Երրորդ տուրը, ըստ էության, նշանակեց, որ խմբային հանդիպումները հատեցին պայմանական հասարակածը։ Խոշոր հաշվով հանդիպումների առատություն է գրանցվել, մրցաշարային երկրորդ օրվա առճակատումներն այս ցուցանիշով միանգամայն մրցակցային են եղել առաջին օրվա խաղերի հետ։ Որքան էլ համապատասխան տեղերում խոսելու ենք այդ հանդիպումների մասին, այդուհանդերձ դրանցից գոնե երկուսը չառանձնացնել չենք կարող՝ Մենխենգլադբախի «Բորուսիան» պարզապես ջնջել է Դոնեցկի «Շախտյորին», «Ատալանտայի» հետ նույնն արել է «Լիվերպուլն» ու դարձյալ արտագնա մրցակցությունում։
A ԽՈՒՄԲ
Երկու անդրադարձ դարպասաձողից, առնվազն նույնքան փայլուն սեյվ Գիլերմեի կատարմամբ ու այս փորձանքներից մի կերպ փրկվելու կողքին 11-մետրանոցից մրցակցի դարպասը գրավելու բարեբախտություն՝ ահա այն գումարելիները, որոնք «Աթլետիկոյի» հետ խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվին» հնարավորություն տվեցին միավորի տեր դառնալու՝ 1։1։
«Բավարիայի» հետ դիմակայությունը «Զալցբուրգը» շքեղ սկսեց, սակայն ահռելի ուժի տեր հյուրերը վերջնահաշվում հանդերձարան գնացին իրենց առավելությունը նաև հաշվի մեջ նյութականացրած՝ 2։1։ Երկրորդում տանտերերը ևս մեկ անգամ խիզախեցին ու դրանով իսկ վերջնականապես չարացրին բավարացիներին։ 6։2 հաշվով հաղթանակն ավելին ասելու տեղ չի թողնում։ Գերմանացիները բացարձակ արդյունքով աղյուսակի գլխամասում են, մադրիդցիներն ունեն չորս, «Լոկոմոտիվը»՝ երկու, «Զալցբուրգը»՝ մեկ միավոր։
B ԽՈՒՄԲ
Առաջին երկու տուրերի գերհաջողակ Դոնեցկի «Շախտյորին» Մենխենգլադբախի «Բորուսիան» նրա իսկ հարկի տակ այնպիսի վարկաբեկիչ հաշվով պարտության մատնեց, որ ակամայից սկսում ես անգամ կասկածել Մադրիդի «Ռեալի» ու «Ինտերի» հետ» խաղերում թիմի վաստակած չորս միավորի բլեֆ չլինելուն։ Գլադբախցիները վեց գնդակ են «լցրել» հանքափորների դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
Մադրիդի «Ռեալը» երկու գնդակի առավելությամբ էլ կգնար հանգստի, եթե «Ինտերը» հաշիվը չհասցներ նվազագույնի։ Երկրորդում միլանցիները կարողացան վերականգնել բաղձալի հավասարությունը, սակայն մադրիդցիներին հաջողվեց ևս մեկ անգամ աչքի ընկնել, և այս գեղեցիկ, դիտարժան խաղն ավարտվեց «արքայականի» հաղթանակով՝ 3։2՝ մեզ թողնելով Իտալիայում կայանալիք պատասխան հանդիպման անհանգիստ սպասումը։
Երեք տուրից հետո այստեղ մրցակիցների չափազանց ուշագրավ դասավորություն է, ինչը ոչ մի կանխատեսողի մտքով իսկ չէր կարող անցնել։ Հինգ միավորով աղյուսակի գլխամասում է Մենխենգլադբախի «Բորուսիան», նրան հաջորդում են չորսական միավոր ունեցող «Շախտյորն» ու «Ռեալը», երկու միավորով աղյուսակի պոչը բռնած ունի «Ինտերը»։ Դույզն-ինչ կասկած չկա, որ երկրորդ շրջանն այստեղ ռազմի դաշտ է հիշեցնելու։
C ԽՈՒՄԲ
Ե՛վ «Պորտու»-«Մարսել», և՛ «Մանչեստր Սիթի»-«Օլիմպիակոս» դիմակայություններում գրանցվել է նույն 3։0 հաշիվը։ Առաջինով պորտուգալացիները երևի թե ֆրանսիացիներին վերջնականապես բացատրեցին, որ Չեմպիոնների լիգայում «Մարսելի» լինելը պարզ թյուրիմացության հետևանք է (երեք խաղից հետո զրո միավոր ունեն), իսկ երկրորդով «քաղաքաբնակները» պահպանեցին միավորների առավելագույնի հանդեպ ունեցած թուլությունը (նաև հիանալ կարելի է Խոսեպ Գվարդիոլայի սաների խփած-բաց թողած գնդակների հարաբերակցությամբ՝ 9։1)։ «Պորտուն» վեց միավորով երկրորդն է, նրանից երեք միավոր պակաս ունեն հույները։
