Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Դեպի Չորրորդ Հռոմ

Դեպի Չորրորդ Հռոմ
27.06.2014 | 01:23

Ինչպե՞ս են միմյանց հարաբերվում Եվրասիական կայսրությունը և Ատլանտյան կայսրությունը՝ Ռուսաստանն ու Արևմուտքը: Ռուսաստանն իրեն համարում է երրորդ Հռոմ և ջատագովում իր «սեփական ճանապարհն» ու ինքնատիպ առաքելությունը, իսկ ինչպե՞ս է աշխարհն ընկալում Ռուսաստանին ու ի՞նչ է ակնկալում Ռուսաստանից:

Ֆրանսիացի փիլիսոփա, «Philosophie Magazine» ամսագրի փոխխմբագիր, ֆենոմենոլոգիայի ու ռուսական փիլիսոփայության մասնագետ Միշել Ելչինոֆը RFI-ին տված հարցազրույցում անդրադարձել է և այս թեմաներին: Պուտինի շրջապատը հայտարարում է, որ Ռուսաստանը Եվրոպա չէ, իսկ Մարի Լե Պենն ասում է. «Ես և Պուտինը կիսում ենք եվրոպական նույն արժեքները»: Ավստրիացի ծայրահեղ աջերն ասում են, որ Պուտինը դեմոկրատ է՝ ավտորիտարիզմի իր չափաքանակով: Բայց ի՞նչ է Եվրոպան՝ ըստ ռուսական ընկալման: Իշխանությանը մերձ մշակութաբանների համար Ռուսաստանը Եվրոպա չէ, որովհետև Եվրոպայի լիբերալ ամբողջականության շրջագծից դուրս է: Ռուսաստանը սեփական արժեքներն ունի: Նրանց համար Ռուսաստանը Եվրոպայի ապագա ճշմարտությունն է: Ռուսաստանը պետք է Եվրոպայի ժողովուրդներին պատմի ճշմարտությունը Եվրոպայի մասին, որ Եվրոպան արդեն մոռացել է: Ի՞նչ է ուզում Ռուսաստանը պատմել:
Առաջին՝ որ Եվրոպան քրիստոնյա է ու սեփական պատճառներով դա չի ընդունում, իսկ Պուտինը պնդում է՝ հայտարարելով, որ Եվրոպան քրիստոնեական արմատներ ունի: Երկրորդ՝ ինչպես Ալեքսանդր Դուգինն է կարծում, Պուտինը մարմնավորում է հունահռոմեական, այսինքն՝ Եվրոպայի կայսրական արմատները: Գաղափարը պարզ է՝ Ռուսաստանն այսօրվա Եվրոպան չէ (Դուգինը այսօրվա Եվրոպան համարում է թույլ, էթնոկենտրոնությունը մերժող, մոլորյալ, համոզմունքներ չունեցող ու սխրանքի անընդունակ), այլ Եվրոպայի ապագան, Ռուսաստանը պետք է բացարձակապես կորուսյալ ներկա Եվրոպային բացատրի իր իսկական էությունը, իր քրիստոնեական, հունահռոմեական արմատները: Վլադիմիր Պուտինի ու իր մերձավորների քաղաքականությունն է՝ սերտ կապեր հաստատել ծայրահեղ աջ ու պոպուլիստական եվրոպական կուսակցությունների հետ, քաղաքական ու անձնական կապեր՝ օրինակ, Պետական դումա հրավիրել ֆրանսիական «Ազգային ճակատին», որպեսզի նրանք դառնան փոխանցումային մեխանիզմներ՝ տարածելու գաղափարները, որ այսօրվա Եվրոպան պետք է հիշի իր նույնականությունը:
Սկսվող ճակատամարտը երկու կողմերի միջև՝ մի կողմից՝ նույնականության, քրիստոնեության, քրիստոնեական կայսրության վրա հիմնված Եվրոպայի (դա Պուտինի գաղափարն է, որին համամիտ են ծայրահեղ աջերն ու պոպուլիստները), մյուս կողմից՝ Եվրոպայի ժողովրդավարական տեսլականի, որտեղ Եվրոպան քրիստոնեական կայսրություն չէ, բայց որտեղ փիլիսոփայական, քրիստոնեական արժեքներն ու այլ ավանդույթների արժեքները կառուցում են ժողովրդավարական Եվրոպա: Այսինքն՝ ծավալվում է արժեքների պայքար, որը նոր միայն սկսվում է, բայց ավելի ու ավելի է սրվելու, պայքար Եվրոպայի նույնականության և ժողովրդավարության միջև: Պատմության ընկալման առանձին փիլիսոփաների ու գաղափարախոսությունների վրա հիմնված իր տեսակետը Պուտինը փորձում է իր միջնորդների միջոցով պարտադրել Եվրոպայի