38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մոլդովան եվրոպական քաղաքականության մեջ

Մոլդովան եվրոպական քաղաքականության մեջ
08.09.2009 | 00:00

ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԻՑ
Երբ բրիտանացիները ցանկանում են առավելագույնս կարճ բնութագրել ամերիկացիներին, ապա ասում են, թե «հասարակ ժողովուրդ է»։ Ասված է նրբանկատորեն և ճաշակով ու, ամենակարևորը, կասկած չի առաջանում, թե դրա նպատակը վիրավորանք հասցնելն է։ Իսկ երբ մոլդովացիների մասին ասվում է, որ նրանք «հասարակ մարդիկ են», նկատի է առնվում բոլորովին այլ բան։ Եվ իսկապես, մոլդովացիները պարզ են իրենց էությամբ, ինչը պետք է ընկալել իբրև բացառապես բարի կամեցողություն արտահայտող գնահատական։ Եվ հնարավոր է, որ հենց այդ պարզությունն է նրանց համար դարձել յուրօրինակ «փրկարար օղակ» ժամանակակից պրագմատիկ ու ցինիկ աշխարհում։
Մոլդովայում, անկասկած, կան մի շարք փայլուն ինտելեկտուալներ, ինչը, սակայն, ընդամենը հաստատում է, որ ռումինական աշխարհից կտրված, գավառական Բեսարաբիան անգամ ռուսական և խորհրդային կայսրությունների կազմում իր գոյության 200 տարվա ընթացքում չի կարողացել ձեռք բերել տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքական առումով ինքնաբավ պետության կարգավիճակ։ Նույն Ռումինիայի վերաբերմունքը Բեսարաբիայի նկատմամբ եղել է ոչ միշտ ազնիվ, երբեմն` ընդհանրապես անարժան, բայց դա բացատրվում է այդ էթնոսի ինքնատիպությամբ և ոչ թե քաղաքական դրդապատճառներով։ Գտնվելով ոչ թե Եվրասիայի խորքում, այլ բառացիորեն Եվրոպայի շեմին, այլ պատկերացումներով` նրա ճիշտ կենտրոնում, Մոլդովան, որպես անկախ պետություն, այդպես էլ չկարողացավ ձևավորել քիչ թե շատ կայուն տնտեսություն, գոնե առաջին քայլը կատարել տնտեսության կայացման ուղղությամբ, չնայած իր բացառիկ բնակլիմայական պայմաններին։ Մոլդովական էլիտան չկարողացավ, հնարավոր է` չցանկացավ գիտակցել երկրի դրությունն ու հեռանկարները, չփորձեց ձևակերպել եթե ոչ ազգային գաղափարը, ապա գոնե որոշ մասնակի գաղափարներ ազգային քաղաքական գոյության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, գաղափարների բացակայությունն այդքան էլ վնասակար հանգամանք չէ, որովհետև երբ չկան սեփական գաղափարները, հարկադրված ես օգտագործել օտարներինը։
«Մոլդովական գործոնը» եվրոպական քաղաքականության մեջ ձևավորվեց ոչ անմիջապես։ Երկար ժամանակ արևմտյան հանրությունը փորձում էր չեզոքացնել Բեսարաբիայում ռուսական ազդեցությունն արտաքին ճնշման մեթոդներով` ենթադրելով, որ Մոլդովային կհաջողվի էապես նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից։ Մոլդովան ակտիվորեն ներգրավվում էր գեոտնտեսական և ծայրահեղ քաղաքականացված ՎՈՒԱՄ միավորման մեջ, որի շրջանակներում ենթադրվում էր, որ երկիրը ձեռք կբերի նոր արտաքին տնտեսական ու քաղաքական գործառույթներ։ Ձեռնարկվեցին Մոլդովայի և ՈՒկրաինայի միջև որոշ պայմանավորվածություններ ձեռքբերելու փորձեր` անտեսելով