Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով»

«Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով»
18.01.2013 | 14:05

Ըստ միջազգային չափանիշների` հանգիստ շնչառության դեպքում առաջանում է 10 դբ աղմուկ, շշուկի դեպքում` 17 դեցիբել, թերթ թերթելը առաջացնում է 20 դբ աղմուկ, տան աղմուկը 40 դբ է, ծովափինը` 40 դբ: Միջին բարձրության խոսակցությունն առաջացնում է 50 դբ աղմուկ, բարձրը` 70: Աշխատող փոշեծծիչը 80 դբ աղմուկ է առաջացնում, մետրոյի գնացքը` 80, ռոք-խմբի համերգը` 100, ամպրոպի ճայթյունը` 110, ռեակտիվ շարժիչը` 110, զենքի կրակոցը` 120:
Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ պարզաբանումները բարձր ձայնի` մարդու և շրջապատի վրա ունեցած բացասական ազդեցության մասին են: Եվ ոչ միայն: Վնասակար սովորություններ, աղմուկ, սխալ սննդակարգ, անշարժություն, մի խոսքով, տեխնոդարն իր խնդիրներով:

«Օր օրի մեր քաղաքը զրկվում է ծառերից, կանաչ տարածքներից: Ավտոմեքենաներից, գործարաններից արտանետվում են վնասակար թափոններ: Չի պահպանվում էկոլոգիական, կենսաբանական ոչ մի նորմ: Այս ամենը խիստ անդրադառնում է մարդու շնչառական, սրտանոթային համակարգի վրա: Մարդն ինքն էլ է վնասում իր առողջությունը` ծխախոտով, թմրանյութերով, ալկոհոլով, վնասակար այլևայլ սովորություններով:
Նախ և առաջ, մեզանում չկա սնվելու կուլտուրա, և այդ ամենը սկսվում է հայկական խնջույքներից, երբ խորովածը հայտնվում է մրգի կողքին, ամեն ինչ միանգամից դրվում է սեղանին: ՈՒտում են տարբեր մսեր` խոզի, տավարի, հորթի, որից հետո համտեսում են ձուկ կամ թռչնի միս: Այնինչ, օրվա ընթացքում կարելի է օգտագործել մեկ տեսակի կենդանու միս: Փակ տարածքում աշխատում է օդորակիչը, մարդիկ ծխում են` թունավորելով և՛ իրենց, և՛ կողքիններին բառիս բուն իմաստով: Սրան գումարվում է բարձր երաժշտությունը, որ մոտավորապես 1000 հերց հաճախականություն ունի և 100 դեցիբելից ավելի ուժգնություն: Իսկ դահլիճներում չկան ակուստիկ սարքավորումներ:
Եթե աղմուկը գերազանցում է 140 դեցիբելը, մարդը կոնտուզիա է ստանում, 160-ի դեպքում` մեռնում: Շատ երգիչներ իրենց ձայնային վատ տվյալները քողարկում են բարձր երաժշտությամբ, մարդիկ էլ ռիթմով թռչկոտում են:
Մեր խնջույքները, հարսանիքները ես համարում եմ հակաառողջական հավաքներ: Նման արարողություններից հետո երեքից հինգ օր մարդն ուշքի չի գալիս: Նյարդային համակարգի կամ շնչառական օրգանների խնդիրներ ունեցող մարդիկ շուտ լքում են խնջույքի վայրը, աղմուկից և ծանր օդից ունենում են գլխապտույտ, սրտխառնոց, հիպերտոնիկ սրացում, հավասարակշռության կորուստ:
Հայտնի է, որ դելֆինները, կետերը ինքնասպան են լինում: Ըստ գիտական ուսումնասիրությունների` ծովի ընդերքում կատարվող պայթյունները, սուզանավերի շարժիչների առաջացրած ձայնային բարձր հաճախականությունը նրանց խլության պատճառ են դառնում, և նրանք, կորցնելով հավասարակշռությունը, դուրս են նետվում ջրից: Թռչունները թռչում-հեռանում են բարձր ձայնից: Մարդիկ, եթե չեն խուսափում աղմուկից, վնասում են առողջությունը: Ովքեր որոշում են հաճույք ստանալ բարձր երաժշտությունից կամ մշտապես աշխատում են աղմուկի տակ, տուժում է նրանց լսողությունը, առաջանում են նյարդային համակարգի տարբեր տեսակի շեղումներ` քրոնիկ գլխացավ, գլխապտույտ, աղմուկ ականջներում, որոնք բժշկելու տեսակետից գրեթե անլուծելի են:
Ճապոնիայում, օրինակ, բարձր ազդանշանի համար տուգանում են: Մեր քաղաքում աղմուկն ամենուր է և պետականորեն չի վերահսկվում: Ռեստորանային աղմուկը խանգարում է մարդկանց քնին, գիշերվա անդորրը կարող են խախտել մեքենայից հնչող գռեհկության աստիճանի բարձր երաժշտությունը, թափառող շների հաչոցները, գզվռտոցը: Պայթուցիկների, տեղին-անտեղի արվող հրավառությունների ձայնից երեխաները քնած տեղից վեր են թռչում, վախից նյարդային դասի տարբեր հիվանդություններ ձեռք բերում:
Այսօր մոդայիկ է ականջակալներով երաժշտություն լսելը, հեռախոսով խոսելը, սակայն ականջակալից հնչող երաժշտության թրթռոցը ճնշում է թմբկաթաղանթը, ինչը բացասաբար է ազդում լսողական ապարատի վրա:
Օրինակ, մեքենան վարելիս էլ չի թույլատրվում հեռախոսն ականջին խոսել, բայց ականջակալով թույլատրվում է: Երբեմն անառողջ ապրելակերպն ուղղակիորեն կապված է աշխատանքի բնույթի հետ: Մենք փորձում ենք բուժական մեթոդներով գոնե մեղմել այն չարիքները, ինչի առաջ կանգնած է մարդը (երկար ժամանակ մեքենայի ղեկի առաջ նստելը, համակարգչի մոտ աշխատելը, ոտքի վրա կանգնած աշխատելը, հաստոցի դեմ կանգնած նույն շարժումն անելը և այլն):
Օրինակ, համակարգչի առաջ երկար աշխատելիս պետք է 40 րոպեն մեկ ընդմիջում անել, ուղիղ կանգնել պատի մոտ, քայլել, շնչառական և ողնաշարն ուղղող վարժություններ անել:
Գիտատեխնիկական առաջընթացն առաջ է բերում շարժումների սահմանափակություն (հիպոդինամիա): Ամբողջ աշխարհի բնակչությունը կանգնած է այս պրոբլեմի առաջ:
Ակադեմիկոս Ամոսովն իր «Օրը 100 շարժում» գրքում նշում է, որ ինքը օրը 100 շարժում է կատարում և առաջարկում է իր մեթոդիկան: Հարկ է նշել, որ նա ժամեր ձգվող սրտի վիրահատություն էր անում 75 տարեկանում, և ձեռքերը չէին դողում: Մարդկանց 95 տոկոսը արթնանում է, հագնվում և դուրս գալիս տնից: Ես այցելուներ ունեմ, որ օրվա մեջ կատարում են 100-150 քայլ: Նույնիսկ կենդանական աշխարհում շարժումների բազմազանությունը անհրաժեշտություն է: Օրինակ, կատուն արթնանալուց հետո բնազդաբար կատարում է 50-70 շարժում, որ կարողանա ամբողջ օրվա շարժողական ռեժիմը պահպանել:
Մարդն ապրում է իրեն ի վերուստ տրված կյանքի կեսից քիչ: Ճապոնացիների համոզմամբ` մարդը քիչ է ապրում իր տգիտության պատճառով: Պետք է սովորել մարմինը վարելու արվեստը»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