ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

MADE IN TURKEY (մաս 24-րդ)

MADE IN TURKEY (մաս 24-րդ)
26.09.2024 | 21:12

Սկիզբը՝ այստեղ

(ուղեցույց նրանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության վերջին վեց՝ 2018-2024 թթ., տարիների պատմությունը)

ԳԼՈՒԽ 23-ՐԴ

(կամ` чем Черт не шутит, пока Бог спит?)

ՄԻՋԱՆԿՅԱԼ

Անցյալի մի դրվագ, ինչպես «Իրատեսի» հեղինակ Մարի Բարսեղյան-Խանջյանն է սիրում կրկնել` դարձյալ ու վերստին գիր դառնալու իրավունք է հայցում հենց ձեռնամուխ եմ լինում շարքի հերթական հատվածին:

Այս անգամ ընդհանուրից հիշողությանս մեջ մնացած փշուրներն ի մի բերելով ու 9-ամյա վաղեմության մոտավոր համացույցն ամբողջացնելով, փորձեմ հավաքել խճապատկերը:

Հոգեբանների պնդմամբ` փազլը քայլ առ քայլ ամբողջացնելը նպաստում է անձի մտածողություն-երևակայություն, ենթադրություն-եզրակացություն հարաբերակցության զարգացմանը, ինչն էլ օգնում է մասի ու ամբողջության տրամաբանական կապի համադրմանն ու ճիշտ եզրահագումների կայացմանը: Կոնկրետ ներկայացվող պարագայում, սակայն, ուշացած և հետին թվով:

Բայց անհրաժեշտ պահին, եթե ճիշտ ես հավաքում-զուգակցում առկա տարրերը, ապա ենթատեքստում հնարավոր է և «կարդալ» տվյալ իրողության` ապագային միտված գաղտնագիրը:

Նաև խոստովանենք, առաջադրված «կոդը» վերծանելու համար առնվազն դելֆյան պատգամախոս կամ Միքայել Նալբանդյանի բնութագրմամբ` հարցուկ պետք է լինել, ինչը բոլորին չէ, որ տրված է ի վերուստ:

Հետևապե՞ս…

Չշտապենք դատողություններ անել: Ամեն ինչ հերթով` կարգով:

«Իրատեսի» «Լճից լիճ Հայաստան» խորագրի հիմնադիր և վարող Վրեժ Առաքելյանը սովորույթի ուժով անհրաժեշտը, որպես կանոն, համատեղում էր հաճելիին և աշխատանքը զուգակցում մի գավաթ սուրճ կամ մի բաժակ կոնյակ վայելելու արարողությանը:

Արդյունքը երբեմն ո՛չ միայն շարքի հերթական էսսեն էր, այլև բացառիկ այնպիսի ինֆորմացիա, որի տեսակը 2018-ի «գունավոր հեղափոխությունից» հետո պետք է դասվեր «օդից կախված լուր»-երի շարքին:

2015-ի գարնանը նկարչի տանը բացված ցուցահանդեսում շատ պատահական մի ծանոթություն` երկար տարիներ Մոսկվայում աշխատած ու ապրած ամերիկացի ինչ-որ դիվանագետի հետ, շարունակվում է Վրեժի ընկեր նկարչի արվեստանոցում: Բայց ոչ թե կոնյակի, այլ Քարահունջի մաքուր թթի օղու «ընկերակցությամբ»:

Առավոտյան խումհար զվարթությամբ խմբագրություն ժամանած Վրեժը «մե՜ծ գյուտ» արածի արտահայտություն տալով դեմքին խորհրդավոր դիմեց ներկաներին.

- ՈՒզու՞մ եք իմանալ Հայաստանի հաջորդ նախագահի ինքնությունը:

Կատակեցի.

