Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ո՞Ւր է մտնում Հայաստանը, եթե մտնում է, և ե՞րբ

Ո՞Ւր է մտնում Հայաստանը,  եթե մտնում է, և ե՞րբ
03.10.2014 | 00:35

Ավելի քան մեկ տարի է անցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունից, թե մեր երկիրը մտադիր է մտնելու ԱՊՀ Մաքսային միություն (ՄՄ)։ Ընդհանուր առմամբ ռազմավարական իրադրությունն այդ օրվանից էականորեն սրվել է։ Սակայն եթե հետևողական լինենք, ապա կնկատենք, որ թեև Հայաստանն առայժմ չի միացել ՄՄ-ին և չի մտել Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), այնուհանդերձ, մենք բոլորս զգալիորեն շահել ենք` անցած տարի ձեռնպահ մնալով Վիլնյուսում Եվրամիության (ԵՄ) հետ ասոցացման պայմանագրի ստորագրումից։ Նույնիսկ անկախ ՈՒկրաինայից էլ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի տնտեսությունն արդեն վերջնականորեն կործանված կլիներ, եթե մեր երկիրը 2013 թ. նոյեմբերից համարվեր ԵՄ հետ ասոցացված պետություն։ Այո, խնդիրը Արևմուտքի «պատժամիջոցներին» «որպես դաշնակից» մասնակցելն է։ Հեռուն գնալ պետք չէ. պատժամիջոցներն Իրանի վրայից հանված չեն, սոսկ մասամբ մեղմացվել են։ Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները սպասում են «երրորդ ծրարին», ինչպես, ի դեպ, Մոսկվայի պատասխան միջոցառումները։ Հայաստանում ո՞վ կվիճարկի, որ մեր հիմնական առևտրատնտեսական և էներգետիկ գործընկերը հենց Ռուսաստանն ու Իրանն են։ Հայաստանի ողջախոհ քաղաքացիները միայն կարող են օբյեկտիվորեն գնահատել և՛ իրողությունները, և՛ հեռանկարները։

Հիշեցնենք, դեռ ամռանն ենք ընթերցողներին մատնանշել, որ անգամ առանց ԵՄ-ի հետ ասոցացման մասնակից դառնալու, Հայաստանն արդեն իրանական հարցում ճնշումների էր ենթարկվում ԱՄՆ-ի կողմից։ Իհարկե, խոսքը «Որոտանի հէկերի համալիրի» շուրջ Հայաստանի կառավարության և ամերիկյան ընկերությունների գործարքի մասին է։ Նույնիսկ Ազգային ժողովի արևմտամետ պատգամավոր Արամ Մանուկյանը հունիսի 10-ին տագնապ հնչեցրեց. «Հիդրոհամալիրի առքուվաճառքի մասին համաձայնագրի 4.03 հավելվածում ասվում է, որ «Որոտանի հէկերի համալիրի» ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանին էլեկտրաէներգիայի մատակարարման կազմակերպման գործում։ Դա վկայում է, որ մենք գործ ունենք քաղաքական գործարքի հետ»։ Հուլիսի 5-ին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը սպառնում ու շանտաժում էր Հայաստանին, եթե հրաժարում լինի ամերիկացիներին «Որոտանի հէկերի համալիրի» վաճառքից։ Մեր երկրի ամերիկամետ ուժերը մինչ օրս լռում են ու չեն շտապում դատապարտել իրենց տերերին Հայաստանի վրա ճնշում գործադրելու, մեր հայրենիքը հակաիրանական պատժամիջոցների մեջ ներքաշելու ԱՄՆ-ի փորձերի համար։ Բայց ոչ ոքի համար (այդ թվում` կառավարության) գաղտնիք չէ, թե մեր տնտեսությունը, և առաջին հերթին էներգետիկան, որքան են կապված բարեկամական Իրանի ու Ռուսաստանի հետ։

