Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ժամանակի իրական ու ֆիզիկական պատկերը

Ժամանակի իրական ու  ֆիզիկական պատկերը
05.09.2014 | 00:52

Ամառային արձակուրդից հետո վերադառնալով ակտիվ գրամոլի կարգավիճակին` երկար որոնում էի անցած 31 օրերի իրադարձություններ, որոնց չանդրադառնալ չի կարելի, փաստեր, որոնք պետք է մեկնաբանվեն, ու մարդկանց, որ շրջադարձային քայլեր են արել: Երբ հասկացա, որ այդ չափանիշով ոչինչ չեմ գրի, Հայաստանի մասին` հաստատ, որոշեցի շարունակել Ա կետից Բ կետ տանող ճանապարհը, որ սկսել եմ` չեմ հիշում երբ ու ինչու, բայց գնում եմ, որովհետև նույնքան անիմաստ է կանգ առնելը:

Անցած տարվա սեպտեմբերի 5-ին բոլորս փորձում էինք հասկանալ ընդամենը երկու օր առաջ` սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում ՀՀ նախագահի անակնկալ հայտարարությունը, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Նույն օրն առավոտյան հերքված լուրը երեկոյան իրողություն էր, այնուամենայնիվ, մնում էր անհասկանալի: Նաև` տեղեկատվության բացակայության պատճառով: Տեղեկատվություն, որ վերաբերում էր ոչ միայն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հանգամանքներին, այլև Մաքսային միությանն ընդհանրապես` կառույցին, նպատակներին, պայմաններին ու պահանջներին, հեռանկարներին, դերին ու նշանակությանը: Մենք անցյալ տարի այս ժամանակ իմացանք, որ դառնալու ենք ՄՄ անդամ` հաջորդ տարվա մայիսից: Այս տարի մենք գիտենք, որ ՄՄ անդամ չենք դարձել ու դառնալու ենք ԵՏՄ անդամ: Ժամկետների հարցում չկա որոշակիություն, այս ընթացքում տարբեր ամիսներ են նշվել ու հերքվել, որպես կանոն` օտարազգի պաշտոնատարների շուրթերով, որ միանգամայն հասկանալի է` մենք կողմ ենք, նրանք, պարզվեց, պայմաններ ունեն: Վերջին նորությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստորագրել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը: Վերջին մանրամասնը` ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանն իրավունք է տրվել պայմանագրի ստորագրման բանակցություններում նախարարների կաբինետի հավանությանն արժանացած նախագծում ոչ սկզբունքային փոփոխություններ մտցնել: Եվս մեկ ամիս-ամսաթիվ է նշվել` հոկտեմբերի 10, որը այնքան թեական է, որքան մինչ այդ բարձրացված հարցերը հստակ պատասխան չեն ստացել: Այս ընթացքում ՌԴ վարչապետը պիտի գար ու չեկավ Հայաստան. Դմիտրի Մեդվեդևն այցի օրակարգ չգտավ. Հայաստանում արդեն ոչինչ չկա, որ ինքը կարող է տանել, Ռուսաստանն արդեն ոչինչ չունի, որ կարող է Հայաստանին տալ: Իսկ ԵՏՄ-ին վերաբերող իրադարձությունների հերթական անակնկալը Ղազախստանի նախագահը մատուցեց: Աստանայում «Խաբար» հեռուստաալիքի հետ հարցազրույցում նա հայտարարեց. «Եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել էին պայմանագրում, չեն կատարվում, Ղազախստանն ունի լիարժեք իրավունք հրաժարվելու Եվրասիական տնտեսական միության անդամակցությունից: Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են ներկայացնում Ղազախստանի անկախությանը»: «Մեր անկախությունը մեր ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը: Նախ` մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, երկրորդ, մենք կանենք հնարավորը` այն պահպանելու համար»: Նուրսուլթան Նազարբաևի, մեղմ ասած, սպառնալիքը հնչեց, երբ օգոստոսի 29-ին Սելիգերի երիտասարդական ֆորումում Պուտինն ասաց, որ Ղազախստան պետություն երբեք չի եղել, ճիշտ է, նաև հավելեց, որ Նազարբաևին հաջողվել է ստեղծել պետություն: Հարցի արժեքը տարածքային է` Ռուսաստանը հողային չբարձրաձայնվող խնդիրներ ունի Աստանայի հետ: Նախօրեին մեկ այլ հարցազրույցում Ղազախստանի նախագահը բաց տեքստով ասել էր, որ երկրի ռուս բնակչության տեսակարար կշիռը փոքրացել է, ռուսերենը Ղազախստանում ձևականորեն է պետական լեզու, քանի որ ամբողջ թղթաբանությունը ղազախերենով է: Նա պարզ հասկացրել էր, որ Ղազախստանի ռուս բնակչությունը Ռուսաստանի համար լծակ չի լինի, ինչպես ՈՒկրաինայում:

Իսկ ՈՒկրաինայում Ռուսաստանը փոփոխական հաջողությամբ շարունակում է երրորդ համաշխարհային չհայտարարված պատերազմը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի դեմ: Տնտեսական պատժամիջոցները, ռուսական լրատվամիջոցների համառ պնդումներով, բացասական ազդեցություն չունեն ու չեն կարող ունենալ, այլ խթանելու են ռուսական գյուղատնտեսության ու արդյունաբերության զարգացումը, միով բանիվ` տեղական արտադրողին: Որքանո՞վ են նրանք ճիշտ, ցույց է տալիս ռուսական ռուբլու անկումը, Ռուսաստանից արտագաղթի մեծացումը և կապիտալի արտահոսքը: Ռուսները մարդասիրաբար ողբում են թշվառ Եվրոպայի ֆերմերների կորուստները, որ իրենց պատասխան պատժամիջոցների պատճառով կորցրել են սպառման ռուսական շուկան, և գործազուրկների վիճակը, որ կորցնելու են աշխատանքը ՌԴ ներմուծվող տարատեսակ արտադրանքի արգելքից հետո: Այս ու այն ձևաչափով հանդիպումները արդյունք չեն տալիս. ռուս-ուկրաինական հարաբերությունները մնում են թշնամական, և պատերազմը ՈՒկրաինայի արևելքում շարունակվում է: Թեպետ Պուտինն ու Պորոշենկոն պարբերաբար հայտարարում են, որ դեմ են պատերազմին: Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն էլ հրապարակեց ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Պուտինի խոսքերը, թե ցանկության դեպքում երկու շաբաթում կարող է Կիև մտնել: Ճիշտ է, Պուտինի խորհրդականը ասաց, որ արտահայտությունը կտրված է ենթատեքստից և չի արտահայտում նախագահի տեսակետը, ու ընդհանրապես կոռեկտ չէ մասնավոր խոսակցությունը հրապարակել: Բայց ասվածն ասված է: Իրավիճակի վրա սպասվող ներգործությունը կարող են չունենալ և եվրոպական կառույցներում ընտրություններից հետո կատարվող պաշտոնափոխությունները. Հին աշխարհը պահում է հավասարակշռությունը իր նոր ղեկավարների միջև:
Օգոստոսի վերջին երդմնակալությամբ պաշտոնը ստանձնեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և վարչապետ նշանակեց Ահմեդ Դավութօղլուին: Հին-նոր նախագահին անձամբ շնորհավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Չանկայա պալատում ու նրան հանձնեց Հայաստան այցելելու հրավերը: Եկող տարի, ապրիլին: Ինչպես վայել է Հայաստանի քաղաքական ասպարեզին, քաղաքական ուժերը քննադատեցին արտգործնախարարին: Իզուր: Հայաստանն ու Թուրքիան հարևաններ են մնալու հակառակ նրանց բոլոր փաստարկների և այն փաստի, որ Էրդողանն առաջին պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան, հայտարարեց, ինչ միշտ ասում է, ու ստացավ «Հեյդար Ալիևի» շքանշան: Նոր` ոչինչ, շարունակվում է հին օրերի երգը: Հին հարևանների հետ: Մյուս հարևանից Հայաստանը հետևողականորեն խուսափում է, թեպետ Իրանի հետ լիարժեք առևտրատնտեսական փոխհարաբերությունները փայլուն հակակշիռ են Ադրբեջան-Թուրքիա տանդեմին: Թեհրանը նոյեմբերի 24-ին պատրաստվում է վերջակետել Ժնևյան բանակցությունները իր միջուկային ծրագրերի շուրջ, որը պատժամիջոցների վերացման կբերի, և տարածաշրջանային հզոր պետությունից Իրանը նախադրյալներ կստանա հզոր պետություն դառնալու միջազգային ասպարեզում` ավելացնելով քաղաքական ու տնտեսական ներգործությունը: Մենք շարունակում ենք մնալ Կրեմլի գծած շրջանակներո՞ւմ, թե՞ պատրաստ ենք Նուրսուլթան Նազարբաևի պես բարձրաձայնելու մեր պետականության բարձրագույն արժեք լինելը: Նույնիսկ եթե այդ արժեքի գիտակցությունը աղոտ ենք ձևակերպել:
Հայ քաղաքական ասպարեզը ամառային վաստակած հանգստից հետո պատրաստվում է հերթական թեժ աշնան, թեպետ նորից թեժ լինելու է անվանումը, իսկ բովանդակային թեժություն չկա: Ոչ այն պատճառով, որ ՀՀԿ-ն առաջանցիկ տեմպերով կատարել է նախընտրական խոստումները և երկրում չեն մնացել քաղաքական, սոցիալական ու տնտեսական չլուծված խնդիրներ: Ոչ էլ այն պատճառով, որ քառյակի հայտնի առաջարկները կատարվել են: ՀՀԿ-ն ունի իր ծրագիրը և ըստ իր ծրագրի առաջ է շարժվում` կա, թե չկա ոչիշխանական քառյակ, առանձնապես չմտահոգվելով: Իսկ քառյակը շարունակում է հայտարարել, որ միասնական է ու միակամ: Մի քանի