Եվ այսպես, մարտի 16-ն արդեն խոշոր պատմական օր է։ Ղրիմի Հանրապետության համազգային հանրաքվեն կիրակի օրը, արդեն ժամը 17-ի դրությամբ, կայացած էր։ Հրապարակվել են տվյալները, համաձայն որոնց՝ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 1,5 մլն մարդ՝ Սևաստոպոլի համաքաղաքային հանրաքվեի հետ մեկտեղ։ Ինչպես հայտնի է, Սևաստոպոլն առանձին վարչական միավոր է, ուստի և այնտեղ իր հանրաքվեն է տեղի ունեցել։ ՈՒ եթե Ղրիմի թերակղզում քվեարկել է գրանցված ընտրողների գրեթե 84 %-ը, ապա Սևաստոպոլում՝ ավելի քան 89 %-ը։ Այս թվերն անտեսել ի վիճակի չէ ոչ ոք, առավել ևս ԱՄՆ-ը՝ իր խամաճիկներով։
Հակառուսական ուժերի համար պակաս տխուր չեն քվեարկության արդյունքները. քվեարկությանը մասնակցած Ղրիմի քաղաքացիների գրեթե 97 %-ն արտահայտվել է ՈՒկրաինայից Ղրիմի անկախության և որպես դաշնության սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։ Ընդ որում, Սևաստոպոլն ուզում է Ռուսաստանի կազմում էլ լինել հատուկ ենթակայության քաղաք։ Եվ դա հասկանալի է. այդ քաղաքը ռուսական Սևծովյան ռազմական նավատորմի պատմությունն ինքն է, որ կա, այն ունի իր ավանդույթները, իր պատմական հիշողությունը։ «Դեմ» ձայներ էլ են եղել՝ ընդամենը 31997 ձայն։ Հաշվի առնելով այն, որ քվեաթերթիկների մոտ 1 %-ն անվավեր է ճանաչվել, Ռուսաստանի կազմ Ղրիմի վերադարձին «դեմ» է եղել քվեարկության մասնակիցների ընդամենը 2 %-ը։
Բայց Արևմուտքի և Կիևի համար տիեզերական ցավ է նաև այն, որ լիովին ձախողվել են. 1) թերակղզում սադրանքներ ու դիվերսիաներ կատարելու փորձերը, 2) այսպես կոչված, «վելիկոչերքեզական» նախագիծը գործի դնելու Արևմուտքի փորձերը, որը համալրում է «ղրիմ-թաթարական» նախագիծը. դրանցից առաջինը Ռուսաստանը կկտրեր Սև ծովից՝ կովկասյան ուղղությամբ, երկրորդը՝ Ղրիմի ուղղությամբ։ «Վելիկոչերքեզական» նախագծից առայժմ բան չի ստացվում, հիմա բան չի ստացվի նաև «ղրիմ-թաթարականից»։ Առաջին դեպքում կիևյան և արևմտաուկրաինական նացիստների «աջ հատվածի» գործողությունները վճռականորեն խափանվեցին ինքնապաշտպանության ջոկատների, Ղրիմի սահմանապահների, ինչպես նաև կազակական հեծյալ պարեկախմբերի ու սերբ կամավորականների ուժերով։ Այո, այո, եղբայր ժողովրդին օգնելու համար Ղրիմ են եկել սերբ կամավորականները։ Արևմուտքն ու Կիևի նրանց խամաճիկները սա հաստատ չէին սպասում։ Մինչդեռ այդ գործոնը գլխավոր բաղկացուցիչն է այն բանի, որ ուղղափառ աշխարհում Ղրիմի ժողովրդի քայլը դրական կընկալվի, և կդատապարտվեն Արևմուտքն ու նրա խամաճիկները։
Երկրորդ դեպքում նույնիսկ թուրքական MIT հատուկ ծառայության գործակալները՝ ի դեմս ղրիմ-թաթարական ժողովրդի, այսպես ասած, Մեջլիսի գործիչներ Մուստաֆա Ջեմիլևի և Ռեֆաթ Չուբարովի, չկարողացան ազդեցություն գործել իրենց ցեղակիցների վրա։ Ղրիմցի թաթարները (թերակղզում նրանց թիվը մոտ 300 հազար է) ակտիվորեն մասնակցեցին հանրաքվեին։ Եվ, ըստ հրապարակված տվյալների, ղրիմցի թաթարների մեծ մասը նույնպես քվեարկել է Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման օգտին։ Այո, ղրիմ-թաթարական ժողովրդի Մեջլիսը հրապարակայնորեն հանդես էր գալիս հանրաքվեի դեմ և ղրիմցի թաթարներին կոչ էր անում չքվեարկել, բոյկոտել հանրաքվեն։ Եվ դա չնայած այն բանին, որ Մ. Ջեմիլևն անցած շաբաթ հասցրել էր լինել Մոսկվայում։ ՈՒ նրա հետ բանակցել էր ոչ միայն Թաթարական Հանրապետության նախկին նախագահ Մինիթիմեր Շայմիևը, այլև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մոսկվայում ունեցած հանդիպումներից հետո ինքը՝ Ջեմիլևը, լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարում էր, թե գոհ է բանակցությունների արդյունքներից և չի կասկածում ղրիմցի թաթարների հիանալի ապագային։ Բայց բանն այն է, որ Մոսկվայից անմիջապես հետո էֆենդի Ջեմիլևը թռել էր... Բրյուսել, «տերերի» մոտ, ոչ թե վերադարձել Ղրիմ։
Ղրիմի հանրաքվեն, այսպիսով, արդեն պատմություն է։ Բայց մի պատմություն, որը դրական լիցք է պարունակում բոլոր այն երկրների ու ժողովուրդների համար, որոնց առջև նույնպես արհեստականորեն սարքված ՈՒկրաինայի կամ Ադրբեջանի նման «պետություններից» անկախության ճանաչման անհետաձգելի խնդիրներ են ծառացած։ ՈՒղղակի որոշ տրտմությամբ կարելի է նախանձել ղրիմցիներին։ Գոնե նրանց դեպքում Ռուսաստանը տարիներով չի սպասի, որպեսզի ճանաչի հանրաքվեի արդյունքները, ինչպես եղավ Աբխազիայի և Հարավային Օսիայի դեպքում, ինչպես շարունակվում է Արցախի ու Մերձդնեստրի դեպքում։ Այնպես որ, կշարունակենք հետևել Ղրիմում և Ղրիմի շուրջ Մոսկվայում՝ Ռուսաստանի իշխանության բարձրագույն ոլորտներում տեղի ունեցող իրադարձություններին։ ՈՒկրաինան, ի վերջո, «սուր սյուժեով ֆուտբոլի»՝ ռուսների տանուլ տված «1-ին խաղակեսն» է, քանի որ Կիևում (դա ռուսական քաղաքամայր է՝ ով ինչ ուզի ասի, Ռուսիայի առաջին մայրաքաղաքը) իշխանություն են հաստատել ծախու արևմտամետ դրածո նացիստները։ Սակայն ՈՒկրաինան նաև նույն «ֆուտբոլի» արդեն խոշոր անակնկալով սկսված «2-րդ խաղակեսն» է։ Այնպես որ, անպայման լինելու է նաև «լրացուցիչ խաղակես», գուցե նաև «տասնմեկմետրանոցների շարք»։ Այս առումով ՈՒկրաինայի ու Ղրիմի շուրջ տեղի ունեցող հետագա բոլոր իրադարձություններն է՛լ ավելի ճակատագրական կլինեն, քան մարտի 16-ի հանրաքվեն։ Չեմ կարող չասել՝ քանի որ հնարավոր է ռուսական «միացումը», ապա մեր հայկական «միացումը» 2014-ի մարտի 17-ից հետո հարկավոր է օպերատիվորեն ու կտրուկ արագացնել։
Առավել ևս, որ ՈՒկրաինայում ողբերգության հիմնական մեղավորը՝ ԱՄՆ-ը, մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի շուրթերով խոստովանեց, թե հիմա ինչից է երկյուղում Վաշինգտոնը։ «Թվիթերի» իր միկրոբլոգում ամերիկացի դիվանագետը կոչ է արել դաս առնել ՈՒկրաինայի իրադարձություններից. «Մենք պետք է քննության առնենք, թե ինչ կարելի է քաղել ՈՒկրաինայի իրադարձություններից՝ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության համար»։ Չմոռանանք, որ ՈՒկրաինայում և Ղրիմի հարցում ԱՄՆ-ը հանդես էր գալիս ազգայնամոլների օգտին և ռուս ազգի երկու մասերի միացման դեմ։ Ինչպես առաջ էին կտրականապես հանդես գալիս Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման դեմ։ ԱՄՆ-ը մի առանձնակի սիրով է սիրում արհեստածին երկրները։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