Բայց և այնպես, Արևելքում ինտեգրման գործում ամեն ինչ չէ, որ կարգին է։ Ստեղծված իրավիճակը հիշեցնում է մի ռեբուս, որտեղ եթե առաջադրանքի պատասխան կա էլ, ապա այն ոչ ոք չգիտի։ Կամ էլ պատասխանն իմացողները վճռել են լռել «մինչ հաղթական ավարտ»։ Անցած տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակագրությունը հաստատում է մեր երկյուղները, որ ոչ մի արագ գործընթաց էլ չի լինելու։ Այդուամենայնիվ, դեռ գարնանը ավելի քան տարօրինակ էր թվում, երբ զուտ տնտեսական կառույցին` ՄՄ-ին, միանալու փոխարեն և՛ Հայաստանում, և՛ նրա սահմաններից դուրս սկսեցին խոսել այն մասին, թե, հնարավոր է, արդեն 2014-ի մայիսի վերջին Երևանը մտնի Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Բնականաբար, այդ որոշումն էլ էր Հայաստանի ու նրա գործընկերների բանակցությունների արդյունք։ Սակայն հակառակ մեր իշխանությունների այն պնդումների, թե իրենք թափանցիկ և առանց հանրությունից գաղտնիք պահելու բանակցություններ են վարում թե՛ ԵՄ-ի, թե՛ ՄՄ անդամ երկրների հետ, հարկ է խոստովանել, որ իշխանությունները փաստի առաջ կանգնեցրին ժողովրդին` ՄՄ-ի փոխարեն բոլոր խոսակցությունները տանելով ԵԱՏՄ-ին անդամակցության մասին միայն։

Ե՞րբ տեղի ունեցավ Հայաստանի նախագահի ու կառավարության արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության գերակայությունների վերակողմնորոշումը և ի՞նչ պատճառով։ Այս հարցերում պարզություն չկար նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Փոխարենը կա մեկ այլ պարզություն։ Մենք արդեն անդրադարձել ենք մայիսի վերջին Աստանայում կայացած հանդիպմանը, ուստի այդ շրջանի դատողությունները կրկնելն իմաստ չունի։ Սակայն հասկանալի է, որ վաղուց արդեն խախտվել են նաև ԵԱՏՄ-ի վերաբերյալ բոլոր հրապարակված ու համաձայնեցված ժամկետները։ Հետևում են մնացել և՛ հուլիսի 1-ը, և՛ օգոստոսի 1-ը, և՛ սեպտեմբերի 1-ը։ Հիմա խոսքը հոկտեմբերի կամ նոյեմբերի մասին է։ Նույնիսկ 2015-ի հունվարի 1-ի։ Ի վերջո, օգտվելով անսպասելի «դադարից», գուցե Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որևէ մեկը իր վրա կվերցնի բեռը` բացատրելու ժողովրդին, թե ինչու է այդքան ձգձգվում ՄՄ-ին միանալու հարցը, և բանակցային դաշտ է նետվել ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը։ Չէ՞ որ այն բանի գաղտնիքը, թե ինչու է կարծես թափ առած գործընթացը բացահայտորեն արգելակվում, գտնվում է հենց ՄՄ-ԵԱՏՄ հարթությունում, ինչպես նաև իր գործընկերների հետ Հայաստանի բանակցությունների սեղանին։ Չէ՞ որ օգոստոսը բավական հարուստ էր Հայաստանի համար քաղաքական առումով, և ոչ միայն քաղաքական։ Մենք հիշում ենք գերլարվածությունը ճակատներում և սահմանամերձ գոտում. մեր թշնամին այնպիսին է, որից մարդկայնություն ու քաղաքական հեռատեսություն սպասելը պարապ զբաղմունք է։ Անգամ առանց հաշվի առնելու հանդուգն դիվերսիոն գործողությունները, հենց միայն գյուղացի Կարեն Պետրոսյանի առևանգումն ու սպանությունը արդեն ահազանգ է այն մասին, որ մեր թշնամիները կշարունակեն ծվատել Արցախը և Հայաստանի սահմանամերձ գոտիները։ Տարաբախտ Կ. Պետրոսյանի մահվան միջադեպի մանրամասն հետաքննություն պահանջում էին բոլոր նրանք, ովքեր այսպես թե այնպես կապված են արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցությունների հետ։ Ե՛վ ԵԱՀԿ-ն, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան, և՛, առավել ևս, Ռուսաստանը։ Այդուամենայնիվ, հետաքննություն չի էլ սկսվել, իսկ Բաքվին «կոչ արած» կողմերը չեն շտապում Ադրբեջանի դեմ սկսել յուրօրինակ «նյուրնբերգյան դատավարություն» թեկուզ և այն բանի համար, որ ադրբեջանցիները ահա արդեն ավելի քան 26 տարի վարում են պետական ահաբեկչության քաղաքականություն։ Իսկ գյուղացի տղային առևանգելը, նրան «դիվերսանտի դեր» վերագրելը, ապա սպանելը ահաբեկչություն չէ` ի՞նչ է։ 1939 թ. Լեհաստանի դեմ նման արարքի համար, ինչից էլ սկսվեց Երկրորդ համաշխարհայինը, գերմանացի նացիստներին աշխարհը դատապարտեց։ Իսկ Ադրբեջանին առայժմ «ամեն ինչ թույլատրված է»։

