ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ազատորդիներն ու հավատավոր հոտը

Ազատորդիներն ու հավատավոր հոտը
14.04.2009 | 00:00

ԶԱՏՎԵՑԻՆ ԶԱՏԿԻՆ
Նախորդ օրը, պատասխանելով մեր թերթի հարցին, թե ինչն է իրեն տանում սուրբ Սարգիս եկեղեցի՝ Ճրագալույցի պատարագին (հիշենք, որ Ճրագալույցին հիմնականում ներկա է լինում հավատավոր հոտը), Սերժ Սարգսյանն ասել էր՝ հավատը. «Եկեղեցուց ես դուրս եմ գալիս անչափ նորոգված»:
Եվ ուրեմն, ինչպես միշտ, Ճրագալույցին Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Գագիկ Բեգլարյանը հլու-հնազանդ սուրբ Սարգսում կանգնած էին պատարագի: Խաչ հանում, «Հայր-մերն» էին ոչ բարձրաձայն աղոթում, աչքները հառած սրբազանին՝ արքեպիսկոպոս Կճոյանին, սպասում էին վերջինիս գլխի հորդորին՝ երբ կանգնեն, երբ նստեն, ինչ անեն: Խիստ համբերատար: Նորմալ ընկերակցություն էր ժողովրդի, հավատավոր հոտի հետ, որն առաջին անգամ դժվարությամբ ու դժկամությամբ էր «ներս» թողել նրանց, հիմա «ընտելացել» էր:
Եկեղեցին այդ օրերին զուսպ շքեղությամբ զարդարված է լինում, շուրջ բոլորը թարմ ծաղիկներ, զվարթուն ճյուղեր են: Եվ ուրեմն, երբ քարոզն սկսվեց, Քրիստոսի հրաշափառ Հարության բարի լուրը տրվեց, դրանից հետո պատարագիչ քահանան ևս քարոզխոսեց և մեջբերում կատարեց Աստվածաշնչից, Ժողովողից՝ «Երանի քեզ երկիր, որ թագավորդ ազատի որդի է» (այո, փոքրատառով):
Ականջ ունեցողները ժպտացին, որովհետև իրականում Ժողովողի գլուխ 10-ի 17-րդ խոսքում գրված է. «Երանի քեզ երկիր, որ թագավորդ ազատորդի է»:
Համենայն դեպս, հետաքրքիր էր:
Շարունակությունն է՛լ ավելի հետաքրքիր էր։ Պատարագն ավարտվեց, և քահանայական ողջ դասը, հավատավոր ժողովրդին մենակ թողնելով եկեղեցում, թափոր կազմած՝ իշխանական դասին՝ ազատորդիներին, ուղեկցեց առաջնորդարան՝ տոնելու զատկական տոնը:
Ժողովուրդը մոտ քառասուն րոպե մնաց առանց հովվի, և որևէ մեկը քահանաներից չէր գալիս իր հոտին խոստովանեցնելու, հաղորդություն տալու (կարգն ամենասկզբում կատարվել էր, բայց քանի որ օրինաչափորեն պատարագից հետո է տեղի ունենում սուրբ հաղորդությունը, ժողովուրդը սպասում էր):
Քահանա չկար ու չկար:
Ողջ եկեղեցին լի էր հավատավորներով, երբեմն-երբեմն ինչ-որ մեկն ըմբոստանալու փորձեր էր անում, սակայն մնացյալները սաստում էին. «Սուրբ օր է, համբերեք. չի կարելի եկեղեցում ձայնը բարձրացնել, ոչինչ, սպասեք»... ՈՒ սպասում էին։ Հայտնի է, որ հավատավորները ողջ այդ օրը ծոմի մեջ են և միայն երեկոյան՝ հաղորդությունից հետո են դուրս գալիս քառասունիննօրյա պահքից:
Առաջնորդարանից հոգևոր երգի ու տոնակատարության մաղթանքներ էին լսվում: Ու չկար մեկը քահանայական դասից, որ իշխանական դասին զուգահեռ հոգար նաև եկեղեցում եղող հասարակ ժողովրդի «հոգսերը»:
Վերջապես եկավ պատարագիչ քահանան, ժողովուրդը ծնկեց խոստովանանքի, արագ-արագ խոստովանեցվեց (քահանան «վռազ» էր, ժամանակ չուներ), հաղորդություն առավ ու գնաց տոնելու աշխարհում ամենամեծ ու ամենաչքնաղ զատկական տոնը։
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2853

Մեկնաբանություններ