38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ընդդիմությանը մատուցված արքայական նվերը

Ընդդիմությանը մատուցված արքայական նվերը
01.09.2009 | 00:00

ՓՐԿՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՍՈՒՐ ԱՏԱՄՆԵՐԸ ՑՈՒՅՑ ՏԱԼՆ Է
«Իմ արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքը երկրի ներսում լավ կառավարումն է»։
ՈՒիլյամ Գլադստոն. 19-րդ դարի բրիտանացի պետական գործիչ
Եվ այսպես, աշունը եկավ։ Արդեն վաղուց ու կայացած ավանդույթի համաձայն` սա այն ժամանակահատվածն է, երբ հայկական քաղաքական վերնախավը, և առաջին հերթին ընդդիմությունը, կանխատեսում է քաղաքական բանավեճերի ու զարգացումների սրացում։ Եվ թեկուզ այդ կանխատեսումներին արդեն քչերն են հավատում, իսկ կենցաղային հոգսերի տակ կքած շարքային քաղաքացիները նախընտրում են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները, այնուհանդերձ, այս անգամ տարվա այս սքանչելի եղանակը Հայաստանում կերանգավորվի նաև քաղաքական կարգախոսներով։ Համենայն դեպս, ՀԱԿ-ն արդեն հայտարարել է հանրահավաքային նոր շարժում սկսելու իր մտադրության մասին, իսկ «Ժառանգությունն» ու դաշնակցությունն «ուրախ կյանք» են խոստանում խորհրդարանում։
Սակայն քաղաքականության մեջ, ինչպես կյանքում, անհրաժեշտ է գործընթացի երկու գլխավոր «շարժիչների» առկայությունը։ Առաջին հերթին պետք է ճշտել, թե ով ում հետ է բարեկամանում և ում հետ` թշնամանում։ Այդ կապակցությամբ ամեն ինչ կարծես պարզ է, թեպետ դաշնակցականներն ու նրանց հովանավոր նախկին նախագահը նախընտրում են հարվածներ հասցնել ոչ թե պետության ղեկավարին, այլ նրա շրջապատին։ Երկրորդ կարևոր շարժիչն այն է, թե ովքեր ում հետ հանուն ինչի են բարեկամանում կամ թշնամանում, և այստեղ է, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Բնական հեղափոխական կարգախոսները` «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կամ «Հողը` գյուղացիներին, գործարանները` բանվորներին», կենսունակ չեն հայկական իրականության մեջ։ Ոչ միայն այն պատճառով, որ ոչ ոք այսօր սոցիալիստական հեղափոխություն իրականացնելու մտադրություն չունի, այլև ելնելով այն իրողությունից, որ այդ կարգախոսները շատ քիչ են համապատասխանում հայոց ընդդիմադիրների քաղաքական կենսագրությանն ու հայացքներին։ Հետևաբար անհրաժեշտ է մշակել սեփական գաղափարախոսական հիմքը, որը քիչ թե շատ հասկանալի ու ընկալելի կլինի բնակչության համար և տարաբաժանում չի առաջացնի բուն ընդդիմության շարքերում։
Իր քաղաքական վերածննդի հենց սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանն առաջ քաշեց մի քանի հեղափոխական կարգախոսներ` «պայքար ավազակապետության դեմ», «սոցիալ-տնտեսական կոլապս» և որպես դրա հետևանք` «սովյալ բունտ»։ Սակայն այսօր ակնհայտորեն այդ գաղափարները կենսունակ չգտնվեցին` մի շարք սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով։ Մի կտոր հացի համար ապստամբությունը, ընդհանրապես, անպատկերացնելի է հայերի պարագայում, թեկուզև այն պատճառով, որ դաժան պատմությունը վաղուց ի վեր սովորեցրել է մեր ժողովրդին, որ եթե ընտանիքդ քաղցած է, ինքդ ես մեղավոր։ Հետևաբար պետք է աշխատել, ելքեր փնտրել, ծայրահեղ դեպքում` նույնիսկ գողանալ, բայց իմաստ չունի պայքարի ելնել հանուն ընդհանուրի իրավունքների։ Այս հոգեկերտվածքը չփոխեցին ո՛չ սոցիալիստական համահարթեցման ժամանակաշրջանը, ոչ էլ ՀՀՇ-ական կառավարման ցուրտ ու մութ տարիները։ Ավելին, համաշխարհային ճգնաժամը, դատելով ամենից, հաղթահարվում է, ինչը նշանակում է, որ երկիր մտնող տրանսֆերտների ծավալը կրկին կաճի։ Համաշխարհային ֆինանսական կենտրոններն էլ այս ընթացքում «դոնորական փականը» չէին փակել։ Իսկ ինչ վերաբերում է «ավազակապետությանը», ապա ժողովուրդը հիշողության կորստով չի տառապում, և այս պարագայում նրա մեծամասնությունն իրեն հարց է տալիս, թե դատավորներն ովքե՞ր են։
