Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հորաքույրս այդպես էլ չիմացավ, որ իր երեխաներն էլ մնացին դպրոցում

Հորաքույրս այդպես էլ չիմացավ, որ իր երեխաներն էլ մնացին դպրոցում
07.12.2023 | 10:01

Այսօր ուզում եմ գրել, իմ սիրելի, խելացի, գեղեցկուհի, բարի, լուսահոգի հորաքրոջ մասին։ Նա յուրահատուկ անձնավորություն էր, նրա նմաները, ցավոք, շատ քիչ են, և դա կհաստատեն բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել շփվելու նրա հետ։

Հորաքույրս՝ ՍԱԹԵՆԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ուսուցչուհի էր:

Շատ էր սիրում իր աշակերտներին: Ասվածը լոկ խոսքեր չեն։ Նա ապացուցեց իր սերը զոհաբերելով ամենթանկ բանը, որը տրված է մարդուն՝ իր կյանքը:

1988 թ. դեկտեմբերի 7-ին, ինչպես բոլոր աշխատանքային օրերին, նա դպրոցում դասավանդելիս է եղել, երբ սկսվել է ավերիչ երկրաշարժը։

Առաջին ցնցումից փլվում է դպրոցի մեծ մասը, բայց իրենց դասասենյակը բարեբախտաբար կանգուն է մնում։

Հորաքույրս բացում է պատուհանը և քանի որ առաջին հարկում են եղել, երեխաներին արագ դուրս է հանում արդեն իսկ կիսաավեր շենքից (թեպետ կարող էր առաջինն ինքը դուրս գալ, ինչպես արել էին շատերը)։

Նրան հաջողվել է հանել բոլորին, սակայն մի քանի չարաբաստիկ վայրկյանը չբավարարեց, որպեսզի ինքն էլ դուրս գար:

Սկսվում է երկրորդ ցնցումը, որից փլվում է ողջ շենքը, փլատակների տակ թողնելով հարյուրավոր կյանքեր։

Հորաքույրս իր կյանքի գնով փրկեց տասնյակ մանկահասակ երեխաների, սակայն այդպես էլ չիմացավ, որ իր երեխաներն էլ մնացին դպրոցում և, ցավոք, նրանց էլ փրկություն չեղավ։ Ինչքան տեղյակ եմ, դպրոցից միայն հորաքրոջս փրկած երեխաներն են ողջ մնացել։

Անիծյալ այդ օրը հայրիկիցս խլեց իր միակ հարազատներին։

Հորս ցավն աննկարագրելի էր:

Լինելով գաղթականի որդի, հորաքրջիցս և իր երկու շնորհալի երեխաներից բացի որևէ այլ արյունակից չուներ։

Հորաքրոջս շիրիմին միշտ թարմ ծաղիկներ էին դրված: Տարրերային աղետը վերապրած երեխաների ծնողները այդպիսով իրենց երխտիքի խոսքն ու տուրքն էին մատուցում իրենց բալիկներին փրկողին։

Լուսահոգի հորաքույր ջան, արժանացել ես երկնային արքայության, իսկ քո բարի անունը, միշտ հիշելու ենք, և ոչ միայն մենք, այլ նաև նրանք, որոնց դու երկրորդ կյանք շնորհեցիր։

Խոնարհվում եմ քո հիշատակի առջև իմ օրինակելի ու անթերի հրեշտակ։ Դու ողջ ես , ապրում ես մեր սրտերում։

Հորաքույրս ընդամենը 32 տարկան էր, շատ երազանքներ և իղձեր անկտար մնացին, ինչպես և շա՜տ -շատերինը։ Նա իր սխրանքով անմահանացավ:

Միշտ հիշելու և պատմելու ենք նրա անձնազոհության մասին։

Այս տարի գտա այդ դպրոցը և ի մխիթարանք սրտիս իմացա, որ հիշում են լուսահոգի հոաքրոջս և միշտ հիշատակում նրա մասին երկաշարժին նվիրված միջոցառումների ժամանակ և ոչ միայն։

Նա իր անձնուրաց արարքով ցույց տվեց մեզ, թե ինչ անձնազոհություների է ընդունակ մարդու սիրտը, որը լեցուն է Աստծո սիրով

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3321

Մեկնաբանություններ