օրից խորհրդարանը կսկսի աշնանային նստաշրջանը, և քառյակը ամբիոն կստանա իր ներկայությունը հիշեցնելու, գոյությունն արդարացնելու համար: Այդ ընթացքում, սակայն, ավելի ու ավելի ակնհայտ է դառնալու քառյակին բաժանող հանգամանքների գերակայությունը միավորող մի քանի կետերի նկատմամբ: Ցավոք: Թեժ աշնան բոլոր նախադրյալները կան` քաղաքականից սոցիալական, բոլոր խավերն այսօր Հայաստանում ունեն պահանջներ, որ կառավարության դռների առաջ ապարդյուն արծարծելուց հետո կարող են բարձրացնել հրապարակում: Բայց նրանք, ինչպես և քաղաքացիական հասարակությունը, լոկալ ու ընթացիկ հարցերից դուրս համակարգի փոփոխության խնդիր չեն դնում թե՛ կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի, թե՛ գյուղմթերքների մթերման, թե՛ Երևանում պարբերաբար հնչող կրակոցների, թե՛ շարունակվող աղմկահարույց դատավարությունների ու տասնյակ այլ հարցերի դեպքում:
Միակ անվրդով մարդը Հայաստանում մնում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրան Ռոբերտ Քոչարյանն էլ է քննադատում, թեպետ մի քանի ամիս առաջ ասում էր` լավ նախարար է եղել, նա շարունակում է անողորմ հավատալ կառավարությանը, իմա` ինքն իրեն: Նա միայն մեկ խնդիր ունի` ժամանակ է ուզում: Կամ Հովիկ Աբրահամյանը չունի ժամանակի զգացողություն և նրան թվում է, որ իրեն հավերժություն է պետք կառավարության ծրագրերը կատարելու համար, կամ էլ նա հավատում է ֆիզիկոսներին, որ պնդում են, թե ժամանակ իրականում չկա, պայմանական մեծություն է, որ ընդունվել է բացառապես Երկիր մոլորակում` կյանքը կանոնակարգելու համար: Հովիկ Աբրահամյանի խոստացած դրախտը թերևս անհատական օգտագործման էլ կմնա, և ստվերից դուրս բերվող եկամուտները կբազմապատկվեն ու կբաշխվեն թղթի վրա, բայց ոչ բյուջեում: Այս ընթացքով ՀՀ վարչապետը վտանգում է ՀՀ նախագահ դառնալու իր մրցակցային հնարավորությունները, և նրա համար անանց խոչընդոտ կարող է լինել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև Սեյրան Օհանյանը: Անխուսափելի իրավահաջորդի մասին չասեմ, որ հաստատ լինելու է: Դեռ ընդդիմություն էլ կա, որ կարող է թմբիրից արթնանալ ընտրություններից առաջ` ըստ ավանդույթի:
Սեպտեմբերի երկրորդ օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշեց իր անկախության տարեդարձը, որ նախորդներից տարբերվում է նոր իրավիճակով: Խնդիրը միայն սահմանային միջադեպերը չեն: Առավել քան երբևէ սուր է դրված ստատուս քվոյի խնդիրը: ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կասեցնելու ռուս-թուրքական ծրագրերը Լեռնային Ղարաբաղը բաժանելով հարցը լուծելու նպատակ ունեն: Արևմուտքը և Իրանը, իրենց շահերից ելնելով, դեմ են այդ ծրագրին: Հայկական շահերի պաշտպանությունը դառնում է միայն հայկական խնդիր: Հայաստանն այլևս չի կարող իր արտաքին քաղաքականությունը միայն մեկ ուղղությամբ զարգացնել և անվտանգության խնդիրները լուծել միֆական ՀԱՊԿ-ի սահմաններում, որոնք կամայական ընդլայնվում-կամայական նեղանում են: Առավել ևս հիմա, երբ կա ՈՒկրաինայի պարագան, երբ չի հայտարարվել, բայց սկսվել է գերտերությունների պատերազմ ՈՒկրաինայի տարածքում, և կողմերից ոչ մեկը պարտվել չի ցանկանում ու նահանջի մտադրություն չունի: Այսպիսին է սեպտեմբերի սկիզբը Հայաստանում ու աշխարհում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ամբողջ ամառ շրջանառվում էր Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղակայելու խնդիրը, այնքան բուռն էր քննարկվում, որ այդ ընթացքում արձանն անհետացավ: Ավետիս բոլոր նրանց, ովքեր սպասում են Անաստաս Միկոյանին արձանի տեսքով, և բոթ բոլոր նրանց, ովքեր Անաստաս Միկոյանին չեն սպասում որևէ տեսքով, արձանը Երևանում կտեղակայվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հաջորդ օրը: Պարզապես դա իրական ու ֆիզիկական ժամանակի վատնում էր, երբ կան իրական ու կենսական խնդիրներ, որոնցից շեղելու փայլուն տարբերակ եղավ Անաստաս Միկոյանը:

Դիտվել է՝ 1514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