D ԽՈՒՄԲ
Այսքան ժամանակ որքան գովական խոսքեր էինք ասել ու ասում ի պատիվ «Ատալանտայի», այս մի հատիկ խաղով «Լիվերպուլը» վերցրեց ու դարձրեց առոչինչ։ 5։0 հաշվով հաղթանակ արտագնայում, հինգ գոլ մի թիմի դարպասը, որն իր թարմ, կյանքով լեցուն խաղերով արդեն երկրորդ-երրորդ տարին է շոյում ֆուտբոլասերի սիրտն ու ոչ մի գոլ մի թիմի դարպասը, որը տարբեր հանգամանքների բերումով ընթացիկում ունի ամենապրոբլեմատիկ պաշտպանության գիծը՝ յուրաքանչյուր խաղից առաջ Յուրգեն Կլոպին կանգնեցնելով գլուխկոտրուկի առաջ, թե փորձանքից ազատվելու համար այս անգամ ինչ մոգոնի։ Սակայն մյուս կողմից էլ ճակատագրի հեգնանք է, որ թիմն ունի խփած-բաց թողած գնդակների ապշեցուցիչ հարաբերակցություն՝ 8։0։ Դե սրանից հետո արի ու մի հավատա, որ թիմի կեսն էլ, կեսից ավելին էլ մարզիչն է։ Ինչ վերաբերում է «Ատալանտային», ինչ ուզում եք ասեք, ուզում եք հավատացեք, ուզում եք մի հավատացեք, ես ասեմ աստղերին, դուք ասեք՝ վերին նախախնամությանը, սա իտալական թիմի համար կատարյալ մղձավանջ էր։
Ոչ պակաս «գժական» ստացվեց «Միդտյուլանդ»-«Այաքս» դիմակայությունը, թեպետ առաջին խաղակեսի առաջին 18 րոպեում արձանագրված դարպասի երեք գրավումը հետագայում այդպես էլ մնաց անփոփոխ։ «Այաքսն» արտագնան շահել է 2։1 հաշվով ու հավասարվել իտալացիներին՝ գործակիցների հաշվին դիրքավորվելով երկրորդ հորիզոնականում։ Երկուսն էլ ունեն չորսական միավոր։ Իսկ առաջատարը «Լիվերպուլն» է բացարձակ արդյունքով։
E ԽՈՒՄԲ
Անգամ անհնար էր պատկերացել, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության մրցակցային փորձ չունեցող «Կրասնոդարի» համար «Սևիլիայի» հետ դիմակայությունը կարող էր նման հաջողված սկիզբ ունենալ՝ 21-րդ րոպեին ռուսներն արդեն հաղթում էին 2։0 հաշվով։ Առաջին խաղակեսի ավարտին անդալուզցիները կարողացան հաշվի տարբերությունը կրճատել, սակայն բախվեցին անցանկալի իրողության՝ մնացին տասը հոգով, իսկ սա նշանակում էր ամբողջ երկրորդը խաղալ թվային անհավասարության պայմաններում։ Որքան էլ տարօրինակ է, հենց այս առավելությունն էլ կրասնոդարցիների գլխին խաղաց չար կատակ։ Հաշիվն ամեն կերպ պահպանելու բնազդին տրված՝ նրանք մրցակցին նախ թույլ տվեցին վերականգնել հավասարությունը, ապա և անցնել առաջ։
«Չելսի»-«Ռեն» դիմակայությունում էլ նույն կարմիր քարտի պատմությունը եղավ։ Ֆրանսիական ակումբի համար դա արժեցավ 11-մետրանոց՝ հանդիպման նմանատիպ երկրորդ տուգանայինն էր։ ՈՒ կրկին Տիմո Վերներն անկասելի էր։ Երկրորդում «ազնվականները» ևս մեկ անգամ հյուրերի դարպասը գրավեցին։ «Չելսին» ու «Սևիլիան» ունեն յոթական միավոր, մյուս երկուսը՝ մեկական։ Սկզբունքորեն այստեղ ամեն ինչ պարզ է, ավելի շուտ այն փաստի արձանագրումն է, որ ֆավորիտներն անգլիական ու իսպանական ակումբներն են։
F ԽՈՒՄԲ
«Զենիթ»-«Լացիո» դիմակայությունում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին ու բաժանվեցին մեկական միավոր վաստակած։ Եթե դա հռոմեացիների համար միանգամայն բավարար արդյունք էր, սանկտպետերբուրգցիների համար շահավետ էր այնքանով, որ առաջին միավորը վաստակեցին, բայց թե այդ մեկ միավորով խմբայինում նրանք ինչի՞ ակնկալիք կարող են ունենալ, պիտի որ ապավինեն հաջորդ երեք խաղերի հաջող ելույթներին, այլապես Չեմպիոնների լիգայի այս խաղարկությանը նրանց մասնակցությունը չափազանց սիմվոլիկ բնույթի կլինի։
