Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Չպատճենել, չկրկնօրինակել. որոնվում է բնօրինակ

Չպատճենել, չկրկնօրինակել. որոնվում է բնօրինակ
14.03.2014 | 01:30

ՈՒկրաինական իրադարձությունները բարեհաջող լրացնում են համաշխարհային քաղաքական օրակարգի առաջին տասնյակ կետերը, բայց ՈՒկրաինան՝ ՈՒկրաինա, մենք էլ մեր խնդիրներն ունենք: ՈՒ չենք կարող երկար երջանկանալ անանձնական երջանկությամբ, որքան էլ մեզ հիշեն կամ մոռանան՝ մենք կանք: ՈՒ՝ կան մեր խնդիրները: Հիմնականում խոստացված ու չլուծված: Հայոց փետրվարը ևս խոստումնալից էր՝ փետրվարի 15-ին ԲՀԿ-ն համագումար արեց, փետրվարի 18-ին «Ժառանգությունը» ուղերձ հղեց, մարտի 1-ին ՀԱԿ-ը հանրահավաք արեց՝ ժանրային բազմազանությունն ապահովված է, իսկ բովանդակայի՞նը: Բովանդակայինի պատասխանը ոչիշխանական քաղաքական ուժերի քննարկումները պիտի տան: ԲՀԿ-ն հանդիպումներ է կազմակերպում՝ ի կատարումն համագումարյան ուղենիշի: ՈՒ թվում է, որ արդեն-արդեն կայանալու է անկայանալին՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբումը, որ Հայաստանում անվերջ խոստացվում է ու արդեն քանի տարի ունի ուղեղային մորմոքի, միֆի, ֆիկցիայի կարգավիճակ: Իսկ գուցե այս անգամ ո՞չ: Գուցե ստացվի: Գուցե քաղաքական ուժերը հասունացել են այնքան, որ վեր կանգնեն անձնականից ու հասու դառնան անանձնական երջանկության խորհրդին: «Այն մարդը կամ այն քաղաքական ուժը, որ չի հասկանում, որ Հայաստանում խնդիրները լուծելու համար պետք է լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիա, նա պարզապես չի պատկերացնում մեր պետության առջև կանգնած խնդիրները ու հետևաբար չի կարող ունենալ քաղաքական ապագա: Մեր գործին պետք է միանան նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերը, և որ ամենակարևորն է՝ հասարակությունը»,- ասաց Գագիկ Ծառուկյանը համագումարում:
«Մենք բազմիցս ասել ենք և էլի կասենք, որ ահագնացող այս ճգնաժամից Հայաստանը կարող է դուրս գալ միայն համազգային կոնսոլիդացման միջոցով: Ակնհայտ է, որ գործող իշխանությունն այդպիսի ցանկություն չունի: Եվ ոչ էլ ի վիճակի է մեկտեղել բոլոր միավորները, քանի որ ցանկացած քաղաքական ուժի մեջ, թող դա ձեզ տարօրինակ չթվա, տեսնում է իր բիզնես-մրցակցին: ՈՒրիշ էլ ինչ չափանիշներով կարող է դատել ժողովրդի մասին չմտածող, ազգային հարստությունը մսխող իշխանությունը: Այլ ելք մեզ չի մնում, եթե ոչ վերականգնել իշխանության և ապագայի հանդեպ մարդկանց հավատը, հավաքագրել ծառացած մարտահրավերներին դիմակայելու նրանց ներուժը»,- իր ուղերձում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Գաղտնիք չէ, որ Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը»,- հանրահավաքում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այս ընթացքում որևէ բազմամարդ կուսակցական հավաք չանցկացրած ՀՅԴ-ն ԲՀԿ-ի հետ հանդիպման նպատակը սահմանեց. «Քննարկել ստեղծված իրավիճակը, ելքեր որոնել, ճշտել համագործակցության շրջանակները»: Աղվան Վարդանյանը ոչիշխանական ուժերի քննարկումների մասին ասաց. «Չորսի ֆորմատով շարունակում ենք աշխատել, և մեր սկզբունքն ու մոտեցումները