«Ամեն անգամ, երբ բանաստեղծություն կամ հրապարակախոսական հոդված եմ գրում Հայաստանի ու Արցախի մասին, ինձ թվում է, թե մի ինչ-որ սուրբ բանի եմ առնչվում»:
Վիկտոր ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎ
ՌԴ ներքին գործերի նախարարության սպա, հրապարակախոս
ԲԱՑՕԹԵՎԱՆ ՊՈՌՆԿԱՏՈՒՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
2003 թվականի ամառն էր: Աշխատում էի «Նոր դար-ազդարար» ընկերությունում, որ գործում էր Հայաստանի գրողների միությունում, Բաղրամյան 3 հասցեում: Յուրաքանչյուր չորեքշաբթի ավարտում էինք վերոնշյալ ընկերության «Հորիզոն» գրական-մշակութային շաբաթաթերթը, որի պատասխանատու քարտուղարն էի: Աղջամուղջ էր, երբ դուրս ելանք: Այդ օրը շաբաթաթերթի հրատարակումը մի փոքր ուշացել էր: Մի խոսքով, խաղաղ ամառային երեկո էր: Գրողների տան ոչ ընդարձակ բակը ողողված էր լույսերով: Տասնյակ մեքենաներ կառանվել էին հարակից մայթեզրին, մնացածը փողոցի դիմահայաց հատվածում: Եռուզեռ էր: Շուրջ երկու տասնյակ 15 տարեկանի մոտ աղջնակներ շպարված կուրտիզանուհու պես սպասում էին հրահանգի: Հրահանգը հնչեցնում էր 30-ին մոտ երեք տղամարդկանցից մեկը: Ի կատարում հրահանգի, հերթական աղջնակը նստում էր հերթական մեքենան և ուղևորվում դեպի նպատակակետ: Թվաց, թե ֆիլմի նկարահանում է, բայց ինչու՞ գրողների տան բակում. սա էր մտատանջանքս: Ֆիլմի նկարահանում չէր, բացօթյա պոռնկատուն էր գործում արբունքի շրջանը թևակոխած դեռահասների մասնակցությամբ: Գործում էր արդեն մի քանի ամիս: Կռահեցիք, իհարկե, որ տղամարդիկ պոռնկապահներ էին։
Հաջորդ օրը ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանի առանձնասենյակում էի: Չափազանց վրդովված էր, տեղեկացրեց, որ պատկան կառույցները, սկսած ԱԺ-ից մինչև ոստիկանություն, բանավոր, այնուհետև, գրավոր բազմիցս ահազանգել են: Ապարդյուն: Անանյանը նաև տեղեկացրեց, որ աղջնակները հայեր են, ամենևին ներկրված չեն օտար ափերից: Տեղեկանալով, որ պատրաստվում եմ լրագրողական հետաքննությամբ լուծելու այս դժնի թնջուկը, ասաց, որ թե՛ ինքը, թե՛ գրողների միությունը ինձ թև ու թիկունք են:
Օրեր անց մի նյութ հրապարակեցի «Օր» եռօրյայում (խմբագիր՝ Գայանե Մուքոյան): Հրապարակման երեկոյան պղծահանդեսը վերջացավ: Բայց մնացին ու ամբարվեցին ցավը, վիրավորանքն ու մտահոգությունը. մի՞թե երկրի իշխանակառավարական վերնախավը, քաղաքական ընդդիմությունը, հասարակական կառույցները, Ազգային անվտանգության խորհուրդը, Արցախի ազատամարտի վետերաններին միավորող ԵԿՄ-ն, ի վերջո՝ հայ հանրությունը, սա չէին տեսնում: Չէին տեսնում բոցաշունչ ճառաբաններն ու մտավորական ազնվասիրտ կոհորտան: Չէր տեսնում հանրապետությունը: Իրազեկ մեկը այդ օրերին ասաց ինձ, որ արտաքին վարկ տրամադրողները նաև ներքին մի պայման են դնում իշխանական վերնակույտի առաջ. չխոչընդոտել որևէ մեկի կամ խմբի ազատ և բաց նախաձեռնությանը: Հետո ավելացրեց, որ մեր վերին օղակների որոշ դեմքեր մշտապես օգտվել են նշյալ բացօթևան պոռնկատան ծառայություններից:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆԱԶԴԸ ՈՐՊԵՍ ԱՐԹՆԱՑՈՒՄ
