Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հիմա կյանքն էլ էն համը չունի

Հիմա կյանքն էլ էն համը չունի
20.12.2023 | 12:15

Մեկ-մեկ սիրտս թթու ա ուզում։ Խանութինն ուտելու բան չի, բայց ես ծանոթներ ունեմ, որ համով թթու են դնում։ Գնում, մի փոքր բանկայով վերցնում եմ, բերում տուն, մի կտոր ուտում եմ, հետո կարող ա մի օր էլ սիրտս ուզի՝ մի կտոր ուտեմ, մնացածը մնում ա ամիսներով, փչանում ա, թափում եմ։ Հիմա թթու շատ չի ուտվում. հազար տեսակի բան կա, թթվին հերթ չի հասնում։ Բայց առաջ ուրիշ էր։ Առաջ թթուն ձմռան սեղանի զարդն էր։ Ձմեռվա սեղանն առանց թթվի նույնն էր, ինչ հարսանիքն՝ առանց երաժշտության։ Ու մենք ամեն տարի թթու էինք դնում։ Եթե պատահում էր, որ մի տարի չէինք դնում, դա դառնում էր հիշարժան տարի, ոնց որ, ասենք, երաշտի տարին, ու կարող ա հետո խոսքի մեջ ասեինք՝ հիշում ե՞ս՝ Գոհարի մեծ աղջիկը երբ ծնվեց… Հա, էն տարին, որ թթու չէինք դրել։

Իսկ թթու դնելը մի իսկական արարողություն էր, ծես էր։ Գնում էինք շուկա, ամեն ինչն առնում ու ծանր-ծանր տուն բերում։ Հետո մաման էդ ամենը մի քանի անգամ լավ լվանում էր, մաքրում ու սիրուն, հավասար շարքերով շարում մեր բալկոնի մեծ սեղանին՝ մանր, մուգ կանաչ, փշոտ վարունգները, բաց կանաչ, կլորիկ պոմիդորները, փոքր, արևագույն, նուրբ գազարները, բամիան, լոբին, մեծ կույտով դնում էր սխտորի լխտիկ պճեղները, կողքը՝ մատղաշ քարաուզը, կաղամբի ճերմակ գլուխները ու էլի լիքը ուրիշ բաներ։ Հետո էդ ամենը սկսում էր դարսել մեր մեծ՝ տակառի չափի էմալապատ կաթսայի մեջ, մինչև կաթսան լցվում էր ու դառնում աշնանային գույների մի իսկական վանգոգյոն խճանկար։ Վրան աղաջուր էր լցնում, հետո մեծ, կլոր տախտակով փակում, տախտակի վրա դնում էր մեր թթվի քարը, որը մեր տան լիիրավ անդամն էր, ու փակում էր։ Սկսվում էր «թթվման» երկարատև պրոցեսը, որն ինձ համար տանջալի սպասում էր, իսկ կաթսայի բնակիչների համար՝ տարբեր համերի ու գույների միախառնման առաջին գիշեր։ Թթուն, որ դնում ես, պիտի մոռանաս մինչև ձմեռ, բայց մոռանա՞լ կլիներ. բալկոն էի դուրս գալիս, հսկայական կաթսան անընդհատ աչքովս էր ընկնում։ Դրա համար էլ ես անձամբ՝ սեփական քիմքով, ծանոթ էի թթվագոյացման երկարատև պրոցեսի բոլոր փուլերին՝ սկսած մի քանի օրականից մինչև լիարժեք հասունացումը։