ժողովուրդներին: Եթե Պուտինին հաջողվի ռուսներին համոզել, որ Ռուսաստանը Եվրոպա չէ, որ Մոսկվան լքում է Ստրասբուրգը, արտաքսում է Պլատոնին, մոռանում է Հոմերոսին, հաջողության կեսն է, մյուս կեսը որոշելու է Եվրոպան, որ պիտի պատասխանի հարցին՝ Եվրոպա՞ է, թե՞ ոչ Ռուսաստանը, որ նույնիսկ ԽՍՀՄ-ի օրոք եվրոպական մշակույթի մաս էր: Շատ եվրոպացիների համար Ռուսաստանը Եվրոպա չէ, այլ ինչ-որ կախարդված թագավորություն, այն հմայքը, որ Արևմուտքը սիրում է անվանել «ռուսական հոգի»: Արդեն հարյուր տարուց ավելի այդ ռոմանտիզմը զգլխում է եվրոպացիներին, որ ռուսները եվրոպացիներ չեն, այլ սկյութների, հետբյուզանդական Արևելքի սարսափազդու, միևնույն ժամանակ՝ գայթակղիչ հորդաների միախառնում:

Եվրոպական մշակույթը սիրում էր (օրիենտալիզմն ու արևմտաեվրոպական գեղանկարչությունը՝ ապացույց) Ռուսաստանը բաժանել Եվրոպայից: Բայց, իհարկե, կա և եվրոպական այլ մշակույթ, որի ժառանգորդները ավելի ակտիվ են և լավ ծանոթ են Ռուսաստանին ու գիտեն, որ Ռուսաստանը խորապես եվրոպական երկիր է, որ ռուս մեծ գրողները այնքան ավելի կրքոտ ռուսներ էին, որքան ավելի շատ էին սիրում Եվրոպան: Ռուս մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից մեկը՝ Դոստոևսկին, մահվան նախօրեին՝ 1880 թվականին՝ Պուշկինի մասին խոսք ասաց՝ բացատրելով, որ Ռուսաստանը յուրահատկության և լիակատար եվրոպականության խառնուրդ է, այսինքն՝ Ռուսաստանը նույն Եվրոպան է: Հաստատել, որ Ռուսաստանը Եվրոպա չէ, նշանակում է՝ հրաժարվել ռուսական մշակույթի կարևորագույն հատվածից: Երբ ՌԴ մշակույթի նախարարությունը բացատրում է, որ Ռուսաստանը Եվրոպա չէ, իրենից օտարում է այն ռուսներին, ովքեր Եվրոպան ևս իրենց տունն են համարում: Օտարում են ինչ-որ իմաստով Պուշկինին, օտարում են Տուրգենևին, արևմտականներին, Դոստոևսկուն ու ողջ արծաթե դարը: Երբ ցանկանում են Ռուսաստանը անջատել Եվրոպայից, ռոմանտիզմի գիրկն են ընկնում, որը իրականության ու երկու կողմերի հետ կապ չունի: Նաև մոռացության են մատնում ռուսական մշակույթի որոշակի շերտ: Եվրոպացիների մի մասի համար Ռուսաստանը Եվրոպա չէ՝ ելնելով պարզամիտ ռոմանտիզմից: Իսկ մյուս մասի համար Ռուսաստանը Եվրոպա է, քանի որ մեր ընդհանրական մշակույթի կարևոր բաղկացուցիչն է: Թերևս նրանք, որ կարծում են՝ Ռուսաստանը մշակութային առումով Եվրոպա է, առավել մեծաթիվ են, քանի որ հենց Ռուսաստանը արժեքների ինչ-որ համակարգ է առաջադրում, Եվրոպան սարսափահար է լինում՝ «Նրանք խելագարվել են»: Այսինքն՝ եվրոպացիները կարծում են, որ Ռուսաստանը շեղվում է բնական ճանապարհից, մինչդեռ իրենց նման պիտի լիներ՝ իրենցից լինելով: Հենց դա է Արևմտյան Եվրոպայի պատասխանատվությունը Ռուսաստանի առաջ: Անհեթեթ է կարծել, որ միայն Պուտինն ու ռուսներն են պատասխանատու, որ իրենց դուր չի գալիս Եվրոպան: Արևմտաեվրոպացիները իրենք են պատասխանատու Ռուսաստանի հետ իրենց փոխհարաբերությունների համար: Եվ պետք է ընտրել կործանարար, միանգամայն հնարովի ռոմանտիզմի, որ նետում է Ռուսաստանը խելահեղության բևեռ, և Ռուսաստանի առողջ, տղամարդկային (Բերդյաևի պնդումով) ընկալման միջև, որի համաձայն Եվրոպան Եվրոպա չէ առանց Ռուսաստանի: Այդ ընտրությունն անխուսափելի է:
ՌԴ պաշտոնական գաղափարախոսությունն ուզում է Ռուսաստանը կտրել Եվրոպայից և տանել դեպի ֆանտասմագորիկ բևեռ, ուստի եվրոպացի ինտելեկտուալների դերը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելն է՝ հասկացնելու համար, որ մենք բոլորս, եվրոպական բոլոր մշակույթները միասնական մշակութային շղթայի օղակներ ենք: Պետք է պահանջել Ռուսաստանից, որ պահպանի եվրոպական մշակութային արժեքները, պետք է հասկացնել, որ «ռուսական ճանապարհի» գաղափարախոսությունը թուլության, ոչ թե ուժի նշան է: Փիլիսոփայությունը, որ պնդում է Ռուսաստանի առանձնահատուկ ճանապարհ ունենալը, նախ և առաջ եվրոպական մշակույթից վախի հետևանք է: Պետք չէ վախենալ եվրոպական մշակույթից՝ կարծելով, որ եվրոպական մշակույթը մակդոնալդսներն ու ամերիկյան կինոն են: Եվրոպական մշակույթը ռուսական մշակույթի հետ երկխոսությունն է և բնավ սարսափելի չէ: Իսկ մշակույթի նախարարության կազմած հայեցակարգը ֆանտասմագորիկ վախի արձագանք է, վախ միասեռ ամուսնությունների, էթնիկ նույնականության ժխտման, Արևմուտքի թուլության թեմայով: Արևմուտքը կարող է և պարտավոր է Ռուսաստանին բացատրել, որ եվրոպական ժողովրդավարությունը, նույնիսկ եթե բախվում է դժվարությունների, կենսունակ է, որովհետև ներառում է տարբեր մշակույթներ ու շատ հզոր է:
Այսքանն ըստ Միշել Ելչինոֆի, որ կարողանում է ձեռքում պահել պարանի երկու ծայրերն էլ ու գիտի, որ փայտն էլ երկու կողմ ունի: Բայց պարանն էլ կարող է կտրվել, փայտն էլ կոտրվել, երբ ծանրությունն անհավասարաչափ է բաշխվում, երբ ամբողջից առանձնացվում է մասն ու որակվում ամբողջ, երբ համակեցությանը հակադրվում է առանձնահատկությունը, երկխոսությանը՝ պատերազմը: Քաղաքակրթությունների, պետությունների, անհատների մակարդակով: Պարզապես եվրոպացիները հասցրել են պատասխանել՝ ո՞վ են իրենք, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են գնում հարցին, ռուսները դեռ որոշում են՝ որտեղի՞ց են գալիս, բացարձակապես չեն կողմնորոշվում՝ ո՞ւր են գնում, և բոլորովին չգիտեն՝ ո՞վ են իրենք: Սա ոչ միայն քաղաքակրթական, սա իմացաբանական մոլորություն է, որովհետև ռուսական ընդհանրական մտքի ամեն մի շրջան՝ քաղաքականության թելադրանքով, պարտադրված է եղել ժխտել, հերքել, մերժել նախորդներին ու հաջորդների առաջ հայտնվել նույն վիճակում: Դա դեռ ոչինչ, խնդիրն այն է, որ ռուսները «ես» ասելիս՝ պատկերացնում են միայն «մենք»՝ պատրաստ չլինելով իրենց «առաքելությունը» իրագործել միայնակ, պատրաստ չլինելով քաղաքական, պատմամշակութային, տնտեսական ու ռազմական «ես»-ի ինքնահաստատմանը, նրանք մի կողմից՝ փորձում են Եվրոպային «բացատրել» իր առաքելությունը, մյուս կողմից՝ Ասիային համատեղել Եվրոպայի հետ, որի ինքնությունը ժխտում են: Գլոբալ երջանկացման այս գործընթացը վկայում է սեփական երջանկության չգոյությունը և որոնումը՝ ուրիշների տներում: Իսկ գուցե ենթագիտակցական վախն է մեծ աշխարհից, որի կանոնները փոխել են փորձում, որովհետև չգիտեն: Իսկ մենք գիտե՞նք: Դեռ մի քանի տարի առաջ մեր կարգախոսն էր՝ «Վերադարձ դեպի Եվրոպա»: Մենք խնդիր ունե՞նք ինչ-որ տեղ վերադառնալու կամ գնալու, թե՞ մեզ նույնպես նախ անհրաժեշտ է ազգային նույնականացում, հետո՝ որոշումների ընդունում կամ մերժում, գուցե նաև շրջանցում: Այո, ռուսների ընտրության համար ռուսների հետ նույնքան