ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հայրենիքը պաշտպանելու համար պետք է ճանաչես այն

Հայրենիքը պաշտպանելու համար պետք է ճանաչես այն
23.02.2023 | 07:34

1-ին դասարան՝ պոնչիկանոց, «Հաղթանակ» զբոսայգի, «Մոսկվա» կինոթատրոն
2-րդ դասարան՝ Դսեղ, Թումանյանի տուն-թանգարան, բեսեդկա, խորոված
3-րդ դասարան՝ Օշական, Մաշտոցի գերեզման, բեսեդկա, խորոված
4-րդ դասարան՝ Աշտարակի ձոր, բեսեդկա, խորոված
5-րդ դասարան, 6, 7, 8, 9, և այսպես շարունակ։


Մեկ հայտնի մարդու տուն-թանգարան կամ գերեզման գնալով ու եզրափակիչ խորովածով է ավարտվում հայ աշակերտի էքսկուրսիան։ Այնինչ, հայրենաճանաչողությունը լրիվ այլ բան է։ Ասում ենք՝ զինվորը գնում է, որ հայրենիքը պաշտպանի։ Բայց մեզ հարց տալի՞ս ենք արդյոք՝ 18 տարեկան երիտասարդը որքանո՞վ է ճանաչում ու հասկանում հայրենիքը։ Հայրենիքը պաշտպանելու համար պետք է իմանաս՝ ինչ է հայրենիքը, իսկ դա հասկանալու համար, առաջին հերթին, դու պետք է ճանաչես այն։ Հայրենիքը ճանաչելու լավագույն ձևը, առաջին հերթին, շփումն է հայրենիքի հետ․ ասել է՝ լինել հայրենիքի ամեն մի անկյունում, հասկանալ ամեն մարզի մշակույթը, կոլորիտը, տեղանքը, օդը, ջուրը, մարդկանց։ Հայրենիքի մասին կարևոր և բազավորված տեղեկությունը հենց ինքը՝ հայրենիքն է տալիս։
Ունենք 12-ամյա կրթություն և 10 մարզ+Երևանը։ Ունենք նաև որոշակի չափով մեր վերահսկողության տակ գտնվող Արցախ։


Ի՞նչն է խանգարում մեր դպրոցների տնօրեններին կազմել էքսկուրսիաների պլան, որոնց ընթացքում առաջնային տեղ կգրավեն ոչ թե բեսեդկան, խորովածն ու վառած մի հատիկ մոմը եկեղեցում, այլ՝ արշավները ողջ հայրենիքով։ Դժվա՞ր է պայմանագիր կնքել ինչ-որ արշավային մասնագետի հետ, ով մեր ապագա զինվորներին ու մայրերին կծանոթացնի հայրենիքին (ցածր դասարաններին տանել համեմատաբար մոտիկ մարզեր ու տեղանքներ և, հասակ առնելուն զուգահեռ, կազմել ավելի հեռավոր արշավներ)։ Դա պետք է արվի նրա համար, որ մինչև բանակ գնալը լոռեցի զինվորը, Սյունիքում զինվորագրվելուց, իրեն անծանոթ հողի վրա չզգա առաջին իսկ օրվանից։ Գյումրեցի զինվորը Արարատի մարզը պետք է իմանա մինչև զինվորագրվելը։ Նա պետք է իմանա՝ ինչ կլիմա է այնտեղ, ինչ բուսականություն կա, ինչ կենդանատեսակներ, ինչ լանդշաֆտ և այլն, իսկ դա իմանալու մի ձև կա՝ նա պետք է այնտեղ եղած լինի, ուսումնասիրած ու հասկացած։ Այս ամենից բացի՝ արշավների ժամանակ են երիտասարդը և պատանին հասկանում հայրենիքի, նրա տված սիրո, գաղափարի բովանդակությունը։ Հայրենիքը անմիջականորեն ճանաչելուց հետո հայ դուստրը, մայր դառնալիս, չի մտածի՝ ինչ անել, որ տղան բանակում չծառայի։
Սա շատ կարևոր է մարդու անհատականության կազմավորման տեսանկյունից նաև։ Սովոր և վարժ լինելով արշավներին՝ մենք կձերբազատվենք 21-րդ դարի չարիք համարվող լոդրությունից, համակարգչի կախվածությունից և երեխաներին դեգրադացնող սիթքոմներից։ Մեր երեխաները փոքրուց կհասկանան բնության լեզուն և, համոզված եմ, կսիրեն բնությունը ողջ կյանքում։ Դրանից կկերտվի այն առողջ հոգեբանությունը, որի ահռելի պակասն ունենք մեր երկրում։


Ամեն գեղեցիկի, վսեմի հանդեպ ունեցած սիրուց է սկսվում մարդու կյանքը և ստանում որոշակի իմաստ։ Պատանեկան հասակում պետք է ներդրվի սերը, այս դեպքում՝ ֆիզիկական։ Ամեն թփի, քարի, գետի, անտառի ու առվակի կողքով անցնելիս կարելի է հասկանալ՝ ինչու դու պետք է սիրես քո հայրենին։ Դա ոչ մի գիրք, ոչ մի պատմություն, ոչ մի ուսուցիչ տալ չի կարող։ Էլ չհաշված, որ հենց այդ արշավների ընթացքում գործնականորեն մեր պատանիներն ու դուստրերը կսովորեն առաջին բուժօգնության կանոնները, քողարկվելու ձևերը, տեղանքում կողմնորոշվելը և այլ անչափ անհրաժեշտ այլ գիտելիքներ։
Տարվա մեջ երկու անգամ 2-3 օրով այսպիսի արշավները սկզբի համար լրիվ բավարար են, որպեսզի մեր սերունդը, ոգեղեն հայրենասիրությունից բացի, կատարի ֆիզիկական հայրենասիրության առաջին քայլերը։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 9436

Մեկնաբանություններ