ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Հայի ուղեղը նորից «կախել» է»

«Հայի ուղեղը նորից «կախել» է»
01.06.2022 | 11:38

Լևոնի շատ թափանցիկ սկզբունքն էր՝ ժողովրդին չոր հացին կապել, որ գլուխները չաշխատի, ուժ չունենան պայքարել, ու քարշ տալ պատերազմի մեջ, հետո նորից մաշել՝ տնտեսապես, սոցիալապես, բարոյապես և, ինչ խոսք, նաև՝ ֆիզիկապես:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ԼՏՊժի օրոք և դրանից հետո դեռ երկար ժամանակ մահացության տոկոսը բնակչության շրջանում, նախկին տասը տարվա՝ 1981-91 թվականների համեմատ, աստղային թռիչք է գործել՝ կյանքի միջին տևողությունը միանգամից կրճատելով կրկնակի:


Խորհրդային երկրի պահած-պաշտած քաղաքացին անսպասելի հայտնվել էր դժոխքում ու մինչ այս պահը, իր խելքից, դուրս չի գալիս:
ՈՒ էն սկզբնական դժոխքը չհամեմատենք էսօրվա դժոխքի հետ: Մեր սերունդը, փողոցներն ընկած, համբերատար չորս տարի պայքարեց, մինչև հասավ իշխանափոխության, հետո էլ հաջորդեց պատերազմը:
Դե, մեր սերունդն ամուր ընկուզիկ էր, հաշվի առեք, ու էլի շատ բաներ կան հաշվի առնելու: Նեռը բաց քարտերով է գրոհի անցել ու՝ ողջ աշխարհում, իսկ, որ ամենավատն է, մեր ծոցն է մտել:
Մի խոսքով, դեժավյու՝ սոսկալի սրբագրումներով:
ԼՏՊ-ն կարծում էր, որ հայը հենց կշտանում է, ընդվզում է, չպիտի թողնել, որ հայը մտածի, մտածող հայից ավելի վատ բան չկա:
Նա այս մասին նույնիսկ բարձրաձայն արտահայտվում էր նեղ շրջապատում, ինչը սպրդում և ընկնում էր մամուլի ձեռքը:
Հենց այս արանքում էլ մեզանից մի մեծ տոկոս այլասերվեց, փչացավ՝ վասն մի փոր հացի դարձանք գողեր, խաչագողեր ու սրբապիղծեր:
Ի բնե գող-անառակի, տգետ-տականքի բախտը բերեց, լայն հորիզոններ բացվեցին, շատ մանուկներ «վամպիրներ» դարձան՝ սրանցից վարակվելով:
Արցախի չլուծված հարցն էլ ամենահարմար մտրակն էր բոլորի ձեռքին, կամ դամոկլյան սուր՝ մեր գլխներին կախված:


Հիմա ճիշտ նույն սցենարով գնում ենք՝ ավելի ահավոր ու վախեցված: Այս մղձավանջը վերջ չունի:
Հուսամ, Տերը բարեգութ կլինի. երեք պատերազմ, երկարատև ստրկություն, ողբերգական հետևանքներով երեք հեղաշրջում տեսած իմ պարզ ու մահապարտ սերունդը չի տեսնելու, բայց մյուսներդ պատրաստվեք հաջորդ երեսուն տարվա «ռեպետեին»:
Մահացու ձանձրալի է. մի սերնդին, ծայրահեղ դեպքում, մի պատերազմ է հասնում, ոչ ավելին... Բայց ի՞նչ կարող ենք անել, սա մեր ընտրությունն է, 91-ից՝ ցայսօր:
Հիմա, ուղղակի, նախկինում բաց թողնված կամ վրիպած «սխալների ուղղում» է կատարվում՝ 2018-ից ի վեր, ու հատուկ խելք պետք չի՝ սա տեսնելու ու հասկանալու:
Աստված կանչենք՝ ամեն ինչ ավարտվի չարիքի փոքրագույնով. ռուսական գործոնով, ոչ՝ թուրքական, որը մեղմորեն ամերիկյան եք կոչում կամ՝ նատոյական:
Ի վերջո, կույր պիտի լինել՝ չհասկանալու, որ թանն ավելի լավ է լինի փորձված և թթու, քան՝ մահացու-թունավոր:


Ցավոք, մեզ կանգնեցրել ենք վատի ու վատթարագույնի ընտրության առաջ:
Խոստովանենք՝ փորձանքը միշտ էլ մեր ձեռքով է բերվել:
Երկնքից երեք խնձորի չսպասենք, քանի դեռ մեզանից գեթ մեկը սրբապիղծ է, սեփական շահն առաջ տանող և անասունի փոխարկված հայ է, քանի դեռ այրելու ենք թացն ու չորը գիրկընդխառը, մեր միջի արժանավորներին ասպարեզից հանելով կամ ոչնչացնելով, պրոֆեսիոնալիզմը ջախջախելով:
Իսկ քանի որ դա բացառվում է, կարծես՝ փոխվողն էլ չենք, միշտ ոչնչացնող տեսակն է բոլոր տեղերում լինելու առաջնորդ:
Քանի դեռ հայի ուղեղը պարբերաբար «կախելու» է վճռական պահերին, ուրեմն, այսպես էլ կգնա՝ մաղվելով, էն տասը տոկոսն էլ վերացնելով:
Հայն ինքնաոչնչացման կոդի վրա է լռվել:


Սուսաննա Բաբաջանյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 7732

Մեկնաբանություններ