Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Մարդու հոգին այրող էջեր

Մարդու հոգին այրող էջեր
17.07.2013 | 17:20

Ի՞նչ է պատահել, Աստված իմ, միանգամից շատերն են սկսել հուշել գրել: Մի՞թե աշխարհի վերջն է: Ե՞րբ են սկսում հուշերով տարվել, ե՞րբ են անցյալին կուլ գնում, ինչպե՞ս, ի՞նչ առիթով, եթե ներկան անողոք շառաչում է, տեղեկատվության պակաս չկա, համացանցը հասանելի է ամենքիս:

Իհարկե, յուրաքանչյուր մարդու, հատկապես հզոր անհատականությունների զուտ անձնական կյանքի մատյանն էլ հետաքրքիր և ուսանելի է ընթերցողի համար: Սակայն, ի պատիվ ՌԻՄԱ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ, պարտավոր ենք արձանագրել, որ նա իր «Հիշատակ» գրքում ոչ միայն ներկայացրել է Կարեն Դեմիրճյանի քաղաքական ու մարդկային դիմանկարը, յուրովի հավերժացրել նրա պայծառ հիշատակը, այլև կարողացել է տալ ժամանակի գնահատականը, անել խորիմաստ եզրահանգումներ, իր ցավը դարձնել համազգային, պատմության դասեր տալ եկող սերունդներին:
Ռիմա Դեմիրճյանը հասարակ պատմող չէ: Նրա գիրքը պատումի գծեր ունի և հավակնում է լրացնելու հայ պատմագիտության բացը՝ վերագնահատել Խորհրդային Հայաստանի 70-ամյա ճանապարհը: Մարդու հոգի այրող այս գրքի էջերում խորհրդային տարիների պետական ու կուսակցական շատ գործիչներ են ներկայանում ընթերցողին, հատկապես ուշագրավ են Լեոնիդ Բրեժնև-Հայաստան առնչությունները: Ինչե՜ր կարձանագրեր ժամանակը, եթե 1983 թվականին իրականություն դառնար ԽՍՀՄ թիվ մեկ ղեկավար Յուրի Անդրոպովի ցանկությունը՝ Կարեն Դեմիրճյանին տեսնել ԽՍՀՄ ղեկավարների շարքում, ըստ Ռ. Դեմիրճյանի, որպես կենտկոմի քարտուղար արդյունաբերության, այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի գծով:
Որքան սեր, ջերմություն ու վաստահություն կա այս գրքի էջերում, նույնքան էլ օբյեկտիվություն և գիտականություն: Ռիմա Դեմիրճյանն անդրադարձել է մի շարք նշանավոր կառույցների (Կասկադ, մետրոպոլիտեն, օդանավակայան, մարզահամերգային համալիր...) ու իր հիմնավորումներով արձագանքել ժողովրդի շուրթերից դուրս եկած «Կարեն Շինարար» գնահատականին:
Հայ մտավորականների հետ Կարեն Դեմիրճյանի առնչությունները և նրա առանձնակի ուշադրությունը նոր ու արժեքավոր շտրիխներ են Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի, Արամ Խաչատրյանի և այլոց դիմանկարներին:
Գրքի շատ էջերում փաստերի ուղղակի համադրություններ են, առանց հեղինակի մեկնաբանությունների, որոնք մեզ յուրովի են ներկայացնում նաև գորբաչովյան ժամանակաշրջանը, ազգամիջյան բախումները:
Շուրջ 14 տարի ղեկավարելով Հայաստանը` Կարեն Դեմիրճյանը հեռացավ խռովահույզ հոգով, բայց հավատով: Վերադարձավ երկրի համար ծանր ժամանակներում:
Վերադարձավ...
«Սկսում եմ իմ պատմության ամենածանր մասը՝ կապված հոկտեմբերի 27-ի հետ: ...Երեք անգամ ճակատագիրը Կարենին պահեց, հնարավորություններ տվեց կատարելու իր առաքելությունը երկրի վրա, իսկ 4-րդ անգամ չպահպանեց, թեև նա դեռ լի էր եռանդով ու ցանկությամբ՝ ծառայելու իր ժողովրդին: Չթողեցին»,- գրում է հեղինակը կորստի ցավով:
Ցավով, որ իրենը և իր ընտանիքինը չէր միայն:
Համաժողովրդական ցավ:
Ցավը սրտում Ռիմա Դեմիրճյանը գրքի վերջին էջում իրեն երջանիկ կին է համարել, գնահատելով, որ երկար տարիներ ապրել է բացառիկ, վառ, անկրկնելի անհատականության հետ, նրա հետ հասկացել ու գնահատել ճիշտն ու գեղեցիկը կյանքում, հաղորդակցվել ոչ միայն որպես ամուսին, այլև բարեկամ, ընկեր, ուսուցիչ, Մարդու օրինակ, նրան համարել ամենաթանկ մարդը:
Համոզված եմ, որ այս գրքի բոլոր ընթերցողները պատրաստ են կիսելու հեղինակի վիշտը և ապրելու նրա երջանկությամբ:
ՈՒզում եմ նաև կարևորել գրքի ռուսերեն տարբերակի տպագրությունը, առավել ևս, որ հայերեն տարբերակը, իմ խորին համոզմամբ ու նաև շատ մասնագետների կարծիքով, պատշաճ որակով և հեղինակի ոճին համահունչ է կատարել շնորհալի մտավորական Լիլիկ Մարտիրոսյանը:
Ես այս գրքին հաղորդակից դառնալու և հատկապես Ռիմա Դեմիրճյանի «Բարի գալիքի մաղթանքներով և լավագույն ցանկություններով» ընծայագրով գիրքը ունենալու համար երախտապարտ եմ նաև իմ երևանաբնակ բարեկամ, Դեմիրճյանների մտերիմ Ռաֆիկ Ալավերդյանին:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 28170

Մեկնաբանություններ