Եվ այսպես, Վլադիմիր Եվտուշենկովը` «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի (ԲՖԿ) հիմնական սեփականատերը (15-րդը «Ֆորբսի» ցուցակում, կարողությունը` 9 մլրդ դոլար), երեքշաբթի օրը` սեպտեմբերի 16-ին, Ռուսաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) ներկայացմամբ Բասմանյան դատարանի կողմից (այն նույն, որը որոշում էր նաև մեր հայրենակից Լևոն Հայրապետյանի ճակատագիրը) տնային կալանքի տակ է վերցվել մինչև 2014 թ. նոյեմբերի կեսերը։ ՔԿ ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը երեկոյան գերատեսչության կայքում հայտարարել է, որ ՔԿ-ն հետաքննում է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի մեջ մտնող ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման և դրանց օրինականացման փաստով քրեական գործը, և քննչական մարմինը, իբր, բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացմանը մասնակից է եղել Եվտուշենկովը։ Նրան առաջադրվել է դրամական միջոցների օրինականացման (լվացման) մեղադրանք (ՌԴ ՔՕ հոդ. 174, մաս 4)։ Տնային կալանքի ռեժիմի պահպանումը վերահսկելու համար Եվտուշենկովի ոտքին էլեկտրոնային օղակ է հագցվել։
Բասմանյան դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան պատմել է, որ Եվտուշենկովը կալանքը կկրի մերձմոսկովյան Ժուկովկա գյուղի էլիտար քոթեջային ավանի իր տանը և ոչ թե գրանցման վայրում` Մոսկվայի Տվերսկայա-Յամսկայա 3-րդ փողոցի բնակարանում, ինչպես խնդրել էր հետաքննությունը։ «Սիստեմա» ԲՖԿ-ի նախագահ Միխայիլ Շամոլինը ոչինչ չի մեկնաբանել` առաջարկելով սպասել ընկերության պաշտոնական հաղորդագրությանը։ ԲՖԿ-ի մամուլի ծառայությունում հաղորդել են, որ ընկերությունը ՔԿ-ի կողմից իր տնօրենների խորհրդի նախագահին ներկայացված մեղադրանքները համարում է «լիովին անհիմն»։ Ընկերությունը «կօգտագործի իրավական պաշտպանության` օրենքով նախատեսված բոլոր միջոցները»։ ՔԿ-ն Եվտուշենկովին արդեն հարցաքննության էր կանչել հուլիսին` կապված «Բաշնեֆտի» սեփականաշնորհման գործի հետ, իսկ դրանից մեկ շաբաթ առաջ Բասմանյան դատարանը կալանք էր դրել ընկերության այն բաժնետոմսերի վրա, որոնք գտնվում են «Սիստեմայի» հսկողության տակ (մոտ 84 տոկոս)։ Եվտուշենկովն այն ժամանակ հայտարարել էր, որ «Բաշնեֆտը» ռեյդերյան գրոհի զոհ է, չճշտելով, թե ում է ինքը կասկածում դրա կազմակերպման մեջ։ Այդ պահին վարկած էր հնչեցվում Եվտուշենկովի և «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի միջև կոնֆլիկտի առկայության մասին, որը, իբր, նպատակ էր հետապնդում «կլանելու» «Բաշնեֆտը» կամ մտնելու ընկերության կապիտալի մեջ։ «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը հայտարարել էր, որ դա «Վեդոմոստի»-ի ապատեղեկատվությունն էր` հինգ աղբյուրների վկայակոչմամբ, որոնցից ոչ մեկը, սակայն, գոյություն չունի։ Նա ընդգծել էր, որ «Ռոսնեֆտը» ոչ մի բանակցություն չի վարել «Բաշնեֆտի» հետ։
