Գարեգին Նժդեհը Սովետական Միության քաղաքացի չէր և որևէ պարտավորություն չուներ այդ երկրի նկատմամբ
17.12.2019 | 01:39
Միանգամից ասեմ՝ ես նժդեհագետ չեմ, սակայն այդ ականավոր մարդու մասին ունեցածս ընդհանուր իմացությունն ինձ թույլ է տալիս, որպեսզի նման հարցադրում կատարեմ: Խոսքս հրապարակային է, ոչ գիտական, և առավելապես ուղղված է ոչ այնքան հանրությանը, որքան մեր քաղաքական, պետական ու հասարակական այն գործիչներին, ովքեր գործի բերումով կամ ակամայից հարաբերվում են արտաքին աշխարհի հետ՝ տարբեր իրավիճակներում հաճախ ստանալով անսպասելի, անտեղի ու իրականում անհեթեթ, այսպես կոչված, մարտահրավերներ: Վերջինը, կարծես թե, վերաբերում է Գարեգին Նժդեհին:
Խոստովանենք, որ թուրքական ճկուն քաղաքական մտքին հերթական անգամ հաջողվել է ավելի շուտ բանսարկությանը սազական մի նյութ դարձնել բավականին ծավալուն քննության թեմա: Ադրբեջանի նախագահն է խոսում այդ մասին, այնուհետև, չգիտես ինչու, Ռուսաստանից եկած լրագրողներն են նմանօրինակ հարցեր տալիս Հայաստանի վարչապետին, հետո տեսնում ենք, որ եվրոպական ֆորումներում է դա հնչում: Հայկական կողմը՝ վարչապետից մինչև տարբեր պատվիրակներ, անշուշտ, տալիս է պատասխաններ, որոնք հայ հասարակության մի մասը համարում է բավականին հաջող ու լիարժեք, իսկ մյուս մասը՝ պակաս ու թերի: Խնդիրը դա չէ, այլ այն, որ ամեն մի նման բացատրությունից հետո դիմացի անմեղսունակը պարզապես ժպտում է, կարծես ասելով՝ այո՛, բայց… Եվ ստացվում է, որ մենք չենք կարողանում հաղթահարել այդ «ԱՅՈ՛, ԲԱՅՑ»-ի պատնեշը: Ինչու՞: Միգուցե պատճառն այն է, որ մենք փորձում ենք պաշտպանել Գարեգին Նժդեհին, այդկերպ նաև մեզ բոլորի՞ս: Բայց մի՞թե Նժդեհը պաշտպանության կարիք ունի։
Ո՞վ էր Գարեգին Նժդեհը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նա Բուլղարիայի քաղաքացի էր, և եթե ներկայացնում էր որևէ հանրություն, ապա դա միայն և միայն հայկական անպարփակ սփյուռքի եվրոպական հատվածն էր: Թավ տառերով գրենք՝ Գարեգին Նժդեհը Սովետական Միության քաղաքացի չէր և որևէ պարտավորություն չուներ այդ երկրի նկատմամբ: Նա երբեք չի պայքարել Սովետական Միության դեմ, առավել ևս՝ չի պայքարել գերմանական ֆաշիստների հետ համագործակցելով: Ավելին՝ պատերազմը դեռ չավարտված, նա համագործակցության առաջարկություն է արել սովետական համապատասխան մարմիններին: Այլ բան է, որ վերջիններս ստորաբար խոսքազանց եղան, և նրան կալանավորելով, համապատասխան քարոզչությամբ դարձրին հակասովետական տարր: Կրկնում եմ՝ Նժդեհը երբեք հակասովետական պայքար չի մղել (Կարմիր բանակի դեմ նրա զանգեզուրյան կռիվները դրա հետ կապ չունեն):
