ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Տիգրան Առաքելյանը հնարավոր է շուտով ազատ արձակվի

Տիգրան Առաքելյանը հնարավոր է շուտով ազատ արձակվի
08.05.2013 | 19:32

ՀՀ վճռաբեկ դատարանը այսօր որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի փաստաբանների բողոքը, բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործը հետ ուղարկել վերաքննիչ դատարան` նոր քննության:
Վերջապես երկարատև դատական պրոցեսի վերջում մի փոքրիկ լույս բացվեց: Եթե վերաքննիչ դատարանը նոր քննության արդյունքում արդարացման վճիռ կայացնի, ոչ միայն Տիգրան Առաքելյանը կհայտնվի ազատության մեջ, այլև մյուս երեք տղաներին ազատազրկում չի սպառնա:
Ամեն ինչ սկսվել էր 2011-ի օգոստոսի 9-ին: Դա ՀԱԿ-իշխանություն արդեն սկսված երկխոսության օրերին էր, երբ կողմերը մեկ-երկու անգամ հանդիպել ու քննարկել էին ՀԱԿ դաշինքի առաջադրած պահանջները, բայց դեռևս ընդհանուր հայտարարի չէին եկել որևէ հարցի շուրջ: Տղաների ձերբակալմամբ այդ երկխոսությունը ՀՀ պատմության մեջ մնաց իբրև մի չկայացած փորձ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը բանակցությունների են գնում ոչ թե ընդհատակային կամ անդրկուլիսային դաշտում, այլ բաց ու հրապարակավ: Արդյունքում` Տիգրան Առաքելյանը ազատազրկվեց, և փաստաբանների մի քանի միջնորդություններ` ՀԱԿ ակտիվիստների արդարացման և Տիգրանի կողմից դատավարությանը ազատության մեջ հետևելու վերաբերյալ չբավարարվեցին: Տիգրան Առաքելյանը 1 տարի 10 ամիս անազատության մեջ է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումը տրամաբանական է համարում:
-Նորմալ եմ գնահատում: Դա նշանակում է՝ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է, և պետք է նորից քննություն իրականացնել:
-Իսկ տարակուսելի չէ՞, որ մոտ երկու տարի Տիգրանը գտնվում է բանտում, և երկարատեւ դատական պրոցեսից հետո միայն նման որոշում է կայացվում:
-Ի սկզբանե այդ գործը, միանշանակ, լրիվ անհիմն էր: Դա քաղաքական հետապնդում էր, և Տիգրան Առաքելյանին պատանդ էին պահում: Հիմա, քանի որ պատանդ պահելու անհրաժեշտություն արդեն չկա, դրա նշանակությունը վերացել է, քաղաքական որոշում է կայացվել, որպեսզի պատանդին ազատ արձակեն:
-Քաղաքական պատանդ պահելու նշանակություն ասելով, արդյո՞ք նկատի ունեք նախագահական և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները:
-Բնականաբար: Արդեն ի՞նչ իմաստ ունի ՀԱԿ-ի դեմ պատանդ պահելը:
-Այսինքն, համարում եք, որ ՀԱԿ-ն այլևս վտանգ չի՞ ներկայացնում իշխանության համար:
-Ես չեմ համարում, ընտրության արդյունքներն ու քաղաքական պրոցեսներն են դրա մասին խոսում:

Հիշեցնենք, որ 2012-ի հուլիսի 20-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Պողոսյան) Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման, իսկ ՀԱԿ մյուս երեք ակտիվիստները դատապարտվեցին 2-3 տարվա ազատազրկման: Շատ իրավապաշտպաններ Տիգրան Առաքելյանին համարեցին քաղբանտարկյալ, իսկ դատարանի որոշումը` քաղաքական որոշում: 2012-ի ԱՄՆ Պետդեպի մարդու իրավունքների զեկույցի` Հայաստանին վերաբերող «Քաղբանտարկյալներ և քաղաքական պատճառներով կալանավորվածներ» բաժնում հիշատակվում է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ դատարանի կայացրած որոշումը: Զեկույցի հեղինակները նշել են Հայաստանի իրավապաշտպանների կարծիքներն այն մասին, որ «ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ դատարանի վճիռը չափազանց խիստ է և քաղաքական դրդապատճառներ ունի»: Դատապարտված ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը այսօր կայքերից մեկին տված հարցազրույցում վճռաբեկի որոշումը գնահատել է իբրև «ծիծաղելի որոշում»: Սարգիսը նկատի է ունեցել, որ եթե վճռաբեկ դատարանը սխալ էր համարում վերաքննիչի կայացրած որոշումը, պետք է արդարացման վճիռ կայացներ: Այս մասին ՀԱԿ-ի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ. «Մինչեւ վճռաբեկ դատարանի ամբողջական որոշումը չունենանք, չենք կարող մեկնաբանել»:
ՀԱԿ ակտիվիստներին ազատելու պահանջով յուրաքանչյուր ուրբաթ ձմռան ցրտին ու ամառվա տապին տեղի ունեցող բողոքի ցույցերը բավականին կենդանի պահեցին հարցի կարևորությունը: Ու հիմա, թեկուզև մոտ երկու տարվա հեռվից, հույս կա, որ տղաները կարդարացվեն: Համենայնդեպս, վճռաբեկ դատարանի այսօրվա որոշումը, որի միայն եզրակացության հատվածն է ընթերցվել, թույլ է տալիս ենթադրելու, որ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանն ու Սարգիս Գևորգյանը շուտով կարող են արդարացվել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