Ինչո՞ւ է այդքան կարևոր հիշողության մեջ թարմացնել ինտեգրման գործին Հայաստանի մասնակցության հարցին կարծես չվերաբերող նման մանրամասները։ Բանն այն է, որ օգոստոսի 8-10-ին տեղի ունեցան Սոչիի հանդիպումները` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո։ Հասկանալի բան է, որ նախագահներից (Հայաստանի ու Ադրբեջանի) յուրաքանչյուրի հետ Ռուսաստանի ղեկավարը վարեց ոչ միայն երկկողմ հարաբերություններին նվիրված առանձին բանակցություններ։ Սակայն այնպիսի զգացողություն կա, որ զրույցները թե՛ Արցախի, թե՛ առհասարակ հակամարտության կարգավորման, թե՛ նախկին խորհրդային տարածությունում կատարվող ինտեգրացիոն գործընթացների մասին ասես ընթացած լինեն «զուգահեռ ուղղություններով»։ Ի՞նչ է նշվել. նախ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սոչիի բանակցությունների արդյունքների առնչությամբ հայտարարեց, թե «հակամարտությունը չի խանգարի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը»։ Եվ ավելացրեց. «Հայաստանը Մաքսային միություն է մտնում որպես Հայաստան։ Լեռնային Ղարաբաղը դրան ոչ մի առնչություն չունի, ինչի մասին բազմիցս ասել է Հայաստանի նախագահը»։ ՈՒրեմն, մենք, այնուամենայնիվ, միանո՞ւմ ենք ՄՄ-ին, թե՞ մտնում ենք ԵԱՏՄ։ Դարձյալ օգոստոսին Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում սկսնակ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հետևյալը. «Մաքսային միությունը մեկ երկիր չէ, և ես, որոշ իմաստով, համաձայն եմ այն կարծիքին, որ ոչ բոլոր անդամ պետություններն են ուրախ Հայաստանի անդամակցության համար։ Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունենք և, բնականաբար, ցանկացած միավորման անդամակցությունը որոշ խնդիրներ է ստեղծում նաև այդ միության անդամ երկրների համար։ Բայց, մյուս կողմից, այնպես չէ, որ Մաքսային միության երկրները դեմ են մեր միանալուն։ Եթե նրանք այդ բանը չցանկանային, ապա պարզապես վետո կդնեին այդ հարցի վրա և այլևս ոչ մի շարունակություն չէր լինի։ Ճիշտ գնահատականը հետևյալն է. այն պնդումները, թե Հայաստանին ստիպում են արագ տեմպերով գլխապատառ մտնել Մաքսային միություն, չեն համապատասխանում իրականությանը։ Այդ տեմպերը, որոնց առթիվ ոմանք մեզ մեղադրում են շտապողականության մեջ, պայմանավորված են մեր որոշմամբ և ոչ թե ուրիշների ուզել-չուզելով»։

Հիշատակություն անգամ չկա ԵԱՏՄ-ի մասին։ Թեև ավելի ուշ, օգոստոսի վերջին, մի շարք հայկական լրատվամիջոցներ, անդրադառնալով Սոչիի հանդիպումների թեմային, գրեցին. «Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեցին ԵԱՏՄ-ի պայմանագրին Հայաստանի անդամակցության ժամկետներն ու պայմանները»։ Բայց մենք կցանկանայինք մեկ անգամ ևս ընդգծել. դրանք առայժմ միանգամայն առանձին և միմյանց չկրկնող կառույցներ են` Մաքսային միություն (ՄՄ) և Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ)։ Եվ այդ է վկայում նաև հետևյալ փաստը. օգոստոսի 11-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ իր ղրղզ պաշտոնակից Ջոոմարտ Օթորբաևի հետ` վերջինիս նախաձեռնությամբ, և նրանք քննարկեցին հենց ԵԱՏՄ-ին «Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության աշխատանքների ընթացքը»։ Ռեբո՞ւս է։ Անկասկած։ Իսկ ահա օգոստոսի 28-ին Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովը, երևի, շտապելով արձագանքել Ծաղկաձորում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը և ձգտելով թոթափել այն կասկածները, թե հենց Աստանան «ուրախ չէ» ՄՄ-ին Հայաստանի անդամակցության համար, ասաց. «Ղազախստանում շատ բարեհաճ են վերաբերվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը։ Ղազախստանի նախագահը ստորագրել է անդամակցության «Ճանապարհային քարտեզը», այնպես որ, ոչ մի հակասություն ու հակազդեցություն չկան»։ Ընդ որում, համոզում էր, թե Ղազախստանն այդ փաստաթուղթը ստորագրել է նույնիսկ առանց նախագահ Ն. Նազարբաևի «հատուկ կարծիքի»։ Այն պնդումը, թե Ղազախստանը ներկայացնում է Ադրբեջանի շահերը, դեսպան Բոզջիգիտովը անհիմն համարեց։ Մեկնաբանելով Ս. Սարգսյանի այն հայտարարությունը, թե ՄՄ ոչ բոլոր անդամներն են ուրախ Հայաստանի համար, դեսպանը նշեց, որ դա Հայաստանի նախագահի կարծիքն է։

