Որքան ողորմելի, թշվառ ու ապիկար պետք է լինի երկրի ղեկավարը, որ Հայաստանի մակետը դրոշակ սարքած՝ շրջմոլիկի պես, դեգերի համայնքներով, որ բնակիչներին ավելի պատկերավոր ներկայացնի, թե որն է Հայաստանի տարածքն ու սահմանները;
Ինչքա՜ն պետք է երկրի ղեկավարը դիլետանտ-դեմագոգ լինի, որ սեփական ժողովրդին էշի տեղ դնելով՝ հող հանձնելու «ստավկեն» դնի ձեռքի մակետի ու թշնամու «բոբո» լինելու վրա:
Միաժամանակ էլ ասի՝ «Չնայած Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», միևնույն է, ես կխոսեմ խաղաղությունից»:
Ինչքա՜ն պետք է ժողովուրդը համբերատար ու հանդուրժող լինի, որ մակետով հանդերձ վերջինիս գրողի ծոցը չուղարկի:
Գիտեմ՝ անոմալիա է, քաոս ու կազուս:
Նման դեպքի երկրորդ օրինակը չես գտնի:
Ինչևէ, ինչպես և ենթադրվում էր՝ վարչապետ կոչեցյալը մեկնել էր Տավուշ, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին համոզի, թե ինչու պետք է գյուղերը հանձնի։
Ընդ որում, այնքան ինքանավստահ լինի,
թե բա «զեմլյակների դաբռոն» կլինի,
բայց արի ու տես՝ փաստի առաջ կանգնի:
Բնակիչները ճակատին ասել են, որ անթույլատրելի են համարում ցանկացած պատրվակով, որևէ տարածքի հանձնումը թշնամուն։
Իհարկե, ափսոս, որ գոնե մեկը չի գտնվել, որ ասի.
- Ա՛յ ընկեր, որ գյուղ ու «անկլավ» ես հանձնում, թշնամու դեմ տված այդ ո՞ր մի իրավական փաստաթղթի կամ ո՞ր մի ստանձնած պարտավորության հիման վրա ես դա անում:
Կամ՝ թշնամին 32 հայկական գյուղի հեկտարներով ցանկատարածք ու համայնքային վարելահողեր, վրադիր էլ՝ 200 կմ քառակուսիից ավել տարածք է օկուպացրել. բա ինչու՞ դրանց վերադարձի նախապայման չես դնում, բայց եկել ես համոզես, որ առանց դեմարկացիա ու դելիմիցատիա 4 գյուղ պետք է տաս, այն էլ՝ ոչնչի դիմաց:
Ստացվում է՝ առանց ոչ մի բանի 4 գյուղ հանձնես, մնացած հարցերն էլ՝ դեմարկացիա դելիմիտացիան ցույց կտա հա՞:
Քեզ հերիք չէ՞ Ալիևի ասածը, որ ոչ մի միլիմիտր նահանջի չի գնալու գրաված տարածքներից ու որ թքած ունի դելիմիտացիաների ու դեմարկացիաների վրա:
Անգամ դու էս դա հաստատում:
Ավելին՝ գյուղացիների այն հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ հանձնենք գյուղերը պատերազմ չի սկսվի, պատասխանում ես՝ երաշխիք չկա, բայց հույս կա:
Չէ՜, ո՞նց կլինի…
Դու քո ամպլուայի մեջ, պետք է հասնես Տավուշ, որ մարիկ կկու խաղաս, սեփական ժողովրդիդ սպառնաս ու ահաբեկես, թե բա գյուղերը չտվեցինք՝ «нам хана»!
Չենք տալի՞ս հեզ ու խաղաղ, կվերցնեն պատերազմով։
Այն էլ ի՜նչ ձև սպառնաս. որ տարածքները չհանձնելու դեպքում՝ մինչ շաբաթվա վերջ Ադրբեջանը պատերազմ կսկսի, Թուրքիան էլ Արմավիրի կողմից հարձակվելու է Հայաստանի վրա:
Եթե ազերուց չեք վախենում, թուրքից էլ հո կվախենաք:
Ի դեպ, անգամ Ալիևն այս պահին չի սպառնում պատերազմով:
Այնպես որ, ինքն իր մասով, իր փայ խորհուրդը, հորդորն ու ուլտիմատումը տվեց գյուղացիներին.