- Քեզ անձա՞մբ են զեկուցել:

- Պատկերացրու հա՛: Ընդ որում, ներծծված ու օծված Քարահունջի օղիով:

- Գառնիկ Իսագուլյանի ասածը` «ՀՀ հաջորդ նախագահն էլ է ղարաբաղցի լինելու», վաղուց գիտենք, չկրկնես:

- Արցախցի չի, իջևանցի է:

- Պարզ է` թթի օղին լա՛վ էլ թունդ է եղել:

- Էնքան, որ արձակել էր ամերիկացի դիվանագետի լեզվի կապերը: Երդվեց բոլոր սրբություններով, թե հաջորդը….- երկիմաստ ձգեց պաուզան,- Նիկոլ Փաշինյանն է:

Անսպասելի հոմերյան քրքիջն ասես պայթեցրեց խմբագրությունը:

Որպես չար կատակ մտքումս առկայծեց. «Ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում», ժողովրդական իմաստնությունը, սակայն չբարձրաձայնեցի ու դիմեցի Վրեժին.

- Դիվանագետիդ անկաշկանդ կարող ես «դեկվալիֆիկացիայի» ենթարկել:

Փոխխմբագիր Լիլի Մարտոյանի հետ խորհրդակցելուց հետո մեր «հարգանքի տուրքը մատուցեցինք» «օդից կախվածին»:

Ինչպես սիրում է որակել հայկական մամուլը` «էքսկլյուզիվը», նետեցինք «աղբարկղ», «Իրատեսի» մոսկովյան թղթակից Ռուբեն Հայրապետյանի այդ օրվա ռեպլիկին գիրկընդխառն:

Հետաքրքիր զուգադիպությամբ Ռուբենն անդրադարձել էր ԱԺ պատգամավորների ու ՀՀ տարբեր ղեկավարների անուններին:

Նրա թիրախում էր հայտնվել հատկապես ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած հայտնի իջևանցին:

Ռուբենը կատակով գրում էր.

«Երբեմն անհնարինն իրականության վերածվելու հակումներ է դրսևորում: Հետևաբար, чем Черт не шутит, пока Бог спит?

Խորհուրդ կտամ սրբագրես անունդ ու հայրանունդ: Ինչու՛: Պատկերացնու՞մ ես, սատանի ականջը խուլ, հանկարծ Քաջ Նազարի բախտով, Աստված մի արասցե, առաջիկայում ՀՀ նախագահ ընտրվես: Չեն ներդաշնակի պաշտոնը և «Նիկոլ Վովայի»-ն: Իսկ երբ հանդիպես Վլադիմիր Պուտինին, պատկերացնու՞մ ես` կդառնաս` Никол Ваваевич!»:

Սովորականի նման, ասելիքը մատուցված էր մեծ վարպետությամբ ու նուրբ հումորով: Բա՞յց…

Այո՛, առկա էր շատ կարևոր մի բայց… ինչպես կասեր ռուսը` чёрный пиар — тоже пиар!

Որ կթարգմանվի` հակագովազդը երբեմն կարող է փոխել նշանակետն ու աշխատել տվյալ օբյեկտի օգտին:

Բացարձակ ցանկություն, առավել ևս նպատակ չկար ինչ-որ խոտորնակի գովազդով զբաղվելու, թեկուզ և «հակա»:

Այս պատմությունն առաջին անգամ մտաբերեցի 2018-ի ապրիլին, երբ ամեն ինչով «մարդ-հակագովազդը» համոզված «մարգարեացավ», թե հենց հասնեն մայրաքաղաք «ուղիղ տասն օր անց (իմա` ապրիլի 23-ին) Սերժ Սարգսյանը հրաժարական կտա», և իրենք կվերցնեն իշխանությունը:

Ինչի ականատեսը և դարձանք:

Քարահունջի օղին վայելելու հաջորդ իսկ օրվանից իզով-թոզով «կորած» դիվանագետը, սակայն, մի մանրամասն էլ էր գաղտնազերծել:

Այն է` «շատակերությամբ փայլող» (դիվանագետի բնութագրումն է) քաղաքական գործչի հաղթարշավը երկար չի տևելու: Գալուց որոշ ժամանակ անց «գին պետք է վճարի» ու ոնց անսպասելի հայտնվել էր, այդպես անսպասելի էլ անհետանալու է:

Ի դեպ, մտաբերենք, «գնի» մասին հետհեղափոխական Հայաստանում ակնարկեց և Օքսֆորդի համալսարանի Սուրբ Աննա քոլեջի քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, Օքսֆորդի միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նիլ Մաքֆարլեյնը. «ՀՀ վարչապետը գին պետք է վճարի»:

Իսկ ո՞րն է այդ «գինը»:

Նիլ Մաքֆարլեյնի պնդմամբ ադրբեջանական համայնքը պետք է մասնակցի ղարաբաղյան բանակցություններին:

Նաև`«հակամարտությունն արգելակում է ընդհանուր առմամբ տարածաշրջանի տնտեսական զարգացումը, մինչդեռ Մեծ Բրիտանիան տարածաշրջանում տնտեսական գործընթացների մասնակից է: Մեծ Բրիտանիան մեծ ներդրումներ է կատարում Ադրբեջանում, մասնավորապես՝ Ադրբեջան-Թուրքիա խողովակաշարում, և հակամարտության ակտիվ փուլի վերսկսման դեպքում այդ ամենը խոցելի կդառնա: Մեկնելով ադրբեջանական Եվլախ՝ այնտեղից կտեսնեք Ղարաբաղի բարձունքները, որքան մոտ է ամեն բան: Իսկ խողովակաշարն անցնում է այնտեղից ոչ հեռու: Հետևաբար, մենք շահագրգռված ենք հակամարտության կարգավորմամբ: Եվ, ի վերջո, մենք ունենք բազմակողմ պարտավորություններ: Մեծ Բրիտանիան ԵԱՀԿ, և փաստացի դեռ ԵՄ անդամ է»:

Վտանգավոր այս բարձրաձայնումը, սակայն, հետհեղափոխական խառնաշփոթի բովում անուշադրության մատնվեց:

Հավարտ «Միջանկյալ» հատվածի, պատասխան չակնկալող մի քանի կենսական հարցադրումներ: Այնուամենայնիվ.

ա) պատահականությու՞ն էր, որ 2015-ից էլ առաջ «Պրեսս ստենդի» «խողովակներով» տարիներ շարունակ անվերադարձ իրացվում էր սույն «դեղնախտի» դեղին թռուցիկը:

Ըստ ստույգ հաշվարկների, այդ ճանապարհով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ութ տարում դրան վճարել է չորս միլիոն դոլար: Ինչու՞:

բ) Պատահականությու՞ն էր, որ պոտենցիալ ահաբեկչին ու ապագա սերիական մարդասպանին հյուրընկալում և հյուրասիրում էին տարբեր երկրների որոշակի կենտրոններում, հետո նրան որակում «սեղանի փոշեկուլ» ու զարմանում դրա ստամոքսի տարողունակությունից: Կարևորը, սակայն, որկորի հարցերը լուծելուն զուգահեռ օտարները «կարգաբերում» էին ինչ-ինչ ակնկալիքներ ու դրանց հաջորդող գլխավոր քայլը:

Ի վերջո, ամեն ինչ իր «գինն» ուներ:

գ) Պատահականությու՞ն էր, որ ԱԱԾ քթի տակ, դիցուք 2015-ին երկրում հարբեցողությամբ զբաղվող ինչ-որ դիվանագետ նկարիչներից մեկի արվեստանոցում խոսում է սպասվելիք կոնկրետ գործողություններից ու բարձրաձայնում մի հոգեշեղվածի անուն-ազգանուն, որը երեք տարի անց պետք է հեղափոխության անվան տակ իսկապես բռնազավթեր և յուրացներ իշխանությունը:

դ) Պատահականությու՞ն էր, որ սպասվելիք ինչ-որ «ապրիլյան թեզիսներից» են խոսում թերթերից մեկի խմբագրությունում, քննարկում «օդից կախվածի» հրապարակման աննպատակահարմարությունը, իսկ անվտանգության համապատասխան կառույցներն ապրում և աշխատում են երջանիկ անգիտության (թե՞ լավ էլ իրազեկության) մեջ:

(շարունակելի)

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 758

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