Հայաստանի հասարակության ինչի՞ն է պետք իմանալ, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի տարածքում, այն էլ Ռուսաստանի քաղաքացիների միջև կամ Ռուսաստանի քաղաքացիների ու ՌԴ իրավապահ մարմինների միջև։ Սեպտեմբերի 17-ի առավոտյան հոդաբաշխ կերպով բարձրաձայնվեց. ձերբակալված ու կալանքի տակ պահվող Ռուսաստանի քաղաքացի (այս հանգամանքի վրա ուշադրություն ենք հրավիրում առանձնակի շեշտադրմամբ` ո՛չ Հայաստանի քաղաքացի և ո՛չ Արցախի քաղաքացի, թեև, անտարակույս, նա երկքաղաքացիություն ունի) Լևոն Հայրապետյանը սոսկ միջնորդ է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի հետ կապված պղտոր պատմության մեջ։ Բայց սկսած այս տարվա հուլիսից, Հայրապետյանի «գործը» Երևանի ինչ-որ շրջանակներ սկսեցին պտտեցնել իբրև Ռուսաստանի իշխանությունների, մասնավորապես Կրեմլի խիստ քննադատության աստառ։ Այդ նպատակով օգտագործում են ոչ միայն մեր բարերարի մերձավոր ազգականներին, օրինակ, նրա եղբայր Վլադիմիրին` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում Լևոն Հայրապետյանին պատկանող մի շարք բիզնես-օբյեկտների կառավարչին, այլև բավական նկատելի քաղաքական-հասարակական գործիչների, նույնիսկ այնպիսի մակարդակի, ինչպիսին լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանն է (Կոմանդոս)։ Ձերբակալության առթիվ իր զարմանքն արտահայտեց նաև ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության ղեկավարությունը։
Ամռան կեսերին ՌԴ-ից լուրեր ստացվեցին, թե Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Կինգիսեպի հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որի հետ կապում են ավելի քան 15 պատվերով սպանություն կամ մահափորձ։ Որպես խմբավորման պարագլուխ հիշատակված է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը, որին հենց այդ ժամանակ էլ արտահանձնել էին ասիական երկրներից մեկից։ ՌԴ իրավապահ մարմինների տվյալների համաձայն, Հայրապետյանը սպանություններին հանցակից չէ, սակայն «Բաշնեֆտի» վաճառքի ընթացքում տեղ գտած ֆինանսական մեքենայությունները հետաքննվում են «կինգիսեպյան» գործի շրջանակներում։ Այդ ժամանակ էլ հենց հաղորդեցին, որ նրան կասկածում են ՌԴ ՔՕ 160 (զեղծարարություն) և 174 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտների օրինականացում) հոդվածներով նախատեսված հանցանքների կատարման մեջ։ Հետաքննության վարկածի համաձայն, հանցագործությունները կատարված են եղել «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի գործարքի (2008 թ.) ժամանակ, որին առնչություն է ունեցել Հայրապետյանը։ Իբր նա անհիմն կերպով խոշոր տոկոս է ստացել այդ գործարքից։ Միջոցառումներն անցկացվել են քրեական այն գործի շրջանակներում, որը սկզբից հարուցված էր եղել «կինգիսեպյան» խմբավորման մասնակիցների ու պարագլուխների նկատմամբ։ ՌԴ ՔԿ-ում ենթադրում են, որ հանցագործությունների մի մասը ավազակախմբի անդամները կատարել են նախկին սենատոր Իգոր Իզմեստևի «պատվերով», և դրանք կապված են եղել «Բաշնեֆտի» շուրջ առաջացած կոնֆլիկտի հետ։ «Հայրապետյանը սպանությունների հետ առնչություն չի ունեցել, սակայն այդ ընկերության շուրջ տնտեսական խարդախությունները հետաքննվում են «կինգիսեպցիների գործի» շրջանակում»,- ճշգրտել է աղբյուրը։ Նրա ասելով, Հայրապետյանի դեմ ցուցմունք է տվել Իզմեստևը, որը հիմա ցմահ բանտարկված է։
