ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում նահանջը մեխանիկորեն ուղեկցվում է ռուս-թուրքական մերձեցմամբ

Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում նահանջը  մեխանիկորեն ուղեկցվում է ռուս-թուրքական մերձեցմամբ
18.10.2023 | 06:51

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Էրդողանը ելույթ ունեցավ, ներկաներին ցուցադրելով Պաղեստինի քարտեզը, որն արտացոլում էր Իսրայելի տարածքային աճը ի հաշիվ պաղեստինյան արաբների տարածքների, պահանջելով դատապարտել Իսրայելին: Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել էր Ռուսաստանի պահանջով: Ռուսական կողմի առաջարկած բանաձևը, որն ընդհանուր խաղաղության մասին էր, մերժվեց: Սա սպասելի որոշում էր, բայց արտաքուստ ՄԱԿ-ի այս հերթական անիմաստ նիստը, որին արդեն մենք բազմիցս ականատես ենք եղել, հատկապես երբ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության հարցը, ուշագրավ էր նրանով, որ Էրդողանի խոսքը շատ կոշտ հակաիսրայելական էր: Թուրքիայի երկարամյա ղեկավարը շատ հմուտ և կարող դիվանագետ է, նա չէր կարող չկանխատեսել, որ այդպիսի դիրքորոշումը ինքնին հակաամերիկյան է և հակահրեական: Եթե նկատի ունենանք այն իրողությունը, որ ԱՄՆ-ի և Իսրայելի արտաքին և անվտանգային քաղաքականությունը միշտ միահյուսված և փոխկապակցված է եղել, կարող ենք ենթադրել, որ որոշակի սառեցում է սպասվում թուրք-ամերիկյան հարաբերություններում: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսական որոշումների ու գործընթացների գլխին կանգնած են հրեաները, ապա դժվար չէ կռահել, որ երկրաշարժից հետո ֆինանսական ներդրումների մեծ կարիք ունեցող Թուրքիան դժգոհ է Արևմուտքից: Ինչպես միշտ, Թուրքիա-Արևմուտք հարաբերություններում նահանջը մեխանիկորեն ուղեկցվում է ռուս-թուրքական մերձեցմամբ: Այս իրողությունները անպայման պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքական ղեկավարների ուշադրության կենտրոնում: Իհարկե, ռուս-թուրքական մերձեցումը նոր չէ, այն սկսվել է մի քանի տարի առաջ, և դրա հետևանքների անտեսումն էր, որ բերեց Արցախի կորստին, սակայն այժմ, երբ արդեն դրված է Հայաստանի տարածքային ամբողջականության և անվտանգության պահպանման խնդիրը, այլևս իրավունք չունենք տառապել կարճատեսությամբ: Պատմությունն արդեն հազար անգամ ապացուցել է, որ արևմտյան օժանդակությունը Հայաստանին միշտ էլ եղել է հումանիտար և բարոյական աջակցության հարթության վրա: Նույնիսկ Արցախի հայ բնակչության բռնագաղթը և դրան նախորդած ինն ամսվա շրջափակումը չհանգեցրին Ադրբեջանի նկատմամբ որևէ կոշտ ճնշման ու պատժամիջոցների: ՄԱԿ-ից մինչև Հաագա, Եվրոպայի խորհուրդ և այլն ոչ մի օգուտ չտվեցին, և զարմանում եմ՝ ո՞րն էր Հաագայի դատարանին նորից դիմելու իմաստը: Իհարկե, կա նաև Ադրբեջան-Իսրայել համագործակցության փաստը, որը հակասում է Թուրքիայի հակաիսրայելական դիրքորոշմանը, այստեղ դժվար է կանխատեսել, թե կարո՞ղ է արդյոք դա բացասաբար ազդել Թուրքիա-Ադրբեջան դաշինքի վրա, բայց որ նորից կսառեցնի Բաքվի և Թեհրանի հարաբերությունները, դրանում չեմ կասկածում: Ամեն դեպքում, ինչ էլ որ լինի, ճիշտը տարածաշրջան վերադառնալն է, Հայաստանն իր խնդիրների լուծումը սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորմամբ կարող է լուծել և անվտանգություն ապահովել:

1920 թ. անտեսելով ռուս-թուրքական մերձեցումը և երազկոտ ու սխալ արտաքին քաղաքականության հետևանքով, Սևրին հավատալով կորցրինք Կարսի մարզը, Սուրմալուն, Նախիջևանը և Ղարաբաղը, հիմա դատարկվեց Արցախը, կարող ենք վտանգի տակ դնել նաև այդ շատ սիրված 29.800 քառակուսի կիլոմետրը: Մեկ անգամ սխալվելուց հետո սխալվել երկակի և եռակի, կարող է վերածվել արդեն զավեշտի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