ռուսական շահերը։ Այսպես թե այնպես, «մոլդովական գործոնը» ածանցյալն է Մերձդնեստրում ռուսական ներկայության։ ՆԱՏՕ-ի և Եվրամիության համար, աշխարհաքաղաքական և մասամբ եվրոպական անվտանգության առումով, Մերձդնեստրն ունի շատ ավելի մեծ նշանակություն, քան Հարավային Կովկասի բոլոր հակամարտությունները միասին վերցրած։ Ամերիկացիներն ու եվրոպացիները մեծ հաճույքով կհամաձայնեին Մերձդնեստրի պաշտոնական անջատմանը Մոլդովայից, եթե չլիներ ռուսական ներկայությունը և այդ վերաստեղծված հանրապետության ռուսական կողմնորոշումը։ Եվրոպական պետություններից միայն Ռումինիան էր Մերձդնեստրը դիտարկում ռուսական քաղաքականությունից դուրս, որպես ռումինական աշխարհի մի մասը։ Ճնշումները Ռուսաստանի նկատմամբ, ՈՒկրաինային այդ հիմնախնդրի լուծման մեջ ընդգրկելու անհամարձակ փորձերը` Մերձդնեստրն ամբողջապես շրջափակելու նպատակով, ոչ մի բանի չհանգեցրին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ Մերձդնեստրի նկատմամբ վարում է շատ անազնիվ, գործնականում դավաճանական քաղաքականություն` փորձելով իբրև մանրադրամ օգտագործել` Մոլդովայի լոյալության դիմաց։ Ռուսաստանը փորձում է Մերձդնեստրը թողնել Մոլդովայի կազմում` ինքնավարության կարգավիճակով և այդ լծակի օգտագործմամբ կառավարել ողջ երկիրը։ Դա դժգոհություն է առաջացնում ոչ միայն Մերձդնեստրի բնակչության շրջանում` Մոլդովայում էլ հիացած չեն այդ նախագծից, որը երկիրը կվերածի Ռուսաստանի փաստացի վասալի` բացառելով նրա տեղաշարժը դեպի Արևմուտք, այդ թվում` Ռումինիայի հետ վերամիավորվելու ուղղությամբ։
Ռումինիան երկար ժամանակ պահանջներ չէր ներկայացնում Մոլդովայի հետ կապված, համբերատար սպասելով Եվրամիության և ՆԱՏՕ-ի կազմ իր ընդգրկվելուն։ Եվ հենց որ դա տեղի ունեցավ, Ռումինիան անմիջապես ցույց տվեց իր հավակնությունները ոչ միայն Բեսարաբիայի նկատմամբ, այլև սևծովյան ավազանում` կասկածի ենթարկելով ՈՒկրաինայի իրավունքները Զմեինի կղզու հետ կապված, ընդ որում` հասնելով կարևոր ռազմավարական հաջողության։ Միաժամանակ, Ռումինիան ավելի ու ավելի է ուշադրություն դարձնում Բուկովինայի հիմնախնդրին, որը Բեսարաբիայի հետ անջատվեց Ռումինիայից 1939-ի Մոլոտով-Ռիբենտրոպ համաձայնագրով։ Ռումինիան բնակչությամբ (23 միլիոն) և տարածքով երկրորդ պետությունն է Կենտրոնական Եվրոպայում Լեհաստանից հետո։ Եվ հենց իր ներսում ունի էթնոքաղաքական հիմնախնդիրներ։ Սակայն ռումինական էլիտան լավ է գիտակցում երկրի դերն ու գործառույթներն աշխարհաքաղաքական առումով։ ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմ Ռումինիայի և Բուլղարիայի ընդունումը պայմանավորված չէր տնտեսական, սոցիալական և իրավական չափորոշիչներին վերջիններիս համապատասխանությամբ, այլ ուներ բացառապես աշխարհաքաղաքական շարժառիթներ։ ԱՄՆ-ը ձգտում էր հիմնավորապես ընդարձակել ՆԱՏՕ-ն մինչև Սև ծովի ափերը, ինչը լրացուցիչ վերահսկողություն էր ապահովում Սևծովյան-Կովկասյան տարածաշրջանի վրա և հնարավորություն տալիս աշխարհաքաղաքական