38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ներքին վերաօծման ժամանակը

Ներքին վերաօծման ժամանակը
27.09.2024 | 10:14

Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և հայկական աշխարհի համար տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ՝ Մայր տաճարի վերաօծումը և Մյուռոնօրհնեքը։

«Այս սրբազան մյուռոնով միացե´ք, եղբայրացե´ք, եղե´ք մեկ կամք, եղե´ք մեկ ուրախություն, եղե´ք մեկ ցավ»,- 1991թ. Մյուռոնօրհնեքի արարողությանն ասում էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Եղեք մեկ ցավ»,- ասում էր Վազգեն Առաջինը՝ ասես կանխազգալով, որ նույն, սեփական միասնական ցավը զգալու կարողությունն ամենևին հարատև չէ, ու կարող է ցնդել մի պատասխանատու ու կարևոր պահի։

Այսօր Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման իրադարձություններն իրենց մեջ շատ ավելի մեծ խորհուրդ են կրում, քան՝ սրան-նրան հրավիրել-չհրավիրելու երկընտրանքը։ Սա հերթական եկեղեցական միջոցառումը չէ։

Մայր Տաճարի վերաօծման հետ շատերը կապում են մի միստիկ խորհուրդ, մի թաքուն իղձ, որ այն մեզ կարող է մոտեցնել մեր նոր, սպասված ու վերջին տարիներին մեզ լքած ուրախությունը։ Սակայն արդյոք որևէ մեծ արարողություն, որքան էլ սպասված և խորհրդանշական լինի, կարո՞ղ է մեր երկրին և մեր ժողովրդին հաջողություն և լույս բերել, եթե մեզնից յուրաքանչյուրն իր ներսում չպատրաստվի և չձգտի դրան։

Այս կարևորագույն իրադարձությունների նախօրեին պետք է խիզախություն ունենանք հասկանալու մեր բոլորիս անմիջական մասնակցությունը վերջին տարիներին մեզ հետ կատարվածին։ Մեր աղետների համահեղինակը մենք ենք՝ հայը։ Մենք ենք աղետը բերել մեր տուն, մենք ենք համակերպվել, մենք ենք հանձնվել, մենք ենք ընտրել նվաստացման ճանապարհը, մենք ենք հանուն շահի խոնարհվում աղետաբերների առաջ, մեծարում՝ հանուն պաշտոնի ու փողի, կամ անգամ պարզապես իներցիայով, քանի որ սովոր ենք խոնարհվել իշխանությանը՝ անկախ այդ իշխանության որակից։

Ապրել այսքան անարժանապատիվ ու նյութապաշտ կերպով, կառչած մնալ բոլոր ժամանակներում կուտակած գույքերից կամ պաշտոններից, դրանց համընթաց կուտակված վախերից ու զուգահեռ սպասել Մյուռոնօրհնության կամ Տաճարի վերաօծման հրաշքին. սա, մի բառով, հայկական սյուրռեալիզմ է։

Այսօր եկել է քաղաքացու վիրավորվելու ժամանակը։ Եկել է ներքին հաշտության և իրար լսելու ժամանակը։ Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը։

Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքին սպասելուն զուգահեռ՝ պիտի մեր ներսում հասկանանք, որ մենք ենք ուրացել Ամարասն ու Գանձասարը, մենակ թողել շրջափակման մեջ գտնվող Արցախը, իսկ նրա անկումից հետո շարունակել անհոգ ապրել։ Մեր միջից է ձևավորվել աղետաստեղծ իշխանություններին «մեծարգո» ասող խավը, որը վաղը նույն հնազանդությամբ «մեծարգո» կասի Էրդողանին կամ Ալիևին, կամ՝ հաջորդ իշխանությանը, ով էլ որ այն ձևավորի։

Մենք ենք մոռացել Բաքվի բանտերում պահվող մեր եղբայրներին ու հանդուրժում ենք, որ Երևանի կենտրոնում զազրախոսեն նրանց մասին։ Մենք ենք, որ չենք ուզում «տեսնել» Հայաստանով մեկ տարածված եռագույնով շիրիմները, ու չենք խիզախում ընդունել, որ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե ժամանակին չթաքնվեինք անկյուններում ու չխոնարհվեինք մեզ աղետի տանող իշխանությանը։

Մենք ենք, որ չենք ըմբոստացել, երբ իմացել ենք, որ 4 տարի առաջ ճիշտ այս օրը սկսված պատերազմը կարելի էր շատ ավելի վաղ դադարեցնել՝ խուսափելով ահռելի մարդկային ու տարածքային կորուստներից, ու դա չենք արել։

Ապրել ստի մեջ, չխիզախել անել սեփական որևէ քայլ՝ իրավիճակը փոխելու համար, միաժամանակ ոգևորությամբ սպասել Մայր Տաճարի վերաբացմանը՝ մի արտառոց հրաշքի ակնկալիքով. սա անազնիվ է հենց Մայր Տաճարի և հենց սուրբ մյուռոնի հանդեպ, որի հրաշագործության հիմքում ներքին մաքրագործումն է ու ներքին ստից ազատումը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1447

Մեկնաբանություններ