Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Արցախի ԱԳՆ. Արցախի միջազգային ճանաչումը հակամարտության կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից

Արցախի ԱԳՆ. Արցախի միջազգային ճանաչումը հակամարտության կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից
03.10.2020 | 13:28

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտրարել է. «Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում խստագույնս դատապարտվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում բռնության աճը և կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ հանդիսացող երեք երկրների ղեկավարների սույն հայտարարությունը վերջնականապես ամրապնդում է միջազգային հանրության հավաքական դիրքորոշումը՝ ուժի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ, որն ավելի վաղ արտահայտվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամների, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, ԵԽ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի և Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից:


Շարունակելով մերժել տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու միջազգային հանրության պահանջները՝ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի ու ավելի են դիրքավորվում որպես վտարյալ պետություններ՝ բացահայտ կերպով մերժելով համընդհանուր կանոններն ու նորմերը, որով առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:


Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն համառորեն դժկամություն են ցուցաբերում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին, այլև հետևողականորեն և միտումնավոր կերպով ավելացնում են ռազմական գործողությունների ինտենսիվությունը: Արցախի Պաշտպանության բանակը, որն այսօր փաստորեն պայքարում է նաև միջազգային ահաբեկչության դեմ, շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստիպելու Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տարածաշրջանում խաղաղության վերականգնման միջազգային ջանքերի մեջ: Արցախի Հանրապետությունն այսուհետ ևս պատասխանատու քաղաքականություն է վարելու անվտանգության ոլորտում` ուղղված տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովմանն ու ամրապնդմանը:


Միաժամանակ կարծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան բացահայտ ռազմական դաշինք են ձևավորում քաղաքակիրթ աշխարհի կողմից օրենքից դուրս հայտարարված ահաբեկչական կազմակերպությունների հետ, հրամայականորեն պահանջվում է ողջ միջազգային հանրության հավաքական միջոցների ձեռնարկում, այդ թվում՝ հարկադրական բնույթի, ողջ համաշխարհային հանրության համար սպառնալիք ներկայացնող Անկարայի և Բաքվի հակաօրինական գործողությունները դադարեցնելու համար:


Այս կապակցությամբ վերստին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն թույլ կտա անհապաղ դադարեցնել ագրեսիան, այլև կբացառի ապագայում դրա կրկնության հնարավորությունը: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կարգավորման գործընթացի անխուսափելի և տրամաբանական արդյունքն է, որը կասկածի տակ չի դրվում միջազգային հանրության կողմից, քանի որ Արցախի անկախությունն ունի ամուր իրավական, օրինական և արդարացի հիմքեր: Որքան ավելի շուտ սկսվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այնքան ավելի արագ տարածաշրջանում երկար սպասված ու տևական խաղաղություն կհաստատվի»։

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