հեռանկար ձևավորել Կենտրոնական Ասիայի և առհասարակ Եվրասիայի առումով։ Միևնույն ժամանակ Բուլղարիան, նկատի ունենալով պատմական և քաղաքական գործոնները, չէր կարող դիտարկվել իբրև միանգամայն հուսալի դաշնակից վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ։ Բուլղարիան հավակնություններ չունի Սևծովյան ավազանում, ավելի շահագրգռված է Բալկանների հարավով և Արևմուտքով։ ՈՒշադրության է արժանի և այն, որ բուլղարական զինված ուժերի բացարձակ փլուզման պայմաններում, Ռումինիային, այնուհանդերձ, հաջողվեց ինչ-որ բան պահել պաշտպանության ոլորտում, և Բուխարեստը լավ հեռանկարներ ունի պաշտպանական համակարգ կառուցելու առումով։ Ռումինիայի տնտեսական ցուցանիշներն էլ որոշակիորեն նախընտրելի են, քան Բուլղարիայինը։ Գործնականում միայն Ռումինիան կարող է իրականացնել Սևծովյան և Բալկանյան տարածաշրջաններում Ռուսաստանին «զսպելու» գործառույթները։
Սակայն Ռումինիայի դերը չի սահմանափակվում Սև ծովով ու Բալկաններով։ Լեհաստանն ու Ռումինիան շարունակում են մնալ դասական արգելապատնեշ Եվրոպայի ու Ռուսաստանի միջև ու հեռանկարում Ռումինիայի այդ գործառույթները կարող են ուժեղանալ, եթե տրանսֆորմացիա տեղի ունենա ՈՒկրաինայում և այդ երկիրը կա՛մ մասնատվի, կա՛մ էլ սրբագրի իր քաղաքականությունը։ Ռումինիան գտնվում է արևելաքրիստոնեական-սլավոնական աշխարհի կենտրոնում, որին Արևմուտքը վերաբերվում է մեծ անվստահությամբ և դիտարկում իբրև իր գոյաբանական հակառակորդ։ Արդեն հիմա և մոտ հեռանկարի կտրվածքով Ռումինիան դարձել է կապող օղակ Եվրատլանտյան տարածության ու Եվրասիայի միջև, և նրա աշխարհաքաղաքական դերն ընդլայնվելու է։ Ռումինական էլիտան, գիտակցելով իր երկրի դերն ու գործառույթները, բաց չի թողնի հնարավորությունները Եվրատլանտյան հանրությանը ներկայացնելու իր պահանջները` տարածքային և քաղաքական հավակնությունների իրացման առումով։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան երկու համաշխարհային պատերազմներից և տոտալիտար ռեժիմից դուրս է եկել ծայրահեղ ամորֆ վիճակում, այստեղ բավարարված չեն ներկայիս պետական սահմանների գոյությամբ, կան տարածքային քաղաքական հավակնություններ, պատմական խորք ունեցող վիրավորվածություն։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հույսերի արտահայտիչը Լեհաստանն է, սակայն Ռումինիան էլ փորձում է հետ չմնալ և, շատ կողմերով ընդօրինակելով Լեհաստանին, սեփականում է նրա փորձն ու հնարքներն արտաքին քաղաքականության մեջ։ Հարկ է նաև հաշվի առնել, որ, բացի Ռումինիայի Եվրատլանտյան կառույցներ ընդհանուր ինտեգրացիայից, Եվրոպայի լատինական երկրները, ամենից առաջ Ֆրանսիան ու Իտալիան, Ռումինիան դիտարկում են որպես «մերձավոր ազգակից» լատինական պետություն, թեկուզ և ոչ կաթոլիկ։