1990-ականներին երկժամյա էներգամատակարարման պայմաններում 3-րդ հանրապետության միակ հեռուստատեսությունը, որ պետական և ազգային էր, պարբերաբար ցուցադրում էր «Հիմնական բնազդ» ամերիկյան ֆիլմը, որ սեռական մոլագարության շքահանդես էր, անասնական կրքերի գեղարվեստական պատկերման գերհաջողված մի փորձ: ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրությունն արգելվեց: 3-րդ հանրապետությունում դրա առաջ կանաչ ճանապարհ բացվեց: Եվ որևէ քաղաքական ընդդիմություն չանդրադարձավ վերոնշյալին: Գոնե «Ազատության» հրապարակի «ազգափրկիչ և պետականակերտիչ» հարթակից:
Գևորգ Էմինը ներկայացրեց իր հեղինակավոր տեսակետը, որը ահազանգ էր ի լուր երկրի: Ահազանգը հնչեց և մնաց, այո՛, ձայն բարբառո հանապատի:
ՔՈՉՎՈՐԸ՝ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏ
Հեռուստատեսային բուռն ալեկոծումների տարիներն էին, մասնավոր հեռուստաընկերությունները (աննշան բացառություններով) ազատԱԿԱՆ հասարակություն կերտելու ճանապարհին մրցակցում էին միմյանց հետ և Հ1-ը ներքաշում պայքարի հորձանուտը: Ամենալայն լսարան ունեցող և երկրի անունը իր ֆիրմային նշան դարձրած հեռուստաընկերությունը հայ հանրությանն ու համայն հայությանն էր ներկայացնում «բարեկրթված, անսանձ բնազդները» վարքի նորմ դարձրած հայ հասարակության ընդերքից ժայթքած հացկատակների վարքի բուռն հանրահռչակումը, որպես վարքի նորմ և քաղաքակրթության չափանիշ: Ահա մի կին, որ ապրում է միայնակ և ապրում է աղբանոց-հյուղակում, տարին բոլոր, ամառ թե ձմեռ սառը ջրով է լոգանք ընդունում և որպես մայր բնության հարազատ զավակ գործածում է հարևանությամբ հոսող առվակի ոչ այնքան զուլալ ջուրը: Մեկ ուրիշը՝ ջահել մի տղամարդ, կարողանում է… թքել 7 մետր տարածության վրա: Հիմնական բնազդը մշտարթուն է, այն է ներկա ՀՀ քաղաքացու գոյակերպի առհավատչյան և զարգացման խթանը, թքիր և առվաջրով ցայվիր, քրքրիր աղբանոցները և գտածոյով արվեստի գործեր ստեղծիր: Հիմնական բնազդը հեռուստաընկերության նկարահանող խմբին ուղղորդում է դեպի «Զվարթնոց» օդանավակայան: Առաջինն այստեղ ԱՄՆ-ից ժամանող ոչ հայ հյուրերին դիմավորում է ոմն տաքսու վարորդ: Այս սուբյեկտը սերտել էր մի քանի անգլերեն նախադասություն և հյուրընկալորեն բացում է սիրտը հյուրերի առաջ, ներկայացնում է երկիրը իր կամքով, քմայքով և իր ճաշակով. «Մենք ճանաչում ենք ձեր աստղերին, Ստալոնեին, Շերին, Շվարցենեգերին, կուզեմ, որ դուք էլ մեր երկիրը սիրեք և հարգեք»: Այսպես կամ մոտավորապես այսպես ներկայացնելով հանրապետությունը, նաև ներկայանում է կենսագրությամբ` երգել է ռեստորաններում, եղել է Մոսկվայում, բայց ամեն տեղ ձանձրացել է և ոտից գլուխ նվիրվել է ամերիկացի հյուրերին դիմավորելու, զբոսաշրջությունը զարգացնելու, ի վերջո՝ հայ-ամերիկյան բարեկամությունը ամրապնդելու սրբազան գործին: Այս ամենը բավարար չէ, սուբյեկտը սկսեց գեղգեղել, մատուցելով նկարահանող խմբին և բազմահազար լսարանին երկու քառյակ իր ռեստորանային կլկլոցից:
Մի՞թե կարիք կա պնդելու, որ նշյալ քոչվորին ակամա հյուրընկալվածներից շատերը երկար կհիշեն: Որպես հինավուրց երկրի զարմանահրաշ մի ցուցանմուշ:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՊԵՏԱԿԱՆԱԿԵՐՏԻՉ ԿԱՔԱՎՈՒՄԸ
Հերթական հինգշաբթին էր, ՀՀ կառավարության նիստն էր ընթանում ինչպես որ հարկն էր: Այն է՝ հույժ նշանակալից հարցեր էին քննարկվում ի տես հայ հանրության, համայն հայության, վարկավորող երկրների, Մոնումենտի շեյխափաշայական դղյակների և Գյումրու վագոն տնակների: Եվ օրակարգ մտավ գերսպասված հարցը (մտավ օրվա վարչապետի նախաձեռնությամբ), ի վերջո հանրապետության և մայրաքաղաքի փողոցների և պողոտաների, նաև ինչու չէ, նրբանցքների հոծ գծերը պիտի ճերմա՞կ մնան, թե՞ պետք է դեղնեն: Ընտրվեց դեղին գույնը:
Հիմնական բնազդը այսպես հաճախ էր գլուխ բարձրացնում 3-րդ հանրապետության կառավարության տանը:
ԹԱՎԻՍՏՈԿԻ ՄՐՐԻԿԸ
Տարիներ առաջ էր։ Թավիստոկի աշխարհահռչակ ¥միաժամանակ դաժանորեն տխրահռչակ¤ ինստիտուտի գիտնականներ Թրիստը և Էմերին իրենց մատներից ուղղակի ներծծեցին մի տեսություն, անվանումը՝ տուրբուլենտություն*։ Ներծծեցին և նվիրաբերեցին «3-րդ աշխարհի» երկրներին, Սոմալիին, Հայիթիին, Բուրկինա Ֆասոյին։ Նաև՝ 3-րդ Հանրապետությանը։ Մի՞թե կասկած կա, որ Թավիստոկի ինստիտուտը Սորոսի կիսալուսնի ներքո գործող նշանավոր հիմնարկություններից մեկն է։ Սակայն, կարծես, զանց ենք առնում գլխավորը։ Տուրբուլենտության տեսության համաձայն, մարդկությունը պետք է մշտապես գտնվի սթրեսի մեջ, էներգիայի մշտական անբավարարության, տնտեսական կայուն ճգնաժամերի, ահաբեկչական գործողությունների և այլնի պատճառով։
Թույլ տվեք պնդել, որ «և այլնի» մեջ պատկերացնում եմ ազդակային աղմուկը, որը հատկապես ազդում է սրտանոթային և էնդոկրին հիվանդություններով տառապողների, մանուկների և ծերերի, ինչպես նաև հղի կանանց առողջության վրա։
Տուրբուլենտությունը հստակ սահմանել է հետևյալ դրույթը. «Եթե ցնցումները տեղի են ունենում արագ ու դառնում են ավելի և ավելի ուժգին, ողջ հասարակությանը կարելի է հասցնել զանգվածային հոգեգարության»։
Աղմկում է մայրաքաղաքը։ Աղմկում է հանրապետությունը. «Նոր Հայաստանում» աղմուկն իր բարձրակետում է։ Լինենք անաչառ և հիշենք, որ ազդակային աղմուկը կյանքի է կոչվել, հասարակությանը բռնաճնշել, հոգեգարության է հասցրել նախորդ «հանրապետական», նոր լեքսիկոնով՝ «Հին Հայաստանում»։ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը հրավառական և պայթուցիկային աղմուկը համալրեց մարզական շարժակազմերի և մոտոցիկլետների շարժիչներից վիժող սոդոմ-գոմորային վայնասունով։ 