Շոգ է, ու եթե կեսօրին փողոց դուրս գալու անպատեհությունն ունես, լրիվ հասկանում ես սիեստայի հմայքն ու անհրաժեշտությունը: Ոչինչ, որ սիեստան ցոփ ու շվայտ, զեխության ու մեղքերի մեջ կործանվող Եվրոպայի հնարածն է: Պատկերացնո՞ւմ եք` կեսօրից մինչև երեկո կյանքը մեռնում է` դատարկ փողոցներ, փակ սրճարաններ ու խանութներ, անգամ դեղատներ, միայնակ ծով: Սիեստայի ժամանակ գիտակից եվրոպացիները ոչ ծնվում են, ոչ մեռնում: Նրանք գիտեն հարգել այն օրենքները, որ իրենց համար են, իրենց առողջության, բարեկեցության ու պարզապես կյանքի: Մարսելում ու Վալենսիայում, հետո իսպանական ծովափնյա քաղաքներում սիեստայի հետ ոչ մի կերպ չհաշտվողս, որ չէր հասկանում` ինչպես կարելի է ամեն օր կյանքի մի քանի ժամը հանգստի նվիրել ու արևի տակ փողոց դուրս չգալ, այսօր գնահատում է սիեստայի ողջ իմաստնությունը: Թեպետ Եվրոպան մենք պաշտոնապես հայտարարել ենք սխալ ու մեզ համար անվավեր, բայց չգնահատել սիեստայի խորհուրդը չեմ կարող: ՈՒ պատճառը շոգը չէ: Սիեստայի մեջ է Հայաստանի քաղաքական կյանքը: Ավելի ճիշտ քաղաքական սիեստայի մեջ է Հայաստանի կյանքը: Մենք հայտարարել ենք տոտալ դադար ու այդ ընթացքում բացարձակապես անիմաստ ենք համարում որևէ ադեկվատ կամ անադեկվատ անդրադարձ արտաքին աշխարհին, միայն առանձին, իրադարձային, անխուսափելի դրսևորումներ են մնացել, որ ընդհանրապես հաստատեն` կա, կյանք Հայաստանում դեռ կա: Դանդաղընթաց, եվրան հերքող, ասիան հաստատող եվրասիականությամբ արտաքինից, ներքուստ գուցե միանգամայն հակառակ ընթացքով: Միակ աշխատող մարդը Հայաստանի Հանրապետությունում Հովիկ Աբրահամյանն է, ամեն ինչ հասցնում է, որտեղ ասես լինում է, ինչ խոստանում է ու համատարած դրախտի վաղը չէ, մյուս օրվա մի այնպիսի ցանց է հյուսում, որ արտահերթ, թե հերթական ընտրություններում ոչ մի կերպ այլևս Հովիկ Աբրահամյանի գործոնը հաշվից դուրս գրել հնարավոր չէ` մարդը ինքն իր կերպարն է կոփում: Վարչապետինն արդեն անցյալ է, նախագահինը` ապագա: ՈՒ կառավարությունն անխոնջ գործում է ներկա-ապագայի այդ մեկտեղվող շրջանակում, ով տեղավորվեց` կմնա, ով չհասկացավ պահի վեհությունը` կհեռանա: Կառավարությունը կերտում է գորշությունից դեպի գույներ գնացող Հայաստանի դիմագիծը, որտեղ գաղջը և ապահովը հոմանիշներ էին, իսկ ապագայում հոմանիշներ են լինելու վճռականն ու վոինը: Քերականությունն ու քաղաքականությունը ադեկվատ չեն ընկալում կյանքը, այնպես որ ամեն ինչ հնարավոր է: Կառավարությունը այնպիսի մի ծանր խարիսխ է հյուսում իր ապագա նավարկության համար, որ միանգամայն հնարավոր է` հենց խարիսխը թույլ չտա տեղից պոկվել: Ազգային ժողովն ընդհանրապես շատ ավելի վաղ էր անցել սիեստայի ռեժիմի, մի քիչ խանգարում էին ոչիշխանականները իրենց 12 ընդհանրությունների որոնումներով, հետո էլ արդեն 12 պահանջներով իշխանությանը, բայց նրանք էլ արագ ու հեշտ ըմբռնեցին սիեստայի օրենսդրական անհրաժեշտությունը ու հենց սիեստայի գաղափարն էլ դրեցին իրենց 12 կետերի հիմքում` արագ անցնելով վաստակած հանգստի: Քաղաքական կյանքի ոչ մի նշույլ այսօր քառյակի երակներում չի մնացել, թեպետ կյանքը բնավ էլ Ստիքսի ափերով չի հոսում, որտեղ ամեն ինչ մեռյալ է: Պարզապես քառյակի սիեստան մի նշանաբան ունի` «Սպասում. խորին, խոնարհ, աննշմար ու եռանդուն սպասում»: Ասված է` Աշնանը: Հաստատված էԱշնանը: Վերահաստատված է` Աշնանը: Կազմ-պատրաստ սպասում են, որ ասվի` Ինչը:
Գուցե, եթե Ինչը հաջողվի, ասվի նաև` Ով: Իսկ մինչ աշուն` սիեստա, որպեսզի գաղափարական նոր լիցքով ու քաղաքական նոր զինանոցով պատրաստ լինեն Ինչին և ՈՒմ: Բնավ տապը չէ պատճառը, որ անուններ ու ազգանուններ չեմ գրում: Դուք էլ գիտեք: Անգիր գիտեք: Անուններն էլ, ազգանուններն էլ: Մեր դժբախտությունն է, որ այդ անուն-ազգանուններն անփոփոխ են մնում, ու որովհետև մնում են անփոփոխ, անփոփոխ է մնում նաև մեր կյանքը, ուրեմն և մեր դժբախտությունները: Մնում են անփոփոխ: ՈՒ մնալու են, քանի դեռ փակ շրջանակից դուրս չենք գալիս, փակ շրջանակի վախը հաղթահարելը սխրանք է, որին ազգովին պատրաստ չենք ու դոփում ենք տեղում: Գուցե քոչարի դոփապարը հենց մեր ազգային պարն է, որովհետև դարերով մի քայլ առաջ ու երկու քայլ հետը մեր կեցության հիմքն է եղել: Տեղապտույտի փիլիսոփայությանն ենք ապավինել, որ հանկարծ չվտանգենք ունեցածը մեր ընդհանրական կարծիքով, իսկ հայի հետին խելքով հետո հասկացել ենք, որ սխալ էր աջ ու ահյակ քայլ չանելը: Բայց սխալի ուղղումն էլ մենթալիտետով մեզ արգելված սխրանք է: ՈՒ կրակն ենք ընկել ավանդույթի ձեռքը, որ խախտելը վայել չէ մեր թվարկությունից առաջ գոյություն ունեցած ազգին, հետո ինչ, որ ավանդույթը կենսունակ է պահում նոր ավանդույթի հաստատումը, մենք պահպանողական արժեքի ենք դավանում: Մենք ընդհանրապես դավանանքի հարցում անկոտրում ենք: Ավարայրը վկա: Իսկ աղանդները եկել ու գնացել են դե. փող է, աշխատում ենք, փողը ե՞րբ է ավելորդ լինում: Չի լինում, մանավանդ մեզ միշտ պակասում է: ՈՒրեմն ինչո՞ւ չծախել հոգին, որ նյութական չէ, նյութի համար, որ դառնում է լավ ապրուստ, բարեկեցիկ կենցաղ, կյանքի որակ: Այսօր: Վաղվա մասին կմտածենք վաղը: Մենք, կամ մեզնից նրանք, որ դեռ գոյություն կունենան: Դաշտագլոր ազգ ենք, ատոմային ռումբ էլ ընկնի, մեզնից մեկը մի տեղ կփրկվի, իսկ որ մեկը փրկվեց... գնա՜ց, մյուսներին կհավաքի, ու կեցցե Նոյը, որ պարզվեց` հայ է եղել:
Մենք չկա, կան առանձին ես-եր, ու առանձին ես-երի համար մենք-ը նույնիսկ վտանգավոր է, որովհետև գլոբալացված աշխարհում ամեն տեղ մրցակցություն է, իսկ մենք հիմնականում անմրցունակ ենք: Չե՞ք հավատում, ամբողջ 10 ամիս ասում են, որ ԵՄ չմտանք, որովհետև ԵՄ շուկայում մեր ապրանքները մրցունակ չեն, ԵՏՄ ենք մտնելու, որովհետև հետամնաց շուկայում մենք առաջադեմ կլինենք: ՈՒ եթե ԵՏՄ էլ չենք մտնում, պատճառը նույն է` մենք մրցունակ չենք, բայց այդ մասին ոչ ոք չի ասում: Մեզ պարտադրված պայմաններում անմրցունակ լինելը պարտադիր է, որովհետև եթե իրական քաղաքականության ու իրական տնտեսության վերադառնանք, կտեսնենք, որ լավ էլ մրցունակ տարածք ունենք, լավ էլ կարող ենք տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում լինել, բայց քաղաքական սիեստան պիտի անվավեր հայտարարենք, ինչը չենք անում, որովհետև սիեստայի օրենքը խախտելու դեպքում պիտի մինչև վերջ գնանք: Ո՞վ գիտի` ուր կհասնենք, ո՞վ կհասնի, ով` ոչ: Այսպես հարմար է: Մեր փոխարեն կորոշեն, մեզ կասեն` ինչ անենք: ՈՒ սա արդեն քառյակին