պատասխանատու են եվրոպացիները: Իսկ մեր ընտրության համար մենք պատասխանատո՞ւ ենք, թե՞ կատարողը մնում է կատարող, որոշողը՝ որոշող: Մենք, որ եղել ենք Առաջին Հռոմի օրոք, վերապրել ենք Երկրորդ Հռոմը, Երրորդ Հռոմում ի՞նչ ենք անում: Եվրասիական տարածքը մեզ համար լինելու է Բաբելոնի աշտարակաշինության նո՞ր փուլ, թե՞ լեզուները վաղուց արդեն բաժանվել են, թարգմանիչներ էլ կան, ու պատմությունը չի սկսվելու զրո կետից հերթական անգամ: Մեր ես-ը և՞ս կարիք ունի մենք-ի մեջ ինքնահաստատվելու, թե՞ մենք արդեն նույնիսկ հավակնություններ ունենալուց ենք հրաժարվել ու գետնատարած մեր գոյության մեջ իսպառ մոռացել ենք ազգային դիմադրունակության գոյության մասին: Հռետորական չեն այս հարցերը: Բնավ: Ամեն ինչ սկսվում է գիտակցությունից ու եթե անգամ չենք գիտակցում, դեռ չի նշանակում, որ ստիպված չենք լինելու լուծել խնդիրները, որ համակեցության անհրաժեշտությունն է թելադրում: Այս ընդարձակ մեջբերումները ֆրանսիացի փիլիսոփայից միայն մի նպատակ ունեին՝ դուրս գալ աշխարհի միակողմանի տեսունակությունից ու ընկալումից, 3D ձևաչափը վերականգնում է պատկերի ամբողջականությունը: Երրորդ Հռոմի տեսությունը պարփակում է Ռուսաստանի փրկչական դերի ու նշանակության պատկերացումները, որ ձևավորվել են Մոսկվայի իշխանության վերելքի օրոք: Մոսկվայի մեծ իշխանները համարվում էին հռոմեական ու բյուզանդական միապետների ժառանգորդներ: Առաջին անգամ տեսությունը ձևակերպվել է 1523 -1524 թթ. ծերունի Ֆիլոֆեյի ուղերձներում. նա Մոսկովյան իշխանին Կոնստանտին Մեծի հետ նույն շարքում էր դասում՝ կայսերը համարելով իշխանի նախնի: Ոմանք համարում են, որ հայեցակարգն առաջինը ձևակերպել է միտրոպոլիտ Զոսիման 1492-ին, Ֆիլոֆեյը միայն հիմնավորել է: «Մոսկվան երրորդ Հռոմն է» տեսության քաղաքական ընկալումը ևս 15-16-րդ դարերում է ձևավորվել՝ Վլադիմիր II Մոնոմախի օրոք: Հեթանոս Հռոմից հետո կործանվեց և Երկրորդ Հռոմը՝ 1453-ին Կոստանդնուպոլսի անկումով, որ ընկալվեց իբրև հավատից հեռանալու համար Աստծո պատիժ: Բայց եթե Երկրորդ Հռոմը կործանվեց, չի նշանակում, որ կործանվել է ուղղափառ թագավորությունը: Եթե սափորը կոտրվել է, չի նշանակում, որ պարունակությունը դատարկվել է, կոտրված սափորը պիտի նորով փոխարինվի: «Առաջին ու Երկրորդ հռոմները կործանվեցին, Երրորդը չի կործանվի, Չորրորդը չի լինելու»՝ հաստատում է ավանդույթը, բայց այդ ավանդույթը հնարել են Երրորդ Հռոմում՝ սեփական հավերժության հավատով: Չորրորդ Հռոմը նույնքան հնարավոր ու անխուսափելի է, որքան նախորդ երեքը: Դժվարը սկսելն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- 3D ձևաչափի շրջանակներում հավելեմ՝ Երրորդ Հռոմի գաղափարը Ջուզեպպե Մաձինին քարոզում էր հանուն Իտալիայի միավորման: Նրա կարծիքով` առաջին Հռոմը տիրակալներինն էր, երկրորդը՝ պապերինը, երրորդը լինելու էր ժողովրդականը: Իր ելույթներում Երրորդ Հռոմը հիշատակում էր Բենիտո Մուսոլինին՝ հասկանալով ֆաշիստական Իտալիան: Փաստորեն՝ ժամանակի մեջ պահպանվել է միայն սափորը, իսկ պարունակությունը ով ինչ կամեցել է՝ անվանել է:
Չորրորդ Հռոմի մեր բովանդակությունը պիտի գրենք մենք, բավական է կարդալ ուրիշների գրերը:

Դիտվել է՝ 1419

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