Ռումինական էլիտան երբեք չի հրաժարվի Մոլդովայի և ամբողջ Բեսարաբիայի նկատմամբ ունեցած իր հավակնություններից, դրանով իսկ պահանջներ ներկայացնելով ոչ միայն Մոլդովային, այլև ՈՒկրաինային։ Ռումինիան չի մոռացել իր պատմական տրիումֆը Վերսալյան կոնֆերանսի որոշումների արդյունքում, երբ հաջողվեց Ռումինիայի կազմում միավորել բոլոր տարածքները` Տրանսիլվանիան, Բուկովինան, Բեսարաբիան և Հյուսիսային Դոբրուջան։ Դանուբի գետաբերանը ամենակարևոր աշխարհաքաղաքական ջրբաժաններից մեկն է Եվրոպայում և այն ժամանակ ամբողջությամբ գտնվում էր Ռումինիայի սահմաններում։ Այժմ Ռումինիային քիչ է հետաքրքրում Մերձդնեստրի Հանրապետության ճակատագիրը, որը երբեք էլ ռումինական պետական սահմանների շրջագծում չի եղել։ Մերձդնեստրը կարող է նույնպիսի խնդիրներ հարուցել Ռումինիայի համար, ինչպիսիք այսօր Մոլդովայինն են։ Ռումինիայում տիրապետող այս տրամադրություններն ու մտադրությունները եվրոպացիների գաղափարների արտահայտումն են, որոնք հասկանում են Մերձդնեստրի դերակատարության չեզոքացման անհրաժեշտությունը, քանի որ այն յուրօրինակ ռուսական «ավիակիր» է Բալկանների ճիշտ նախաշեմին, Սև ծովին անմիջապես մոտ։ Ըստ այդմ, նպատակահարմար է համարվում, որ Մոլդովան ինքնակամ հրաժարվի այդ տարածքից։ Ռումինիայի և ՈՒկրաինայի հեռանկարները դիտարկելիս կարելի է ենթադրել, որ ժամանակի ընթացքում Մերձդնեստրը կհայտնվի լիարժեք շրջափակման մեջ և կկորցնի իր ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակությունը։ Հարկ է ընդգծել, որ ԱՄՆ-ն այս կապակցությամբ, թերևս, այլ մոտեցում ունի և դեռևս փորձում է Մերձդնեստրի հիմնախնդիրը լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Միաժամանակ այս առումով գոյություն ունի որոշակի պարադոքս, որովհետև հենց ԱՄՆ-ն է նոր պետությունների ձևավորման նախաձեռնողը, իսկ եվրոպացիները, ընդհակառակը, համառորեն պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը։ Հավանաբար, Մերձդնեստրի հարցը «հատուկ» դեպք է եվրոպական քաղաքականության ոչ ստանդարտ գործոնների դասավորության մեջ։
Ներքին իրավիճակը Մոլդովայում շարունակում է մնալ անկայուն, քաղաքական կուսակցություններն ի վիճակի չեն առաջարկելու քիչ թե շատ հասկանալի ծրագրեր տնտեսության և իրավական համակարգի կայացման առումով։ Մոլդովայի, այսպես կոչված, կոմունիստական կուսակցությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ օլիգարխիական տիպի խմբավորում, որ հանդես է գալիս ձախ կարգախոսներով և կատակերգական ձևերով փորձում պաշտպանել Մոլդովայի անկախությունը։ Մոլդովական ձախ կուսակցություններն ու խմբավորումները, որոնք ժխտում են Ռումինիայի հետ վերամիավորման հեռանկարը, բացարձակապես կորցրել են ընտրողների վստահությունը, ինչն ակնհայտ դարձավ 2009-ին տեղի ունեցած էլեկտորալ գործընթացների արդյունքում։ Ռումինական հատուկ ծառայությունը Քիշնևում առանց դժվարության կազմակերպեց բողոքի զանգվածային ելույթներ, որոնք միաժամանակ վերածվեցին անհաջող բեմադրության, բայց նաև ազդակ հանդիսացան, որ մոլդովական հասարակության պահվածքով շատ հեշտ է մանիպուլյացիա անել։ Մոլդովայի ձախ քաղաքական էլիտան, նաև բյուրոկրատիայի ավելի լայն շրջանակներն