«Իրատեսի» հյուրը գրող ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է: Ամռանը նա հերթական անգամ Երևանում էր: Այցն ուներ նաև գործնական նպատակ. գրողը կատարեց վերջին խմբագրումներն իր նոր վեպի վրա, և այն արդեն հասել է ընթերցողին:
Վեպը վերնագրված է «Պողոս-Պետրոս», այն ունի հետաքրքիր աղերսներ Հովհաննես Թումանյանի հայտնի հեքիաթի հետ: Վահագն Գրիգորյանին մտահոգում է հայի ապարդյուն փնտրտուքի թեման, որն արտահայտված է թե՛ վեպի՝ Թումանյանից վերցված բնաբանում, թե՛ վերջաբանում: Երկու հայ իրար են դիմում հայտնի հարց ու պատասխանով.
-Պողո՛ս, գտա՞ր:
-Չէ՜:
-Պետրո՛ս, գտա՞ր:
-Չէ՜:
Մեր զրույցն անդրադարձ է թե՛ այս նոր վեպին, թե՛ օրախնդիր այլևայլ հարցերի:
-Պարոն Գրիգորյան, Ձեր գրականության և առհասարակ հետխորհրդային շրջանի հայ արձակի մեջ ինձ համար առանձնանում է «Ժամանակի գետը» վեպը: Այն ավարտել եք մի սարսափելի կանխատեսումով, ըստ որի՝ թուրքերի անկառավարելի սփռվածությունը Եվրոպայում, ի վերջո, հանգեցնելու է եվրոպական քաղաքակրթության կործանմանը, և Եվրոպան լցվելու է մարդկանցով, որոնք կլինեն չադրայավոր և մարմնի մնացած հատվածները մերկացրած: Բայց մենք, բարեբախտաբար, տեսնում ենք նաև թուրք հանրության կողմից այլ վարքագծի ու հոգեբանության դրսևորումներ. զորօրինակ՝ Գերմանայում ապրող ազգությամբ թուրք պատգամավորը հետամուտ է լինում, որպեսզի ճանաչվի 1915-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը՝ հիմնավորելով, որ դրա չդատապարտումն է հանգեցնում մինչ այսօր ազգային փոքրամասնությունների հանդեպ չդադարող ճնշումերին ու բռնություններին: ԱՄՆ Կոնգրեսն է ընդունում աննախադեպ բանաձև՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը: Հնարավո՞ր է, որ Ձեր կանխատեսած տխուր հեռանկարը, այնուամենայնիվ, չիրականանա, և մարդկության գիտակից տարրը հասնի հակառակ արդյունքի:
-Ոչ միայն Եվրոպայում, այլև Թուրքիայում կան թուրքեր, որոնք առաջադիմական, հումանիստական դիրքերից են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Ռագըփ Զարաքօլուն: Սակայն նրանց պահանջը՝ ընդունել, դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ամենևին չի արտացոլվում Թուրքիայի պետական քաղաքականության մեջ: Դժվար է պատկերացնել, թե աշխարհում ինչպիսի փոփոխություններ պիտի լինեն, որպեսզի Թուրքիան հասնի իր ոճիրն ընդունելու, ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու մակարդակին: Թուրքիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ներկայումս էլ Մեջլիսի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, օրինակ, ահազանգ է հնչեցնում, թե ծպտված հայերը սկսել են գլուխ բարձրացնել, պետությունը պետք է զգոն լինի: Ի՞նչ է պահանջում թուրք պատմաբան-պատգամավորը՝ ոչնչացնե՞լ այդ համարձակություն առած, իրենց ազգային ինքնությանը վերադառնալու փորձեր անող հայերին: Անշուշտ թե՛ Եվրոպայում, թե՛ բուն Թուրքիայում կան պատմական արդարությանը հետամուտ հատուկենտ թուրքեր, բայց Թուրքիայի պետական քաղաքականության մեջ իրենց ոճիրն ընդունելու հարցում դրական տեղաշարժ չկա: Իսկ մենք, ինչ խոսք, պետք է շարունակենք հետամուտ լինել այդ հարցին՝ հավատալով, որ ի վերջո, արդարությունը կհաղթի։
-Գենետիկ հիշողության դեմ կռիվ տալը տրամաբանակա՞ն է, այն կարո՞ղ է հաղթանակով պսակվել:
-Խնդիրն այն է, որ Թուրքիայի ժխտողականությունը հաճախ աջակցություն է ստանում դրսից: Կան պետություններ, որ այս հարցն օգտագործում են որպես ճնշման գործիք Թուրքիայի նկատմամբ: Հենց հարաբերություններն իրենց ուզած հունով չեն գնում, Թուրքիային հիշեցնում են Հայոց ցեղասպանությունը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը դարձել է քաղաքական շահարկումների առարկա:
-Այս թնջուկը հաղթահարելու ճանապարհը Հայաստանի հզորացու՞մն է:
-Անտարակույս: Այսօրվա Հայաստանը կարծես ուզում է ավելի ինքնուրույն քաղաքականություն վարել: Ես երբեմն այն տպավորությունն եմ ունենում, որ Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանն ավելի անկախ պետական միավոր է, քան իր կարգավիճակով անկախ Հայաստանը: Թե ինչու է այդպես, տարողունակ հարց է, շերտերը շատ են. հուսանք, որ մեր անկախ պետականության վերջնական կայացման օրերը հեռու չեն։ Ի միջի այլոց, հենց այս հեռանկարով է ավարտվում «Պողոս-Պետրոսը»։ Հուսամ, որ այդպես էլ կլինի։ «Ժամանակի գետում» կանխատեսում էի, որ 100 տարի անց Թուրքիան արդեն նվաճել է Եվրոպան ամբողջությամբ, փոխվել են օրենքներ, նույնիսկ 301 օրենքն է սկսել գործել Եվրոպայում։ Սա գուցե չափազանցություն է, վիպական հնարանք, բայց չէ՞ որ նաև կանխատեսել էի, որ Անգլիան դուրս է եկել Եվրոպայի կազմից: Հիմա ի՞նչ է կատարվում, Անգլիան դու՞րս է գալիս Եվրոպայի կազմից, թե՞ ոչ:
-Այսինքն՝ Ձեր այդ մի մարգարեությունն սկսել է իրականանալ, այո՞:
-Այո: Մյուսը՝ Եվրոպայի թրքացումը, հուսամ՝ չի իրականանա։ Անսահման լիբերալիզմը, սակայն, գրեթե անպաշտպան է դարձնում Եվրոպան: Ես չեմ խրախուսում նացիոնալիզմը, բայց նաև հիշատակեմ մի շատ խոսուն դեպք։ Գերմանիայում լրագրողը հարցեր էր տվել դպրոցականներին՝ ո՞րն է նրանց երազանքը, մեծանալով ի՞նչ կուզեին դառնալ: Երբ հերթը հասել էր էմիգրանտ թրքուհուն, սա ասել էր՝ գործազուրկ։ Եվ լրագրողը մեկնաբանում էր այդ կարծես թե անհեթեթ պատասխանը։ Պատանի թրքուհու հայրը՝ որպես գործազուրկ, ստանում է ամսական 1000 եվրո, ընտանիքի անդամները՝ կինը, երկու երեխաները՝ 500-ական, ուրեմն գործազուրկ էմիգրանտի ընտանիքը ամսական ունի 2500 եվրո եկամուտ, իսկ գերմանացի փոստատարը, որը վաղ առավոտյան, չնայած անձրևին ու ցրտին, փոստը հասցնում է անհրաժեշտ հասցեներով և նույնպես կին ու երեխաներ ունի, ստանում է ընդամենը 900 եվրո աշխատավարձ։ ՈՒրեմն ինչո՞ւ զարմանալ, որ էմիգրանտ երեխան այդ երազանքով է ապրում։
-Նշեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ձեր «Ժամանակի գետը» վեպն այն գեղարվեստական գործերից է, որ առաջին հերթին պիտի թարգմանվեր աշխարհի տարբեր լեզուներով և ներկայացվեր օտարազգի ընթերցողներին: Ինչու՞ չարվեց:
-Որովհետև ֆինանսական ներդրում է անհրաժեշտ: Հայոց լեզուն իսպաներեն, անգլերեն կամ ֆրանսերեն չէ։ Հայերեն գրված վեպը չի կարող ակամա տարծվել աշխարհով մեկ: Դեռ Թումանյանն է ժամանակին ասել, թե հայ գրականությունը ազգային հովանավորության կարիք ունի: Հիմա ազգային ասենք, թե պետական, հայ գրականությունն իրոք հովանավորության, հոգածության կարիք ունի: Մասնավորապես «Ժամանակի գետի» թարգմանությունը, հրատարակումը և տարածումը պիտի ֆինանսավորեր պետությունը։ Նախատեսված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրում, բայց չարվեց: Ինչքան հասկանում եմ, պատճառն այն էր, որ պիտի թարգմանչին զգալի գումար վճարվեր: Իսկ Հոլանդիայում սկսել էր թարգմանել հայերեն լավ իմացող մի հոլանդուհի՝ իր նախաձեռնությամբ, այս դեպքում էլ հրատարակիչները հրաժարվեցին գիրքը տպագրելուց՝ անհանգստանալով, որ կարող են խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ: Այսինքն՝ մե՛նք պիտի անենք, բայց չենք անում: Ոչ միայն իմ գիրքը, այլև հայ գրականության շատ ստեղծագործություններ պետական հովանավորությամբ պիտի թարգմանվեն ու տարածվեն, որ աշխարհը մեզ նաև մեր գրքերով ճանաչի: Իսկ մենք խոսում-խոսում ենք, բայց գործ չենք անում: Սա ոչ թե հայ գրականության, իմ կամ մեկ այլ գրողի, այլ պետության խնդիրն է: Պետական ծրագիր է անհրաժեշտ այս բացը լրացնելու համար: Բայց չկա այդպիսի ծրագիր:
-«Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» ժողովածուում Ձեր հայացքի առջև մեկ փողոց է, որում կատարվում են տարաբնույթ դեպքեր: Սա մեր մեծ աշխարհի և համընդհանուր կյանքի միկրոսխեմա՞ն է:
-«5-րդ փողոցը» իմ գործերում երևաց դեռ անցյալ դարի 70-ականներին, արդեն նոր դարում գրված «Ժամանակի գետը» և «Պողոս-Պետրոսը» նույնպես այդ ծիրում են։ «Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» գրքում տեղ գտած վիպակները տարբեր խնդիրներ են շոշափում: «Դաքքայի վերջին հայը» իրական հենքով է ստեղծվել: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում կա հայկական եկեղեցի, որում ծառայող վերջին հոգևորականը դիմեց համայն հայությանը և Հայաստանին՝ հայտնելով, որ ինքը միայնակ է ու մահվան շեմին, որ հարկավոր է գալ ու տեր կանգնել եկեղեցուն, որը շատ հին պատմություն ունի: Նրա աղերս-դիմումը հրապարակվեց տարբեր հայկական թերթերում, նույնիսկ BBC-ով տարածվեց։ Ոչ ոք, սակայն, չարձագանքեց: Վիպակում, հասկանալի է՝ 5-րդ փողոցում, մարդ են փնտրում, որը կգնա, տեր կկանգնի այդ եկեղեցուն: Երեք կամավորներ են ներկայանում։ Երեքն էլ, սակայն, խաբեբաներ են. մեկը փողն առնում-փախչում է Ռուսաստան, երկրորդը՝ Ղազախստան, երրորդը՝ Եվրոպա: Եվ եկեղեցին այդպես անտեր էլ մնում է: «Տողադարձի դպրոցը» Հայաստանում բարձր կարգի միջազգային օտարալեզու դպրոցներ բացելու որոշման հետքերով է գրվել: Վիպակում փորձ է արվում, այսպես ասած, տողադարձ անել՝ օտարալեզու դարձնել մի դպրոց, որը հայ գրականության ռահվիրայի անունով է կոչվում։ «Երկար գիշերը» սիրային պատմություն է, բայց 5-րդ փողոցի բարքերը շոշափող: «Կարճատև կանգառ դրախտում» գործում դարձյալ բարքերի խնդիրն է, այս դեպքում՝ կենդանիների առնչությամբ։ Երևանում հոգս դարձած թափառող շներն ու կատուները երկնքից չեն ընկնում, մարդն է նրանց փողոց նետում։ Վերցնում, մի որոշ ժամանակ պահում են, հետո ձանձրանում, փողոց նետում։ Համոզված են, որ որևէ վատ բան չեն անում, շուն ու կատու են, հո մա՞րդ չեն։ Իսկ հայտնի բան է, որ յուրաքանչյուր հասարակության զարգացածության մակարդակը չափվում է նաև կենդանիների հանդեպ վերաբերմունքով: Ինչպես ֆրանսիացի հայտնի բարոյախոսներից մեկն է դեռ երկու դար առաջ գրել. «Վայրենիներն ավելի համոզված են, որ իրենք բարձր են կենդանիներից, քան փիլիսոփաները»: Ահա այսպիսի պատմություններ են ծավալվում հիշատակված գրքում, որոնք ինձ բավականին զարմանալի թվացին և հուշեցին գրքի ընդհանուր վերնագիրը։
(շարունակելի)
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