Եվ հենց ազնվության պակասը, քանի դեռ այն առկա է, հանդիսանալու, լինելու և մնալու է մեր համազգային խնդիրների լուծման ճանապարհին առաջին և հիմնական խոչընդոտը:
Կրթական նոր չափորոշիչների հետ կապված վերջին բարձրաձայնումները մեծավ մասամբ վերաբերում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի` այլ առարկաների մեջ տարրալուծելու կառավարության մտադրությանը: Սակայն այս բարձրաձայնումների մեջ պակասում է ազնվությունը բոլոր շահագրգիռ կողմերի մոտ: Եվ հենց ազնվության պակասը, քանի դեռ այն առկա է, հանդիսանալու, լինելու և մնալու է մեր համազգային խնդիրների լուծման ճանապարհին առաջին և հիմնական խոչընդոտը: Որպես «ներսի մարդ» և հայրենիքիս սրտացավ ու մտահոգ զավակ` ինքս ունեմ իմ դիտարկումներն այս առնչությամբ: Այն, ինչ պիտի ասեմ, անդաստիարակ տոնով հնչեցված «դու՞ ստեղ ինչ ես անում» կարգի հարցադրումներ չեն կամ որևէ մեկին հասցեագրված մեղադրանքներ, այլ խորապես մտահոգ մարդու մտատանջություններ: Որովհետև, եթե ուզում ենք, շատ չեմ ասում, մինչև Տիրոջ երկրորդ գալուստը իբրև ազգ գոյատևել, պետք է ազնվորեն մտահոգվենք:
Նախ` այն, որ այս առարկայի` կրթական ոլորտում ներդրման և դասավանդման վերջնարդյունքին նպատակաուղղված քայլերը եղել են թերի և ոչ հետևողական: Եթե Հայ եկեղեցին նախաձեռնողն էր, և պետությունը այդքան շահագրգիռ էր, ինչու՞ է ի սկզբանե առարկային հատկացվել շաբաթական միայն մեկ դասաժամ, ինչը շատ քիչ է, եթե ուզում ենք պատշաճ արդյունք ունենալ, և ինչու՞ է Եկեղեցին գոհացել այդ հատկացումով: Եթե սկզբում 3-4 ժամ հատկացված լիներ, հիմա բոլորը հանեին այդ բուծվածները (գուշակեք`ու՞մ կողմից), կարելի էր բողոքը արդարացված համարել:
Երբ ես պրակտիկանտ էի (ներեցեք պատահող օտարահունչ բառերի համար), առարկան դասավանդում էին հայագիտական առարկաների վերապատրաստված ուսուցիչները, որոնք զուրկ էին աստվածաբանական, դավանաբանական խոր ընկալումներից և անգամ չգիտեին, որ իրենց դասարանում կան աղանդավորական խմբակներ հաճախող երեխաներ` կարծելով, որ նրանք կիրակնօրյա են հաճախում (ի միջի այլոց և ցավ ի սիրտ նկատեմ, որ առայսօր առաջին քրիստոնեական պետություն հորջորջվող Հայաստանում շատ բնակավայրեր արհեստականորեն զուրկ են կիրակնօրյաներից, փոխարենը ծաղկում են աղանդները, երևի Սորոսն է մեղավոր): Եթե առարկան ի սկզբանե ներդրվել է իբրև զուտ աշխարհիկ կրոնագիտական առարկա, ապա ես այդ միտումը ինքնանպատակ եմ գտնում, իսկ եթե ենթադրել է կրոնական ու հոգևոր գործառույթ, ապա աշակերտի հոգևոր-կրոնական շրջապատը, ստացած ինֆորմացիան պետք էր վերահսկելի պահել:
Երբ իմ երեխան էր սովորում դպրոցում, ՀԵՊ առարկան դասավանդում էին հայագիտական առարկաների վերապատրաստված ուսուցիչները (2003-2004 թթ. մինչև 2016-2017 թթ. ոչինչ չէր փոխվել), և երեխայի հարցին, թե` ի՞նչ կլիներ, եթե Ադամը մեղք չգործեր, և մարդիկ դրախտից չվտարվեին, նրա ուսուցչուհին կասկած էր հայտնել, թե Աստված դժվար թե կարողանար բոլոր մարդկանց դրախտում տեղավորել: Եթե կան այսպիսի հարցադրումներ անող երեխաներ, պետք է լինեն նաև այդ հարցերին համարժեք պատասխան ունեցող ուսուցիչներ: Իհարկե, կան նաև բավականին լավ ուսուցիչներ, բայց նկատի առնելով խնդրի շուրջ առկա մտահոգությունը, ենթադրվում է, որ ոչ թե պետք է լինեն նաև, այլ լինեն միա՛յն պատշաճ մակարդակ ունեցող մասնագետներ:
Այն, որ մինչև իշխանափոխությունը առարկայի դասաժամերը հընթացս չեն ավելացվել, մասնագիտացված ուսուցիչների առկայությունը չի ապահովվել, կարելի՞ է որակել որպես պետություն-եկեղեցի «հանցավոր համաձայնություն» այն առումով, որ գուցե ինչ-ինչ ճնշումների տակ որոշակի զիջումներ են արվել, կամ շատ ավելի լավ ծրագրեր են կասեցվել: Ինչևէ: Ամեն մեկն իր թերացումների չափը թող ինքը որոշի:
Այն, որ այսօր Հայաստանը փաստացի ղեկավարում է հայտնի հայատյաց զանգվածը, արդեն ոչ թե ազգային անվտանգության սպառնալիք է, այլ սպիտակ, մաքուր սպանդ: Մինչդեռ այս մարիաննյան խայտառակ դոշերը բաց հասարակության մուտքը, բուծումը և առկայությունը մեր պետության մեջ և գոյության փաստն առհասարակ արդեն իսկ սպառնալիք էին մեր ազգային արժեքներին։
2013 թ. այս «հասարակական» հայատյաց կոնտենտի` «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18162» «հնարավոր է դարձել Սույն հետազոտությունը «ՀԵՊ դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» (որը «Դասագրքերի բովանդակությունը և դրանց կրոնագիտական վերլուծությունը, Թոլեդոյի սկզբունքներն ու Հայոց եկեղեցու պատմության դասագրքերը, Դասագրքերի ազդեցությունը աշակերտների հանդուրժողականության մակարդակի վրա» վերնագրերով թեմաներ պարունակող, բավականին ագրեսիվ, հակասական, կամայական, օբյեկտիվության նշույլից զուրկ, հակաազգային քննադատական «վերլուծություն» է)։ Հիմա վիրու՞սն է մեղավոր, թե՞ նրա առաջ օրգանիզմի դռները չրաղվան արած չքմեղացող կամ անմեղսունակ ձևացող իմունիտետը, որ 2013-ից ի վեր որոճվում է մեր մաշկի գույնը փոխելու դիվական ծրագիրը, և գտնվում ենք համազգային պաճուճապատանքի վերածվելու սպառնալիքի տակ: Այս տարրերը բուծող, նրանց բերանում լեզու դնող, նրանց ձեռքերին ազատություն և գործողություններին արքություն տվողները արդարացում չունեն: Շարքային ծնողները դեռ լռում են: ՈՒ՞ր են գոնե այն ծնողները, ովքեր իրենց երեխաների տուն մտնելուն պես ոչ թե հարցրել են (նրանք չեն էլ հարցնելու) «ի՞նչ ես սովորել», այլ` «ի՞նչ ես ստացել», որովհետև, ըստ նոր չափորոշչի, գնահատման համակարգ էլ չի լինելու` նրանց համար զրոյացնելով սովորելու իմաստը և նպատակը:
«Իմ թշնամին ինձ իմ թույլ տեղն է ցույց տալիս, իմ թշնամին ինձ կռվել է սովորեցնում»,- ասում է ժողովրդական իմաստությունը, և, ունենալով այդպիսի մի «բարյացակամ ու սրտացավ» թշնամի, մենք ոչինչ չենք ձեռնարկել, մենք զենքեր չենք կռել, մենք ձեռնածալ հորանջել ենք, նրանք ձեռքերը քշտած աշխատել են: Մենք միայն դիտորդի և ախուվախ անողի կրավորական դերում ենք. հայ մարդու գիտակցության ու ինքնագիտակցության նշաձողը ոչ մի մմ-ով չենք բարձրացրել, փոխարենը նրա գլխի տակ փափուկ բարձ ենք դրել… Այս խայտառակ փաստաթուղթը շռնդալից ապտակ է մեր բոլոր տեսականորեն ենթադրելի ու հնարավոր երեսներին ու դեմքերին…ողջունեք, թե լռության մատնեք, միևնույն գործն եք անում… Արդեն իսկ շատ ուշ է, բայց անդառնալի պրոցեսներ դեռ չեն եղել, դեռ կարելի է ամեն ինչ շտկել` գիտակցելով, ընդունելով ու ամրացնելով մեր թույլ կողմերը:
Այդ Թոլեդոյի եղած-չեղած սկզբունքներին չենք էլ անդրադառնա, այլ միայն բերենք հետազոտության շրջանակներում դասագրքերի բովանդակային վերլուծությունից հատվածներ` նյութը առավել չծանրաբեռնելու մտադրությամբ միայն մասնակիորեն վերլուծելով: Ամբողջը ինքնուրույն կարդալ ու վերլուծել կարող է յուրաքանչյուր շահագրգիռ անձ: Եվ այսպես.
