Մենք ենք մեղավոր, որ այս օրին հասանք. Համո Սահյան
Ամեն ոք ասում է՝ մաքրվել է հարկավոր: Ասում է, բայց չի սկսում իրենից:
Ամեն ինչ իր դեմ է, բայց ինքն ուրիշի դեմ է հանում:
Նրա զենքը կեղտն է, տականքությունը, մաքրվեց՝ կորցնելու է միակ զենքը, զրկվելու է զենքից և իրավունքից:
Ամեն մեկը կարծում է՝ ինքը մաքուր է:
Չէ՜, ես ամենամեղավոր մարդն եմ:
Ավազակին մի օր կբռնեն, նա մեղքը գուցեև քավի կալանավայրում:
Իսկ իմ մեղքերին կա՞ քավություն:
Չէ՞ որ պատահել է՝ ձեռք եմ բարձրացրել ավազակի, ստահակի օգտին,
մինչդեռ արդարությունն ու արժանավորին պիտի պահեի: Չէ՞ որ դրա համար էի ծնվել:
Ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, որ սրանց գալով մարդու մեջ մարդը կորչեց, ի սկզբանե դրված աստվածայինը մեռավ, ու մենք լռեցինք, ասել է թե՝ մեղքը հավասար կիսեցինք իրենց հետ:
Մենք ենք մեղավոր, որ այս օրին հասանք, վիհի առաջ կանգնեցինք ու նրա խորությունը դեռ չգիտենք:
Պիտի չհանդուրժենք ավազակին, սուտը: Մեղավոր ենք սարսափելի:
Մեծ են մեր մեղքերը և աններելի:
Ես, օրինակ, եթե մեղավոր եմ լինում, մեղքս զգում եմ, մարդ կա՝ չի զգում:
1992