Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ապակենտրոնացված համակարգը հասանելի ու մատչելի է նաև մարզերի երիտասարդներին

Ապակենտրոնացված համակարգը հասանելի ու մատչելի է նաև մարզերի երիտասարդներին
09.06.2009 | 00:00

ՄԻԱՍՆԱԿԱՆ-ԱՎԱՐՏԱԿԱՆ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում այս օրերին ընթանում են միասնական և պետական ավարտական քննություններ։ Դիմորդ-շրջանավարտներն արդեն քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» առարկաներից։ Այսօր հերթը «Մաթեմատիկա» առարկայինն է։
Միասնական քննությունների ընթացակարգը ենթադրում է, որ Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած քննական կենտրոնից կարելի է ընդունվել ցանկացած բուհի ամենահեղինակավոր ֆակուլտետ։ ՀՀ կրթության և գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ կարծում է, որ ապակենտրոնացված համակարգը հասանելի ու մատչելի է նաև մարզերի երիտասարդներին։ «Մյուս կողմից` համակարգը լրացուցիչ խնդիրներ է հարուցում, քանի որ մենք պարտավոր ենք նույնանման որակ ապահովել ամբողջ հանրապետությունում` քննական գործընթացի կազմակերպական և բովանդակային բաղադրիչում, որպեսզի ունենանք համասեռ պատկեր։ Մայրաքաղաքի և մարզերի քննությունների տարբերությունները չպետք է ազդեն օբյեկտիվության և արդարության վրա»,- ասաց նախարարը, հավելելով, թե ընդունելության քննությունների անցկացման գործընթացը տարեցտարի բարելավվում է, ներդրվում են նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են գործընթացն առավել թափանցիկ և օբյեկտիվ դարձնելուն:
Քննություն հանձնողներն իրենց գնահատականները կիմանան 5 օրվա ընթացքում, իսկ բողոքարկման համար գնահատականի հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում պետք է դիմում ներկայացնեն: Հարգելի պատճառներով քննությանը չներկայացած երեխաները լրացուցիչ քննություն կհանձնեն հուլիսին:
Միասնական քննությունների հաջորդ օրն իրենց դպրոցներում աշակերտները նույն առարկայից հանձնում են պետական ավարտական քննություններ։ Քննական նոր համակարգի շուրջ մեզ հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց նաև Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն ՄԱՐԻԵՏԱ ՄԱՏՂԱՇՅԱՆԸ, ում համար անընդունելի է այս քննակարգը։ «Թեստային համակարգը և գիտելիքը թեստով ստուգելը ես չեմ ընդունում։ Ես կնախընտրեի բանավոր քննությունները։ Կարծում եմ՝ բանավոր քննությունը հասունության ատեստատ ստանալու համար շատ անհրաժեշտ պայման է։ Թեստերի միջոցով քննություն հանձնելը մեխանիկական աշխատանք է և ոչ մի ընդհանուր բան չունի դպրոցում մեր դասավանդածի հետ։ Մենք բոլորովին այլ բան ենք սովորեցնում, ընդ որում, սովորեցնում ենք շատ լավ։ Մեր երեխաները շատ լավ են պատրաստված, բայց այդ լավ պատրաստված երեխան կարող է այս թեստերն այնքան էլ հաջող չգրել։ Բանավոր քննության ընթացքում շարունակվում է սովորեցնելու գործընթացը, ամենաթույլ աշակերտն անգամ քննության ընթացքում ինչ-որ բան հիշում, վերարտադրում է։ Մենք ունեցել ենք փառահեղ կրթական համակարգ, շատ լավ խորհրդային դպրոց և այդ լավից այսօր հրաժարվել ենք, իսկ թե ուր ենք գնում, չգիտեմ։ Բայց ես նաև լավատես եմ, քանի որ մեր երեխաներն այսօր զինված են բավականին լավ պաշարով, և թեստը չհաղթահարելը գիտելիքի հետ ոչ մի կապ չունի»։
Անդրադառնալով շրջանավարտ-դիմորդների նախասիրություններին՝ ասենք, որ այս տարի առավել շատ դիմորդներ ունի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որին հաջորդում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական և Երևանի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանները: Կան մասնագիտություններ, որոնց ընտրության դեպքում լուրջ մրցակցություն է սպասում դիմորդներին: Դրանք իրավագիտության, տնտեսագիտության և ատամնաբուժության ֆակուլտետներն են: Բավականին լուրջ մրցույթ է ակնկալվում նաև հայագիտական առարկաների, մասնավորապես` հայոց լեզվի և գրականության, հայոց պատմության քննությունների ժամանակ: Այս տարի դիմորդների շրջանում նկատելի հետաքրքրություն կա նաև նորարարական մասնագիտությունների, օրինակ` քարտեզագրության և կադաստրային գործի նկատմամբ:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3263

Մեկնաբանություններ