Դասագրքերն ընթերցելիս ու վերլուծելիս առաջին տպավորությունն այնպիսին է, որ դրանց բովանդակությունն անհարկի ուռճացվել է ու դրանով փորձ է կատարվել դասավանդման ենթակա նյութը բաժանել դասավանդման տարիների վրա:
-ՈՒսումնասիրության հեղինակները, ըստ էության, ընթերցել են միայն ներկայացված դասագրքերը, բայց անգամ աչքի չեն անցկացրել Աստվածաշունչ մատյանը և մեր պատմագրքերը` բնականորեն հանգելով ակնկալվող այն եզրակացությանը, որ մեր վեցհազարամյա հայ և երկու և ավելի հազարամյա հայ քրիստոնյա ազգը իր բազմադարյա պատմության մեջ չունի բավականին նշանակալի իրադարձություններ, դասագրքերում քիչ թե շատ ներկայացվելու համար, այնինչ որոնց թվարկումը միայն իրականում շատ ավելի հատորներ կարող է լցնել:
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել դասավանդվող առարկայի աշխարհիկ բնույթը և ընդգծել, որ, բավարար քանակի պրոֆեսիոնալ ուսուցիչներ չունենալու պարագայում, կրոնականի ու աշխարհիկի սահմանի պահպանումը ևս խնդրահարույց է տարբեր տեսանկյուններից:
-Նորից պնդենք, որ եթե աշխարհում եղած ամենահոգևոր իրողությունը` Եկեղեցին, կարելի է ներկայացնել աշխարհիկ որևէ ձևաչափով, ապա դա ինքնանպատակ է, անիմաստ ու փակուղային: Իսկ ստեղծված իրավիճակի զավեշտն այն է, որ մասնագետների պակասը ոչ միայն կրոնականի ու աշխարհիկի սահմանախախտումների, այլև անօրինակ սինկրետիկ սինթեզների և նորահայտ դավանանքի երաշխավորն է:
Առարկայի դասավանդման աշխարհիկ բնույթի պահպանումն արդեն իսկ դժվարացնում է դասագրքերի բովանդակությունը, քանի որ հենց հինգերորդ դասարանի դասագիրքն ամբողջությամբ նվիրված է Աստվածաշնչյան հին ու նոր կտակարանային տարբեր պատմություններին, այս պատմությունները ներկայացվում են որպես դոգմատիկ իրողություններ: Երեխաների դպրոցական կրթության առումով սա թերևս հանգուցային պահ է, քանի որ խաթարվում է նրանց քննական մտածողությունն ու աշխարհայացքի ձևավորման հիմքում հատուկ տեղ է սկսում զբաղեցնել կրոնական մոտիվը:
-Պատմութունները, այո՛, և ոչ պատմվածքները: Դրանք փաստեր են, և ո՛չ դոգմատիկ իրողություններ: Իսկ կրոնական մոտիվը ծնվում է մարդու հետ և շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, քան մարդու աշխարհայացքն ու մտածողությունն ընդհանրապես:
Բացի վերը նշվածից աչքի է զարնում Հայ առաքելական եկեղեցու և նրա ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը դասագրքերի կազմման և խմբագրման գործին (Աբրահամ եպս. Մկրտչյան, Ղևոնդ քահանա Մայիլյան) արդեն իսկ խնդիրներ են հարուցում այլ կրոնական ուղղությունների շահերի ու իրավունքների պաշտպանության իմաստով: Բացի այդ, դասագիրքը սկսվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ ու պատկերով, որով առավել հստակ է դառնում Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածության աստիճանը դասագրքերի կազմման գործում ու նաև դրանց բովանդակային կողմնորոշումը:
-Բա առարկան կոչվում է Հայ եկեղեցու պատմություն: Բայց ահա թե որտեղ է թաղված շան գլուխը: Վերցնում ենք բահը ու… խնդրեմ.