միշտ նույնն են եղել՝ գտնել ընդհանրությունները, դնել այն հարցերը, որտեղ բոլորիս մոտեցումները նույնն են, և դրանից հետո այդ քայլը կատարել»: ՈՒ հավելեց. «Կան չորս տարբեր քաղաքական ուժեր՝ իրենց մոտեցումների տարբերությամբ, աշխարհայացքների, պատմության տարբերությամբ: Մենք այս փուլում կարևորելով համագործակցությունը, լայն հիմքեր ստեղծելը՝ կոնկրետ խնդիրներ ենք դնում մեր առջև: Այս կոնկրետ խնդիրը դրված է, կարողանո՞ւմ ենք բոլորս համաձայնության գալ: Եթե եղավ ընդհանուր համաձայնություն, դրա մասին հայտարարում ենք և ընդհանուր գործողություններ ենք կատարում: Դրանից հետո անում ենք հաջորդ քայլը»:
Պատկերը, կարծես, հավաքվեց: Քննարկումների բուն բովանդակությունը չբարձրաձայնելով՝ քաղաքական ուժերը շարունակում են քննարկումները: Այսինքն՝ մեզնից յուրաքանչյուրը իրավունք ունի ենթադրություններ անել, թե ինչ կարող են քննարկել ու ինչ եզրակացության գալ: Բայց դա հարցի մի կողմն է, ի վերջո անշնորհակալ գործ է ենթադրելը, ավելի անշնորհակալ՝ ենթադրությանը հավատալը: Հարցի մյուս կողմն էլ կա՝ իսկ ո՞ւմ հավատալ: Հայաստանում սոցիալական-տնտեսական վիճակը փառահեղ չէր ու հենց նոր չի վատացել: Սա գործընթաց է, ցավոք, պերմանենտ: Միակ փոփոխությունը, որ Հայաստանում եղել է, քաղաքական կուրսի փոփոխությունն է, եթե պայմանականորեն քաղաքական կուրսի փոփոխություն համարենք Եվրամիության հետ ասոցացվելուց հրաժարումն ու Եվրասիական տնտեսական տարածք ինտեգրվելու որոշումը: ՈՒրիշ որևէ փոփոխություն Հայաստանում չի եղել՝ նույն իշխանությունն է, նույն ոչիշխանությունը: ՈՒ նույնն են նրանց ծրագրերը: Ինչո՞ւ խորհրդարանական ոչիշխանությունը նոր արթնացավ: Ի՞նչն էր խանգարում համախմբվել ընտրություններից առաջ, ի՞նչն էր խանգարում նախագահական ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով և իրենց ծրագրերն իրականացնելու ռեալ հնարավորությունն օգտագործել: Շանս չէի՞ն տեսնում: Իսկ ի՞նչ շանս կա հիմա: Քննարկո՞ւմ են այդ հարցը, թե՞ ոչ, Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է միայն իշխանափոխության դեպքում: Կառավարության հրաժարականին հաջորդելու է նոր կառավարության կազմավորումը ՀՀԿ-ի ձեռամբ՝ ՀՀԿ-ի վարչապետով, ու ի՞նչ: Տնտեսական քաղաքականությո՞ւն է փոխվելու: Նախագահի հրաժարականի համար պետք են նախադրյալներ: Որո՞նք են: Կա՞ն արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների նախադրյալներ: Գագիկ Ծառուկյանի առավելագույն պահանջը վարչապետի հրաժարականն է, ավելին նրան պետք չէ: Առայժմ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը իրեն չի կարող թույլ տալ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետի ավարտից առաջ նրա դեմ որևէ բացահայտ քայլ: Իմպիչմենտ Ծառուկյանը չի ձեռնարկի, բայց Ռոբերտ Քոչարյանին պետք է հնարավորինս թուլացնել ու ԲՀԿ-ացնել ՀՀԿ-ականներին, որպեսզի հերթական նախագահական ընտրություններում այլևս ԲՀԿ-ի առաջ անհաղթահարելի պատնեշ չլինի ՀՀԿ-ն իր վարչական ռեսուրսներով: ԲՀԿ-ն ճիշտ ժամանակին է սկսել իր պայքարը և ձգելու է ժամանակը մինչև հերթական ընտրություններ, որպեսզի ընտրություններում փաստ արձանագրի՝ հաղթանակի փաստ, իր զինանոցում ունենալով ոչ իշխանական ուժերն ու ՀՀԿ-ից հնարավորինս շատերին, նաև ի դեմս Հովիկ Աբրահամյանի մարզային կապերի: Տարածքային կառավարման նախկին նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի, որ խորհրդարանական տարիներին բոլորովին չի հրաժարվել ընտրական գործընթացների մենեջերի դերից՝ առավել ևս նախընտրական շտաբի պետ լինելով:
«Ժառանգությունը» բարեհաջող փոշիացրեց իր բարևի ռեսուրսները: Նախագահական ընտրություններում լուրջ թեկնածուի պակասը Րաֆֆի Հովհաննիսյանը նելսոնստեփանյանաբար լրացրեց, իր համար էլ անսպասելի քանակով ձայներ ստացավ ու իբրև իրավատեր սկսեց… ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդում աղոթել՝ ոստիկանություն-ցուցարարներ բախումը կանխելու համար: Իսկ հետո հաղթանակի հետևից գնաց Ռուսաստան, ոչինչ չստացավ, գնաց ԱՄՆ՝ հանգստանալու:
Լևոն Տեր-Պետրոսյանը հավերժորեն արտահերթ ընտրությունների ջատագով է մնում, հերթական ընտրությունների ժամանակ, սակայն, դառնում է գերպրագմատիկ ու սկսում հաշվարկել ոչ թե հաղթանակի արդյունքները, այլ պարտության հետևանքները: ԲՀԿ-ի հետ հանդիպումներում էլ նրա ներկայացուցիչները հայտարարում են, որ երկիրը գտնվում է ծանր վիճակում, և այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի` ղեկավարությունից հեռացում ու դեմոկրատական լեգիտիմ իշխանության ընտրություն, ու ստանում են Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ անհրաժեշտ է հասարակության և քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա՝ երկրում առկա խնդիրները լուծելու համար. «Ոչ մի մարդ և ոչ մի կուսակցություն միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել, և ես ասել եմ և էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները՝ ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել»:
Ի՞նչ իրավիճակ կարող է փոխվել այս իրավիճակում: Ոչ մի: Ոչ իշխանությունը, ոչ ոչիշխանությունը չունեն իրավիճակ փոխելու հնարավորություն, որովհետև չեն էլ ուզում իրավիճակ փոխել: Նրանք ընդամենը ուզում են անձերի փոփոխություն՝ նրանք ուզում են անձամբ իշխանության գալ, որից հետո ամենաակնառու փոփոխությունը լինելու է տարբեր մակարդակի պաշտոնյաների դռների վրա պաշտոնատարների անունների փոփոխությունը: Իսկ դա ավելի շատ հեղաշրջում է, երբ նույն համակարգն է գործում՝ բուրգի գագաթին ունենալով անձերի փոփոխություն: Ոչիշխանական քաղաքական ուժերը Հայաստանի համար ամենակարևոր հարցում ունեն նույն մոտեցումը, ինչ իշխանությունը. հույս, ապավեն, ապագա նրանք տեսնում են միայն ու միայն Ռուսաստանում: Գուցե ավելի, քան ՀՀԿ-ն: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական կուրսի փոփոխություն Հայաստանում չի լինելու: Այսինքն՝ ներքին ռեսուրս չունեցող ուժերը արտաքին ռեսուրսի վրա էլ հույս դնել չեն կարող: Նրանք երբեք Մայդան չեն ունենա Հայաստանում: Եվ խնդիրը բնավ ժողովուրդը չէ, ժողովուրդը Ազատության հրապարակ կգնա, բայց նրան նորից տուն կուղարկեն, որովհետև որևէ քաղաքական ուժ չի ուզում հեղափոխություն Հայաստանում: Ինչի՞ն են նվիրված քաղաքական քննարկումները: Մեկ նպատակի՝ իրենց գործունեությամբ խարխլված ու տարտղնված վարկի ու հեղինակության հնարավորինս վերականգնման, եթե ոչ արդյունք ունենալու, համենայն դեպս շարժում ստեղծելու պատրանքի ու պարզապես միմյանց հաշվին ֆինանսական ռեսուրսները համալրելու (հիմնականում ԲՀԿ-ից՝ հօգուտ ՀԱԿ-ի, ինչո՞ւ ոչ, նաև՝ մյուսների: Հայաստանում ֆինանսական ռեսուրսը լիովին փոխհատուցում է քաղաքականի կորուստը կամ չգոյությունը՝ այս պրակտիկան նոր չի հնարվել): Որպեսզի 2017-ին ու 2018-ին երբ հարցնեն՝ իսկ ո՞ւր էիք երեկ ու ի՞նչ էիք անում, խրոխտ պատասխանեն՝ կառավարության հրաժարականի հարց էինք բարձրացնում, նախագահի հրաժարականի հարց էինք քննարկում, մենք ի՞նչ անենք, որ անընդհատ բախվում ենք ՀՀԿ-ական մեծամասնության անանց պատին: Մենք պայքարեցինք, մեղավորը իշխանությունն է, օգնեք մեզ՝ ձայն տվեք, որ մենք էլ ձեզ նոր Հայաստան տանք: Սուտ է: Թե հիմա, թե հետո նրանք ոչինչ չեն տալու, ինչպես որևէ նորություն նրանց քաղաքական ծրագրերում չկա, նրանք ունեն միայն քաղաքական ցանկություններ, որ նույնանում են անձնական ցանկությունների հետ: Ժողովուրդը այդ ծրագրերում ունի նույն դերը՝ ընտրագործիքի, ուրեմն ի՞նչ տարբերություն իշխանության ու ոչիշխանության միջև Հայաստանում: ՈՒ հենց դա ուժեղացնում է իշխանությանը, որ իր դիմաց ընդամենը տեսնում է իր պատկերը: Իրավիճակի բովանդակությունը սա է, մնացածը գեղեցիկ փաթեթավորում է՝ հանդիպումների, հայտարարությունների, ելույթների, քննարկումների, ասել է թե՝ բառերի, բառերի, բառերի տեսքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Հիմար հարցեր տալ չեմ սիրում, թեպետ երբեմն հարկադրված եմ: Երեք հարց կա, որոնց պատասխանը չունեմ: Առաջին՝ ի՞նչ է անելու Հայաստանը, երբ Արևմուտքը պատժամիջոցներ ոչ միայն սահմանի, այլև կիրառի Ռուսաստանի նկատմամբ: Հիշեցնեմ, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսական աճը անցյալ տարի կազմել է 1,7 տոկոս: Ընդամենը: Որքանո՞վ են պատժամիջոցները ազդելու Հայաստանի տնտեսության վրա, որ ամենամեծ ապրանքաշրջանառությունն ունի Ռուսաստանի հետ, ի՞նչ է կատարվելու արտագնա աշխատանքի մեկնածների և տրանսֆերտների հետ, զանգվածային վերադա՞րձ, թե՞ աշխատանքի նոր հասցեների որոնում Եվրոպայում, որտեղ նրանց, հասկանալի է, ինչ վերաբերմունք է սպասում: Հարց երկրորդ՝ ի՞նչ է կատարվելու ԵԱՀԿ Մինսկի խմբում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Երրորդ հարց՝ դեռ ինչքա՞ն ենք մեր ինչն ու ինչպեսը պայմանավորելու Ռուսաստանի ինչ ու ինչպեսով: Ե՞րբ և ո՞վ է այս հարցերի պատասխանը տալու: Իշխանությունը բարեհաջող խուսանավելու է՝ խնդիրը համարելով իր իրավասություններից դուրս, ոչ իշխանությունը նույնքան բարեհաջող խուսափելու է՝ խնդիրը համարելով իշխանությունների իրավասության տակ: ՈՒ հենց այդ պատճառով պետք է ընդդիմություն, որ ի վիճակի է մտածել ու գործել՝ պորտալարը կտրած ոչ միայն Ռուսաստանից, այլև ի վիճակի է մտածել ու գործել՝ չլինելով իշխանության կրկնօրինակը: Որոնվում է բնօրինակ:

Դիտվել է՝ 1722

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