«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Արտաքին աշխարհը համակերպվել էր Ահմադինեժադի հետ ևս չորս տարի գործ ունենալուն»

«Արտաքին աշխարհը համակերպվել էր Ահմադինեժադի հետ ևս չորս տարի գործ ունենալուն»
26.06.2009 | 00:00

«ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ Ո՛Չ ԴՐՍԻ, Ո՛Չ ՆԵՐՍԻ ՈՒԺԵՐԸ ՉՈՒՆԵՆ»
Հարցազրույց «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Սարուխանյան, ինչպե՞ս հաջողվեց Իրանի նման ֆունդամենտալ երկիրն այսպես «շարժել». ո՞վ է կանգնած այդ «շարժի» հետևում, ո՞ր վեկտորն է առավել գերակշռում այս պայքարում` անգլո-սաքսոնակա՞ն, մոջահեդների՞, թե՞ իսրայելական, և, ընդհանրապես, ինչո՞վ կավարտվի այս ամենը:
-Սկսենք, թերևս, նրանից, որ Իրանում պայքարը բարեփոխիչների, պահպանողականների և կենտրոնամետների միջև շատ թեժացել է, առաջին հերթին, Իրանում կուտակված ներքին խնդիրների պատճառով, ինչն էլ առիթ դարձավ, որ կենտրոնամետներն ու բարեփոխիչները միասնաբար հանդես գան այս ընտրություններում և պաշտպանեն Մուսավիի թեկնածությունը` ընդդեմ Ահմադինեժադի: Ոչ ոք դրսում չէր կարող կանխատեսել, որ զարգացումներն այսպիսի ընթացք կունենան:
-Թույլ տվեք չհամաձայնել, որովհետև Ահմադինեժադի` առաջին անգամ ընտրվելուց հետո նույնպես ԱՄՆ-ը «շարժեց» Իրանը, և մոտ 18 մլն իրանաբնակ ադրբեջանցիներ բողոքի ցույցեր կազմակերպեցին: Եվ, ընդհանրապես, այս բոլոր տարիների ընթացքում, Իսրայելի «ռմբակոծման» սպառնալիքի ներքո, ԱՄՆ-ը պատրաստվում էր «ներսից», թավշյա տեխնոլոգիաներով, «պայթեցնել» Իրանը:
-Դա, իհարկե, այդպես է, սակայն կոնկրետ դեպքում էականը ներքին ազդակներն էին, և դրսի ազդակները սկզբնական շրջանում որոշիչ դեր չունեին: Թե՛ նախընտրական պայքարը, թե՛ ընտրությունների հաջորդ օրը Բարաք Օբամայի բավականին բալանսավորված հայտարարությունը գալիս էին ասելու, որ արտաքին աշխարհը, այսպես թե այնպես, համակերպվել էր Մահմուդ Ահմադինեժադի հետ ևս չորս տարի գործ ունենալուն։ Բայց քանի որ զարգացումներն այլ փուլ թևակոխեցին, արտաքին ազդակները նույնպես սկսեցին ուժեղանալ: Հիմա արդեն ճնշումները գնալով ուժեղանում են, և ես չեմ բացառում, որ ներքին-փողոցային «անհանգստություններին», բախումներին արդեն իսկ մասնակցություն ունեն արևմտյան ծառայությունները: Սակայն պետք է ասել նաև, որ կատարվողը նրանց համար նույնպես անսպասելի էր, և իրենք ևս գրեթե ֆորս-մաժորային իրավիճակում են աշխատում: Հասկանալի է` այդ ուժերի հիմնական նպատակն Իրանի ներքաղաքական իրավիճակի ապակայունացումն է, որն այս պահին չի հանգեցնի հեղաշրջման կամ քաղաքական ֆունդամենտալ վերադասավորությունների: Դրսի ուժերի նպատակներն առավել հեռահար են:
-Ասել է` Ահմադինեժադը կմնա՞:
-Այո՛: Բայց այն, ինչ հիմա տեղի է ունենում Իրանում, հասարակությանն ավելի կռադիկալացնի, և մոտակա ընտրությունների ժամանակ արդեն չի բացառվի ավելի մեծ պայթյունը:
-Մոտակա ո՞ր ընտրությունների:
-Երեք տարի հետո Իրանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ. այսօրվա հիմնական թիրախն այդ ընտրություններն են:
-Իսկ ինչո՞ւ` ոչ հիմա:
-Որովհետև ո՛չ դրսի, ո՛չ ներսի ուժերը հեղաշրջման պոտենցիալ չունեն։ Իշխանությունն Իրանում դեռևս շատ ամուր է և ամբողջովին վերահսկում է իրավիճակը: Եվ եթե անգամ մարդիկ մեկ ամիս շարունակ դուրս գան փողոց, իշխանությունն այդ մարդկանց մեկ ամիս շարունակ ջարդելու ու ցրելու է: Բանն այն է, որ իրանական ներքաղաքական դաշտում վերնախավը դեռևս համախմբված է, համախմբված է հոգևոր առաջնորդի շուրջ, և իշխանափոխություն իրականացնելու որևէ հնարավորություն չկա:
-Միևնույն ժամանակ հոգևոր առաջնորդն ինքը ոչ միանշանակ վիճակում է. Իրանի փորձագետների վեհաժողովը` Ռաֆսանջանիի գլխավորությամբ, լուրջ «մտորումների» մեջ է այս առնչությամբ:
-Այո՛, Ռաֆսանջանին և փորձագետների խորհուրդն իրավասություն ունեն ռախպարին` հոգևոր առաջնորդին, հեռացնելու, սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հաշիմի Ռաֆսանջանին այդ քայլին չի դիմի, քանի որ ձերբակալեցին նրա ընտանիքի անդամներին:
-Բայց հետո բաց թողեցին:
-Հենց այդ բացթողումն էլ վկայում է, որ Ռաֆսանջանիի հետ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Երկրորդ. Ռաֆսանջանին ազատվեց իր զբաղեցրած երկրորդ պաշտոնից. որպես պառլամենտական մարմին, Ռաֆսանջանին կարողանում էր որոշակիորեն վերահսկել մեջլիսի և կառավարության գործունեությունը: Այնպես որ, Հաշիմի Ռաֆսանջանին որևէ քայլ չի կարող իրականացնել ռախպարի դեմ: Գումարած նաև հանգամանքը, որ Ռաֆսանջանին այնքան էլ ընդունված անձնավորություն չէ Իրանում. նրա նկատմամբ բավականին մեծ հակակրանք կա. նա անչափ հարուստ է, օգտագործել է իր պաշտոնական դիրքը միլիարդավոր դոլարների կարողություն դիզելու համար, իսկ իր նախագահության տարիներին չի կարողացել իրականացնել այն խոստումները, որ տվել էր:
-Փաստորեն, Իրանի «շարժվելուն» զուգընթաց, «շարժվում» է նաև իրանյան հինգ կլանների միջև հաստատված ստատուս-քվո՞ն: Ի դեպ, Ռաֆսանջանին ամբողջապե՞ս է ներկայացնում անգլո-սաքսոնական վեկտորը:
-Չէ. ես այդպես միանշանակ չէի ասի այն պարզ պատճառով, որ իրանական կլաններն ինքնին բավականին սուվերեն են: Եվ Իրանը բավականին սուվերեն պետություն է` ոչ միայն արտաքին քաղաքական, այլև ներքին դաշտում: Իրանյան կլաններն իրենց շահերը ձևավորում են հենց Իրանի ներսում, և նրանց պայքարն ուղղված է իրենց դիրքերը ներսում ամրապնդելուն:
-Բոլոր դեպքերում, նավթային բիզնեսի հետ կապված, իրանյան ամենահզոր կլանը նախագահական ընտրությունների ժամանակ պաշտպանեց Մուսավիի թեկնածությունը, իսկ այդ կլանում որոշիչ դեր ունեն Հաշիմի Ռաֆսանջանին, նախկին նախագահ Մուհամադ Խաթամին: Իսկ հնարավո՞ր է` Ահմադինեժադը, մնալու դեպքում, հիմնովին ջարդի նրանց:
-Հիմնովին չի ջարդի, բայց բավականին կթուլացնի: Ի դեպ, վերջին չորս տարիներին Ահմադինեժադի նկատմամբ քաղաքական վերնախավը խոր հակակրանք էր տածում այն պատճառով, որ նա շատ ակտիվ պայքարում էր այդ խմբերի, կլանների ու նրանց շահերի դեմ: Ըստ տեղեկությունների` Ահմադինեժադը մինիմալ տնտեսական շահ ունեցող խմբերն է ներկայացնում և կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված չէ:
-«Սիրո՜ւմ» եք Ահմադինեժադին:
-Չէ, չեմ սիրում, իր բոլոր «մինուսներով» հանդերձ, նա, այսպես ասած, իրանական պետական շահերն առաջ տանող առաջնորդ է: Չես կարող նրան համեմատել Ռաֆսանջանիի հետ. վերջինիս օրոք նրա կառավարությունը (բոլոր անդամներով հանդերձ) դարձավ Իրանի ողջ ունեցվածքի տերը:
-Ահմադինեժադի համար էլ «ուրի՜շ» բաներ են ասում:
-Օրինակ:
-Օրինակ, որ նա 1979-ին Իրանում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման «հեղինակներից» է և կամ` Բեյրութում եղած տարիներին նա ինչ-ինչ կապերի մեջ է եղել ռուսական հայտնի կառույցների հետ և այդպե՜ս շարունակ: Ի դեպ, եթե Ռաֆսանջանին անգլո-սաքսոնական հետաքրքրությունների կրողն է, ապա ո՞ր թևն է ներկայացնում Ահմադինեժադը:
-Նախ` ես Ռաֆսանջանիի առնչությամբ նման բան չասացի, այլ կասեմ, որ Ռաֆսանջանին գործիչ է, որը կողմ է և ցանկություն ունի Միացյալ Նահանգների ու եվրոպական պետությունների հետ հարաբերությունների սերտացման: Ինչ վերաբերում է Ահմադինեժադին, նա ներկայացնում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայական կազմի շահերը:
-Նույն պահապանների խորհուրդը «երեք միլիոն» կեղծված ձայն էր «հայտնաբերել» այս ընտրություններում, չնայած հայտարարեց նաև, որ այդ «ձայները» չեն ազդել ընտրությունների ընդհանուր ընթացքի վրա:
-Ես առավել խոսում էի պահապանների սպայական կազմի մասին: Վերադառնալով Ձեր հարցի ենթատեքստին, ասեմ, որ Ահմադինեժադն արտաքին աշխարհի որևէ թև չի ներկայացնում:
-«Հավատացինք»: Եվ, այնուհանդերձ, շատ հետաքրքիր էր Իրանի առնչությամբ Ռուսաստանի պահվածքը:
-Գուցե որպես հավելում կարելի է ասել, որ Ահմադինեժադն այն թևի ներկայացուցիչն է, որի շահերը, այո՛, որոշակիորեն համապատասխանում են Ռուսաստանի և Չինաստանի շահերին, սակայն երբեք չի կարելի ասել, որ այդ կապն «ամբողջական» է այն պարզ պատճառով, որ իրանական էլիտան անչափ անկախ է:
-Մոջահեդներին մոռացանք:
-Որպես ահաբեկչական կազմակերպություն` «Մոջահեդինե խալք» կազմակերպությունն Իրանում արգելված է 1991-ից: Այդ կազմակերպությունն ամբողջությամբ գտնվում է բրիտանական և ամերիկյան կառավարությունների վերահսկողության ներքո: Նրանք են ֆինանսավորում այդ կազմակերպությունը: Անցած տարի բրիտանական կառավարությունը «Մոջահեդինե խալքը» օրենսդրորեն դուրս բերեց տեռորիստական կազմակերպությունների ցուցակից և այն համարեց հասարակական կազմակերպություն, չնայած այդ կազմակերպության իրական նպատակն իրանական վարչակազմի տապալումն է: Պաշտոնական Իրանն այսօր այդ կազմակերպությանը մեղադրում է փողոցներում մարդկանց սպանելու համար, և, ըստ այդ տեսակետի, բոլորը, ովքեր սպանվել են այս ցույցերի ընթացքում, սպանվել են մոջահեդ դիվերսանտների կողմից:
-Անցնենք առաջ. տպավորություն կա, որ «գունավոր հեղափոխություն» արտահանողների տրամաբանությունը վերջին տարիներին փոխվել է։ Եթե առաջներում փորձում էին անպայմանորեն «հեղափոխությունն» ավարտել, ապա այժմ ոչ լեգիտիմության խարան են փակցնում «անցանկալի» ղեկավարների ճակատին` նրանց վրա լիարժեք վերահսկողություն ունենալու համար: Ի՞նչ եք կարծում` դրսի ուժերը «կշարժե՞ն» նաև իրանյան ազգային փոքրամասնությունները` պայթյունը լիարժեք դարձնելու համար:
-Փորձեր արվելու են, բայց որևէ բան չի ստացվի:
-Ինչո՞ւ:
-Օրինակ, վերցնենք Արևմտյան և Արևելյան Ադրբեջանները, ասենք այսպես` թրքախոսներին: Ի դեպ, Մուսավին նույնպես թրքախոս է: Նա գնաց Թավրիզ` իր ծննդավայրը, խոսեց թուրքերեն, ասաց` ձեր զավակն եմ, եկել եմ տուն: Իսկ դրանից անմիջապես հետո տապալվեց այնտեղ. բնակչության մեծամասնությունն ընտրեց Ահմադինեժադին: Բանն այն է, որ իրանական փոքրամասնությունների մեջ բավականին ուժեղ է նստած ազգային գիտակցությունը. նրանք առաջին հերթին իրանցիներ, հետո միայն ազգային փոքրամասնություն են:
-Ի դեպ, Իրանը ներսից պայթեցնելու ամերիկյան հաջորդ «նոու հաուն» Իրանի գահընկեց շահի որդուն` Ռեզա Փեհլևիին, խաղի մեջ մտցնելն է։ Սցենարը շատ վաղուց է մշակվում, այդ կոմպոնենտն ինչպե՞ս կազդի իրավիճակի վրա:
-Գիտե՞ք, շահի որդին արդեն երեսուն տարի Իրանում չէ: Նա այսօր ԱՄՆ-ից իսկապես հայտարարում է, որ ինքը փողոցում կանգնած իրանցի ժողովրդի կողքին է, սակայն մինչ ընտրությունները հայտարարում էր, որ Մուսավին իրեն ամենևին չի հետաքրքրում, որովհետև նույն վարչակազմի ներկայացուցիչն է: Վերջին օրերին, ինչ-որ պահի, փողոցում եղողները սկսեցին վանկարկել` «Ռեզա, Ռեզա», բայց հետաքրքիրը գիտե՞ք որն է. դրսում գտնվող զանգվածի հիմնական պահանջը նախագահին հեռացնելն է, այնտեղ շատ քիչ մարդ կա, որ գոռում է` «Մա՛հ Խոմեյնիին», «ո՛չ իսլամական վարչակազմ»։ Նրանք չեն ուզում փոխել Խոմեյնիին, չեն ուզում տապալել իսլամական վարչակազմը և «վերադարձնել» շահին, քանի որ հասկանում են` այս վարչակազմը շատ ամուր է: Այն օրը, երբ սկսեն պայքարը վարչակազմից ազատվելու համար, վարչակազմը «կսեղմի» շատ դաժան ձևով, այդ իսկ պատճառով էլ պայքարողները սահմանագիծը չեն անցնում:
-Ի վերջո, ի՞նչ ավարտ կունենա այս ամենը, և այդ «ավարտն» ինչպե՞ս կանդրադառնա ընդհանուր տարածաշրջանի և Հայաստանի վրա:
-Պետք է արձանագրել, որ Ահմադինեժադը հիմա արդեն երկրորդ էշելոնի զինվոր է. վերջին շաբաթվա ընթացքում ինքն Իրանում այլևս գործոն չէ: Հիմնական գործոնը հոգևոր առաջնորդն է, պահապանների խորհուրդը: Բայց Ահմադինեժադն անպայմանորեն կհաղթահարի «երկրորդ էշելոնը», ես առավել քան համոզված եմ, և կմնա նախագահ` մոտակա 4 տարիների ընթացքում: Ներքաղաքական պայքարն Իրանում կմտնի ավելի անտեսանելի դաշտ, ուր կսկսեն ճնշել, խաղից հանել բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են Մուսավիին:
Այս զարգացումները Մերձավոր Արևելքի վրա շատ մեծ ազդեցություն չեն թողնի. Իրանն Իրաքում կմնա որպես հիմնական գործոն, խաղացող: Իրանը կունենա ակտիվ ներգրավվածություն աֆղանական գործընթացներում նույնպես:
Ինչ վերաբերում է մեզ, ապա Ահմադինեժադի նախագահության օրոք, համոզված եմ, Հայաստանի հետ իրանական կապերն է՛լ ավելի կզարգանան, որովհետև Մուսավին կողմնակից է Ամերիկայի հետ հարաբերությունների լավացման, և եթե լուրջ համագործակցություն ստեղծվի ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի միջև, եթե նրանց միջև հակամարտությունը թուլանա, ապա Իրանը ԱՄՆ-ի համար հետաքրքրություն ներկայացնող ռեգիոններում իր դիրքերն ամրապնդելու առումով սակավ շահագրգիռ կլինի:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2250

Մեկնաբանություններ