Հոգևոր տոնահանդես Աշտարակում
25.02.2020 | 00:51
Փետրվարի 22-ին Աշտարակ քաղաքում տոնահանդես էր։ Քաղաքի և շրջակա բնակավայրերի հավատացյալները ճամփա էին բռնել դեպի վերակառուցված Սուրբ Մարիանե եկեղեցի։ Արարողությունից ժամեր առաջ շատերը մոմ էին վառում եկեղեցում, շրջակայքը տոնականորեն զարդարված էր, առհասարակ արևոտ այդ օրը հագեցած էր հոգեպարար սպասումով։ Ժամը 11-ին եպիսկոպոսների ուղեկցությամբ ժամանեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։ Վեհափառ հայրապետին դիմավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, եկեղեցու բարերարներ, Արագածոտնի թեմի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը և նրա տիկին Նաիրա Կարապետյանը, ուխտավորներ, աշխարհիկ և հոգևոր այրեր ու տիկնայք։ Թափորը «Հրաշափառ» շարականի ուղեկցությամբ մուտք գործեց եկեղեցի։
Շարականների և սաղմոսների երգեցողությունից և աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս մյուռոնը։ Վեհափառ հայրապետն իր երախտիքը հայտնեց մարզի և քաղաքի իշխանություններին աջակցության համար, այնուհետև վերաօծեց Սուրբ սեղանը։ Եպիսկոպոսները կատարեցին Մկրտության ավազանի, խորանի և եկեղեցու սյուների օծումը։ Գարեգին 2-րդ կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսիններին և արարողությանը ներկա հավատացյալներին։ Այնուհետև Մայր աթոռի կողմից Գարեգին 2-րդը նորաօծ եկեղեցուն նվիրաբերեց «Սուրբ Ծննդյան» սրբապատկերը։ Գրիգոր Մովսիսյանը պարգևատրվեց Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։ Գրիգոր Մովսիսյան և Նաիրա Կարապետյան ամուսինները «Սուրբ Մարիանե» եկեղեցու վերակառուցման բարերարներն են։
Նորաօծ եկեղեցում տրվեց Սուրբ Պատարագ, նշխարք բաժանվեց հավատացյալների միջև, շատերն էլ ծնկաչոք օրհնություն էին ստանում քահանաների կողմից։ Իսկ բակում մատաղ էին բաժանում։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. Մանրամասները`գալիք համարում
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