Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ծիրանից պահածոներ

Ծիրանից պահածոներ
01.07.2012 | 12:55

Հայկական սուրբ հողի վրա աճող աշխարհի ամենահամեղ և օգտակար պտուղը մարդկությանը պարգևող ծիրանենին, որը մեր թվարկությունից առաջ առաջին դարում Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստանից տեղափոխել է Հունաստան և անվանել «Արմենիկա», ունի ութ տեսակ: Ծիրանենու պտուղներում եղած մի շարք վիտամինները, մինչև 20 տոկոս շաքարանյութերը, արժեքավոր սպիրտները, կարոտինը, պեկտոնային թթուներն ու ածխաջրատները, ինչպես թարմ, չոր, այնպես էլ պահածոյացրած վիճակում օգտագործելիս բարձրացնում են օրգանիզմի դիմադրողանությունը, օգնում զանազան հիվանդությունների հաղթահարմանն ու կարգավորում աղեստամոքսային համակարգի գործունեությունը: (Կորիզը պարունակում է 30-60 տոկոս ճարպեր, 20-25 տոկոս սպիտակուցներ):

Արարատյան դաշտում, որտեղ մրգի բերքահավաքի ակտիվ շրջանն արդեն սկսվել է և այս տարի քաղցրանուշ ծիրանն հատկապես առատ է, հայ տնտեսուհիները մեծ եռանդով սկսել են ինչպես ծիրանից, այնպես էլ զանազան մրգերից պահածոների պատրաստումը: Ծիրանի պահածոների պատրաստման մի քանի եղանակներ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Ծիրանի կոմպոտ

Այն սովորաբար պատրաստում են «շալախ» ծիրանից` կորիզով և առանց կորիզի:
Ընտրել հավասար մեծության և հասունության առողջ պտուղներ, տեղավորել ապակյա բանկաների մեջ: Նախապես պատրաստած շաքարաջուրը (700 գ ջրին` 300 գրամ շաքար) եռման վիճակում լցնել պտուղների վրա: Այնուհետև բանկաների բերանը կափարիչով ծածկել և դնել տաք ջրով լի կաթսայի մեջ եռացնելու: Ջուրը պետք է լինի բանկայի վզիկից 2-3 սմ ցածր լինի, որպեսզի եռալիս չլցվի կոմպոտի մեջ: Մեկ կիլոգրամանոցը պետք է եռացնել 10 րոպե, 2 կիլոգրամանոցը` 12-15 րոպե: Դրանից հետո փակող սարքով արագ փակել և բանկան գլխիվայր շրջած դնել հարթ տեղ` որոշ ժամանակ թողնելով այդպես: Նախ դրանով ստուգում եք կափարիչը հերմետի՞կ է փակված, թե ոչ, և երկրորդ` տաք շաքարաջրում ոչնչանում են կափարիչի վրա մնացած միկրոբները:

Ծիրանի հյութ

Հասած ծիրանը մաքրել կորիզներից: Հինգ կգ ծիրանին ավելացնել 2 լիտր ջուր` թողնելով 1-1,5 ժամ, ապա ճզմել, քամիչով քամել: Ստացված հյութին խառնել մրգի կշռի 10-12 տոկոսի չափով շաքար (կարելի է նաև շաքար չխառնել, պարտադիր չէ): Այնուհետև մեղմ կրակի վրա եռացնել 15-20 րոպե: Պատրաստի հյութը լցնել նախապես եռացրած շշերի կամ բանկաների մեջ: Եթե բանկաների մեջ եք լցրել, ձեռքի գործիքով հերմետիկ փակեք, իսկ եթե շշերի մեջ` զմռսեք: Պաստերիզացնելուց հետո շշերը պետք է պառկեցնել, մինչև սառչեն:

Ծիրանի ջեմ

Ծիրանը մաքրել, լվանալ տեղավորել չժանգոտվող մետաղից կաթսայի մեջ և դնել կրակին եռալու 15-20 րոպե: Դրանից հետո ավելացնել շաքարավազ` մեկ կգ ծիրանին 1 կգ շաքարավազ: Անընդհատ խառել, որպեսզի կաթսայի տակը չկչի: Եփել միանվագ` մինչև պատրաստ լինելը` այսինքն մինչև զանգվածի բավականաչափ թանձրանալն ու գույնը թեթևակի (մուգ ոսկեգույն) փոխելը: Այնուհետև վերցնել կրակից` թողնելով զանգվածը սառի, ապա լցնել բանկաների մեջ: Բանկայի երեսին ցանկալի է դնել օղու մեջ թրջած ստվարաթուղթ, ապա գործիքով փակել և տեղափոխել հով տեղ:


Առաջարկը` Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 23613

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