- Ավելի լավ, ես չեմ հանձնի, որ ինձ «դավաճան» չասեք, բայց մեղքը ձեր վիզը:
Ասել կուզի՝ ժողովրդի ուսերին է բարձելու հնարավոր պատերազմի ու կորուստների մեղքն ու պատասխանատվությունը:
Դե, ժողովուրդն էլ՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի սկզբունքով» այսօրվանից անցավ սահմանամերձ հատվածների ինքնապաշտպանությանը:
Մենք էլ՝ ազգովի ոտքի ելանք, որ մի մարդու պես գնանք մեր տավուշեցի եղբայրներին սատար կանգնենք, հողը պահենք, ազեր քշենք:
Ինչպես Արցախը պահեցինք, այդպես էլ Ոսկեպարը, Կիրանցն ու Բաղանիսն ենք պահելու:
Ի դեպ, այստեղ էլ վարչապետը փորձեց բանեցնել «Բերձորի ֆիշկեն»՝ ասելով, թե նոր, սարերով ու ձորերով այլընտրանքային, շրջանցող ճանապարհ են կառուցելու, որով երթևեկը կաթվածահար չի լինելու:
Թե ինչ եղավ Բերձորում, բոլորս ենք հիշում:
Հիմա նույն սցենարը կրկնվում է Տավուշում:
Նույն շրջափակման մեջ գցել ու աքսորել:
Ինչևէ, բազմիցս եմ թվարկել վերոնշյալ գյուղերի, առավել ևս «անկլավների» հանձման արդյունքում սպասվելիք ճակատագրական խնդիրները:
Միայն այն, որ Ադրբեջանն այդկերպ վերահսկելու է Հայաստանի հյուսիսարևելյան կոմունիկացիաները, ռազմական տեղաշարժերը, միջազգային առևտուրն ու փոխադրումները, արդեն իսկ վտանգավոր է:
Դրա արդյունքում՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ողջ երկայնքով հայտնվելու են ադրբեջանական զինված ուժեր:
Մի շարք համայնքներ մեկուսացվելու են, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված:
Կաթվածահար է լինելու հատկապես Տավուշով անցնող հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը:
Ռազմավարական օբյեկտներ, գազատարներ, ջրային ռեսուրսներ հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:
Անօգտագործելի են դառնալու մի շարք արոտավայրեր, խոտհարքներ, վարելահողերեր ու այգիներ:
ՈՒնենալու ենք նոր տեղահանվածներ:
Մյուս վտանգների մասին չեմ բարձրաձայնի:
Կասեմ միայն այն, որ Ադրբեջանն այդքանով կանգ չի առնելու:
Այս խայտառակության ականատեսը լինելով, կասեմ մի բան.
սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկող ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է ու պատիժ:
Իսկ այն, որ ժողովրդի համբերությունը դանայան տակառ է՝ փաստ է…
Հա՛յ ազգ, ի վերջո՝ որպես ազգ, գոնե գիտակցու՞մ ես, որ հենց այստեղ և այս պահին ականատեսն ենք Հայաստանի մաս-մաս ծվատմանը։
Գիտակցու՞մ ես, որ Արցախը հանձնողի համար 4 գյուղ հանձնելը ոչինչ է…
Դուք հասկանու՞մ եք որ սա մեր բոլորի ամոթն է ու խարանը:
Այս մղձավանջը, նվաստացումն ու ստորացումը ձեզ դու՞ր է գալիս:
Դուք հայրենիքի տեր, այդքան անհայրենի՞ք եք:
Աշխարհով մեկ խшյտшռшկ ենք եղել, ազգային արժանապատվությունը գետնով ենք տվել:
Դե հա, դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, հետևաբար՝ ի՞նչ քաղաքացիական կեցվածք, քաղաքական գիտակցություն, ի՞նչ դիրքորոշման հայտնում, առավել ևս՝ պահանջ:
Չէ՜, դուք նման հարցերի հետ կապ չունեք:
Ողորմի քեզ, Վովա Փաշինյան.
ժամանակին զգուշացնում էիր, որ այս ազգի մեջ ավելի խելացի ու իմաստուն մարդիկ կան, որ այս երկիրը կառավարեն․․․
Տեսնես, որ կենդանի լինեիր, հիմա ի՞նչ կասեիր որդուդ, որն այսօր այցելել է ծննդավայր, որպեսզի համոզի տեղացիներին, ու գյուղեր հանձնի:
Միակ ադեկվատ մարդուն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, երկրորդ անգամ եմ զգուշացնում.
մի՛ մտի նման խաղերի ու պայմանավորվածությունների մեջ, ամեն ինչ գլքիդ է ջարդվելու:
Քո ստորագրությունով քեզ դեմ են տալու…
Ինչևէ, Տավուշեցին 10 օր է տվել վարչապետին:
Տեսնենք, թե ինչ է մոգոնելու, տեղացիների գլխին էլ ինչ է բերելու:
Միևնույն է, նա իր անելիքն անելու է…
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