չի վերաբերում: Վերաբերում է բոլորիս: Բայց կա մի խնդիր, որ կարող է բեկանել սիեստան: Քաղաքական իշխանությունը Հայաստանում ամենաթողությանը բնավ չի առարկում մինչև այն պահը, երբ վտանգվում է իր գոյությունը: Բնազդի դեմ չես պայքարի: Բնությունը իրենը տանում է: ՀՀԿ-ն, որ ՕԵԿ-ին ևս օտարեց` վերականգնելով իր բացարձակ իշխանությունը, նպատակ ունենալով հերթական ընտրություններում ՕԵԿ-ին վերստին իբրև ընդդիմություն օգտագործել, արտահերթ ընտրությունների մարտահրավերի առաջ կարող է հայտնվել: Այդպես մեզ ներշնչում են: Ռուսաստանից: Աբսուրդ է, չէ՞, ուրիշ ի՞նչ է պետք լրիվ երջանկության համար. ինչ ուզում են ստանում են, ինչ ուզում են չեն տալիս: Իսկ մեղավոր պետք է: ՈՒ մեղավոր կարող է նշանակվել Հայաստանի իշխանությունը: Երկրի տնտեսական վիճակը` մեկ, հասարակական դժգոհությունը` երկու, սոցիալական վիճակն ու արտագաղթը` երեք, ես, իհարկե, մինչև 13-ին էլ կարող եմ հասնել, բայց այս դեպքում երեքն էլ որակ է ու քանակի մեծացումը խնդիր չէ: Ռուսաստանից համառորեն մեզ ներշնչում են, որ փոփոխություններ են պետք: ՈՒ զարմանում են, որ դիմադրում ենք: Իսկ դիմադրում ենք պարզ պատճառով. ալարում ենք` մեկ, հոգնել ենք` երկու և երեք` լավ հասկանում ենք, որ Ռուսաստանի առաջարկած ու պարտադրած որևէ փոփոխություն մրից մրջուր մտնել է: Իրականում Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանում քաղաքական վիճակի ապակայունացումը ու ի՞նչ ելք է առաջարկվում: Ողջ խնդիրը` ելք չի առաջարկվում, կարևորը գործընթացն է` ապակայունացումը: Ընդամենը: Որովհետև առաջին` Հայաստանի խնդիրներին անդրադառնալու ժամանակ ու ֆինանսներ չունեն, երկրորդ` Հայաստանում, այնուամենայնիվ, ոչ ամեն ինչ է այնպես, ինչպես իրենք են ցանկանում, երրորդ` աշխարհը Հայաստանը չի հանձնում Ռուսաստանի ողորմածությանը ու ինչ-որ առաջարկներ, կապեր, հարաբերություններ է առաջարկում, որոնք կարող են և կայանալ: ՈՒ խնդիրն այլևս դուրս է եկել աշխարհին հակառակը ապացուցելու կամ պարտադրելու սահմաններից, ավելի հեշտ է Հայաստանը դարձնել անկառավարելի, անկայուն, քաղաքականապես ու տնտեսապես բացարձակ անապատ, որտեղ որևէ ներդրում ավազը ջրելով ծով ստանալու ծրագիր է, որտեղ Ռուսաստանը բակլան խաշած է ցանում ու ստանում է աննախադեպ բարձր բերք: Արևմուտքն ու հարևանները իրենք պետք է հրաժարվեն անհուսալի ու անկանխատեսելի գործընկեր Հայաստանից, որը հերիք չէ ինքնուրույն չէ արտաքին քաղաքականության մեջ, ներքին խնդիրներ էլ ունի: Սա է պարզ ու պարզունակ բանաձևը, որ անխափան գործում է այն դեպքերում, երբ Ռուսաստանը նվազագույն կորուստներով առավելագույն արդյունքի նախագիծ է իրականացնում: Իսկ ինչո՞ւ ոչ: Հասարակությունը դժգոհ է, բացահայտ ու տևական ժամանակ: Մի՞թե հասարակությունը չի աջակցի իշխանափոխությանը, որի հետ միշտ էլ դրական փոփոխությունների հույսեր են ծնվում: Ռուսամետ դաշտում տասնամյակներ գործող քաղաքական ուժերը վերջապես պե՞տք է պարգև ստանան իշխանության տեսքով, որ միևնույն է, մնալու է նույնը, եթե նույնիսկ առաջին դեմքերը փոխվեն: Ավելին` առաջին դեմքերն էլ կարող են չփոխվել, մի թեթև տեղափոխություն կլինի` երրորդն առաջին կդառնա կամ նախորդը հաջորդ: Ինչո՞ւ ոչ: Արևմուտքը հերթական անգամ ափիբերան կմնա` ինքը փափուկ, ամենափափուկ, շատ փափուկ ուժ է գործադրում, իշխանափոխություն է հասունացնում տասնամյակների միջով, տեղ-տեղ էլ գլուխ է գովում, թե խելացի ուժ է գործադրում, իսկ գալիս է ռուսական հեքիաթի Իվանուշկան ու խաղն ավարտում ամենահետաքրքիր պահին: Ճիշտ է. դիմակները վայր են ընկնելու, կուսակցություններ են կիսվելու, ճակատագրեր են բեկվելու, բայց նոր դիմակներն արդեն պատրաստ են: Ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանը: Նա ևս սիեստայի մե՞ջ է: Հազիվ թե: Ճգնաժամային կառավարման նրա որակները շատ ավելի հզոր են, քան գաղջության հաղթահարման ցանկությունը: Սերժ Սարգսյանը կարող է լինել անսպասելի` Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը դրվագ էր, բայց խոսուն դրվագ: Մեր բոլորի դժբախտությունն է, որ չեն համատեղվում նախագահի իշխանության պահպանման և պետության զարգացման ճանապարհի ճիշտ ընտրության առանցքները: Առայժմ անգամ զուգահեռ չեն: Կարո՞ղ է երկրաչափական փոփոխություն լինել քաղաքական կուրսի փոփոխության տեսքով: Ցավոք ոչ: Սերժ Սարգսյանի առերևույթ սիեստան կավարտվի հոկտեմբերին` նա կամ սայլով կմտնի ԵՏՄ, կամ կփոխի ձիերին, թեպետ շրջադարձին ձիերին չեն փոխում: Շրջադարձ ուղղակի չի լինի: Ժամանակ դեռ կա մինչև համապետական հերթական ընտրություններ հասնելու և այդ ընթացքում քաղաքական կյանքը դասական քաղաքագիտության կանոններին վերադարձնելու: ՀՀԿ-ի դժբախտությունը ոչ թե մենիշխանությունն է, այլ ընդդիմության չգոյությունը, որ բացահայտ երերուն է դարձնում իշխանությունը ու խոցելի դրսից ու ներսում: Երբ ողջ ոչիշխանական դաշտը ռուսամետ տարածքում է գործում, Հայաստանին անհրաժեշտ է հայամետ ընդդիմություն, որի մարգինալացման համար ջանք չխնայած իշխանությունը նույն հետևողականությամբ պետք է հակառակ քայլերն անի ու շտապի հանուն իր փրկության: Որովհետև երբ կորցնում ես երկիրը, որտեղ իշխանություն ես, կորցնում ես և իշխանություն լինելու հնարավորությունը: Խնամիական ու տնայնագործական քաղաքականությանն անվերջ չես ապավինի: Անվերջ չեն գործի շանտաժի շաբլոնն ու կոմպրոմատների արգելակը: Այո, Ռոբերտ Քոչարյանը ամեն պահ պատրաստ է վերադառնալու ոչ թե քաղաքականություն, այլ իշխանություն: Այո, Հովիկ Աբրահամյանը ի սկզբանե սեփական խաղն է խաղում. լարախաղացություն անելով ներիշխանական հակասությունների վրա: Այո, Գագիկ Ծառուկյանը Երևանի քաղաքական մայրաքաղաք Իսակովի պողոտան է տեսնում, ոչ թե Մելիք-Ադամյանը: Այո, Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մեկին ոչինչ չի ներել ու Հովիկ Աբրահամյանից պակաս խաղացող չէ: Բայց մենք ի՞նչ մեղք ունենք: Իսկ մեր մեղքը հենց մեր չվերջացող սիեստան է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Միով բանիվ, աշնանը ոչինչ էլ չի լինի: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը դեռ հասկանում են, որ իրենց նվիրած իշխանությունը օրընթաց է լինելու ու ընդամենը սանդուղք են դառնալու անդնդի վրայով ռուսական երթին: Իսկ եթե չեն հասկանում, ուղղակի նպաստելու են իրական ընդդիմության համախմբմանը` հասարակությունը չի կարող սիեստայի մեջ անցկացնել ողջ կյանքը` պետության ու սեփական: