38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նրա սիրտը լեռներում է

Նրա սիրտը լեռներում է
07.10.2008 | 00:00

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ-100
100-ամյա մեր մեծ հոբելյարին՝ Վիլյամ Սարոյանին, հանդիպել եմ երեք անգամ։ Առաջին անգամ՝ 1976-ի նոյեմբերին։ Երկու ամիս էր, ինչ աշխատում էի Աբովյանի «Արշալույս» թերթի խմբագրությունում և շատ ոգևորվեցի, երբ խմբագիրը հայտնեց Սարոյանի՝ քաղաք գալու լուրը։ Գիշերը չքնեցի, ուրախ էի, որ կլինեմ հյուրին դիմավորողների և ուղեկցողների թվում։ Անջնջելի է առաջին տպավորությունս։ Նա նման չէր վտիտ կազմվածքով, գունատ դեմքով ավանդական մտավորականի իմ պատկերացումներին։ Բավականին բարձրահասակ էր, թիկնեղ, լեռնցու արտաքինով, խոշոր, շարժուն աչքերով, ազդեցիկ բեղերով։ Չգիտես ինչու՝ նրա դեմքի գույնը նմանեցրի աշնանային նորահաս դեղձի վարդագույնին։ Խոսում էր բարձրաձայն, աշխույժ դիմախաղով, հումորով, անմիջական, անկեղծ մարդու տպավորություն էր թողնում և արագ մտերմանում շրջապատի հետ։ Սարոյանը նախ շրջեց երիտասարդ, նորակառույց քաղաքում, եղավ «Սիրիուս» գործարանում, տեսարժան վայրերում, որոնցից ամենատպավորիչը, ըստ նրա, սոճիների և եղևնիների պուրակն էր՝ Հավերժ կրակով (այն հիմնել էր Աբովյանի շրջկոմի երջանկահիշատակ քարտուղար Էդվարդ Ավագյանը, որը ոչ միայն լավ քաղաքաշինարար էր, այլև արվեստի, գրականության գիտակ)։ Քաղաք ժամանող բոլոր նշանավոր հյուրերն այդ պուրակում տնկում էին իրենց ծառը։ Սարոյանը նույնպես մի եղևնի տնկեց։ Հետագայում Աբովյան այցելող բոլոր հյուրերին ցույց էին տալիս Սարոյանի տնկած եղևնին։ Ցավոք, 80-ականներին ցուցանակն անհայտացավ, և հիմա ես վստահ չեմ կարող ասել, թե պուրակի ծառերից որն է Սարոյանի տնկածը։ Այդ հանդիպմանը ես չհամարձակվեցի նրանից ինքնագիր վերցնել և միայն հարցրի, թե հաջորդ անգամ երբ կայցելի հայրենիք։ «78-ին անպայման կուգամ, 70-ամյակս ուզում եմ հոս նշել»։
Ճիշտ երկու տարի անց մեծ գրողը կրկին եկավ Հայաստան, բայց Աբովյան չայցելեց, և երկրորդ անգամ նրան հանդիպեցի «Հրազդան» հանրապետական մարզադաշտում, ուր հոկտեմբերի 14-ին մեծ շուքով նշվում էր Հայաստանի` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակը։ Հայաստանի բոլոր անկյուններից պատվիրակներ էին եկել այդ իրադարձությանը մասնակցելու։ Զարմանալի զուգադիպությամբ մեր քաղաքին հատկացված տեղերից մի քանի շարք վերևում նստած էր Սարոյանը՝ մի խումբ գրողների հետ։ Նրան չնկատել թեկուզ հազար մարդու մեջ՝ ուղղակի անհնար էր։ Տրամադրությունը բարձր էր, ծանոթներին ողջունում էր հեռվից, բարձրաձայն ծիծաղում էր, ծամոն էր ծամում և հարցեր էր տալիս անընդհատ։ Ավելորդ է ասել, որ մոտ երեք ժամ իմ հայացքը գամված էր ոչ թե բեմահարթակին, այլ Սարոյանին։ Կիսաշրջված, թեք դիրքով նստած անընդմեջ նայում էի գրողին` որսալով նրա ամեն մի շարժումը, բառը։ Իմ գերհետաքրքրությունն աննկատ չմնաց սիրելի բանաստեղծ Վահագն Դավթյանի տեսադաշտից, որն այն ժամանակ սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահն էր և միշտ՝ Սարոյանի ուղեկիցների թվում։ Նա մեղմ ժպիտով, գլխի շարժումով ինձ ողջունեց և իր կողքին նստած Լևոն Մկրտչյանի ականջին ինչ-որ բան շշնջաց։ Վերջինս ռուս գրականության իմ դասախոսն էր եղել համալսարանում և նույնպես ինձ ճանաչում էր։ Հանդիսության ավարտին իմ կողքով անցնելիս նա հայտնեց, որ մեկ օր հետո համալսարանում հանդիպում կլինի Սարոյանի հետ, և ես կարող եմ մասնակցել։ Այդպես կայացավ իմ երրորդ և վերջին հանդիպումը գրողի հետ։
Հոկտեմբերի 16-ն անմոռաց օր էր Սարոյանի երկրպագուների համար։ Լեփ-լեցուն էին դահլիճը, ճեմասրահը, միջանցքները։ Այդքան անկեղծ, անբռնազբոս կեցվածք և խոսք ես չէի լսել ոչ մեկից։ Սկզբում Սարոյանը ներկայացրեց իրեն, պատմեց իր ծնողների, նախասիրությունների, սիրած հայ մտավորականների մասին, երգեց Սարոյի արիայից երկու տող, ապա համաձայնեց պատասխանել ներկաների հարցերին։ Հարցերը բազմաբնույթ էին՝ սկսած Հովհաննես Շիրազի մասին նրա կարծիքից, վերջացրած իր սիրած աղջա անունով։ Իմանալով ռուս գրականության հանդեպ ունեցած նրա մեծ սիրո մասին, ես նույնպես գրավոր հարց ուղղեցի վարպետին, ճշտելու, թե բացի Չեխովից «որո՞ւն շատ կսիրե»։
Պատասխանը սպասելի էր. կրկին Չեխով, Տոլստոյ, Տուրգենև, Դոստոևսկի, Գոգոլ, Գորկի, ժամանակակիցներից՝ Վալենտին Կատաև, Շոլոխով, Չինգիզ Այթմատով, Կ. Սիմոնով... Անմոռաց այդ հանդիպման ավարտին Սարոյանն ասաց, որ երկու տարի անց նորից է գալու Հայաստան, բայց այդ ցանկությունը մնաց անկատար։ 1980-ի աշնանը «Ամերիկայի ձայնի» այն ժամանակ դեռևս խլացվող ռադիոկայանով լսեցինք նրա անբուժելի հիվանդության մասին։ Հավատում էինք հրաշքի, որովհետև անհնար էր մահվան գրկում պատկերացնել մեծ գրողին, այդքան կենսասեր մարդուն։ Ավաղ։ 1981-ի մայիսի 18-ին, դեռևս չբոլորած 73-ամյակը, նա հեռացավ կյանքից՝ նախօրոք թերթին հղելով իր պատգամը. «Ամեն մարդ մեռնելու է, բայց ես միշտ հավատում էի, որ մահը բացառություն պիտի անի և խնայի ինձ...»։
Ինչո՞ւ էր Սարոյանն այդպես մտածում։ Որովհետև ուզում էր օգնել դժբախտ մարդկանց, սրտապնդել, համոզել, որ կարիք չկա հուսահատվելու, և որ արժե ապրել ու սիրել այս աշխարհը։ Որովհետև կան բաներ, որոնց վրա կարելի է ծիծաղել կամ գոնե ժպտալ...
Ի վերջո, երբ Սիլվա Կապուտիկյանը հարցրել է Սարոյանին, թե ովքե՞ր են «Իմ սիրտը լեռներում է» պիեսի նախատիպերը, Սարոյանը պատասխանել է, որ ինքն է եղել բոլոր հերոսների (այդ թվում՝ կանանց) նախատիպը։ Մեծ հայը համոզված էր, որ գրողը նախ պետք է ապրի իր հերոսների կյանքով, հետո միայն ընթերցողներին հաղորդակից դարձնի այդ բազմակի կյանքին։ Գրողի գերխնդիրն այն է, որ ոչ թե ինքը բախի ընթերցողի դուռը, այլ նրա համար ճանապարհ բանա դեպի իր կյանքը, իր տունը, դեպի իր սիրտը։
Խոստովանենք, որ Սարոյանը հաջողությամբ է կատարել գրողի իր գերխնդիրը, քանզի ոչ միայն իր կենդանության օրոք, այլև մահից 27 տարի անց էլ նա ճանապարհ է բացում ընթերցողների համար դեպի իր սիրտը։ Սիրտ, որը հայոց բարձրաբերձ լեռներում է։
Մելսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 14873

Մեկնաբանություններ