Այդ դեպքում՝ ի՞նչ էր անում Գարեգին Նժդեհն այդ տարիներին: Պատասխանը հետևյալն է՝ նա փորձում էր կանխել Հայոց նոր ցեղասպանությունը: Ով տեղյակ չէ՝ թող ջանա և իմանա, որ 1915-ից հետո թուրքական ջարդերից մազապուրծ եղած հարյուրհազարավոր հայեր մի կերպ ապաստանել էին եվրոպական տարբեր երկրներում (միայն Ֆրանսիայում շուրջ 500 հազար հայ կար): 1941 թ. դրությամբ, երբ սկսվեց սովետա-գերմանական պատերազմը, երրորդ ռայխը գրավել էր գրեթե ամբողջ Արևմտյան և Կենտրոնական Եվրոպան և, ըստ այդմ, տնօրինում էր համարյա մեկմիլիոնանոց հայ գաղթականության ճակատագիրը: Թուրք հայատյացներն առիթից օգտվելով, որ գերմանացի ֆաշիստներն սկսել էին հակահրեական հալածանքներն ու զանգվածային բնաջնջումները, ոչինչ չէին խնայում իրենց դաշնակից գերմանացիներին համոզելու, որ հայերը հրեաներին արյունակից ժողովուրդ են, ուստի նույնպես ենթակա են ոչնչացման: Եվ ահա նման իրավիճակում Գարեգին Նժդեհը, մի շարք հայ մտավորականների ու ազգային գործիչների հետ (Դրաստամատ Կանայան, Արտաշես Աբեղյան, Հայկ Ասատրյան և ուրիշներ), լծվում է ծանրագույն մի աշխատանքի` նպատակ ունենալով ապացուցելու վերմախտի վերին ղեկավարությանը, որ հայերը ոչ թե սեմական ծագում ունեն, այլ արիական ժողովուրդ են: Ի պատիվ մեր այս անձնազոհ հայերի խմբի, հարկ է նշել, որ խնդիրը փայլուն կերպով կատարվեց և հարյուրհազարավոր հայեր փրկվեցին նոր ցեղասպանությունից: Ավելին՝ մահվան ճամբարներից փրկվեցին նաև տասնյակ հազարավոր հայ ռազմագերիներ: Նրանց մի մասը պատերազմից հետո վերադարձավ Սովետական Հայաստան և, ում բախտ էր վիճակվել այդ տարիներին հանդիպելու Նժդեհին ու Դրոյին, ապա մինչև իրենց կյանքի վերջը երախտագիտությամբ էին հիշում նրանց անունները:
Այս է ճշմարտությունը: Գարեգին Նժդեհը սովետական հպատակ չէր, հետևաբար չի կարող կոլաբորացիոնիստ համարվել: Տգետները թող բառարաններում փնտրեն այդ բառի բուն իմաստը: Նա ոչ թե մարդկանց մահվան պատճառ է դարձել, այլ հակառակը՝ փրկել է հազարավոր կյանքեր: Հայրենակիցների և այլազգիների կյանքեր: Դրա համար հայ ժողովուրդը երախտապարտ է նրան:
Հարց բոլոր այն թուրք, ռուս և այլազգի մտահոգներին, ովքեր Նժդեհի պատճառով «անհանգստանում» են մեր ազգային վարկի հնարավոր սասանման համար. կա՞, արդյոք, որևէ փաստ, որ Սովետական Միությունը, հզորազոր Ստալինի գլխավորությամբ, կամ նրա մաս կազմող Սովետական Հայաստանը, կոմկուսի քարտուղարներով ու կաթողիկոսով հանդերձ, նացիստական Գերմանիայի դեմ կռվելուց բացի, նաև ինչ-որ բան են արել եվրոպահայության գլխին կախված հոլոքոստի սպառնալիքը չեզոքացնելու համար: Չկա, իհարկե: Իսկ ահա Նժդեհը դա արել է: Թե ինչ գնով՝ անաչառ եղեք և ինքներդ կտեսնեք: Գարեգին Նժդեհի կերպարի մեջ նվաստական ոչինչ չկա, որի համար հայ մարդը կարող է ամաչել: Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի նշանավոր անհատներից մեկն է և, վստահաբար, արժանի է, որ նրա արձանը կանգնեցված լինի հայոց մայրաքաղաքում:
Համլետ ԴԱՎԹՅԱՆ
Պատմաբան, հրապարակախոս
Մեկնաբանություններ