Նման դասագրքում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայ առաքելական եկեղեցին էկումենիկ հարաբերությունների մեջ է գտնվում կաթոլիկ և բողոքական տարբեր եկեղեցիների հետ:
-Էկումենի՜զմ…, երբ խոսքերն ավելորդ են, ազնվությունը` միշտ պակաս:
Հինգերորդ դասարանի դասագրքում նկատվում է նաև ավանդությունը իրականության տեղ հրամցնելու մոտեցումը, երբ Նոյի կամ Հայկի պատմությունը ներկայանում են որպես անքննելի իրողություններ:
-Ակներև է, որ ավանդությունը` սերնդեսերունդ փոխանցված պատմական իրողությունը, տգիտաբար շփոթում են առասպելի հետ:
Միևնույն ժամանակ դասերի վերջում տրվող հարցերից շատերի պատասխանները աշակերտները պետք է գտնեն Սուրբ գրքում, որը նրանց զրկում է երևույթները վերլուծելու և սեփական մոտեցումը հայտնելու հնարավորությունից:
-Բա ուրիշ որտե՞ղ փնտրեն ու գտնեն Սուրբ գրքի առաջադրած հարցերի պատասխանները, ԲՀՀՀ (բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի) կանոնադրության մե՞ջ, թե՞ Թոլեդոյի չգիտեմինչում: Աստվածաշունչը միայն կրոնական դասագիրք չէ, այլև պատմական փաստաթուղթ, որի բովանդակությունը և պատգամը չի կարող փոխվել, անկախ առաջացած հարցերին սեփական մոտեցմամբ տրված պատասխաններից:
Աստվածաշնչի հրեական պատմությունների ներառումը հինգերորդ դասարանի դասագրքի մեջ հղի է նաև մեկ այլ վտանգով, երբ հաշվի ենք առնում այդ պատմություններից շատերի ոչ ուսուցողական բնույթը:
- Ջհուդները համ հայկականին են դեմ, համ հրեականի՞ն: Տեսնենք, տեսնենք:
Քննադատության չի դիմանում նաև դասագրքում ներկայացված լրացուցիչ նյութերի որոշ մասը: Անշուշտ, այդ նյութերից շատերը ներկայացված են որպես ավանդություն, որտեղ չափազանցությունը թույլատրելի է, սակայն դասագրքի լրացուցիչ նյութերի մեծ մասը հիմնել ավանդությունների կամ պատումների վրա, հնարավոր է աշակերտի մոտ ձևավորի կարծրատիպեր, որոնք կազդեն նրա ազատ մտածողության վրա ու դրանցից ազատվելը հետագայում առավել բարդ լինի:
-Համառորեն ավանդությունն ընկալվում է որպես չափազանցության ենթակա պատումներ, որոնք, սակայն, շատ անդառնալիորեն կարող են ոսկրանալ մեր զավակաց կակուղ ուղեղներում և խոչընդոտել նրանց «ազատ մտածողությանը»:
«ՀԵՊ» վեցերորդ դասարանի դասագրքի առաջին հատվածը կարելի է հաջողված համարել, ինչը չի կարելի պնդել երկրորդ հատվածի մասին, որտեղ առավելապես ներկայացված են եկեղեցու խորհուրդները և տոները: Վեցերորդ դասարանի դասագրքի «եկեղեցի» դասի առաջադրանքների բաժնում աշակերտներին հրահանգ է տրվում այցելել մոտակա եկեղեցի և ծանոթանալ այդ եկեղեցու պատմությանը: Հնարավո՞ր է, որ ուսուցիչը որոշի աշակերտներին տանել որևէ կաթոլիկ, ուղղափառ կամ ավետարանական եկեղեցի: Ենթադրում ենք, որ նման քայլի գնացած ուսուցիչը մեծ խնդիրներ կարող է ունենալ Հայ առաքելական եկեղեցու համապատասխան կառույցի վերահսկիչների կողմից, ինչն ինքնին հակասում է պետության կողմից հռչակված հանդուրժողականության ու բազմախոհության ընդունված ժամանակակից սկզբունքներին: Միևնույն ժամանակ այս դասի բառարանում ներկայացվող «գործող եկեղեցի» հասկացության կողքին արժի ներկայացնել նաև «խոնարհված եկեղեցի» հասկացությունը:
-Հասկանու՞մ եք` որքան են նրանք գիտակ մեր խոցելի կողմերին: Պետությունը, նրա օրենքները և պարտավորությունները աշխարհիկ են, և մեր երկրում դեռևս շատ կան խոնարհված եկեղեցիներ: Հազիվ դրանց նմաններին ենք բուծել, որ մեր այիբը մեր երեսով տան:
Վեցերորդ դասարանի աշակերտների համար բավականին բարդ է հասկանալ նվիրապետությանը նվիրված դասը (էջ 14-17), որտեղ ցույց են տրվում Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աստիճանները, հոգևորականներին դիմելու ձևերը, ինչպես նաև, որպես լրացուցիչ նյութ, աղոթքի ու խաչակնքման վերաբերյալ նյութերը: Դասագիրքը ներկայացնում է նաև տերունական աղոթքը: Այս նյութը ցանկալի կլիներ ուսուցանել առավել բարձր դասարանի աշակերտներին, քանի որ համալսարանական ուսանողությանը դասավանդման փորձը ցույց է տալիս, որ տվյալ նյութն իր մանրամասներով դժվարությամբ է ընկալվում ուսանողների կողմից: էջ 26-ում ներկայացված Վահան Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունը որպես լրացուցիչ նյութ, կարծում ենք, բավականին բարդ է տվյալ տարիքային խմբի աշակերտների համար:
-Ապշել կարելի է: Նկատենք, որ այս ամենը, թերևս բացի Թեքեյանի անզուգական ստեղծագործությունից (սա էլ` կախված ծնողից), արդեն գիտի հինգ տարեկան մանուկը, համենայն դեպս` հայ քրիստոնյա:
Սրանից զատ հարկ է նշել, որ տոների վերաբերյալ բաժինն անհարկի ուռճացված է, քանի որ սուրբ Վարդանանց տոն, կաթողիկե Ս. Էջմիածնի տոն, Վարագա խաչի տոների մասին դասերը կարող էին և չլինել ու դրանից չէր տուժի դասընթացի ամբողջականությունը: Վարդանանց տոնը կարելի էր չներկայացնել այստեղ, քանի որ աշակերտները այդ մասին, միևնույն է, պատկերացում կազմում են հայոց պատմության դասընթացի շրջանակներում: Նույնը կարելի է պնդել ս. Էջմիածնի և Վարագա խաչի տոներին վերաբերող դասերին, որոնք, մեր կարծիքով, ավելորդ ծանրաբեռնում են աշակերտներին:
- Խե՜ղճ, ճկռա՜ծ աշակերտներ: Դուք ծանրաբեռնված եք սեփական ինքնությամբ: Աշակերտներին ու նրանց ծնողներին ավելորդ ծանրաբեռնում է սրանցպեսների կարծիքը, որը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե՞ սխալվում եմ:
Զատկի տոնի հետ կապված կարելի է ներկայացնել զատկի հրեական ավանդույթն ու համեմատական անցկացնել քրիստոնեականի հետ:
-Արմանք-զարմանք: Քանի կար, հրեական կոնտենտը համարվում էր ոչ ուսանելի: Սրանց ինքնահակասումը «որևէ քննադատության չի դիմանում»:
7 Այս դասընթացի շրջանակներում յոթերորդ դասարանի դասագիրքը ամենախնդրահարույցն է նրանում ընդգրկված թեմաների տեսանկյունից: Առնվազն տարօրինակ է, որ ՀԵՊ առարկան ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հին հայոց հավատալիքները, հին Հնդկաստանի կրոնը, զրադաշտական կրոնը, հունա-հռոմեական դիցարանը և իսլամի պատմությունը: Եթե առարկան կոչվեր կրոնների պատմություն, այս ամբողջը կլիներ տրամաբանական, բայց այս պարագայում այդպես չէ: Մյուս կողմից կապը նախորդ տարվա դասագրքի հետ ևս խնդրահարույց է, քանի որ Հայ եկեղեցու տոներից հետո աշակերտները պետք է սկսեն սովորել հին հայոց հավատալիքները և վերը նշված թեմաները:
-Մեկ նալին են խփում, մեկ` մեխին: Մի շեշտ ենք ավելացնում, և ամեն ինչ կարգին է. «Հայ եկեղեցու տոներից հետո՛ աշակերտները պետք է սկսեն սովորել հին հայոց հավատալիքները»:
8 Որոշակի միտում կա Հայ առաքելական եկեղեցու պատմությունը ներկայացնելու բացառապես դրական լույսի ներքո, ինչը չի կարող աշակերտների մեջ զարգացնել քննական մտածողություն և առավել արժևորել Հայ առաքելական եկեղեցու պատմական դերը հայ ժողովրդի կյանքում: Այս իմաստով դասագիրքը նմանվում է հայտնի եկեղեցական գործիչ Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» աշխատությանը, որտեղ Հայ առաքելական եկեղեցու ներսում տեղ գտած միարարական փորձերի մեծ մասը համարվում է թերըմբռնման կամ թյուրիմացության արդյունք:
-Ազգադավների ու հայատյացների խուճապահար խլրտում: Մեկ այլ` ազգասեր, օբյեկտիվ վերլուծություն միայն կդրվատեր այդպիսի մոտեցումը մեր Սուրբ եկեղեցու նկատմամբ:
9 ՈՒշագրավ է, որ Հայոց եկեղեցու ու Հայաստանի անկախ պետականության հռչակման դասի մեջ բացակայում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկարը, ինչը սովորաբար լինում է նման պարագայում: Դրա փոխարեն առկա է երկրորդ նախագահի նկարը: Կարծում ենք, այդ «բացթողումը» քաղաքական դրդապատճառներ ունի:
-Մտովի հիշենք դասականին և անցնենք առաջ:
Այնուամենայնիվ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Հայ առաքելական եկեղեցին անբաժանելի մասն է եղել հայ ժողովրդի, որի պատճառով էլ պատմական անցքերի կրկնությունը երբեմն անհրաժեշտություն է: Այնուհանդերձ պատմական դեպքերի որոշակի կրճատումը, չկրկնելու նպատակով, առավել կդյուրացնի նյութի մարսումը աշակերտների կողմից:
-Սրանք «ներողամտաբար ու նրբանկատորեն» ընդունում են փաստը, որ Հայ առաքելական եկեղեցին եղել է հայ ժողովրդի անբաժանելի մասը: Հետևություն. Հայ եկեղեցին այլևս չի հանդիսանում հայ ժողովրդի անբաժանելի մասը: Հիմա ԱԶԳՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ կարելի է օտարել: Մի ժամանակ կրկնությունն էր ծնում գիտություն (եթե մտքով ես բութ և խուլ, ջանքով իմաստը կեր և կուլ), հիմա, ով գիտի` գրանտակերներն ու տրանսգենդերները:
10 Դասագիրքը փորձում է պատասխան տալ այնպիսի վիճահարույց հարցերի, ինչպիսիք ազգային ինքնությունն է, ազգային նկարագիրը, ինքնության բաղադրիչները, որոնք դեռևս վերջնական պատասխաններ չեն գտել գիտական դիսկուրսում:
-Հասկացա՞ք, ա՛յ անգրագետներ. Ազգային ինքնություն և ազգային նկարագիր հասկացությունները գիտությանը անհայտ, օդում կախված ՉԹՕ-ներ են: Այսպիսի աշխարհում ենք ապրում:
«Հայրենիք» դասընթացը ցանկալի կլիներ տեղադրել դասընթացի ամենասկզբում ու դարձնել առարկայի առաջին դասը, որը պետք է կրճատել ու պետություն-եկեղեցի հարաբերություններին առավել հստակ պատասխաններ տալ:
- Բա ապտակ չէ, ի՞նչ է:
10-րդ դասարանի դասագրքի մեծ մասը պատմագիտական ու մշակութաբանական թեմաներ են, որոնք պատմության դասագրքերում հիմնականում արդեն ներկայացված են: Այս դասագրքի մեծ մասը պետք է ներկայացվի մշակութաբանական առարկայի տեսքով, իսկ պատմագիտական նյութը ներառվի հայ ժողովրդի պատմության դասագրքերում (չնայած մեծ մասն արդեն այնտեղ կա): Դասագրքերում բացակայում են այնպիսի քննարկվող թեմաներ, ինչպիսիք են դիակիզարանները, էֆթանազիան, միասեռականների ամուսնությունների խնդիրը և այլն, որոնք ժամանակակից աշխարհում ամենից շատ քննարկվող հարցերից են և ցանկալի կլիներ դրանց քննարկումն ու արժևորումը հենց դպրոցում: Խաչքարերին վերաբերող դասընթացում կարելի է խոսել Նախիջևանի խաչքարերի ոչնչացման մասին, ինչպես նաև կոնկրետ խաչքարերի վերլուծություն անել (օրինակ՝ Պողոսի խաչքարը):
- Բա՛ս, ժո՛ղ ջան: Առաջին դասարանից պետք է սկսենք քննարկել նախագիտելիքներ դիակիզարանների և մնացյալ «անմեղ ու անշառ» իրողությունների շուրջ և … արժևորել: Հավաստիացնեմ, որ Նախիջևանի խաչքարերի ոչնչացման պահով հաստատ խաբում են. եթե այդ մասին խոսվեր, նրանք կբողոքեին, թե ինչու է այդ մասին բարձրաձայնվում, բլա, բլա, բլա…
Սրանց անհաս ուղեղների առկայծած բուն աստվածաբանական, դավանաբանական հարցերին չեմ անդրադառնում հասկանալի պատճառներով. մինիմում երեք Տիեզերաժողովներն ու գրված բազմաթիվ հատորներն անգամ անզոր են հանգուցալուծելու Տիեզերական Եկեղեցու Մարմնի վերքերի բալասանը գտնելու թնջուկը:
Սառնարանում արժանապատվություն ու ազգային ինքնագիտակցություն չես գտնի, ինչքան էլ այն լիքը լինի, մուկն էլ` կուշտ: Ավելի լավ է ստամոքսդ դատարկ լինի, քան թե ստիպված լինես կուլ տալ և մարսել սեփական արժանապատվությունը: Քիչ բողոքեք սառնարանի կամ ստամոքսի դատարկությունից, սովա՛ծ հայեր, թե չէ թուրքը կորոշի կերակրել ձեզ և վերածել կուշտ թուրքի…
Հային ոչնչացնելը այս տարրերի համար սոսկ կպչուն գաղափար չէ, սրանք մահապարտներ են, իսկ մենք կունենա՞նք բավականաչափ ինքնազոհողություն` հանուն մեր ապագայի և հարատևման: Թող սթափվի հասարակ հայ մարդը, աշխարհազորը, զինվի և կանգնի` պատրաստ խավարի դեմ առճակատման: Եվ ոչ թե միջազգային կամ ապազգային հարթակներում ելույթի հնարավորություն, պատեհություն ունեցող և հմտություններով պարծեցող կոստյում-փողկապավորները:
Այդքան հունար ունեն` թող Գոշի դատաստանագիրքը, չեմ ասում դարձնեն միջազգային իրավական նորմատիվ, մեր ներքին սպառման օրենսդրության թող վերածեն, չեն կարող, որովհետև այսօր ամեն ինչ հակազգային է, համաշխարհային: Իրականում միջազգային ոչինչ չկա, որովհետև ազգեր էլ չկան, երբ բոլոր արժեքները համահարթեցվում են:
Հանրապետությունը` որպես պետական կառավարման կարգ, ունի այլընտրանք, և դա միապետությունը չէ, այլ Ազգային պետությունը, ո՛չ թե հանուր հանրության, այլ ՏԵՍԱԿԻ պետությունը, որը ինքը հովանի է (և ո՛չ թե տոլերանտ` անտարբեր, ի դեպ` սեփական ապագայի հանդեպ) այլ տեսակներին այնքանով, որքանով դրանք սպառնալիք չեն սեփական տեսակի համար` կենդանի, առողջ օրգանիզմի օրինակով:
12 առաքյալները ամբողջ աշխարհը լուսավորեցին, Գրիգոր Լուսավորիչը` մի ամբողջ ազգի լուսավորեց (եթե հիշողությունս չի դավաճանում, ՀԱՅ է կոչվում այդ ազգը): Եվ մարդկային ռեսուրսը կամ ֆինանսը չէր առաջնորդողն ու հաջողեցնողը, այլ հպատակությունը Հոգի Աստծո զորությանը` ոչ արտաքին կերպարանքով, այլ ճշմարտությամբ:
Մենք մուրացկան չենք, ե՞րբ ենք դառնալու իրադրության ու երկրի տերը, մինչև ե՞րբ ենք սպասելու` տեսնենք, թե որ մի քաղաքական գործչի կամ ուժի «պապան» է ավելի զիլ: Մեր օրակարգը օր առաջ հայրենասեր ղեկավարություն ունենալն է: Մեր օրակարգը ազնիվ ինքնաքննություն և ինքնագիտակցություն ունենալն է: Աստվածաշունչ մատյան կարդացեք` ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ: «Ով խրատ է սիրում, նա իմաստություն է սիրում, ով ատում է հանդիմանությունը, նա անմիտ է» (Առ. 12;1): Իսկ մենք միշտ էլ ատել ենք հանդիմանությունը և քավության նոխազներ ենք փնտրել, երբ Աստված ոչինչ չարժեցող ազգերով կամ անհատներով պատժել, խրատել կամ հանդիմանել է մեզ, կամ մեր հոգևոր-ազգային նախանձախնդրությունն է շարժել:
Խղճուկ մի՛ եղեք, ողորմելի մի՛ եղեք, մուրացկան մի՛ եղեք, անառա՛կ որդիներ, վերադարձե՛ք: Ինչ անում եք, արեք կատարյալ ձևով, Հիսուս ոչինչ կիսատ չարեց և Իր գործը «կատարեց» Խաչի վրա: Պապը ամենավերջին անառակն էր, բայց գոնե նրա օրոք մենք մեր Ձիրավը ունեցանք (խնդրանքս է` համեմատականներ չտանել և այս եզակի երկու անտակ տողի տակ չփնտրել տողատակ. ես միայն փաստեր եմ արձանագրում): Ե՞րբ ենք դուրս գալու սրտխառնուք հարուցող այս գաղջ վիճակից. Ո՛չ Աստծունն ենք, ո՛չ սատանայի՞նը: Եղբորը սեփական անձից լավը համարելու և կամ միմյանց (փոխադարձաբար սեփական) հանցանքները ծածկելու բարեպաշտությունը, ինչը այլոց դեպքում վերանվանվում է ծածկադմփոցի, պետք չէ հանգեցնել ազգի լինելության համար վտանգավոր ելքերի: Ազնի՛վ լինենք, ՀԱՅԵ՛Ր:
Սակավ ինչ անդրադառնանք մյուս օրախնդիր սպառնալիքներին: Կորոնավիրուս. երկնային մանանա՞, թե՞ քաղաքական ավել: Կոտորե՞լ, թե՞ տուգանել, ահա՛ իշխանության օրախնդիր երկընտրանքը: Վրացական կառավարությունը ախտահանում էր փողոցները, վրացի հոգևորականները ամբողջ պետության տարածքում օրհնութան ու աղոթքի կարգ էին անում: Դիմակի փոխարեն կամ դրա հետ մեկտեղ աղոթք ունեցեք ձեր բերանին, որովհետև աղոթքը հոգու շնչառությունն է. գոնե ձեր հոգիները շնչահեղձ չեն լինի, մանավանդ, որ «Հոգին է կենդանարար, մարմինը ոչինչ անել չի կարող» (Հովհ. 6;64):
Եթե ճիշտ է որոշ զգոն և սթափ հայերի դիտարկումն առ այն, որ գույքահարկի օրենքի «թարմացումով» բազմակի վայ-կառավարությունը նպատակադրվել է դատարկել Երևանի կենտրոնը հայերից և բնակեցնել թուրքերով, ապա այդ հարցում կառավարությանը նշանակալի ծառայություն կարող են մատուցել մեր հայրենիքը բնակարան առ բնակարան, շենք առ տուն, տարեց առ միայնակյաց քարտեզագրած աղանդավորական բազմազանությունները:
Հայաստանը, ինչպես միշտ, թատերաբեմ է, բոլոր դերերը բաշխված են, դերասաններին կգնահատի պատմությունը … բայց մենք հայրենիք ենք կորցնում:
Այս տողերը շարադրում եմ հույսով ու հավատով, որ վաղը դրանք, արդեն որպես պատմության մեջ սպրդած թյուրիմացության մասին արձանագրություն, կկարդան գալիք սերունդները` մեր հավերժող Հայրենիքի ժառանգները և մեր հավիտենական Եկեղեցու զավակները: ԱՄԵՆ:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աստվածաբանության բակալավր