ու մտավորականության և գործարար հատվածի որոշ շերտերը հասկանում են, որ Ռումինիայի հետ վերամիավորումը դառնալու է իրենց որոշակի արտոնյալ կարգավիճակի վերջը։ Նույնիսկ որոշակի հնարավոր միության ձևավորումը Ռումինիայի հետ` Մոլդովայի անկախության ձևական պահպանումով, միևնույն է, կհանգեցնի այդ նույն արդյունքին։ Այդ պատճառով էլ նշված էլիտան համառ դիմադրություն ցույց տվեց ռումինամետ ընդդիմությանը` չցանկանալով դիմել փոխզիջման։ Նախագահ Վորոնինի թիմն ու համակիրները, չնայած Արևմուտքի բազմաթիվ նախաձեռնություններին ու առաջարկներին իրենց համաձայնությանը, հասկանում են, որ իրենց խմբավորումը և, առհասարակ, Մոլդովայի քաղաքական դասակարգը, չեն կարող վստահություն վայելել ԱՄՆ-ում ու Եվրամիությունում։ Որովհետև վաղուց և բազմիցս ցույց են տվել իրենց անկայունությունը, պահվածքի տատանողական բնույթը, կասկածելի քաղաքական ոճը և ամենակարևորը, դեպի Ռուսաստան ունեցած մեծ ձգտումն ու Մոսկվայի օգնությամբ քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրները լուծելու ցանկությունը։ Արևմտյան հանրության համար դա բացարձակապես անընդունելի է, և Մոլդովայի արդի քաղաքական դասակարգի ճակատագիրը որոշված է։ Մոլդովայում սկսվել է անկախությունից հրաժարվելու և Ռումինիայի հետ վերամիավորվելու հետևողական գործընթաց։
Անշուշտ, անհիմն է պնդել, թե մոլդովացիները չունեն ազգային հպարտություն։ Հենց այդ պատճառով է իրավիճակն այնտեղ բավական լարված։ Ժամանակին հենց Մոլդովայի և ոչ թե Վալախիայի ռումինացիները կարողացան պահպանել ազգային պետականությունն Օսմանյան կայսրության տիրապետության շրջանում։ Մոլդովացիները դարերով պայքարեցին օտարերկրյա զավթիչների դեմ և կանխորոշեցին Օսմանյան կայսրության փլուզումը հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Բուլղարիայի մայրաքաղաքում գտնվող Ալեքսանդր Նևսկու տաճարում մոլդովացիները նշված են Բուլղարիան ազատագրող ժողովուրդների թվում։ Ցավոք, 18-19-րդ դարերում մոլդովական ժողովուրդը, ըստ էության, զրկվեց քաղաքական էլիտայից, հողային արիստոկրատիայից ու բաժանվեց Ռուսաստանի ու Ռումինիայի միջև։ Ընդ որում, Ռումինիան երկար ժամանակ ոչ մի հնարավորություն չուներ պնդելու, որ Մոլդովան իրեն է պատկանում։ Դա էլ իր հերթին հանգեցրեց քաղաքական կյանքի, ազգային գաղափարների և իսկապես ազգային մտավորականության բացակայությանը։ Մոլդովայում բնակվող այլ ժողովուրդները խիստ հոռետեսորեն են վերաբերվում մոլդովական պետականությանը, նրա ամրապնդման հեռանկարներին` որպես անկախ պետության։ Մոլդովայի էթնիկ փոքրամասնությունները, հատկապես սլավոնական բնակչությունը, սոցիալ-քաղաքական կայունացումը պայմանավորում են արտաքին գործոններով։ Հետաքրքրության է արժանի այն, որ սլավոնական ծագում ունեցող գործարարներն ավելի հակված են Մոլդովան տեսնելու ինտեգրված եվրոպական կառույցներում, քան եվրասիական դաշտում, որտեղ տերն ու տնօրենը Ռուսաստանն է։ Այդուհանդերձ, հոգեկերտվածքով, լեզվով և