Նշենք նաև, որ օգոստոսի 27-ին Մինսկում ՄՄ պետությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում Ղազախստանի նախագահը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին նույն Մինսկում տեղի կունենան բանակցություններ, որոնց շրջանակներում ծրագրվում է լուծել Հայաստանն ու Ղրղզստանը ԵԱՏՄ ընդունելու հարցը։ Պաշտոնական Երևանն այն ժամանակ Նազարբաևի այդ հայտարարությունը ոչ մի կերպ չմեկնաբանեց։ Թեև մենք հիշում ենք. հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտարարեց, որ ԵԱՏՄ Հայաստանի մտնելու համաձայնագիրը կստորագրվի մինչև հոկտեմբերի վերջը։ Եվ վերջապես, Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը սեպտեմբերի 1-ին կարգադրություն է ստորագրել ՌԴ կառավարության «Եվրասիական տնտեսական միության 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին» առաջարկության ընդունման մասին։ Ինչպես ասում են, այս ամենը լավ է, սակայն, ի վերջո, ո՞ր կառույցի մեջ է մտնում Հայաստանը, եթե մտնում է։

Ըստ երևույթին խնդիրն այն է, որ ՈՒկրաինայում ծայր առած ճգնաժամն ու դրան հետևած քաղաքացիական պատերազմը արևմտամետ ուժերի ու Նովոռոսիայի միջև էապես փոխեցին ոչ միայն Հայաստանի ու Ռուսաստանի, այլև ինտեգրման նախագծերում ներգրավված այլ երկրների ծրագրերը։ ՈՒշադրություն դարձնենք. վերջերս ՈՒելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ամերիկացիներին ևս հաջողվեց «պատասխանատվության կանչել» Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին։ Համենայն դեպս, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Նյուպորտում նրանց երկուսի հետ էլ լուսանկարվեց։ Բայց, ինչպես և Սոչիի բանակցությունների պարագայում, մենք հազիվ թե տեսանելի ապագայում իմանանք, թե կոնկրետ ինչի մասին է խոսվել։ Այո, Արցախի մասին, բայց կոնկրետ ենթատեքստն է կարևորը, ոչ թե ընդհանուր օրակարգը։ Եվ մենք գիտենք, որ դեսպան Հեֆեռնը օգոստոսին (արդեն Սոչիի հանդիպումներից հետո) լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարեց, որ Արևմուտքի պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի դեմ, բայց կարող են բացասական հետևանքներ ունենալ նաև Հայաստանի տնտեսության համար, և որ «եթե Հայաստանը ուրախ չէ, ապա դրա մեղավորը Ռուսաստանն է»։ Բնական է, որ ԱՄՆ-ի դեսպանը դրանով փորձել է Հայաստանի իշխանություններին ու հանրությանը բացահայտորեն տրամադրել թե՛ Ռուսաստանի դեմ, թե՛ Նովոռոսիայի ռուսների դեմ։ Բայց միաժամանակ ամերիկացի դիվանագետի այդ ռեպլիկը նաև բացահայտ ակնարկ է, որ ՈՒելսում պետքարտուղար Ջ. Քերին (ինչպես Վ. Պուտինը Սոչիում) երկու նախագահների հետ խոսել է ոչ միայն Արցախի և կարգավորման գործընթացի, այլև Մոսկվայի հետ Երևանի ու Բաքվի հարաբերությունների մասին։

Այսպիսով, ոչ այն է ՄՄ-ին, ոչ այն է ԵԱՏՄ-ին ինտեգրվելու անորոշ գործընթացը և Արցախի շուրջ տիրող իրավիճակը սահուն վերածվել են քաղաքակրթական բնույթի հարցի` իսկ ո՞ւմ հետ են հայերը (ադրբեջանցիների համար մենք չէ, որ պիտի մտածենք, նրանք դեռ մյուս հարևանների հետ էլ բավականին խնդիրներ ունեն)։ Մեծ տերություններն այս երկու խնդիրը բացահայտորեն փոխշաղկապում են. բայց թե ինչ են նրանք խոստանում այդ պարագայում մեր իշխանություններին, մնում է նույն ռեբուսը Հայաստանի և Արցախի շարքային քաղաքացիների համար։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2940

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