Իմաստ ուներ աղմուկ բարձրացնել միայն մեկ պատճառով. մութ գործում նույնիսկ որպես միջնորդ պարոն Հայրապետյանի մասնակցությունն անգամ նրան չէր դարձնում այս կամ այն խմբավորման և Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազ Ռահիմովի` ներկայումս փախուստի մեջ գտնվող որդու` ՈՒրալ Ռահիմովի ձեռնարկած հանցավոր շղթայի հասարակական առումով ամենավտանգավոր մասնակից։ Այդուամենայնիվ, նույն քննչական և դատական մարմինները Հայրապետյանի նկատմամբ կիրառեցին խափանման ավելի խիստ միջոց, քան նույն Եվտուշենկովի նկատմամբ, մի անձի, որը շատ ավելի շահագրգիռ է, եթե նա ևս հայտնվել է հետաքննության նշանառության տակ։ Սակայն մեր քողարկված և բացահայտ ռուսատյաց շրջանակները Լևոն Հայրապետյանի ձերբակալության փաստից իսկական քաղաքական դատավարություն սարքեցին Ռուսաստանի ու... նրա նախագահի հասցեին։ «Կրեմլը կատարում է Ադրբեջանի պատվերը» տիպի արտահայտությունները, երևի, ամենամեղմն էին, որ այն ժամանակ տարբեր լրատվամիջոցներից թափվում էին հասարակության գլխին։
Այս անգամ, քանի դեռ երևանցի քաղգործիչների ներռուսական ձայնակիցները արշավ չեն սկսել Բոլոտնայա հրապարակի կողմերում, Կրեմլը կոշտ զգուշացրեց. չքաղաքականացնել ձերբակալությունը։ Նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կտրուկ հայտարարեց. «Կրեմլում կտրականապես դեմ են Եվտուշենկովի շուրջ տիրող իրավիճակը համեմատելու ՅուԿՕՍ-ի գործի հետ»։ Նա կարծում է, որ «հնարավոր է շուկայի հուզական արձագանք, բայց դա առիթ չէ խոչընդոտելու քննչական գործողությունները»։ Այն կշարունակվի առանց անուններն ու պաշտոնները հաշվի առնելու, ասում է Պեսկովը, սակայն անթույլատրելի է մինչև դատարանի վճիռը «մեղավոր է» պիտակ փակցնելը։ Անկեղծ ասած, ափսոս, որ նման մի բան էլ Պեսկովը չհայտարարեց Լ. Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ, այդ դեպքում Հայաստանում և Արցախում ավելի քիչ մարդիկ կլինեին, ովքեր առիթի են սպասում մեղադրանքներ «ցփնելու» Ռուսաստանի ներկա իշխանությունների «հայատյացության» վերաբերյալ։ Այնուհետև, եթե դատական մարմինները Հայրապետյանի պարագայում նույնպես բավարարվեին տնային կալանքով, թեկուզ ոտքին հագցված էլեկտրոնային օղակով։ Իսկ ինչ վերաբերում է «Պուտինին ու Կրեմլը» դատապարտել ու քննարկել սիրող երևանցի գործիչներին, ապա ես անձամբ նրանցից չեմ լսել նույնպիսի մեղադրանքներ, երբ, օրինակ, ԱՄՆ-ում խարդախությունների մասնակցության համար կալանավորվել էր հայերի մի ամբողջ խումբ` գործարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ։
Այն ժամանակ ոչ ոք չէր փորձում ակնարկել անգամ, թե ԱՄՆ-ը կատարում է «Ադրբեջանի պատվերը» կամ «Ադրբեջանում տոն է ցանկացած հայի հետ պատահած ցանկացած միջադեպ կամ ցանկացած դժբախտություն», ինչպես դա պատահեց Լևոն Հայրապետյանի կալանավորումից հետո։ Շատերը կառարկեն ինձ, կասեն, թե, օրինակ, անթույլատրելի է հայտնի գործարարին ու բարերարին համեմատել Ա. Ղազարյանի հետ։ Իսկ ինչո՞ւ։ ԱՄՆ-ում դատապարտված և պատիժը կրող (կրո՞ւմ է, արդյոք) Ա. Ղազարյանի վերաբերմամբ, որի մասին համեստորեն ասում են, թե մեղադրվում էր «զենքի ապօրինի շրջանառության» մեջ, նույնպես «լուրեր» են պտտվում, օրինակ, որ նա 90-ականներին զենք էր հասցնում մեր ինքնապաշտպանական ջոկատներին։ Սո՞ւտ է։ Հերքե՛ք։ Հենց Երևանի ծնունդ է։ Ինչո՞վ նա մեր ամերիկամետների համար արժանապատիվ հայ չէ։ Նրանով, որ կալանավորվել և դատվել է ԱՄՆ-ո՞ւմ։ Հայաստանի հակառուսական շրջանակների համար իրենց հայրենակից Ա. Ղազարյանի պաշտպանության օգտին ձայն բարձրացնելուց հրաժարվելու թույլ արդարացում է։
