Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Երկօրյա գիտաժողով

Երկօրյա գիտաժողով
29.06.2024 | 21:59

Սույն թվականի հունիսի 18-19-ը Մոսկվայում կայացավ «ԱՊՀ անդամ երկրների համատեղ պատմության վիճելի հարցեր. ժամանակակից հայացքներ և մոտեցումներ» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Երկօրյա քննարկմանը մասնակցում էին գիտնականներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Համաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար Ալեքսանդր Չուբարյանը, ՌԴ կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մագիլևսկին, ՌԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից անդամ Միխայիլ Լիպկինը, ՌԴ հումանիտար համալսարանի նախագահ, ակադեմիկոս Էֆիմ Պիվովարը:

Ակադեմիկոս Չուբարյանը գիտաժողովի օրակարգում առանձնացրել էր առաջնային հարցեր. պատմության տեսական և մեթոդական խնդիրներ, Հայրենական մեծ պատերազմի պատմության համատեղ աշխատություն՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին և ԱՊՀ երկրների ընդհանուր պատմության որոշ հարցերի:

Գիտաժողովին Հայաստանից մասնակցում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, հայցորդ Աստղիկ Ղազարյանը, ՀՀ ԱԱ գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի պետ Վարդիթեր Գրիգորյանը և գիտատեղեկատվական աշխատանքների բաժնի գլխավոր արխիվագետ Եվգինե Մուրադյանը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս, Ա. Մելքոնյանը հանդես եկավ «Ռուսաստանի տեղն ու դերը հայ քաղաքական կուսակցությունների փաստաթղթերում 19-րդ դարի վերջին -20-ի սկիզբ» զեկուցումով։

Ադրբեջանցի պատմաբան, պ.գ.թ. Հաջի Հասանովը հակահայ իր ելույթն ամբողջապես ողողել էր կեղծիքներով՝ խեղաթյուրելով պատմական փաստերը: Վերջինս համարում էր Նախիջևանի, Երևանի և մյուս խանություններն ադրբեջանական տարածքներ, որոնք զավթվել էին ռուսների կողմից, ինչի պատճառով իբր տեղի չէր ունեցել միասնական Ադրբեջան պետության միավորումը:

Գիտաժողովի երկրորդ նիստի նախագահող Ա. Մելքոնյանն ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հասանովի զեկույցին և նշեց որ ադրբեջանական կեղծարարությունն ընդգրկել է Հյուսիսային Կովկասը, Թուրքմենիան, Իրանը, Հայաստանը, վերջերս՝ նաև Վրաստանը: Նա առաջարկեց գեթ մեկ փաստաթուղթ վկայակոչել, որում XIX դարի սկզբի վերաբերյալ կարելի է գտնել «Հյուսիսային Ադրբեջան» բառակապակցությունը: Հանրահայտ է, որ այն՝ իրական Ատրպատական- Ադրբեջանը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում և կապ չունի ներկա Ադրբեջանի հետ: Ա. Մելքոնյանն ընգծեց, որ Ադրբեջանում պետական մակարդակով, առաջին դեմքի՝ նախագահի շուրթերից հնչում է կեղծիք, թե Հայաստան առհասարակ չի եղել: Ստացվում է հայերը հայրենիք չեն ունեցել և ապրել են «օդապարիկի» վրա, որտեղից ռուսները հայերին իջեցրել են «ադրբեջանական» հողերի՝ Երևանի և Նախիջևանի վրա և այնտեղ ստեղծել Հայաստան երկիրը:

Ադրբեջանցի կեղծարարները յուրացրել են թուրքմենական կոյունլու պետական կազմավորումների, իրանական տոհմերի՝ Սեֆյանների, Ավշարների, Կաջարների պատմությունը: Նրանք աղվան-ադրբեջանցի են համարում արցախահայերին՝ իբր որպես աղվանների: Վերջերս էլ «ադրբեջանցի» են հռչակել վրացիներին: Վրացական ուղղափառ նշանավոր Դավիթ Գարեջի վանական համալիրը հռչակվել է աղվանական-ադրբեջանական:

Նման կեղծարարությունն անթույլատրելի է: Սա գիտության հետ որևէ կապ չունի:

Հասանովը փորձեց առարկել. ի պատասխան Մելքոնյանի այն հարցադրման, թե ինչո՞ւ Ռուսաստանի՝ Նախիջևանի և Երևանի խանությունների միացումից հետո այդ վարչամիավորումներից ձևավորվեց Հայկական մարզը, այլ ոչ թե «Ադրբեջանական մարզը»: Հասկանալի է, որ այդ ժամանակ՝ XIX դարում Արևելյան Անդրկովկասում Ադրբեջան գոյություն չուներ:

Հասանովը պատասխանեց, որ XIX դարում «ձևականորեն» (формально) Ադրբեջան կար, իսկ 1918 թ. մայիսին 28-ին այն պաշտոնապես հռչակվեց:

Ինչ վերաբերվում էր Արցախին՝ Մելքոնյանը նշեց, որ 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական ներխուժման հետևանքով արցախահայությունը հայրենազրկվեց իր պատմական հայրենիքից:

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