրադարաններ։ Այս ընթացքում հետաձգվեց նաև օպերային թատրոնում սպասվող մասնագիտական որակավորման ստուգման գործընթացը (ատեստացիա): Անորոշ ժամանակով կդադարեն նաև նոր թափ ստացած անստորագիր նամակները: Ատեստացիան, ինչպես կարելի էր ենթադրել, միանշանակ չի ընդունվել՝ նոր կրքերի տեղիք տալով: «Իրատեսը» թեմայի առնչությամբ հարցեր է ուղղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻՆ։
-Օպերային թատրոնում սպասվող որակավորման ստուգման գործընթացն արդյո՞ք ճիշտ ժամանակին է արվում և ըստ կարգի՞, թե՞ արտահերթ է, ինչպես վկայում են որոշ աղբյուրներ:
-Թատրոնի ստեղծագործական աշխատողների որակավորման ստուգման գործընթացն իրականացվում է` հիմք ընդունելով ՀՀ մշակույթի նախարարի 2009 թ. հունվարի 29-ի թիվ 707-Ա անհատական հրամանը, որով հաստատվել է մասնագիտական որակավարման քննությունների օրինակելի կանոնակարգ, որի համաձայն` ընդունվել է թատրոնի տնօրենի 2014 թվականի ապրիլի 30-ի թիվ 134-Ա համապատասխան հրամանը։ Որակավորման ստուգման գործընթացի կազմակերպման հրամաններով էլ թատրոնին իրավունք է վերապահված ցանկացած ժամանակ անցկացնելու արտահերթ որակավորման քննություններ։ Բացի այդ, թատրոնի ստեղծագործական աշխատողների որակավորման ստուգման գործընթացի իրավական հիմք է հանդիսանում նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն, աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատում է գործատուն։ Գործատուն ինքն է որոշում, թե երբ ու ինչ կարգով է իրականացվելու նշված գործընթացը։ Որակավորման ստուգման նպատակը աշխատողներին ազատելը չէ։ Բացի այդ, որակավորման ստուգումները իրականացվելու են արտասահմանից հրավիրված անաչառ մասնագետների մասնակցությամբ։ Կարծում ենք՝ հանդիսատեսն իրավունք ունի դիտելու պատշաճ որակի ներկայացումներ, իսկ այդ որակի ապահովման հիմնական գործոնը արտիստի որակավորման ստուգումն է։
-Խոսակցություններ կան, որ ատեստացիան ճանապարհ է հարթում «Օպերային երիտասարդական ծրագրի» արտիստների համար. նրանցից շատերը, հնարավոր է, փոխարինեն թատրոնի վաստակաշատ մեներգիչներին:
-Թատրոնի ստեղծագործական աշխատողների որակավորման ստուգման հիմնական նպատակը սահմանված է ՀՀ մշակույթի նախարարի 2009 թվականի հունվարի 29-ի թիվ 707-Ա անհատական հրամանով հաստատված օրինակելի կանոնակարգի 2-րդ կետով, որի համաձայն որակավորման ստուգումը ստեղծագործական գործունեության շարունակական կատարելագործման գործընթաց է, ինչը նպաստում է խմբերի մասնագիտական ստեղծագործական խնդիրների արդյունավետ լուծմանը, ստեղծագործական անձնակազմի որակական մակարդակի բարձրացմանը և կադրային հոսունության կառավարմանը։ Ինչպես հստակ երևում է կանոնակարգից, որակավորման ստուգման նպատակը ստեղծագործական աշխատողներին աշխատանքից ազատելը կամ թատրոնը նոր կադրերով համալրելը չէ։ Թատրոնում ատեստացիայի արդյունքում կամ այլ պատճառներով եթե առաջանում է թափուր հաստիք, հայտարարվում է բաց մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ովքեր համապատասխանում են առաջադրված չափանիշներին:
-ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստի կոչում ունեցողները մասնակցելու՞ են որակավորման ստուգման գործընթացին, թե՞ արտոնություններ կունենան:
-Անձի պաշտոնները, կոչումներն ու պարգևները չեն կարող մշտապես ապահովել անձի ստեղծագործական բարձր որակը, ուստի նշված ընթացակարգերում որևէ բացառություն չի արված ՀՀ մշակույթի նախարարի 2009 թվականի հունվարի 29-ի թիվ 707-Ա անհատական հրամանով։
-Որքանո՞վ է նպատակահարմար «Օպերային երիտասարդական ծրագրի» գործունեությունը, երբ ԵՊԿ-ում կա օպերային ստուդիա, որը լիովին կատարում է այդ գործառույթը: Առհասարակ, երիտասարդ արտիստներն ինչպե՞ս են ընդգրկվում օպերային թատրոնի ստեղծագործական կազմում:
-Օպերային արվեստը համարվում է սինկրետիկ արվեստ, որն իր մեջ խտացնում է մի քանի դժվարագույն մասնագիտություններ, իսկ օպերային բեմը, որպես դասական արվեստը ներկայացնող կարևորագույն հարթակ, ակնհայտորեն չի կարող լինել փորձադաշտ, որտեղ ուսանողները կփորձեն իրենց կարողությունները։ Օպերային բեմն արտիստներից պահանջում է մինչև բեմ բարձրանալը լինել հղկված՝ և՛ արտիստական, և՛ երգչական հմտություններով լիարժեքորեն պատրաստ՝ կրելու բեմ բարձրանալու մեծ պատասխանատվությունը, ունենալ թե՛ երգչական, թե՛ կրթական և թե՛ արտիստական մեծ ունակություններ։ ՈՒստի երիտասարդ արտիստների օպերային ծրագիրը դառնում է այն առանցքը, որի միջոցով ուսանողը, որն արդեն ստացել է բազային կրթություն, հնարավորություն կունենա կատարելագործվելու և ձեռք բերելու բեմի համար անհրաժեշտ բոլոր հմտությունները։ Պետք է նշել, որ գրեթե բոլոր մասնագիտությունները, որոնք պահանջում են մեծ հմտություններ, ինչպիսին է օպերային երգչի մասնագիտությունը, բազային կրթությունից հետո անհրաժեշտություն ունեն լրացուցիչ կատարելագործման (որպես օրինակ կարելի է բերել առողջապահության կլինիկական օրդինատուրայի ինստիտուտը, դիվանագիտական դպրոցը, փաստաբանական դպրոցը և այլն)։
«Young artist opera program» ծրագրերը գործում են եվրոպական, ամերիկյան, ռուսական և արևելյան ամենահեղինակավոր օպերային թատրոններում, հիմնականում նույն անվանմամբ, և նրանց գործունեությունն ու առաքելությունը լիովին համապատասխանում են Հայաստանի նույնանուն ծրագրի առաջնային նպատակներին ու խնդիրներին։ Որպես օրինակ կարելի է բերել համաշխարհային մեծության օպերային հետևյալ թատրոնները, որոնք, որպես բնականոն գործունեության հիմնական անհրաժեշտություն, ունեն երիտասարդական ծրագրեր։ Հիշատակման են արժանի Նյու Յորքի «Մետրոպոլիտան» օպերային թատրոնի, Լոնդոնի «Ռոյալ» օպերային թատրոնի, Մոսկվայի «Մեծ թատրոնի», Սիդնեյի օպերային թատրոնի, Ավստրալիայի «Փալմ Բիչ» օպերային թատրոնի, Հոնկոնգի օպերային թատրոնի, Երուսաղեմի օպերային թատրոնի, Լոս Անջելեսի օպերային թատրոնի, Տեխասի Թայլերի օպերային թատրոնի, Չեդար Ռափիդս օպերային թատրոնի, Սարատոգայի, Չիկագոյի օպերային թատրոնների երիտասարդական օպերային ծրագրերը։
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