էթնոմշակութային առումով մոլդովացիները ռումինական էթնոսի մի մասն են։ Նրանք ստեղծագործող և զգացմունքային ժողովուրդ են, ընդունակ արագ ընկալելու նոր մշակույթները, լեզուներն ու ավանդույթները, հարմարվելու այլ սոցիալ-մշակութային պայմաններին։ Ներկայումս մոլդովական երիտասարդության զգալի մասը կրթություն է ստանում Ռումինիայում, հենց Բուխարեստում` միաժամանակ հաղթահարելով բարբառային տարբերությունները։ Չնայած դրան, կա տպավորություն, որ Ռումինիան բավական նենգ քաղաքականություն է վարում Մոլդովայի նկատմամբ` չցանկանալով նրա հաջող տնտեսական զարգացումը, որովհետև այդ դեպքում Մոլդովան ավելի քիչ հիմքեր կունենա Ռումինիայի հետ վերամիավորվելու։ Ռումինիայի այդ դիրքորոշումը կասկածից դուրս է և վատ տպավորություն է ստեղծում Մոլդովայում։
Հարկ է նշել, որ Մոլդովայում դեռ կան պատրանքներ, թե Ռումինիան կաջակցի Մերձդնեստրի հիմնախնդրի լուծմանը, ինչպես նաև Գագաուզիայի հետ կապված պրոբլեմների խորացման կանխմանը։ Մոլդովական էլիտան դեռ հույս ունի ստանալու արևմտյան հանրության աջակցությունը, քանի որ Ռումինիան ինտեգրված է այդ դաշտում։ Սակայն Ռումինիայի ծրագրերի մեջ չի մտնում պայքարը հանուն Մերձդնեստրի, և միանգամայն հավանական է, որ ռումինական քաղաքական գործիչներն արդեն պայմանավորվել են եվրոպացիների հետ, որ Մոլդովան ինկորպորացիայի կենթարկվի, այսինքն` կվերամիավորվի Ռումինիայի հետ առանց Մերձդնեստրի ընդգրկման։ Ընդ որում, Մոլդովան կարող է ռումինական պետության կազմում հայտնվել նրա հետ միություն կազմելու կամ լայն վարչաքաղաքական ու տնտեսական իրավունքներ ունեցող ինքնավարության ճանապարհով։ Բնութագրական է, որ մինչ այսօր գոյություն չունի Ռումինիայի և Մոլդովայի միջև պետական սահմանի մասին պայմանագիր։
Արժանին մատուցելով Ռումինիայի ջանքերին ու մտադրություններին, պետք է նկատենք, որ այս հարցը հավանության կարժանանա ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ու կլուծվի միայն լայն քաղաքական ու աշխարհաքաղաքական համատեքստում։ Այդպիսի որոշումը, անկասկած, սերտ փոխկապակցված է լինելու եվրոպական բեմահարթակում ընթացող աշխարհաքաղաքական պայքարին։ Ավելի կոնկրետ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, ուր պայքարը մղվում է Գերմանիայի, ավելի լայն իմաստով` ֆրանս-գերմանական տանդեմի և ամերիկա-բրիտանական բլոկի միջև` այդ կարևոր և լայնածավալ տարածաշրջանում ազդեցության համար։ Ռումինիան, որ ավանդաբար նախընտրելի է համարել Գերմանիայի և Ֆրանսիայի հետ գործընկերությունը, հիմա իր արտաքին քաղաքական հավակնությունների իրագործումը կապում է ԱՄՆ-ի հետ։ Գերմանիան ու Ֆրանսիան շահագրգռված են Արևելյան Եվրոպայում տեսնելու ավելի մեծ բազմազանություն, այսինքն` պետությունների անկախության պահպանում։ Միևնույն ժամանակ, ամերիկյան աշխարհառազմավարությունն այս տարածաշրջանում ենթադրում է Ռումինիայի ուժեղացում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1725

Մեկնաբանություններ