ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ճգնաժամի պարագայում ամենամեծ պատվիրատուն պետք է դառնա պետությունը»

«Ճգնաժամի պարագայում ամենամեծ պատվիրատուն պետք է դառնա պետությունը»
14.04.2009 | 00:00

«ԱՅՍ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ԾԱԳԵԼ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Ձեր բնորոշմամբ` ի՞նչ է ֆինանսատնտեսական ճգնաժամը:
-Ֆինանսատնտեսական ճգնաժամը, որ այսօր ընդգրկել է ամբողջ աշխարհը, աննախադեպ երևույթ է, շատերը համեմատում են 20-րդ դարի 30-ական թթ. ճգնաժամի հետ, սակայն այս ճգնաժամն ունի այլ դրսևորում և շատ ավելի խոր է: Շատ վերլուծաբաններ այժմ հանգում են այն եզրակացության, որ ֆինանսական համակարգի ազատության մեծ աստիճանը և պետական կարգավորման անբավարար մակարդակն այդ բնագավառում կարող էին բերել իսկապես շատ մեծ ցնցումների ոչ միայն ֆինանսական, այլև տնտեսական ու սոցիալական ոլորտներում: Այս առումով գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին դասերից մեկն այն է, որ պետության կարգավորիչ դերը ֆինանսական շուկաներում ավելի մեծ պետք է լինի:
-Վերլուծաբանները նաև տարբեր անուններ են տալիս ճգնաժամին` V, W... Եթե ճգնաժամը տնտեսության զարգացման որոշակի կետում դադարն է, ապա անկումը, որից որոշ ժամանակ հետո սկսվում է վերելքը, և եթե ճգնաժամին պայմանականորեն լատիներեն V տառի անվանումն ենք տվել, հիմա թերևս ամենաստորին կետում ենք, ինչ-որ ժամանակից սկսելո՞ւ ենք բարձրանալ, կա՞ նման աղոտ հույս...
-Ճգնաժամին վերաբերող կանխատեսումների ողջ պատկերը շատ բարդ է։ Վերջին երեք ամիսների ընթացքում միջազգային ֆինանսական կարևոր նշանակություն ունեցող կառույցները` Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը մի քանի անգամ փոխեցին համաշխարհային ֆինանսատնտեսական զարգացման իրենց կանխատեսումները, սակայն բոլորը կանխատեսում են, որ 2009-ի երրորդ եռամսյակը կլինի ճգնաժամի բարձրակետը և չորրորդ եռամսյակից սկսած այլևս ավելի վատ չի լինի: Այնուամենայնիվ, տնտեսության վերականգնումը նույնքան արագ չի կատարվի, որքան արագ գահավիժումն էր: Ուղղակի կարելի է ասել, որ լույսը թունելի վերջում երևում է: Ես կարծում եմ` այս գնահատականն իրատեսական է: Խոսքը, բնականաբար, համաշխարհային տնտեսության մասին է, յուրաքանչյուր երկիր կունենա ճգնաժամից դուրս գալու իր առանձնահատկությունները:
-Երկար ժամանակ մենք խոսում էինք գլոբալ ճգնաժամից, որ հեռվում էր, միլիարդատերերը միլիոնատեր էին դառնում, ինքնասպան էին լինում, ձեռնարկություններ էին փակվում, գործազուրկները փողոց էին դուրս գալիս, դոլարի գինն էր ընկնում, բորսաներն էին փլուզվում, իսկ մենք մեր երկրում կարծես ապակու տակ էինք` հուսալի պաշտպանված, կարծես տնտեսություն չունեինք ու տնտեսական ոչինչ, անգամ ճգնաժամը մեզ չէր վերաբերում... Ամիսներ առաջ վարչապետն ասում էր` այդ մասին չխոսենք, որ խուճապ չտարածենք։ 2009-ի մարտից ճգնաժամը Հայաստանում արդեն հաստատել է իր ներկայությունը: Իբրև օրենսդիր մարմին, ԱԺ-ն ի՞նչ է անում երկրի շարքային քաղաքացուն ճգնաժամից պաշտպանելու համար:
-Դուք նշեցիք` մարտից ճգնաժամը հաստատեց իր ներկայությունը Հայաստանում, համաձայնեք, որ ճգնաժամը մոլեգնում էր ամբողջ աշխարհում, կործանում էր շատ երկրների բանկային համակարգեր` ձեռնունայն թողնելով ավանդատուներին դեռ մարտից ամիսներ առաջ: Դա ճգնաժամի ֆինանսական փուլն էր. մի շարք օբյեկտիվ պատճառներով և ճիշտ քաղաքականության արդյունքում մեր շարքային քաղաքացին և ողջ բանկային համակարգը զերծ մնացին ճգնաժամի ֆինանսական փուլի էական բացասական ազդեցություններից: Ակնհայտ է, որ ֆինանսական համակարգի նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ գործոններով: Ֆինանսական համակարգի նկատմամբ չարդարացված նեգատիվ սպասումների բացասական դրսևորումներից խուսափելու համար էր վարչապետն ասում, որ անթույլատրելի է խուճապ սերմանելը: Արդեն կար Արևելյան Եվրոպայի ֆինանսական ճգնաժամի փորձը, որի պատճառների շարքում մասնագետները միանշանակ նշում էին հասարակության մեջ չարդարացված նեգատիվ սպասումները: Ճգնաժամի ֆինանսական փուլի անցնցում հաղթահարման օբյեկտիվ պատճառների շարքում պետք է նշել Կենտրոնական բանկի կողմից բանկային համակարգի արդյունավետ վերահսկողությունը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի թերզարգացած վիճակը: Այնուամենայնիվ, Հայաստանը, երբ մարտից սկսած վերադարձավ դոլարի նկատմամբ դրամի լողացող կուրսի քաղաքականությանը, ունեցավ դրամի արժեզրկում շուրջ 20 տոկոսով, ինչը թանկացումներ առաջացրեց շուկայում:
-Ճի՞շտ եք համարում գարունը «լողալով» սկսելը:
-Այո՛, ակնհայտ է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությունը երկարաժամկետ առումով այլընտրանք չունի: Միակ հարցը, որ կարող է առաջանալ այստեղ` հետևյալն է. ճի՞շտ էր արդյոք 4-5 ամիս հեռանալ փոխարժեքի լողացող քաղաքականությունից: Կարծում եմ` ճիշտ էր, և ահա թե ինչու: Եթե դրամի արժեզրկումը սկսվեր անցյալ տարվա վերջին, մեր շատ համաքաղաքացիներ կգրոհեին բանկերը` զանգվածաբար պահանջելով իրենց դրամային ավանդները: Որևէ բանկ ի վիճակի չէ միաժամանակ վերադարձնելու իր բոլոր ավանդատուների գումարները, և բանկային համակարգը կհայտնվեր կաթվածային իրավիճակում: Արդյունքում կառաջանար բանկային համակարգի նկատմամբ խիստ անվստահություն ոչ միայն ավանդատուների, այլև տնտեսության ռեալ հատվածի կողմից, ինչը կբերեր ճգնաժամի տնտեսական փուլի ավելի ծանր ընթացքի: Ֆինանսական հատվածի այդ ճգնաժամը հաղթահարելու համար մեծ ժամանակ և ահռելի քանակի դրամական միջոցներ կպահանջվեին: Ի դեպ, այդպես եղավ մի շարք երկրներում: Այդ 4-5 ամիսների ընթացքում բանկերի սեփականատերերն ավելացրին բանկերում իրենց ներդրումները, որպեսզի կարողանան բավարարել բոլոր ավանդատուների պահանջները: Լողացող փոխարժեքի քաղաքականությանը 4-5 ամիս հետո վերադառնալը նպաստավոր էր նաև մեր քաղաքացիների համար:
-Դուք այդպե՞ս եք կարծում:
-Այո, նախորդ տարին մենք ավարտեցինք ընդամենը 5,2 տոկոս գնաճով (ի դեպ, ԱՊՀ մյուս երկրներում նախորդ տարվա գնաճի նվազագույն ցուցանիշը 10 տոկոս էր)։ Եթե մենք դրամի արժեզրումը սկսեինք նախորդ տարվա վերջից, ապա գնաճը մեզանում կլիներ շատ ավելի բարձր, ինչից առաջին հերթին կտուժեին հանրության ամենաանապահով խավերը, իսկ մարտի սկզբին Հայաստանում առկա էր ոչ թե գնաճ, այլ 0,7 տոկոս գնանկում, ինչը թույլատրեց մեղմել դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճային ճնշումները: Այս առումով ևս մարտի սկզբին լողացող կուրսին վերադառնալը արդարացված եմ համարում:
-Օրենսդրական դաշտն ինչպե՞ս է արձագանքում ճգնաժամին. չկա՞ փոփոխությունների կամ նոր օրենքների ընդունման անհրաժեշտություն:
-Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը միայն օրենսդրական փոփոխություններով չէ, որ մասնակցում են ճգնաժամի հաղթահարմանը: Վերջերս տեղի ունեցան խորհրդարանական ուժերի հանդիպումները վարչապետի հետ, որտեղ քննարկումներ ծավալվեցին ճգնաժամի հաղթահարման արդյունավետ ճանապարհների վերաբերյալ: Ինչ վերաբերվում է օրենսդրությանը, վերջերս ներքին արտադրողին օժանդակելու նպատակով փոփոխություններ կատարվեցին ավելացված արժեքի հարկի և շահութահարկի մասին օրենքներում: Ընդունվեց նաև օրենք, համաձայն որի` այս տարի չի ընդունվելու միջնաժամկետ ծախսային ծրագիր: Սա պայմանավորված է նրանով, որ գործնականում չափազանց բարդ է կանխատեսել առաջիկա երեք տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, և այդ միջնաժամկետ ծրագրի առկայությունը որևէ կերպ չի կարող օգտակար լինել օրենսդիրին կամ գործադիրին` եկող տարվա բյուջեի ծրագրավորման իմաստով, և չի կարող օգտակար լինել նաև հանրությանը` այդ գործընթացը վերահսկելու առումով:
-Դուք կարևորեցիք նեգատիվ սպասումները չշահարկելը, այնուամենայնիվ, մարդուն պիտի բացատրվի` ի՞նչ է ճգնաժամը, քանի՞ փուլ ունի, ինչպե՞ս է սկսվում, ե՞րբ է հաղթահարվում, ի՞նչ վտանգներ են սպառնում հասարակությանն ու իրեն, ինչպե՞ս պաշտպանվել այդ սպառնալիքներից: Հասարակությունը պիտի տեղյակ լինի` իրեն ի՞նչ է սպասում, դա նաև լրատվամիջոցների խնդիրն է, բայց նախ և առաջ պետության` իր տարբեր ինստիտուտների միջոցով, ինչը չի արվում նեգատիվ սպասումները մեղմելու կամ կանխելու համար:
-2009-ին պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանում վարչապետը ներկայացրեց այն հիմնական ուղղությունները, որոնցով երկիրը պետք է կարողանա հաղթահարել ճգնաժամը: Պարբերաբար հանրապետության նախագահը և վարչապետն իրենց ելույթներում անդրադառնում են կառավարության կողմից ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Արդեն իսկ կառավարությունն իրականացրել է միջոցառումներ. առաջին 3 եռամսյակներից չորրորդ են տեղափոխվել սոցիալական ուղղվածության հոդվածների հետ կապ չունեցող ծախսային հոդվածները, մեր ծախսային հոդվածները մենք իրականացնում ենք այն ծավալով, ինչ ծավալով կարողանում ենք բյուջեի հավաքագրումները կատարել: Սոցիալական ուղղվածության ծախսերը` թոշակները, նպաստները, չեն կրճատվելու, տրվելու են ճիշտ ժամանակին: Կրճատումներ կարող են լինել այն ոլորտներում, որոնց ազդեցությունը սոցիալական ուղղվածության ծրագրերին չի վերաբերում: Տնտեսությունը խրախուսելու համար մեր պետությունը դիմում է աննախադեպ քայլերի` մասնավորապես պետական երաշխիքներ են տրվում որոշակի ձեռնարկությունների, հատկապես համակարգաստեղծ, որոնք հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում: Օրինակ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տրվող ֆինանսական աջակցությունը, որ կարողանա իրականացնել իր ծրագրերը, իսկ եթե աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, աշխատատեղերով ապահովում է ոչ միայն իր աշխատակիցներին, այլև հարակից մի շարք ձեռնարկությունների: Կառավարությունը 20 միլիարդ դրամ է հատկացրել շինարարության ոլորտին, որպեսզի 75 և ավելի տոկոս