2018-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում օրակարգից դուրս դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկելով առհասարակ արգելել հրավառությունները տարին բոլոր։ Վարչապետը խնդիրը խցկեց փակուղի, լքեց վարչապետի բազկաթոռը, բարձրացավ տրիբունա և հրովարտակեց՝ «օրենքի խախտմամբ հրավառություն չի լինելու և վերջ»։ Լինում է, ամենուր է և ամեն օր։ Օրենքը շրջանցվում է լրբենի համառությամբ և կավատային նենգությամբ։ Օրենքը սահմանում է, որ հրավառություններ կարելի է կազմակերպել բնակելի վայրերից հեռու, հատուկ սահմանված վայրերում և հատուկ ժամերի ընթացքում։ Հանրային խաժամուժը, կներեք, թքել է և՛ օրենքի, և՛ բարոյականության վրա, պարզել է տուրբուլենտության դրոշը և հոգեգարության է հասցնում հայ հասարակությանը։ Կեցցե՛ խաժամուժը, քանի դեռ մշուշ է կառավարական տանը։
2018-ի նախաամանորին, համաձայն ավանդույթի, հանրապետությունը ողողվեց տարբեր տրամաչափի պայթուցիկներով։ «Նյուզ էյ էմ» կայքը ահազանգեց. Երևանում շուկայից դուրս եկող հղի կնոջ ոտքերի տակ անհայտ տականքը պայթուցիկ է նետել, և կինը վիժել է։ ՀՀ ոստիկանության արձագանքը պայթուցիկային մղձավանջին ողբերգազավեշտային էր։ Ոստիկանության կայքէջը ահասարսուռ կադրեր էր ներկայացնում. պայթուցիկների անզգույշ և սխալ գործածումից այսինչը վնասել է աչքի բիբը, այնինչի դաստակն է այրվել, երրորդը ոտքն է շարքից հանել։ Ոստիկանական տեսանյութը դաստիարակչական բնույթ և հորդորիչ երանգ ուներ և դաստիարակում-հորդորում էր խաժամուժին՝ պահպանել պայթուցիկների գործածության անվտանգության կանոնները... Այո՛, ճիշտ կռահեցիք, ոստիկանությունը խրախուսում էր պայթուցիկների զանգվածային օգտագործումը, վասն տոլերանտության։
Երևանի կենտրոնում, Սայաթ-Նովա, Նալբանդյան, Թումանյան, Տերյան փողոցների կազմած քառակուսում պարբերաբար շրջագայում է սպորտաշարժիչով գոտեպնդված մի շարժակազմ, որի շարժիչի աշխատանքը խաթարվում է զանազան պայթյուններով։ Սա մի՞թե պատահականություն է։ Անշուշտ ոչ։ Սա ակնհայտ միտումնավորություն է, ազդակային ցեղասպանության դրսևորում։
Քաղաքակիրթ աշխարհում մարզական մեքենաներն ու մոտոցիկլետները սլանում են բնակավայրերից հեռու, հատուկ մայրուղիներում։ Երևանում և հանրապետությունում դրանք ամենաբանուկ վայրերում են, փողոցներում են և հրապարակներում, նրբանցքներում են և բակերում։ Զի հրահանգն իջել է Կառավարական տնից՝ ազդակային ցեղասպանության ենթարկել երկրի ժողովրդին։
«Եթե ես վերամարմնավորվեի, ապա կուզենայի Երկիր վերադառնալ որպես մարդասպան-վիրուս՝ բնակչության թիվը փոքրացնելու համար»,- ժամանակին սույնը հայտարարել է Էդինբուրգի հերցոգ, արքայազն Ֆիլիպը։ Եթե հիշողությունս դեռ ինձ չի դավաճանում, ապա հուշեմ ձեզ, որ վերոնշյալ Ֆիլիպը ոչ ավելի, ոչ պակաս, Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսինն է։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