Բայց նույնիսկ սա չէ գլխավորը, այլ այն, որ «ավազակապետության» պայմաններում զանգվածային թալան, սպանություններ ու «բեսպրեդել» չեն տիրում փողոցներում, բնակչությունը քնում է հանգիստ։ Ավելին, կարգ ու կանոնը քաղաքներում ու գյուղերում օբյեկտիվորեն միգուցե նույնիսկ ավելացել է և համապատասխանաբար «ավազակապետության» դեմ պայքարի կարգախոսը հազիվ թե արձագանք գտնի բնակչության լայն զանգվածների շրջանում` առաջնորդելով նրան դեպի բարիկադներ։ Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա, ցավոք, հայկական իրականության համար դա սովորական երևույթ է, իսկ կրիմինալը միանգամայն տեղավորվում է բարեկամական ու տեղային հայրենասիրական հարաբերությունների շրջանակում։
Իշխանություններն էլ, կարծես, այդ ուղղությամբ ինչ-որ բաներ են ուզում անել, ինչի արդյունքում խորհրդարանական ընդդիմությունը, չգիտես ինչու, շփոթված է։ Հանրագումարում համաժողովրդական բունտի համար անհրաժեշտ նախադրյալներ չկան։
Բայց դա չի նշանակում, որ չկա նաև նոր «բիկֆորդյան քուղի» պահանջարկը, և այդ նշանակությունը կարող են ձեռք բերել հանրության մտահոգության մշտական առարկան հանդիսացող կարևոր արտաքին քաղաքական խնդիրները։ Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Հայ ազգային կոնգրեսն ու նրա առաջնորդը փորձում են համապատասխանաբար օգտագործել ղարաբաղյան և հայ-թուրքական հարաբերությունների թեմաները։ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ մոտ ապագայում գումարվելիք առաջին իսկ աշնանային հանրահավաքն ամբողջությամբ նվիրված է լինելու Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», ապա սփյուռքի հետ այս կուսակցությունների կապերը նկատի ունենալով, արտաքին քաղաքական խնդիրները միշտ էլ նրանց ուշադրության կենտրոնում են եղել։ Մանավանդ որ հենց արտաքին հարցերը պատճառ դարձան, որ դաշնակցությունը դուրս գա կառավարող կոալիցիայից, նույնիսկ անկախ նրանից, թե որքանով էր դա սանկցավորված իշխանությունների կամ «դաշնակների մեծ բարեկամ» Քոչարյանի կողմից, ով ժամանակին կանգնած էր բոլոր այդ արտաքին քաղաքական զարգացումների ակունքում։
Եվ, այնուհանդերձ, չի բացառվում, որ ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված աժիոտաժը գնալով կմարի, ու պարտադիր չէ, որ դա տեղի ունենա Հայաստանի իշխանությունների ջանքերով։ Այս հարցում հայերին «օգնության» կգան ադրբեջանցիները, ինչը եղել է բազմիցս` Լիսաբոնի, Քի ՈՒեսթի, Ռամբուեի քննարկումներից հետո։ Ադրբեջանցիների համար արդեն ավանդույթ է դարձել անընդունելի պայմաններ առաջադրելը, բանակցային գործընթացի արտաքին հովանավորների շահերն էլ ամենևին համադրված չեն։ Միանշանակ է, որ առևտրի առարկա է մնում խաղաղապահ զորամիավորման կազմավորման հարցը, և եթե ռուսները պնդում են, որ ղարաբաղյան հակամարտության շփման գծում պետք է տեղակայվեն ԱՊՀ ՀԱՊԿ-ի ուժերը, ապա Արևմուտքի համար այս տարբերակը բացարձակապես անընդունելի է, ինչը մեծ հաջողությամբ հնչեցվում է ադրբեջանցիների բերանով։ Իսկ ամենակարևոր հանգամանքը, թերևս, այն է, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը, բացի հակամարտության կողմերից, ուրիշ ոչ ոքի չի հետաքրքրում։ Միջնորդ պետությունների համար կարևորն իրենց համար աշխարհաքաղաքական և տնտեսական շահերն են ու, այդ համատեքստում, կայունության պահպանումը։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ այս ճակատում ամեն ինչ ավելի հանգիստ է զարգանալու, քան սպասում կամ գուցե ցանկանում է արմատական ընդդիմությունը։
