Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը Հայաստանի շուրջ օղակը սեղմում է հնարավորինս ուժեղ. ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ զեկույցը, «Էկոնոմիստի» հայտնի հոդվածը, Եվրադատարանում մարտի 1-ի գործի վճիռները, ԵՄ էմիսարների Հայաստան «նոն-ստոպ» ելումուտը, Թոմաս Վալի հանկարծահաս «պայծառացումը»` ԵԱՀԿ ՄԽ-ն էլ բանի պետք չէ, և վերջապես, Ղարաբաղի շուրջ տեղի ունեցողը: Կոռուպցիան էլ ձեզ` փեշքեշ: Չմոռանանք, իհարկե, ամենակարևորը` դոնորների համաժողովի ոչ ևս լինելը:
Հանդիպակաց երթևեկությունում էլ Վաշաձեն է նվնվում` ախր որ պատերազմ եղավ, Ռուսաստանն էլի Վրաստանը կուլ կտա: Եվս մեկ դետալ, և ծայրերը հավաքենք. լուրը, թե թուրքական ինքնաթիռը Սիրիայում խփվել է ռուսական զենքով, ռուսական «սպեցնազի» կողմից, տեղն է գցում ամեն բան:
Այսպիսով, օղակը տարածաշրջանում սեղմվում է առաջին հերթին Ռուսաստանի, ապա Ադրբեջանի շուրջ: Ժամանակ չունենք քրոնոլոգիայի ենթարկելու ճնշումների այն մակարդակը, որ կիրառվում է հատկապես Ադրբեջանում Արևմուտքի կողմից. որքան էլ «միջազգայիններն» իրենց զեկույցներում որևէ կերպ չնշեն, թե որ կողմն է ավելի «հավասար» ռազմական գործողությունների ու ռիտորիկայի հարցում, այնուհանդերձ, իրենք բոլորից լավ գիտեն` ինչն ինչոց է, և նույնքան լավ էլ հասկանում են, որ Սիրիայի ու Իրանի պռնկին հենց Ադրբեջանը կարող է Վրաստանը գետնին հավասարեցնող ռուսական «օրհնված ոտ» ու «սապոգ» բերել, արդեն ոչ թե Հայաստանում, այլ ողջ տարածաշրջանում «սահմանապահելու» համար: ՈՒստի պետք է ճշգրտվել բոլորի հետ, այդ թվում` Հայաստանի: Պահելով իզն այնպես, որ Հայաստանը, առավել քան կա, չնետվի Ռուսաստանի գիրկը:
Իսկ եթե ուզում եք ավելի անկեղծ, ապա ներհայաստանյան քաղաքական դաշտում առկա երեք նախագահների «ֆորմատն» անչափ հետաքրքիր է այն առումով, որ նրանք բոլորն էլ, խոշոր հաշվով, ռուսական խաղացողներն են, և եթե այնպես ստացվի, որ արտքաղաքական բալանս պահող Սերժ Սարգսյանը բալանսը մի քիչ թեքի, ապա Արևմուտքը որևէ մեկին «էս կողմերում» էլ չի ունենա:
Այսպիսով, եթե արևմտյան ճնշման չափորոշիչը վերցնենք լոկ դոնորների համաժողովի հետաձգումը, որպես իրական «բան ասել-հասկացնելու» ախտորոշիչ, ապա որքան էլ հայկական կողմը պատճառաբանված ասի, որ համաժողովի անցկացման ժամկետները որոշված չեն եղել երբեք, դա աշխատանքային-երկարատև գործընթաց է, Վրաստանն իրականացրել էր այդ գործընթացը, դրա համար ստացավ, համ էլ Հայաստանը երբեք չի ասել, որ հիմա է ստանալու այդ գումարը, այնուհանդերձ, եթե այս պահին լիներ այդ «փողը», ապա նրա ոչ թե նյութական, այլ գեո և ներքաղաքական նշանակությունն ահավոր ռեզոնանսային կլիներ, Հայաստան ներմուծվող գազն աշնանը թանկացնել պատրաստվող Ռուսաստանի, Արևմուտքից անվերջ գանահարվող Ադրբեջանի, ներքաղաքական դաշտը «Հարսնաքարով» պայթեցնել փորձող ՀԱԿ-ՀՅԴ-ԲՀԿ-ն (հետևում երևացող ակնհայտ ականջները, խնդրում ենք, չմոռանալ) կոնգլոմերատի համար:
Այսպիսով, ինչո՞ւ Եվրոպան, իմա` Արևմուտքը, դոնորների հավաքի «չկայացմամբ» ձեռնպահ մնաց նման նյութաքաղաքական ռեսուրսը Սերժի «տակ» դնելու քայլից, այնուհանդերձ, երբ, ի դեմս Սերժ Սարգսյանի, այլընտրանք չունի Հայաստանում և մշտապես ձեռը պահելու է նրա՛ գլխին:
ա) Հայաստանն ամենակայուն երկիրն է տարածաշրջանում այս պահին` ամենականխատեսելին, ամենախաղաղն ու ամենահավասարակշռված քաղաքականությունն իրականացնողը:
բ) Սերժ Սարգսյանի այլընտրանքը «հարուստ-բիզնեսմեն» («Չեթեմ հաուզն» է գրել) Քոչարյանն է: ՈՒրիշ ոչ ոք: Որովհետև և իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե Գագիկ Ծառուկյանին է պաշտպանում (կամ նրա փողերը, մանավանդ որ Ծառուկյանին հենց «այս պահին» պաշտպանում, թև ու թիկունք է կանգնում հենց Սերժ Սարգսյանը), այլ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նախ` Ռուսաստանն է այդպես ուզում, հետո էլ` իր սիրտը. նա իր ներքինով «ուզո՜ւմ» է Քոչարյանին:
Այսպիսով և այո, Արևմուտքը, մերժելով յուր դոնորներին հիմա հավաքելու «հաճույքը», զուգահեռաբար փափուկ բարձիկների շատ լուրջ ռեժիմ է կիրառելու Սերժ Սարգսյանի նկատմամբ:
գ) Սերժ Սարգսյանի համար անվերջ «պարոն այո» եղած Արևմուտքն այս փուլում իր արևին փորձում է ինչ-ինչ «առաջընթաց» ապահովել Ղարաբաղի հարցում: Նախ` այնտեղ պատերազմ թույլ չտալու համար: Էստեղ Սերժ Սարգսյանը որևէ անելիք չունի, բնականաբար, այս հարցում Արևմուտքը պետք է Ալիևին զնդանի:
Եվ ապա, Արևմուտքը փորձում է ինչ-ինչ զիջումների տանել կողմերին` Իրանի պռնկին կապույտ սաղավարտներ տեղակայելու համար: Հա, բա ո՞նց, իրենք էլ են հասկանում, որ դա «չըլնող» բան է, բայց դե, շատը ուզեն, որ քիչը կարենան պահել:
դ) Արևմուտքը ցանկանում է հետ պահել Հայաստանին Եվրասիական Միությանը շատ «հարելու» կրեմլյան բրթումից: Նկատենք` ԱՄՆ-ը կարողացավ հասնել նրան, որ ՈՒզբեկստանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից: Չէ՜, մի ասեք, մի անգամ էլ է դուրս եկել, այս պահին նման քայլն ավելին է նշանակում պարոն Պուտինի համար, ով պետք է սեպտեմբերի 7-ին գա Հայաստան` «մասնակցելու» ՀԱՊԿ-ի զորավարժություններին:
ե) Դոնորների փողն Արևմուտքը հիմա չտվեց, որովհետև չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո փոխի կառավարության ղեկավարին, «դնելով» ուրիշ մեկին (չէ՛, ոչ երբեք Քոչարյանին, այլ ռուսական ազդեցության մեկ այլնին):
Հասկանալի է, չէ՞, սա՜ղ կռիվը հենց էդ անտեր վարչապետի աթոռի համար է: Հիմա ի՞նչ` Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը (էն Ստրոս Կանի՞ն ինչի կնիկը հանեց-դուրս գցեց, մարդ էր, էլի, իր համար ապրում էր, ասես նոր է իմանում, որ Կանը կանանց նկատմամբ «թույլիկն» է, չնայած ասա, ա՛յ Կան, ա՛յ Ստրոս, բռնաբարելս ո՞րն է էս լուսավոր դարում) մեկ ու կես միլիարդ էին տալու, որ… Ռուսաստանը վարչապետ դնի էստեղ, որ ինքն էլ գազը թանկացնի, էդ փողն ափալ-թափալ մեր ձեռից առնի-տանի:
զ) Եվ վերջապես ու, ըստ ամենայնի, «Յուրոփը» ինքն իրեն ասել է` ծերուկ, երբեք մի ասա` երբեք. դե հիմա, մարդ ես, մեկ էլ տեսար Հայաստանում ֆորս-մաժոր եղավ, ու Սերժ Սարգսյանը չընտրվեց. բա մի լավ նախագահական ընտրություններ չկազմակերպե՞նք Սերժի հետ` առանց օլիգարխների, առանց «հարուստ-բիզնեսմենների», տեսնենք` «who is who»:
Այն է` Արևմուտքն սպասում է Սերժ Սարգսյանն ընտրվի, նոր էդ փողը տա ու ասի. «Հալալ է, ախպեր, տա՛ր»:
Բա՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