Վերջապես, ձմեռը գալիս էր, ցրտերն ընկնում էին, ու ձմեռվա սառը, ցուրտ երեկոյան, երբ դրսի անհյուրընկալությունն ուղիղ համեմատական էր ներսի ջերմությանը, կարտոֆիլը լցնում էինք ջեռոցը՝ խորովվելու։ Մինչ կարտոֆիլը խորովվում էր, ես դուրս էի գալիս բալկոն, մի բաժակ թթվի ջուր վերցնում ու ներս մտնում։ Թթվի ջուրը՝ կոնյակի նման, պետք ա դանդաղ ու կում-կում խմել, որ համը զգաս, վայելես, զգաս, թե ոնց ա կոկորդովդ իջնում, տարածվում մարմնովդ մեկ ու հասնում մինչև մատներից ծայրերը։ Ու դաշնամուրը ոնց ա՝ ակորդը խփում ես, նախ՝ ամբողջ ակորդն ես լսում, բայց, որ մի քիչ սպասում ես, մեկ էլ սկսում ես հերթով լսել առանձին նոտաները՝ դո, մի, սոլ, սի, ռե․․․ Այ, տենց էլ թթվի ջուրն ա։ Որ կումն անում ես, նախ՝ բոլոր համերն ես զգում միասին, բայց հետո սկսում ես առանձին-առանձին իրար հետևից զգալ կաղամբի համը, վարունգինը, պոմիդորինը, գազարինը, զգում ես, թե ոնց են դրանք հոսում երակներովդ, ոնց են վիտամինները հարստացնում բջիջներդ․․․

Երբ խորոված կարտոֆիլի հոտը տարածվում էր տնով մեկ, ու կարտոֆիլը ծեծում էր ջեռոցի դուռը, ափսեի մեջ մի մեծ գդալ սռսուռ յուղ էիր դնում, ջեռոցից հանում էիր տաք կարտոֆիլը, մատներդ վառելով ու փչելով հասցնում էիր ափսեին, դնում յուղի վրա ու ջարդում։ Կարտոֆիլի միջից առատ գոլորշի էր բարձրանում, փափուկ միջուկի մի մասը դուրս էր գալիս ու խառնվում յուղի հետ։ Յուղը հալվում էր ու միջուկի հետ տարածվում ափսեի հատակին։ Տաք, չոր կեղևից մի կտոր պոկում էիր, դնում բերանդ ու բերանդ վառելով՝ ծամում, հետո սառը թթու վարունգ էիր վերցնում ու խրթխրթացնելով հետը ծամում։ Էդ համովությունը կուլ էիր տալիս, հետո թթու կաղամբի մի սառը տերև էիր վերցնում, լավաշի նման՝ դրանով հավաքում էիր ափսեի հատակի փափուկ, յուղախառն միջուկը, որից դեռ գոլորշի էր բարձրանում, դնում էիր բերանդ ու վրայից մամայի սարքած վարդի մուրաբայով եռման թեյից մի կում անում։ Դրանից համով բան աշխարհում չկար։ Էդ բոլոր համբուրգերները, չիզբուրգերները, չգիտեմինչբուրգերները մենք չգիտեինք ու չէինք էլ ուզում՝ իմանաինք։ Իսկ սևուսպիտակ հեռուստացույցի փոքր, ուռուցիկ էկրանին ինչ-որ ֆիլմ էր գնում, ինչ-որ բաներ էին կատարվում, բայց դա էնքան էլ կարևոր չէր, նայում էինք կամ չէինք նայում։ Կարևորն էն էր, որ հեռուստացույցն ապահովում էր մեր տան ջերմ տարածության չորրորդ չափումը, որի մասին երեխա ժամանակ, առանց ֆիզիկոսների էլ, բոլորս գիտենք, բայց երբ մեծանում ենք, մոռանում ենք։

Երևի, հիմա էլ են շատերը թթու դնում, կարտոֆիլ էլ են խորովում, բայց, ախր, հիմա կարտոֆիլն էն համը չունի, կաղամբն էլ, վարունգն էլ, գազարն էլ ու, ամենակարևորը, կյանքն էն համը չունի։ Մենք մեծացել ենք, կյանքն էլ մեզ հետ միասին մեծացել ա, մեր հետ միասին՝ դախացել ու անհամացել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5867

Մեկնաբանություններ