Սակայն կյանքը, այնուհանդերձ, հարուստ է ու անկանխատեսելի։ Մինչդեռ Հայաստանի իշխանություններն անհիմն ինքնավստահությամբ և իներտությամբ անտեսում են այդ հանգամանքը։ ՈՒ թերևս դա է հիմնական պատճառը, որ Վրաստանի ու հենց Հայաստանի իշխանությունների «համատեղ» ջանքերով ընդդիմությանը մատուցվեց ուղղակի արքայական նվեր` սահմանային տարաձայնությունները, որ կարող են վերաճել հակամարտության, քանզի վրացական կողմը պարզապես անեքսիայի է ենթարկել Հայաստանի տարածքը։ Մի կողմ թողնելով այն, թե ո՛ւմ է դա ձեռնտու, ո՛վ է հրահրել ու վճարում այդ նախաձեռնության համար, դիտարկենք խնդրի ներքին հարթությունը միայն։ Կասկած չկա, որ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն աշխատելու են առավելագույնս օգտագործել և՛ փաստը, և՛ Հայաստանի իշխանությունների հանցավոր լռությունը։ Դաշնակցությունը դրանով կաշխատի հերթական «մեխը խփել» արտգործնախարարության պատին, մանավանդ որ օրակարգում է պահում Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը։ Իսկ ՀԱԿ-ը թեկուզև առայժմ հայտարարություն չի արել, բայց կասկածից դուրս է, որ փորձառու Տեր-Պետրոսյանն առավելագույնս իր օգտին կօգտագործի այս իրավիճակը և իշխանությունների անբացատրելի անգործությունը։ Չմոռանանք, որ ռուս-վրացական պատերազմի օրերին նա առաջին և թերևս միակ հայ քաղաքական գործիչն էր, որ վրացական իշխանություններին մեղադրեց «ցեղասպանության փորձի» մեջ և անկասկած է, որ տվյալ պարագայում ելնում էր ոչ միայն իր անձնական շահերից, այլև որոշակի արտաքին քաղաքական երաշխավորություններից։
Ակնհայտ է, որ ներկա իշխանության ծույլ ու անատամ արձագանքը Վրաստանի գործողություններին, ինչպիսի հիմնավորումներ ու ներքին շարժառիթներ էլ ունենա, լավ առիթ է ընդդիմության համար իշխանությանը մեղադրելու ամենաքիչը ոչ կոմպետենտության և թուլության, և ընդհանրապես բոլոր մահացու մեղքերի մեջ։ Սերժ Սարգսյանի «քաղաքական հանդուրժողականությունը» շատ բացասաբար է ազդում իր հեղինակության վրա, մանավանդ եթե նկատի ունենանք համեմատության հնարավորությունը կտրուկ հրապարակային գործողություններով աչքի ընկնող Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։ Հասկանալի է, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիան և նրա առանցքը կազմող ՀՀԿ-ն այս անգամ էլ ամեն կերպ կփորձեն «պաշտպանել մունդիրի պատիվը» ու կսկսեն, ինչպես միշտ, խիստ անհամոզիչ արդարացումներ բերել տեղի ունեցածի կապակցությամբ։ Սակայն դա կդառնա ընդամենն իշխանության «փափկասունության» ևս մեկ ապացույց ու նույն իշխանական համակարգի ներսում կխթանի ավելի ուժեղ «ձգողականության կենտրոն» գտնելու տրամադրությունները։
Ակնհայտ փաստ է. որքան երկրի առաջնորդն ինքնուրույն է ու նույնիսկ մոլեգին` պետական շահերի պաշտպանության առումով, այնքան ավելի հաճույքով են նրա հետ շփման գնում այս աշխարհի հզորները։ Բավական է, թեկուզ, ծանոթանալ ՈՒզբեկստանի նախագահին Ռուսաստանի նախագահի հղած վերջին շնորհավորանքին ու տեսնել, թե որքան կոռեկտ է այն, «իրավահավասար բարեկամության» և «փոխադարձ շահերի» ինչպիսի հավաստիացումներ է պարունակում։ Մինչդեռ Իսլամ Քարիմովն ակնհայտորեն Կրեմլի համար ամենահարմար, վստահելի և հուսալի գործընկերը չէ։ Այստեղից հետևություն` նույնիսկ անկյուն քշված նապաստակի համար փրկության լավագույն ճանապարհը սուր ատամները ցույց տալն է։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