պատրաստություն ունեցող շենքերն ավարտին հասցվեն, իսկ դա իր հերթին կհանգեցնի աշխատատեղերի ավելացման: Միաժամանակ պետությունն աղետի գոտում իրականացնում է լայնամասշտաբ բնակարանային շինարարություն, իրականացվում են ծրագրեր` Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, խմելու և ոռոգման ջրի համակարգերի զարգացման հետ կապված: Ճգնաժամի պարագայում ամենամեծ պատվիրատուն պետք է դառնա պետությունը, որ կարողանա պետական բյուջեի պատվերներով նպաստավոր պայմաններ ստեղծել տնտեսության աշխուժացման և տնտեսական աճի համար: Քայլեր իրականացվում են փոքր ու միջին բիզնեսի, ներմուծումը փոխարինող և արտահանմանը միտված ձեռնարկությունների խրախուսման առումով:
-Ճգնաժամի հայտանիշներից մեկը գնողունակության անկումն է. ապրանքների և ծառայությունների գները բարձրանում են, աշխատավարձը, նպաստները, թոշակները չեն փոխվում։ Ինչպե՞ս ենք ճգնաժամը հաղթահարելու երաշխիքներ ստեղծում, եթե ուղղակի փող չունենք:
-Ճիշտ չի լինի, եթե իրավիճակը դիտարկենք միայն 2009 թվականի կտրվածքով: Վերջին 2 տարիների ընթացքում թոշակներն ու նպաստները առավել քան 60 տոկոսով բարձրացել են: Զգալիորեն բարձրացել են նաև աշխատավարձերը: Միաժամանակ ոչ ոք չի կարող պնդել, որ ճգնաժամը ծանր իրավիճակի առջև չի կանգնեցրել մեր հանրության մի զգալի մասին:
-Բայց մարդիկ ստացել ու ծախսել են, հազիվ թե այդ գումարներից կուտակումներ են արվել:
-Իհարկե, չեն կուտակել, 2 տարի առաջ նրանք ստանում էին ավելի քիչ և այն ժամանակվա գներով ապրում էին: Նրանց եկամուտների և գների աճն անհամեմատելի է` եկամուտների աճը շատ ավելի մեծ է եղել գների աճից: Վերջին 2 տարում աշխատավարձի աճի տեմպը ևս գերազանցում է գների աճի տեմպին: Բայց, իհարկե, տարին ճգնաժամային է և դրանով շատ բան է ասված: ՈՒղղակի իշխանությունները պարտավոր են անել հնարավոր ամեն բան նրա հետևանքները մեղմելու համար:
-Մեր երկիրը ֆինանսական մեծ կախում ունի արտերկրից ստացվող գումարներից, բայց ճգնաժամի պատճառով, մասնավորապես Ռուսաստանից ու ԱՊՀ երկրներից, մեծ մասամբ արդեն ոչ թե գումարներ են գալիս, այլ գումար ուղարկողները` նաև գործազուրկների թիվը համալրելով:
-Այո՛, ճգնաժամը գլոբալ է և այս տարի ավելի քիչ թվով մարդիկ կկարողանան աշխատանք գտնել արտերկրում: Հետևաբար, ավելի փոքր կլինեն նաև արտերկրից իրենց հարազատներին ուղարկվող տրանսֆերտները, կավելանա գործազուրկների քանակը: Կառավարության նախատեսած փոքր ու միջին բիզնեսի խրախուսման ծրագրերը, աղետի գոտում շինարարական աշխատանքների ծավալումը, շինարարությանը 20 միլիարդ դրամի երաշխիքային գումարի տրամադրումը և մի քանի այլ ծրագրեր միտված են նոր աշխատատեղերի ստեղծմանը և նշված խնդիրների մեղմմանը:
-Շատ հաճախ հնչում է, որ մեր բանկերը կապիտալիզացված են և նրանց սնանկացում չի սպառնում, ի՞նչ է դա նշանակում:
-Եթե բանկը ձեզ տվել է վարկեր, որոնց վերադարձելիությունը կասկածի տակ է, դա վտանգներ է ստեղծում այն մարդկանց համար, ովքեր բանկին ավանդներ են հանձնել: Մեր բանկերում վարկերի վերադարձելիության մակարդակը բավականին բարձր է, որովհետև մեր բանկերը ռիսկային վարկեր չեն տրամադրում: Սա շատ լավ է, որովհետև ավանդատուները կարող են երաշխավորված լինել իրենց ավանդները վերադարձնելու մեջ, սակայն քանի որ հիմա տնտեսության մեջ բավականին լուրջ պրոբլեմներ կան, բանկերը վարկեր տալիս ստիպված են հազար անգամ մտածել, հետո որոշում կայացնել: Բանկերում կան գումարներ, բայց վարկերը տրվում են մեծ դժվարությամբ ու բարձր տոկոսներով, որպեսզի հնարավոր լինի չեզոքացնել վարկերը չվերադարձնելու հետ կապված ռիսկերը: Իսկ այդպիսի ռիսկեր, ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում, իհարկե կան: Պետական երաշխիքները այս խնդրի լուծման իրական ճանապարհ են. պետությունը երաշխավորում է, որ բանկի տված վարկերը կվերադարձվեն, սա է թույլ տալիս, որ կախարդական անվստահության շրջանակը կտրվի: Բանկային համակարգի ու ռեալ սեկտորի միջև պետությունը միջնորդի դեր է կատարում:
-Մեզ վարկեր պիտի տար Չինաստանը, նաև Ռուսաստանը` ըստ իրենց տնտեսության վիճակի։ Եթե այդ վարկերը ուշանան կամ չտրվեն, մենք մինչև տարեվերջ կձգե՞նք մեր հաշվին ապրելով:
-Իհարկե, մենք բավարար ռեսուրսներ ունենք և այդ ռեսուրսներով մեր խնդիրները կարգավորում ենք: Ե՛վ Համաշխարհային բանկից, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամից մենք ստացել ենք բավականին լուրջ միջոցներ, որոնցով պետք է կարողանանք ոչ բարենպաստ պայմաններում իրականացնել բյուջեով ծրագրված ծախսերը: Ռուսական վարկի հարցը կարգավորված է, հարցը միայն ժամկետն է, թե երբ ՌԴ Պետական դուման կհաստատի վարկային միջոցների ծրագիրը: Շատ երկրներ ճգնաժամի իրավիճակում դժվարանում են վարկեր ներգրավել` անբարենպաստ վարկային համբավ ունենալով, Հայաստանը այդպիսին չէ, մեր բյուջեն 1 տոկոսի դեֆիցիտ ունի ՀՆԱ-ի նկատմամբ, իսկ ԵՄ չափանիշներով 3 տոկոսանոց դեֆիցիտը դեռ թույլատրելի է: Այնպես որ, եթե Չինաստանը ևս վարկ տրամադրի, մենք միայն շնորհակալ կլինենք:
-Չե՞ք կարծում, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմքում բարոյական անկումն ու հասարակական արժեհամակարգի փլուզումն են, և մինչև չվերականգնվեն չափանիշները, լիովին չի հաղթահարվի ֆինանսատնտեսական ճգնաժամը:
-Այս ճգնաժամը Հայաստանում չի ծագել, բայց եթե այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը մենք չենք, դա դեռ չի նշանակում, որ մեր երկրում բարոյահոգեբանական առումով ամեն ինչ նորմալ է: Համոզված եմ, որ որոշակի սոցիալական խնդիրներ կարգավորելուց հետո մեր հասարակությունը կանդրադառնա իր մշակութային, հոգևոր կերպարին և բարեփոխումներ ու ճշգրտումներ կանի: Իհարկե, կա տեսակետ, որ առանց այդ ճշգրտումների հնարավոր չէ սոցիալական ոլորտի խնդիրները լուծել, թերևս, բայց ես կարծում եմ` սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն ամենաճիշտ ճանապարհն է Ձեր բարձրացրած հարցի լուծման համար: Երբ բնակչության մեծ մասը գտնվում է աղքատության գծից ներքև, այլ խնդիրների լուծումները դժվար է պատկերացնել: Վերջին տարիներին աղքատության նվազեցման զգալի քայլեր են կատարվել, եթե այս ճգնաժամը չլիներ, աղքատության հաղթահարման ընթացքը շատ ավելի առարկայական կլիներ:
-Ինձ թվում է, որ, ի վերջո, այս ճգնաժամը հարուստին հարստացնում է, աղքատին` աղքատացնում:
-Ոչ, չեմ կարծում, որ այդպես է: Բացարձակ չափերով հարուստներն ավելի շատ են կորցնում, քան աղքատները, ուղղակի աղքատի կորցրած 1 դրամը շատ ավելի է նրա համար, քան հարուստի կորցրած 1000 դրամը. խնդիրն այդ է:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