Ամեն դեպքում այստեղ շատ նրբություններ կան։ Չէ՞ որ «Սիստեմա» ԲՖԿ-ն սոսկ ինչ-որ կառուցվածքային գոյացություն չէ ռուսական բիզնեսի աշխարհում։ Եթե հիշողությունս չի դավաճանում, ապա տնօրենների խորհրդի կազմում է նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետոմսերը 17,5 տոկոսով «ընկան» Եվտուշենկովի ձերբակալության լուրերից հետո, իսկ հետո մոսկովյան բորսան 30 րոպեով կասեցրեց «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետոմսերի սակարկությունը` դրանց գների ավելի քան 20 տոկոս անկման պատճառով։ «Սիստեմա» ԲՖԿ-ի դեմ հարուցված գործը MTC ֆիրմայի արժեթղթերի գների անկման պատճառ դարձավ։ Ավելին, ամերիկացիները հրահանգեցին խոսել... Միխայիլ Խոդորկովսկուն, որը համեմատաբար վերջերս է բանտից դուրս եկել։ Իհարկե, հանցագործը ևս «Ռոսնեֆտին» ու Սեչինին մեղադրեց այն ամենում, ինչ տեղի է ունենում «Բաշնեֆտում»։ Եվ դա պատահական չէ։ Հիշենք այն «դատարանը», որը Անգլիայի ու ԱՄՆ-ի պատվերով Ռուսաստանին «դատապարտեց» 50 մլրդ դոլար վճարել ՅուԿՕՍ ֆիրմայի նախկին բաժնետերերին, իսկ դա տեղի ունեցավ Լ. Հայրապետյանին և ՈՒ. Ռահիմովի ու Ի. Իզմեստևի հանցանքներին մասնակցելու մեջ կասկածվող այլ անձանց կալանավորելուց անմիջապես հետո։ Հիշենք նաև նույն Մ. Խոդորկովսկու մասին Վ. Եվտուշենկովի խոսքերը. «Ես ու Խոդորկովսկին լավ հարաբերությունների մեջ ենք։ Մենք նման ենք իրար։ Եվ ինձ համար հաճելի էր շփվել նրա հետ»։ Եվտուշենկովը նույնպես Խոդորկովսկուն մեղադրում էր չափից դուրս մեծ քաղաքական հավակնություններ ունենալու մեջ, խոստովանում էր, որ իշխանությունների մտքով անգամ չէր անցնում (իր ժամանակին) «սեղմել» ՅուԿՕՍ-ին ու նրա սեփականատիրոջը. «Կալանավորելուց ոչ շատ առաջ ես, Ֆրիդմանը և Պոտանինը Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հանձնարարությամբ երկար զրուցել էինք Միշայի հետ, որպեսզի նա այլ դիրք բռնի և մի բանով միայն զբաղվի»։ Սակայն «Միշան», ախր, ԱՄՆ-ի քաղաքական պատվերն էր կատարում, ինչպես կարող էր չկատարել իր իրական տերերի կամքը։ Հիմա, երևի, մենք վկաներն ենք Ռուսաստանի հերթական հակահետախուզական գործողության. արդեն «Սիստեմա» ԲՖԿ-ի և անձամբ Եվտուշենկովի դեմ։ Ո՞վ գիտե, եթե մարդ ընդունում է, որ ինքը նման է Խոդորկովսկուն, և նրան կարողացել են «մշակել» ամերիկացիները։
Իհարկե, այդ հակահետախուզական գործողությունը ոչ մի ընդհանուր բան չունի Լ. Հայրապետյանի պլանների հետ, օրինակ, հիմնելու զինվորական ուսումնարան (սուվորովյանի տիպի) ԼՂՀ-ում, որը հմուտ ու կրթված սպաներ պատրաստեր Արցախի ու Հայաստանի բանակների համար։ ՈՒղղակի հազիվ թե հարկ կար օգնել վաճառելու էներգահամալիրի օբյեկտների բաժնետոմսերը ինչ-ինչ բարեգործական հիմնադրամների միջոցով, որոնք հետո այդ բաժնետոմսերը վաճառեցին ավելի էժան, քան նրանց շուկայական գներն էին։ ՈՒ եթե Եվտուշենկովը համագործակցի հետաքննության հետ, ապա միգուցե չկրկնի Խոդորկովսկու ճակատագիրը։ Առավել ևս ոչինչ չի սպառնա Հայրապետյանին։ Այդուամենայնիվ, նրա խափանման միջոցը մեղմացնելու համար պայքարը պետք է շարունակել և անգամ ուժեղացնել. ի վերջո միջնորդը չի կարող ավելի խիստ պատժվել, քան խարդախության խոշոր գործի գլխավոր դերակատարը։ Իսկ կանդրադառնա՞, արդյոք, «Սիստեմա» ԲՖԿ-ի շուրջ ծավալվող իրավիճակը Հայաստանի գործուն քաղաքական կյանք Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի վրա, ցույց կտա ժամանակը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