Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մարտնչող տգիտության ջահակիրները

Մարտնչող տգիտության ջահակիրները
07.02.2022 | 16:14

Իմ կյանքի ընթացքում երբեք չեմ հաշվել այլոց գրպանների պարունակությունը, առավել ևս, փորձել ուղղորդելու, թե տվյալ անձն իր վաստակը որտեղ և ինչպես ծախսի: Դա զուտ անձնական գործ է, և նման մոտեցումը համարում եմ պարապ և անպարկեշտ մարդկանց զբաղմունք, առավել ևս, երբ դա վերածվում է հանրային քննարկման ու բամբասանքի. սեփական ցանկությունները այլոց վզին փաթաթելու, ինքնակոչ գիտակների մտավարժանքի սադրիչ նյութ:

Չէի անդրադառնա Հիսուսի արձանը կանգնեցնելու խնդրին, եթե այսչափ չչարչրկվեր թեման, որը թվում է, թե պետք է գտնվի սոսկ նախաձեռնողի և համապատասխան օղակների իրավասության շրջանակում: Անձամբ ծանոթ չեմ մտահղացման հեղինակին և բնավ չեմ կարծում, թե նա կարիք ունի, որ որևէ մեկը ստանձնի իր պաշտպանի դերը:

Վստահ եմ, որ նա դրա կարիքը չունի, և ամենևին խոսքս նրա մասին չէ, այլ այն մոլեռանդ մարտնչող տգիտության, որի ջահակիրները փորձում են դատողություններ կատարել Հիսուսի արձանի շուրջ: Անկեղծ ասած, տարակուսելի է, երբ ոմանք ժխտում են քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած երկրում Հիսուսի արձանի կանգնեցման գաղափարը: Կասկածում եմ թե՛ նրանց քրիստոնյա լինելուն, թե՛ անկեղծությանը:

Օրինակ, ինձ և իմ շրջապատում շատերին հետաքրքրեց և դուր եկավ գաղափարը: Մարդը կառուցում է, հո չի՞ քանդում, որ լուռ հանդուրժեք: Մյուսները խորհուրդ են տալիս գործարարին ներդրում կատարել այս կամ այն ոլորտում՝ այսինչ բանը կառուցել կամ վերանորոգել, այնինչ բանը գնել... Բայց, ներեցեք, ձեր ի՞նչ գործն է, թե մարդն իր գումարներն ինչ նպատակի կծառայեցնի, ինչո՞ւ պետք է առաջնորդվի սրա-նրա ճաշակով և խորհրդով կամ, որ զավեշտալի է, մի ամբողջ գերատեսչության փոխարեն գնումներ կատարի, եթե դրա համար գոյություն ունի պետություն, իսկ գործարարն իր նպատակը հայտնել է պարզ, հստակ և որոշակի: Եթե չեմ սխալվում, վերոհիշյալ գործարարը բավականաչափ ներդրումներ կատարել և կատարում է հանրապետության մաշտաբով, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում, աշխատատեղեր ստեղծելու և այլ ուղղություններով: Մի բան, որ չէի ասի որոշ հայտնի գործարարների և ծպտյալ կորեյկոների մասին, որոնք հավանաբար սպրդել են համացանցային ակտիվիստների տեսադաշտից:

«Դասականը» կասեր՝ խելոք վեր ընկեք ձեր տեղը, ես էլ կավելացնեի՝ ջաղացը թողել, չախչախի հետևից եք ընկել: Իսկ դուք պահանջ դրե՞լ եք այս կամ այն ոլորտի պատասխանատուի առաջ՝ պատշաճորեն կատարելու իրեն վստահված ոլորտի պարտականությունները, հարցրե՞լ եք էկոնոմիկայի կատակասեր նախարարին գնաճի բարերար ազդեցության հետևանքների մասին շարքային քաղաքացու կյանքում, ճշտե՞լ եք, թե ի՞նչ վիճակագրությամբ ի հայտ եկավ մինչև տասը տարեկանների շրջանում երեսուն տոկոս բացարձակ անտառաճանաչ լինելու իրողությունը, մտածե՞լ եք, թե պետական պարտք կուտակելով կարելի՞ է պարգևավճար բաժանել ոչինչ չանող պաշտոնյաներին, իսկ պատգամավորներին միանվագ, օրենքի ուժով, հավելավճար հատկացնել գործուղման թերթիկ ու ծախսերի հաշվետվություն պահանջելու փոխարեն և այլն, և այլն: Չեմ զարմանա, եթե մի օր էլ կարդամ որոշ կարկառուն իմաստունների պահանջը, թե այսինչը կամ այնինչ գործարարն ինչո՞ւ իր միջոցներով չի փակում պետական պարտքը: Խորհուրդ կտամ. որ յուրաքանչյուր ոք իր գործով զբաղվի և քիթը չխոթի այլոց տնամերձը: Ձեր գործով զբաղվեք, տիկնայք և պարոնայք իմաստակներ:

Դավիթ Մկր Սարգսյան

Դիտվել է՝ 6694

Մեկնաբանություններ