«Բրյուգե»-Դորտմունդի «Բորուսիա» մրցակցությունում գերմանացիները չափից ավելի համոզիչ էին, ինչն էլ հաստատեցին խփած երեք անպատասխան գնդակով։ Դորտմունդցիները վեց միավորով գլխավորում են խմբայինը, երկրորդն ու երրորդը հինգ ու չորս միավոր ունեցող «Լացիոն» ու «Բրյուգեն» են։
G ԽՈՒՄԲ
Քանի որ համաշխարհային ֆուտբոլում տոն տվող երբեմնի լեգենդար «Բարսելոնից» միայն անվան ստվերն է մնացել (օբյեկտիվ լինենք, կարողանանք չտրվել ինքնախաբեությանը), մեզ ավելի շատ մխիթարենք ակումբի ու համաշխարհային ֆուտբոլի գերաստղի ձեռքբերումներով։ Կիևի «Դինամոյի» հետ մրցակցությունում էլ, թող որ 11-մետրանոցից, Մեսին գոլ հեղինակեց՝ դնելով կատալոնյան ակումբի հաղթանակի հիմքը։ Չեմպիոնների լիգայում սա նրա կատարմամբ թվով 71-րդ դարպասի գրավումն էր՝ ռեկորդային ցուցանիշ։ Նրա մեկ այլ ռեկորդային ցուցանիշ էլ հիշատակենք. միակ ֆուտբոլիստն է, ով այս խաղարկության 16 անընդմեջ մրցաշրջանում գոլի հեղինակ է դառնում։ Ինչ վերաբերում է դիմակայությանը, ավարտվել է 2։1 հաշվով, ինչն անվիճելիորեն պիտի ուկրաինացիների նվաճումը համարել՝ նկատի ունենալով և այն, որ թիմի 14 ֆուտբոլիստ վարակված է կորոնավիրուսով, բնականաբար չէր կարող մասնակցել խաղին։ «Բարսելոնը» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակն ու բացարձակ արդյունքով գլխավորում է խմբային աղյուսակը։
Հաղթական մրցելույթ է ունեցել և խմբային մյուս ֆավորիտը՝ «Յուվենտուսը»։ Արտագնայում խոշոր հաշվով պարտության է մատնել «Ֆերենցվարոշին»։ Թուրինցիները հեղինակել են չորս գոլ՝ բաց թողնելով մեկը։ Նրանք վեց միավորով երկրորդ հորիզոնականում են։ Հունգարացիները ուկրաինացիների պես ունեն մեկ միավոր։
H ԽՈՒՄԲ
Երկու տուրից հետո միավոր չունեցող թուրքական «Բաշակշեհիրը» սեփական հարկի տակ դարձավ անակնկալի հեղինակ՝ երեք միավոր պոկելով առաջատարից։ Ամբողջ երկրորդ խաղակես ունենալով տրամադրության տակ՝ «Մանչեստր Յունայթեդը» այդպես էլ չկարողացավ գոնե մասնակի խմբագրում մտցնել 2։1 հաշվի մեջ։ Եվ այդուհանդերձ, այս դիմակայությունը չէր, որ խմբային թիվ մեկ հանդիպումն էր։ Շատ ավելի առանցքայինը «Լայպցիգ»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունն էր, որին թիմերն ընդառաջ էին եկել ակտիվում ունեցած երեքական միավորով։ Ֆրանսիացիները շատ արագ հասան հաջողության. արդեն վեցերորդ րոպեին դի Մարիան առաջ էր մղել իր թիմին։ Տասը րոպե անց նա կարող էր դառնալ դուբլի հեղինակ, սակայն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Գերմանացիներին առաջին խաղակեսում հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Երկրորդում մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, սակայն այս անգամ ի վնաս հյուրերի։ Ֆորսբերգը չվրիպեց։ Հանդիպման մնացած մասը անցավ նյարդային լարվածության մեջ՝ ֆրանսիացիների համար անցանկալի զարգացումներով։ Չէ, հաշվի մեջ այլևս փոփոխություն չեղավ, սակայն «Պարի Սեն Ժերմենի» երկու ֆուտբոլիստ արժանացավ կարմիր քարտի։ Այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վեց միավորով հավասարվեց «Մանչեստր Յունայթեդին», իսկ ՊՍԺ-ն մնաց ունեցած երեք միավորով։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